Արտեմ Հարությունյան (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 13, 1990(1990-08-13) (33 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արտեմ Հարությունյան (գերմ.՝ Artem Harutiunian, օգոստոսի 13, 1990(1990-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ, առաջին կիսամիջին քաշային կարգի ներկայացուցիչ։ Հանդես է եկել Գերմանիայի բռնցքամարտի հավաքականի կազմում 2010-ական թվականների կեսերին, 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ, դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հաղթել ազգային ու միջազգային նշանակության մի շարք մրցույթներում։ 2017 թվականին սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Հարությունյանը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 13-ին Երևանում, սակայն վաղ տարիքում ընտանիքի հետ մշտական բնակության համար տեղափոխվել է Գերմանիա։ Մանկության տարիներին լրջորեն զբաղվել է թեքվոնդոյով, հաղթել այդ մարզաձևի Գերմանիայի պատանեկան առաջնությունում, 2005 թվականին դարձել Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, ստացել սև գոտի և երկրորդ դան։ Սակայն հետո նա որոշել է զբաղվել բռնցքամարտով, նախապատրաստություն է անցել Շվերինի բռնցքամարտի սրահներից մեկում։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Հարությունյանը սիրողական բռնցքամարտում իր առաջին հաջողությանը հասել է 2008 թվականին՝ նվաճելով բրոնզե մեդալ Օդերի Ֆրանկֆուրտում անցկացվող Բրանդենբուրգի գավաթի պատանեկան խաղարկությունում։

2011 թվականին առաջին անգամ հաղթել է Գերմանիայի չափահասների առաջնությունում՝ առաջին կիսամիջին քաշային կարգում։

Չափահասների մակարդակում իր առաջին հաջողությանն Արտեմ Հարությունյանը հասել է 2013 թվականի մրցաշրջանում, երբ ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և մասնակցել Մինսկում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի առաջին կիսամիջին քաշային կարգում։ Նույն թվականին Ալմա Աթայում անցկացվող աշխարհի առաջնությունում նա հասել է մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվել է բրազիլացի Էվերթոն Լոպիսին։ Այդ ժամանակից սկսած՝ նա պարբերաբար մասնակցել է Բռնցքամարտի համաշխարհային շարքի հանդիպումներին։

2014-2015 թվականներին Հարությունյանը բավական հաջողությամբ հանդես է եկել նորաստեղծ AIBA Pro Boxing լիգայում, որտեղ հաղթել է այնպիսի հայտնի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Բորիս Գեորգիևը, Աբդելքադեր Շադին ու Էվալդաս Պյատրաուսկասը, այնուամենայնիվ, նա երկու անգամ պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանին և այդպես էլ չի կարողացել դառնալ չեմպիոն։

APB լիգայում ունեցած մի շարք հաջող ելույթների շնորհիվ Արտեմ Հարությունյանը իրավունք է նվաճել ներկայացնելու Գերմանիան Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերում։ Մինչև 64 կգ քաշային կարգում նա բարեհաջող կերպով անցել է առաջին երկու հակառակորդներին, սակայն կիսաեզրափակչում կայացած երրորդ մարտում նա 0:3 հաշվով պարտվել է ադրբեջանցի Լորենսո Սոտոմայորին և արժանացել օլիմպիական բրոնզե մեդալի։ Այդ ձեռքբերման համար նա մրցաշրջանի արդյունքում պարգևատրվել է Արծաթե դափնետերևով, որ Գերմանիայի բարձրագույն մարզական պարգևն է[1][2]։

Օլիմպիական խաղերից հետո Արտեմ Հարությունյանը մի որոշ ժամանակ մնացել է Գերմանիայի ազգային հավաքականի կազմում և շարունակել է մասնակցել խոշորագույն միջազգային մրցաշարերի։ 2017 թվականին նվաճել է բրոնզե մեդալ Չեխիայում անցկացվող միջազգային մրցաշարում և մասնակցել Համբուրգում անցկացվող աշխարհի առաջնությանը, որտեղ նա առաջին կիսամիջին քաշային կարգում պարտվել է ուզբեկ Իկբոլժոն Խոլդարովին քառորդ եզրափակչում[3]։

Պրաֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերին Արտեմ Հարությունյանը հաջողությամբ կատարել է իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում՝ միավորներով հաղթելով իսպանացի Ավելինո Վասկեսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Artem Harutyunyan». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Pressemitteilung des Bundespräsidialamtes vom 1. November 2016: Verleihung des Silbernen Lorbeerblattes» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  3. Ըստ amateur-boxing.strefa.pl տվյալների բազայի նյութերի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]