Արցախի Հանրապետության թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂՀ թատրոն, ԼՂՀ տարածքում թատերարվեստն սկզբնավորվել է հնագույն ժամանակներից, եղել է հայ թատրոնի անբաժան մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թատրոնի հիմքը դրվել է 1865 թվականին, երբ Թիֆլիսից ժամանած դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամերիկյանը և Սեդրակ Մանդինյանը Շուշիում տեղի թատերասերների հետ բեմադրել են Սրապիոն Հեքիմյանի «Սամել», Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան» պատմահայրենասիրական պիեսները և «Շկոլի վարժապետ» (փոխադրված՝ Միքայել Պատկանյանի) վոդևիլը։ Տեղի սիրողական խումբը 1868 թվականից ներկայացումներ է խաղացել Համբարձում Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում. բեմադրվել են Միքայել Գրիգորյանի «Վույ քի իմ վեչեր», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «էլի մեկ զոհ», «Խաթաբալա», Վասակ Մադաթյանի «Կըռթ-կըռթ», Խորեն Գալֆայանի «Արշակ Երկրորդ», Ժան Մոլիերի «Բռնի ամուսնություն» և այլ պիեսներ։ Դպրոցական ներկայացումներ է կազմակերպել Խորեն եպիսկոպոս Ստեփանեն։ Պիեսներ են գրել տեղի դրամատուրգներ Տիգրան Նազարյանը, Մ. Կոլմանյանը և ուրիշներ։ Բեմադրվել են Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը», Խորեն եպիսկոոպոս Ստեփանեի «Լևոն Ա» և այլ գործեր։ 1882 թվականին Պետրոս Ադամյանը և Տաբելը տեղի թատերասերների հետ ներկայացրել են Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»։ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու մոտ 1891 թվականին կառուցվել է թատրոնի շենք («Խանդամիրյան թատրոն»), որը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով։ Թատրոնի մշտական խմբի հետ հյուրախաղերով հաճախ հանդես են եկել անանվանի դերասաններ Գևորգ Պետրոսյանը, Գրիգոր Ավետյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը, Իսահակ Ալիխանյանը, Պողոս Արաքսյանը, Մարի և Վարդիթեր Ֆելեկյանները, Փառանձեմը, Զաբելը, Ալմա և Ստեփան Սաֆրազյանները, Հովհաննես և Արաքս Զարիֆյանները, Քնարիկը, ինչպես նաև ռուսումնական, ուկրաինական հյուրեկ թատերախմբերը։ «Խանդամիրյան թատրոնը» նպաստել է ժողովրդի կրթամշակութային զարգացմանը։ 1905 թվականին ազգամիջյան ընդհարումների հետևանքով թատրոնը հրդեհվել է. վերջին ներակայացումը Հերման Զուդերմանի «Պատիվն» էր։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի թատերական կյանքում նշանակալի ներդրում են ունեցել նաև Բաքվի հայոց մշակութային միությունը և Թիֆլիսի հայոց դրամատիկ, ընկերությունը։ 1914 թվականին Շուշիի թատրոնը դարձել է Հայոց դրամատիկ, ընկերության մասնաճյուղ (առաջին ներկայացումը՝ Լևոն Մանվելյանի «Մագդա»)։ 1915 թվականին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել Հայոց մշակութային միության «Ազատ թատրոնը»՝ Վահրամ Փափազյանի ղեկավարությամբ։ Մինչև 1930-ական թվականները Շուշիում և Ստեփանակերտում գործել են առանձին սիրողական թատերախմբեր, որոնց հետ ելույթներ են ունեցել Բաքվի հայկական թատրոնի դերասաններ Հովսեփ Ոսկանյանը, Մկրտիչ Թաշճյանը, Միքայել և Մարգարիտ Կոստանյանները և ուրիշներ։ 1932 թվականին Կարո Ալվարյանի ջանքերով կազմակերպվել է Ստեփանակերտի հայկական դրամատիկ, թատրոնը (1932 թվականից՝ Մաքսիմ Գորկու, 1989 թվականից՝ Վահրամ Փափազյանի անվան), որը բացվել է Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի ներկայացումով։ Հիմնադիր կազմում էին Աննա Մելիքը, Ալեքսանդր Խսաչյանը, Միքայել Կորգանյանը, Արմեն Միրզոյանը, Հայկանուշ Դանիելյանը, Իվան Հովհաննիսյանը, Ս. Մանուկզադեն, Ռաֆիկ Բարսեղյանը, Ռոզա Լենկովսկայան, Ղևոնդ Դեմուրյանը։ Հետագայում թատրոնը համալրվել է նոր ուժերով, նրա հետ միավորվել են Շուշիի կոլտնտեսային (խորհտնտեսային) պետական շրջիկ (1942), Բաքվի Լևոն Երամյանի անվան պետական դրամատիկական (1949) թատրոնները։ Թատրոնն իր գոյության ընթացքում բեմադրել է հայկական, դասական և ժամանակակից դրամատուրգների ավելի քան 400 պիես՝ նպաստելով արցախահայության ազգապահպանությանը և գեղագիտական դաստիարակությանը։ Վահրամ Փափագյանը տարբեր տարիների (1933,1946,1958,1960) Ստեփանակերտի դրամատիկ, թատրոնի թատերախմբի հետ խաղացել է Օթելլո, Համլետ, Դոն ժուան, Կորրադո (Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», Ժան-Բատիստ Մոլիերի «Դոն ժուան», Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»)։ Այստեղ հանդես են եկել նաև նշանավոր դերասաններ Ժասմենը, Լ. Արամյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ։ Թատրոնի կայացմանն ու զարգացմանը նպաստել են դերասաններ Մ. Կորգանյանը, Գեղամ Հարությունյանը, Թամար Մելքումյանը, Նինա Հովսեփյանը, Թագուշ Սահակյանը, Մարգո Բալասանյանը, Բենիկ Օվչյանը, Զինավոր Գևորգյանը, Մամիկոն Միքայելյանը, Նվարդ Ասատրյանը, Սուրեն Համզոյանը, Միքայել Հարությունյանը, Ժորա Մովսիսյանը, Ժաննա Գալստյանը, Քաջիկ Հարությունյանը, ռեժիսորներ Ի. Հովհաննիսյանը, Հովհաննես Կարապետյանը, Արտաշես Հովսեփյանը, Ռեմ Սարգսյանը, Լեոնիդ Հարությունյանը, բեմանկարիչներ Մուշեղ Սաղյանը, Գրիգոր Ծատուրյանը, Սուրեն Հովհաննիսյանը և ուրիշներ։ Ուշագրավ են ռեժիսոր Ի. Հովհաննիսյանի պատմահայրենասիրական թեմայով բեմադրությունները (Գուրգեն Թավրիգյանի «Մելիքի աղջիկը», ըստ Լեոյի, Բենիկ Սեյրանյանի «Սամվել», ըստ Րաֆֆու, Մուրացանի «Ռուգան», Լյուդվիգ Միքայելյանի «Վարագդատ»)։

Թատրոնը պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունյանի (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», Ա. Կասոնայի «Շառերը կանգնած են մահանում», Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և այլն) բեմադրությունները։ Արցախյան գոյամարտի տարիներին թատրոնի դերասանները ելույթներ են ունեցել հանրահավաքներում, մարտական դիրքերում, զորանոցներում, հավատ ներշնչել հաղթանակի հանդեպ։ Ստեղծվել են նոր բեմադրություններ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», Լ. Միքայելյանի «Վարագդատ», «Մելիքի աղջիկը»՝ ըստ Լեոյի, Վ. Հակոբյանի «Արցախյան բալլադ» և այլն)։ Հետպատերազմյան ուշագրավ բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար» (2006, ռեժիսոր՝ Կ. Աբրահամյան), Կ. Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» (2008, ռեժիսոր՝ Նարեկ Դուրյան), Գ. Տեր-Գրիգորյանի «Զգուշացեք, նա դեռ կա» (2009, ռեժիսոր՝ Բ. Հարությունյան), «Տո լաճ տնավեր» (2010, ռեժիսոր՝ Ս. Ղուկասյան) և այլն։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարատ Դավթյանը, տնօրեն Կոմիտաս Դանիելյանը, դերասաններ ժ. Գալստյանը, Մարտին Ալոյանը մասնակցել են Դարաբաղյան շարժմանն ու պատերազմ, գործողություններին։ Թատրոնն արժանացել է ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի (20012000 թվականին Շուշիում բացվել են դրամատիկական, Սոս Սարգսյանի անվան մանկական և «Երվանդ Մանարյան» տիկնիկային թատրոնները, որոնք 2007 թվականին վերակազմավորվել են «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնի (2008 թվականից՝ Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն)։ Գործում է նաև «Նարեկացի» մշակութային կենտրոնի մանկական թատերախումբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։