Արցախի Հանրապետության ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարտարապետությունը Արցախում զարգացել է հայկական ազգային ճարտարապետության ավանդույթներով։ Արցախի տարածքում պահպանվել են նախնադարյան բնակավայրեր, դամբարաններ, նախամարդու արվեստի հետքեր, վաղ շրջանի պատմամշակութային արձաններ, ուղեցույց-կոթողներ, կիրառական արվեստի գործեր, դրամներ և այլն։ Հնագույն բնակավայրերից ամենանշանավորը Տիգրանակերտն է (մ.թ.ա. 90-ական թթ.), որի պեղումները (2006-ից) հավաստում են քաղաքաշինական կառուցող, արվեստի և մշակույթի զարգացման բարձր մակարդակը։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծեռնավանք

Արցախում պահպանված ավելի քան 1600 հուշարձաններից հնագույնը Գրիգոր Լուսավորչի՝ Ամարասում հիմնադրած եկեղեցին է (4-րդ դարի սկիզբ), որի հորինվածքն օրինակ է ծառայել Արցախի առաջին եկեղեցիների կառուցման համար։ Վաղ միջնադարից պահպանվել են Ծիծեռնավանքի (4-5 դդ.), Մոխրենեսի Օխտը դռնի (5-6 դդ.), Վանքասարի, Վարազգունի (Վարագայում, երկուսն էլ՝ 7-րդ դարի) Տիգրանակերտի եկեղեցիները, Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի դամբարանը (5-րդ դարի) Ամարասի վանքում։ 5-րդ դարի հայկական արվեստին բնորոշ խարիսխներ կան Բռի եղցի վանական համալիրում, խոյակ՝ Ճարտար գյուղում (այժմ՝ Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում)։ Արցախի տարածքում շինարարական արվեստը ծաղկել է 12-13 դարերում, երբ ձևավորվել է հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, որի նշանավոր կառույցները Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի, Հակոբավանքի, Հյուրեկավանքի, Գանձասարի, Եղիշե Առաքյալի, Օխտը դռնի, Հանդաբերդի, Բռի եղցի և այլ վանական համալիրներում են։

Արցախի ճարտարապետական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի ճարտարապետական դպրոցը զարգացել է Անի-Շիրակի, Սյունիքի, Լոռու դպրոցներին բնորոշ օրինաչափություններով, որոնք վերաբերում են եկեղեցիների տիպերին (գմբեթավոր դահլիճ, ներգծած խաչ), կառուցող, հնարքներին (փոխհատվող կամարներով ծածկեր, հակաերկրաշարժային միջոցներ, գմբեթային փոխանցումներ), ճակատների հարդարանքին (դեկորատիվ կամարաշարեր, ճակատային զույգ խորշեր, շքամուտքերի ձևավորում) և այլն։ Առկա են նաև Արցախի դպրոցին բնորոշ առանձնահատկություններ (տարածված էին միանավ դահլիճ տիպի եկեղեցիները, ուղղանկյուն բեմը, միևնույն վանական համալիրում՝ մի քանի փոքր եկեղեցիներ են)։ Պաշտպանական կառույցներից նշանավոր են Մայրաբերդը (Ասկերանի բերդամրոցը), Կաչաղակաբերդը, Խաչենաբերդը, Ջրաբերդը, Շիկաքարը, Խոխանաբերդը, Հասան-Ջալալ Դոլայի դղյակը, Գյուլիստանի և Փառիսոսի ամրոցները։

ԼՂՀ ճարտարապետությունը 17-ից 18-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

17-18 դարերում Արցախում կիրառվել են ողջ հայկական ճարտարապետությանյան մեջ նույն շրջանում տարածված եռանավ գմբեթավոր բազիլիկի հորինվածքները, կառուցվել են վանք-ամրոցներ, պարսպապատվել վանքերը։ 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկներից Քաշաթաղի Հակ գյուղի Սուրբ Մինաս (1675), Մերիկ գյուղի (1682), Տողի Սուրբ Հովհաննես (1736), Կավաքավանքի (1742), Ավետարանոցի Սուրբ Աստվածածին, Թաղասեռի Սուրբ Աստվածածին և այլն) բացի՝ կառուցվել են նաև 17-րդ դարերում Հայաստանում մշակված 1 զույգ մույթով բազիլիկ եկեղեցիներ Ծաղկավանքի (1682), Հակակուի Սբ. Աստվածածին, Եղիշա Կուսի անապատ (1675), Ավետարանոցի Կուսանաց անապատ և այլն։

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադիվանք

Ուշ միջնադարում Արցախում մելիքական բնակելի տները, զուգակցվելով պաշտպան, կառույցների հետ, վերածվել են բնակելի համալիրի նոր տիպի՝ ապարանքի (Գյուլիստանի, Մոխրաթաղի, Մաղավուզի, Թալիշի, Ավետարանոցի)։ Արցախի ճարտարապետության մաս են կազմում բազմաթիվ և բազմապիսի հորինվածքներով խաչքարերը։ Բարձրարվեստ գործեր են հատկապես Դադիվանքի, Խաթրավանքի, Կոշիկ անապատի, Գանձասարի, Բռի Եղցի վանքերի և այլ խաչքարեր։ Հայտնի հայկական հնագույն 8 խաչքարից 2-ը Արցախում են՝ Քոլատակ գյուղի Հովանավանքում (853) և Վաղուհաս գյուղում (866)։

Կամրջաշինության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կամրջաշինության լավագույն նմուշներից են Թարթառ գետի վրա՝ Պառավի, Վարընկաթաղի (երկուսն էլ՝ 7-8 դդ.), Ասփայի, Սարսանգի (մնացել է ջրամբարի տակ), Խաչեն գետի վրա՝ Թախտեն (երեքն էլ՝ 18-րդ դարում), Իշխանագետի վրա Հաթամի՝ (17-րդ դարում) և Ավան Յուգբաշու (18 դարում), Կապիտջուր գետակի վրա՝ Մանաշիդի, Սևջրի վրա՝ Վերիշենի (17-18 դդ.) Կարկառ գետի վրա՝ Մազի (18 դարում, պայթեցվել է 1989-ին), Չանախչի գետակի վրա՝ Ավետարանոցի կամուրջները։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կոթողային կառույցներից է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (1868-1887)։ Ժողովրդական ճարտարապետության ուշագրավ օրինակներ են Շուշիի 18-19-րդ դարերիի բնակելի տները։ Հայկական դասական ճարտարապետության ձևերով են լուծված Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի (ճարտարապետ՝ Արտաշես Շիրինյան), Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի (ճարտարապետներ՝ Հ. Վրդանեսով, Արտաշես Շիրինյան), Մարտունի քաղաքի և Ճարտար գյուղի մշակույթի պալատների (երկուսն էլ՝ ճարտարապ՝ Գևորգ Թամանյան) շենքերը։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-ից հետո Արցախում հիմնականում կատարվել են պատերազմից տուժած բնակավայրերի (Շուշի, Մարտակերտ, Ասկերան, Բերդաձոր, Քարին տակ, Խրամորդ և այլն) վերականգնման աշխատանքներ։ Կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր. Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցը (2005), ԼՂՀ ազգային ժողովի (2008) և Կառավարության (2010, շենքերը, Երեքն էլ՝ ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան), ԼՂՀ քաղաքաշինության նախարարության վարչական շենքը (2008, ճարտարապետ՝ Մամիկոն Ֆարսյան), «Սոֆիա» առևտրահյուրանոցային կենտրոնը (2009, ճարտարապետ՝ Նվեր Միքայելյանը), Առևտրական կենտրոնի համալիրը (2010) և օդանավակայանը (2011, երկուսն էլ՝ ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան), № 6 դպրոցի շենքը (2011, ճարտարապետ՝ Վլադիկ Սարգսյաև), «Արցախ» բնակելի թաղամասը (2011), կառուցվում են հիվանդանոց, ծննդատուն, դատախազության վարչական շենքը, Շուշիում՝ մշակույթի պալատ, ԼՂՀ մշակույթի նախարարության շենքը են։