Արտուշ Հարությունյան
Արտուշ Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1942 |
Ծննդավայր | Դուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2012 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Երևան |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Արտուշ Թադևոսի Հարությունյան (հունիսի 8, 1942, Դուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2012, Երևան, Հայաստան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1989)։ Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտուշ Թադևոսի Հարությունյանը ծնվել 1942 թվականի հունիսի 8-ին, Հայկական ԽՍՀ-ի Ախուրյանի շրջանի Գետք գյուղում, գյուղացու ընտանիքում[1]։ Հարությունյանը սովորել է Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղի միջնակարգ դպրոցում, 10-րդ դասարանն ավարտել է ք. Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում։ 1960 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը աշխատել է որպես խառատ Երևանի կոմպրեսորային գործարանում (1960-1961 թթ.)[2]:
1961 թ-ին ընդունվել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո՝ 1965 թ.-ին ուղարկվել է Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տրամադրության տակ։ 1965 թ. սեպտեմբերից մինչև 1966 թ. հունվար՝ 78-րդ տանկային դիվիզիայի 374-րդ մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային դասակի հրամանատար։ 1966 թ. հունվարից մինչև 1968 թ. նոյեմբեր՝ 80-րդ ուսումնական գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 372-րդ ուսումնական գվարդիական գնդի ուսումնական դասակի հրամանատար, իսկ 1968 թ. նոյեմբերիից՝ նույն դիվիզիայի ուսումնական վաշտի հրամանատար։
1970 թ. հունիսից՝ Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի կուրսանտների վաշտի հրամանատար։ 1973 թ. հուլիսին նշանակվում է Միջինասիական զինվորական օկրուգի 17-րդ բանակային կորպուսի 860-րդ առանձին Պսկովյան մոտոհրաձգային գնդի 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար (ք. Օշ, Կիրգիզական ԽՍՀ)։ 1974 թ. հունիսին ընդունվել է Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի հեռակա բաժինը, որն ավարտել է 1978 թ.։
Մասնակցությունը Աֆղանական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թ. հունվարին նշանակվել է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ։ Գունդը 1979 թ. դեկտեմբերին մտել է Աֆղանստան և տեղակայվել է Բադախշանի շրջանում։ 1979 թ. դեկտեմբերին Ա. Հարությունյանին շնորհվել է փոխգնդապետի զինվորական կոչում։ 1980 թ. փետրվարից՝ 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, իսկ 1980 թ. դեկտեմբերից մինչև 1982 թ նոյեմբեր՝ նույն գնդի հրամանատար։ 1982 թ. Ա. Հարությունյանին վաղաժամ շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։
Պարտականությունների պատշաճ կատարման՝ գնդի հաջող մուտքը Աֆղանստան, և Աֆղանստանում մարտական ծառայությունները կատարելու համար Ա. Հարությունյանը պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Լենինի», «Կարմիր դրոշի» շքանշաններով և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշանով։ 1982 թ. դեկտեմբերից մինչև 1983 թ. մայիս՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 10-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 28-րդ գվարդիական գնդի հրամանատար (ք. Վալե, Վրաստանի ԽՍՀ)։ 1983 թ. մայիսից մինչև 1986 թ. մարտ՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 147-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Ախալքալաք, Վրացական ԽՍՀ)։ 1986-1991 թթ. Հայկական ԽՍՀ զինվորական կոմիսար։ 1989 թ-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ Ա. Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչումը։
Մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թ. դեկտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարարի առաջին տեղակալ։
1992-1993 թթ. գեներալ - մայոր Ա. Հարությունյանը ղեկավարել է հայկական զորքերը Մարտակերտի, Հադրութի և Հարավ-Արևելյան (Լաչինի միջանցք և Գորիսի շրջան) օպերատիվ ուղղություններով։ Արցախի պաշտպանության ժամանակ մարտական առաքելությունների հաջող կատարման և դրսևորած քաջության համար գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, ինչպես նաև այլ պետական և գերատեսչական մեդալներով։
Հարավ-արևելյան ուղղությամբ պաշտպանությունը հաջողությամբ կազմակերպելու համար գեներալ-մայոր Ա. Հարությունյանին շնորհվել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը։ 1993 թ. սեպտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել Գլխավոր Շտաբի Գլխավոր կազմակերպչական և զորահավաքային վարչության պետ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետի տեղակալ։ 1996 թ. գեներալ-մայոր Ա. Հարությունյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար։ Այդ պաշտոնում ծառայել է մինչև 2007 թ.։ 2007-2012 թթ. գեներալ-մայոր Ա.Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին կից Բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ։ Մահացել է 2012 թ. դեկտեմբեր 4-ին Երևանում։ Նա թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով։
- Խորհրդային Միության «Լենինի» շքանշան
- Խորհրդային Միության «Կարմիր դրոշի» շքանշան
- Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշան
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշան
- Տարբեր երկրների 23 պետական մեդալներ
Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հայրենի Գետք գյուղի միջնակարգ դպրոցը կրում է նրա անունը։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ազնիվ ապրելու հավատամքը Archived 2013-12-03 at the Wayback Machine., «Հայ Զինվոր», 2007
- ↑ ԵՐԲ ՊԱՏԻՎԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ, «Հայ Զինվոր», 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտուշ Հարությունյան - հիշատակի կայք
- Հայկական համառոտ հանրագիտարան, Երեւան, 1999, երրորդ հատորը, էջ 20.
- Հունիսի 8 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գեներալներ
- ՀՀ գեներալներ
- Գետք գյուղում ծնվածներ
- Հայ ռազմական գործիչներ
- Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտներ
- Հայ գեներալ-մայորներ