Արտարժույթի արժեզրկում

Արտարժույթի արժեզրկում` երկրի արժույթի արժեքի կորուստ՝ համեմատած մեկ կամ մի քանի օտարերկրյա արժույթների հետ, սովորաբար լողացող փոխարժեքի համակարգում, որտեղ պաշտոնական արժույթային արժեք չի պահպանվում։ Նույն համատեքստում արտարժույթի արժևորումը արժույթի արժեքի բարձրացումն է։ Արժույթի արժեքի կարճաժամկետ փոփոխությունները արտացոլվում են փոխարժեքի փոփոխությունների միջոցով[1][2][3][4]։
Չկա արժույթի օպտիմալ արժեք[5]։ Բարձր և ցածր արժեքները ունեն իրենց դրական և բացասական կողմերը և ունեն բաշխման հետևանքներ տարբեր սոցիալական խմբերի համար[6][5]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լողացող փոխարժեքի համակարգում արժույթի արժեքը բարձրանում է (կամ նվազում), եթե դրա պահանջարկը ավելի արագ է աճում (կամ դանդաղում), քան առաջարկը։ Կարճաժամկետում սա կարող է տեղի ունենալ անսպասելիորեն՝ տարբեր պատճառներով, ներառյալ առևտրի հաշվեկշիռը, սպեկուլյացիան կամ միջազգային կապիտալի շուկայում այլ գործոններ։ Օրինակ՝ եթե երկրի բնակիչները շատ գնումներ կատարեն օտարերկրյա ապրանքներից, ապա կաճի օտարարժույթի պահանջարկը, ինչը կհանգեցնի ազգային արժույթի արժեզրկման։ Հակառակն էլ է ճիշտ՝ եթե օտարարժույթի մուտք է լինում երկիր, ապա դա ստեղծում է ազգային արժույթի նկատմամբ պահանջարկ, որն էլ արժևորում է այն։
Օրինակ՝ 2022 թվականի մայիսից սկսած՝ Ռուսաստանի պատերազմական իրավիճակի և մասնակի զինվորական զորահավաքի պատճառով շատ ռուսներ տեղափոխվեցին Հայաստան։ Քանի որ ռուսները իրենց հետ շատ օտարարժույթ՝ հատկապես դոլար բերեցին, դա ստեղծեց դոլարի ավելցուկ, ինչի հետևանքով դոլարի գինը սկսեց նվազել՝ արժեզրկվել։ Միևնույն ժամանակ, մեծ պահանջարկ առաջացավ հայկական դրամի նկատմամբ, քանի որ ռուս զբոսաշրջիկները պետք է իրենց դոլարները փոխանակեին դրամի՝ տեղական շուկաներից ապրանքներ գնելու համար։ Արդյունքում, հայկական դրամը արժևորվեց դոլարի նկատմամբ։ Այս արժևորումը դեռ շարունակվում է, և օտար արժույթների հնարավոր գնաճի ակնկալիքները մնում են բարձր՝ միջազգային այցելուների և զբոսաշրջիկների շարունակական հոսքի պատճառով[7]։
Արժույթի արժևորման կամ արժեզրկման մեկ այլ պատճառ կարող է լինել ֆոնդերի սպեկուլյատիվ տեղաշարժը՝ այն համոզմամբ, որ արժույթը թերագնահատված կամ գերագնահատված է։ Այսպիսի շարժերը կարող են ինքնուրույն ազդել արժույթի արժեքի վրա։
Երկարաժամկետ արժևորումը (կամ արժեզրկումը) հավանական է, եթե ազգային գնաճը միջինում ցածր է (կամ բարձր) այլ երկրների համեմատ՝ համաձայն գնողունակության երկարաժամկետ համարժեքության (անգլ.՝ purchasing power parity) սկզբունքի[3]։
Տնտեսական ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ երկրի արժույթը արժևորվում է օտարերկրյա արժույթների նկատմամբ, օտարերկրյա ապրանքները դառնում են ավելի էժան ներքին շուկայում, ինչը ընդհանուր գնանկման ճնշում է առաջացնում ներքին գների վրա։ Իսկ հակառակը՝ ներքին ապրանքների գներն օտարերկրացիների համար բարձրանում են, ինչն էլ նվազեցնում է օտարերկրյա պահանջարկը տվյալ երկրի ապրանքների նկատմամբ։ Ներքին արժույթի արժեզրկումը ունի հակառակ ազդեցություն։ Այն օգնում է երկրի առևտրային հաշվեկշռին՝ խթանելով արտահանումը և սահմանափակելով ներմուծումը՝ դարձնելով արտաքին ապրանքներն ավելի թանկ։ Միջազգային ակտիվների գործարքներում արժույթի արժեքի փոփոխությունը կարող է առաջացնել արտարժութային շահույթ կամ կորուստ։ Ազգային արժույթի արժևորումը բարձրացնում է այդ արժույթով արտահայտված օտարերկրյա ակտիվների արժեքը, մինչդեռ այն բացասաբար է ազդում պարտքային գործիքների վրա[3]։
Շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժույթի արժևորումը կամ արժեզրկումը գնահատելու համար թրեյդերները օգտագործում են տնտեսական օրացույցը։ Այն պարունակում է տնտեսական ցուցանիշներ, որոնք գնահատում են տնտեսության ուժեղ և թույլ կողմերը։ Օրինակ՝ եթե թրեյդերը գիտի, որ երկրի ՀՆԱ-ի աճը ցածր է գնահատվածից, հնարավոր է՝ երկրի արժույթը արժեզրկվի[8]։
Տերմինները նաև օգտագործվում են կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության համատեքստում։ Կենտրոնական բանկը միակ մարմինն է, որը թողարկում է փող։ Նրա քաղաքականությունը ազդում է ազգային արժույթի վրա։ Եթե բանկը բարձրացնում է տոկոսադրույքը կամ հնչեցնում է տնտեսության վերաբերյալ լավատեսական մեկնաբանություններ, ապա արժույթը արժևորվում է։ Եթե բանկը կրճատում է տոկոսադրույքը կամ նշում է տնտեսական խնդիրների մասին, արժույթը արժեզրկվում է[9]։
Քաղաքական ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժույթի արժեքի փոփոխությունները ունեն բաշխիչ հետևանքներ երկրի ներսում և երկրների միջև։ Հետևաբար, արժույթի արժեզրկումը կամ արժևորումը ունեն քաղաքական հետևանքներ[6]։ Արժույթի արժևորումը օգտակար է սպառողների համար, քանի որ օտարերկրյա ապրանքները դառնում են ավելի էժան, սակայն վնաս է տալիս տեղական արտադրողներին, ովքեր բախվում են արտաքին մրցակցության։ Արժեզրկումն ունի հակառակ ազդեցություն[5]։ Հատուկ շահերով խմբերը կարող են գործողություններ կատարել արժույթի արժեքի բարձրացման կամ նվազեցման համար։ Ընդհանուր առմամբ, կառավարությունները պատժվում են արժույթի արժեզրկման համար[10]։
Եթե երկիրը մեծապես կախված է ներմուծվող ապրանքներից, արժույթի արժեզրկումը կարող է նվազեցնել կենսամակարդակը, թուլացնել տնտեսական աճը և բարձրացնել գնաճը։ Այնուամենայնիվ, արժեզրկումը կարող է նաև ամրապնդել տեղական արտադրողներին և ավելացնել համախառն արդյունքը՝ դարձնելով այն տնտեսական վերականգնման տարածված գործիք[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Impact of falling exchange rate | Economics Help». www.economicshelp.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Krugman, Paul. «International Economics - Theory and Policy - Chapter 13 - Exchange Ratesand the ForeignExchange Market: An Asset Approach» (PDF). eml.berkeley.edu.
- ↑ 3,0 3,1 3,2 «Currency Appreciation and Depreciation | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «currency appreciation». TheFreeDictionary.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Frieden, Jeffry (2008). «Globalization and exchange rate policy». In Zedillo, Ernesto (ed.). The Future of Globalization. Routledge. doi:10.4324/9780203946527. ISBN 978-0-203-94652-7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Broz, J. Lawrence; Frieden, Jeffry A. (2001). «The Political Economy of International Monetary Relations». Annual Review of Political Science (անգլերեն). 4 (1): 317–343. doi:10.1146/annurev.polisci.4.1.317. ISSN 1094-2939.
- ↑ «Minutes on Refinancing Rate of November 1, 2022». Central Bank of Armenia. 2022 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Lioudis, Nick. «Economic Factors That Affect the Forex Market». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Maeda, Martha; Burrell, Jamaine (2011). The Complete Guide to Currency Trading & Investing: How to Earn High Rates of Return Safely and Take Control of Your Financial Investments (անգլերեն). Atlantic Publishing Company. էջեր (The influence of central banks). ISBN 978-1-60138-442-3.
- ↑ Steinberg, David A. (2022). «How Voters Respond to Currency Crises: Evidence From Turkey». Comparative Political Studies (անգլերեն). 55 (8): 1332–1365. doi:10.1177/00104140211060268. ISSN 0010-4140. S2CID 245613470.