Jump to content

Արտարժույթային զամբյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտարժութային փոքրիկ զամբյուղ

Արտարժույթային զամբյուղ` որոշակի կշռներով ընտրված արժույթների պորտֆել[1]։ Արտարժույթային զամբյուղն օգտագործվում է ներդրողների կողմից՝ նվազեցնելու արժութային տատանումների ռիսկը[2], ինչպես նաև կառավարությունների կողմից՝ երկրի արժույթի շուկայական արժեքը սահմանելու ժամանակ[3]։

Արտարժույթային զամբյուղի օրինակ է Եվրոպական արժույթի միավորը, որն օգտագործվում էր Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների կողմից՝ որպես հաշվարկային միավոր (անգլ.՝ unit of account) մինչև եվրոյով փոխարինվելը[4]։ Մեկ այլ օրինակ է Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ փոխառութային իրավունքները (անգլ.՝ special drawing rights)[5][6]։

Լավ հայտնի միավոր է ԱՄՆ դոլարի ինդեքսը (անգլ.՝ U.S. dollar index), որը օգտագործվում է «Forex» առևտրով զբաղվողների կողմից։ Այդ ինդեքսը կազմված է վեց արժույթներից՝ հինգ հիմնական արժույթներ՝ եվրո, ճապոնական իեն, բրիտանական ֆունտ, կանադական դոլար և շվեյցարական ֆրանկ, ինչպես նաև շվեդական կրոն[7]։

Պատմություն և ներկա օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1973-ին աշխարհի հիմնական արժույթները սկսեցին ազատ լողալ, փոքր պետությունները որոշեցին կապել իրենց արժույթները հիմնական արժույթներից մեկին (օրինակ՝ ԱՄՆ դոլար, ֆունտ ստեռլինգ): Սակայն սա հանգեցրեց մեծ տատանումների մյուս հիմնական արժույթների նկատմամբ, և որոշ երկրներ սկսեցին կառավարել իրենց արժույթի փոխարժեքները՝ օգտագործելով մի քանի արժույթ, որոնք կարևոր էին տվյալ երկրի համար, այսինքն՝ սկսեցին օգտագործել արտարժույթային զամբյուղներ։ Հետագա տարիներին միջազգային առևտրի դիվերսիֆիկացումը հանգեցրեց արտարժույթային զամբյուղների ավելի լայն կիրառման, և 1985 թվականին՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 63 երկիր փորձել էր արտարժույթային զամբյուղի քաղաքականությունը, և նրանցից 43-ը այդ ժամանակ օգտագործում էին այն[8]։

Հետագա տասնամյակներում նվազել է այն երկրների թիվը, որոնք կապում են իրենց փոխարժեքը արժութային զամբյուղների հետ, և 2019 թվականին ընդամենը ութ երկիր էր մնացել։ Երեք երկիր (Բոտսվանա, Լիբիա, Սիրիա) հետևում էին ԱՄՀ հատուկ փոխառութային իրավունքներին (անգլ.՝ the special drawing rights (SDR))՝ որպես զամբյուղ կամ դրա բաղադրիչ, Մարոկկոն հետևում էր եվրո-դոլար զամբյուղին, իսկ մնացած չորս երկրները (Ֆիջի, Քուվեյթ, Սինգապուր, Վիետնամ) չէին հրապարակել իրենց օգտագործած զամբյուղների կազմը[9]։

Օգտագործում և առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտարժույթային զամբյուղները իդեալական են փոքր երկրների համար, որոնք ունեն քիչ դիվերսիֆիկացված արտադրություն, ինտեգրված են համաշխարհային տնտեսության մեջ և, հետևաբար, ավելի խոցելի են արտաքին ցնցումների նկատմամբ։ Այդ երկրները սովորաբար ունեն արտաքին արժութային գործարքների փոքր ծավալներ, ոչ ճկուն առևտրային հոսքեր և թերզարգացած ֆինանսական շուկաներ, ինչը ազատ լողացող փոխարժեքները դարձնում է ծախսատար։ Միևնույն ժամանակ, մեկ հիմնական արժույթին կապելը կարող է հանգեցնել անկանխատեսելի տատանումների՝ մյուս արժույթների նկատմամբ, կախված այն արժույթի լողալու բնույթից, որին կապվում է երկրի արժույթը[8]։

Արտարժույթային զամբյուղների օգտագործումը, ընդհանուր առմամբ, հանգեցնում է միջազգային առևտրային մրցակցության կայունացման, մեղմում է առևտրային հաշվեկշռի ցնցումները և կայունացնում երկրի ՀՆԱ-ն։ Բացի այդ, այն կարող է նվազեցնել կարճաժամկետ օտարերկրյա կապիտալի հոսքը, որը ենթակա է փոխարժեքի կարճաժամկետ ռիսկերին և հանկարծակի փոփոխություններին։ Այլ կերպ ասած, զամբյուղին կապված լինելու ռեժիմը նվազեցնում է երկրի կախվածությունը ռիսկային կապիտալից՝ առանց ազդելու երկարաժամկետ ներդրումների վրա, ինչպիսիք են պորտֆելային և ուղղակի ներդրումները[10]։

Զամբյուղի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբյուղի ընտրությունը պետք է հիմնված լինի իշխանությունների քաղաքական նպատակների վրա։ Այդ նպատակը կարող է սահմանվել հարաբերական գների փոփոխությամբ, ինչպես օրինակ՝ առևտրի պայմաններով կամ իրական փոխարժեքով, կամ մակրոտնտեսական ցուցանիշներով՝ առևտրի հաշվեկշռով կամ վճարային հաշվեկշռով[8]։

Երբ նպատակը սահմանված է, զամբյուղում ներառված արժույթների ընտրությունն ու դրանց կշիռները որոշվում են՝ հաշվի առնելով արժույթների նկատմամբ փոխարժեքի կայունության կարևորությունը։ Որքան մեծ է կայունության անհրաժեշտությունը տվյալ արժույթի նկատմամբ, այնքան մեծ կշիռ պետք է ունենա այդ արժույթը զամբյուղում[8]։ Ընդհանրապես նախընտրելի է օգտագործել քիչ քանակությամբ արժույթներով զամբյուղ, որպեսզի զամբյուղի կառավարումը դառնա ավելի դյուրին[11]։

Կան երեք մոտեցումներ արժույթների հարաբերական կշիռները որոշելու համար։ Որոշ երկրներ օգտագործում են սեփական էկոնոմետրիկ մոդելները՝ հիմնված իրենց առևտրային և վճարային հարաբերությունների վրա՝ ներառելով նաև այլ երկրների անուղղակի ազդեցությունները[8][11]։ Մյուսները առաջնորդվում են միայն երկկողմ առևտրի (անգլ.՝ bilateral trade) բաժիններով, ինչը սակայն կարող է չլինել ամենաօպտիմալ լուծումը[11]։ Որոշ երկրներ նախընտրում են արդեն պատրաստ զամբյուղներ հատուկ փոխառութային իրավունքներին (անգլ.՝ the special drawing rights (SDR))՝, հատկապես երբ այդ զամբյուղում ընդգրկված են իրենց հիմնական առևտրային գործընկերների արժույթները[8]։

Իշխանությունները պետք է պարբերաբար վերանայեն զամբյուղում արժույթների կշիռները և փոփոխություններ կատարեն՝ ելնելով ընթացիկ տնտեսական իրավիճակից[11]։

Զամբյուղի գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթների կշիռների ընտրությունը ինքնին չի որոշում երկրի ազգային արժույթի արժեքը, քանի որ նույն կշիռներով կարելի է ստանալ տարբեր արժեքներ՝ կախված այն մեթոդից, որով հաշվարկվում են բաղադրիչ արժույթների փոփոխությունները[8]։

Միջինացման մեթոդի ընտրությունը կատարվում է՝ ելնելով արժույթային հատկանիշներից։ Եթե նպատակն է պահպանել նախապես սահմանված կշիռները, պետք է կիրառել միջին երկրաչափական մոտեցում։ Եթե քաղաքական նպատակը գների կայունությունն է, պետք է ընտրել հարմոնիկ միջին։ Եթե նպատակն է պահպանել իրական արդյունավետ փոխարժեքը, ապա նախընտրելի է թվաբանական միջինը[8][12]։

Զամբյուղային ամրակցման խնդիրը կարող է առաջանալ զարգացող երկրների համար, քանի որ իրենց արժույթը տատանվում է այն արժույթի նկատմամբ, որով իրականացվում է միջամտություն[12]։ Այս պայմաններում նպատակահարմար է կիրառել «ստանդարտ զամբյուղ»՝ կազմված ֆիքսված չափաբաժիններով արժույթներից։ Նույն արժույթներով ստանդարտ զամբյուղն այն նույն արդյունքը պետք է ապահովի, ինչ հարմոնիկ միջինը։ Սակայն գործնականում որոշ փոքր արժույթներ կարող են բացառվել, և փոխարենը զամբյուղում պետք է ավելացնել այն արժույթների կշիռները, որոնք դրականորեն կոռելացված են բացառված արժույթների հետ[12]։

Զամբյուղային ամրակցման գործառույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբյուղային ամրակցումը առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնք չեն առաջանում մեկ արժույթով ամրակցման պարագայում։ Դրանք են՝ փոխարժեքի հրապարակման հաճախականությունը, զամբյուղի կազմի հրապարակման անհրաժեշտությունը և փոխարժեքի տատանման սահմանները[12]։

Այս խնդիրները առաջանում են այն հանգամանքից, որ տեղական արժույթի փոխարժեքը մշտապես փոփոխվում է այն արտարժույթի համեմատ, որն օգտագործվում է շուկայում միջամտելու համար՝ զամբյուղի արժեքը պահպանելու նպատակով, սակայն փոխարժեքը դեռեւս կարգավորվում է կոնկրետ փոխարժեքի կանոնով։ Որպեսզի խիստ պահպանվի զամբյուղային ամրակցման կանոնը, իշխանությունները պետք է մշտապես հաշվարկեն և հրապարակեն փոխարժեքը միջամտության արժույթի (անգլ.՝ the intervention currency) նկատմամբ ու պատրաստ լինեն վաճառել կամ գնել անհրաժեշտ քանակությամբ միջամտության արժույթ։ Սակայն գործնականում դա գրեթե անհնար է, ուստի խիստ զամբյուղային քաղաքականությունն իրագործելի չէ։ Եթե փոխարժեքը հրապարակվում է ոչ հաճախ (օրինակ՝ օրական մեկ անգամ), անհրաժեշտ է որոշակի նվազագույն շեղում թույլատրել՝ հաշվի առնելով, որ հրապարակվող փոխարժեքը կարող է տարբերվել տեսականից։ Սա զամբյուղային արժույթները դարձնում է ավելի խոցելի սպեկուլյացիաների նկատմամբ։ Դրանց կանխարգելման նպատակով շատ երկրներ որոշել են չհրապարակել իրենց զամբյուղների կազմը։ Որպես լրացուցիչ պաշտպանություն, իշխանությունները կարող են կտրուկ փոխել թույլատրելի շեղումները կամ վերանայել զամբյուղի կազմը՝ կանխելու համար առևտրային գործընկերների կառուցվածքային փոփոխությունների բացասական ազդեցությունները։ Նրանք կարող են նաև փոխել զամբյուղի արժեքը կամ կազմը՝ մրցունակության կորուստը փոխհատուցելու կամ երկրի առևտրային կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությանը հարմարվելու նպատակով[8]։

Սակայն հաճախակի միջամտությունները կարող են հանգեցնել դրամավարկային կարգապահության և վստահության կորստի, ինչը խիստ կարևոր է արժույթային զամբյուղային համակարգի արդյունավետության համար[8][11]։

Արժույթային զամբյուղ ներդրումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթային զամբյուղները հիմնականում օգտագործվում են բարձր արժույթային անկայունությունից խուսափելու համար։ Դրանք կիրառվում են «Forex-ում»՝ որտեղ առևտուրը հիմնված է երկու արժույթների հարաբերության վրա։ Այսպիսով, եթե երկու արժույթներից որևէ մեկը կտրուկ տատանվում է, դա կարող է խնդիր ստեղծել ներդրողի համար։ Եթե ներդրողը ցանկանում է առևտուր անել ԱՄՆ դոլարով տարբեր արժույթների նկատմամբ, նա կարող է օգտվել ԱՄՆ դոլարի ինդեքսից։ Ներդրողները կարող են իրենց իսկ կազմած զամբյուղներ ստեղծել՝ տարբեր կշիռներով, և կիրառել ցանկացած առևտրային ռազմավարության մեջ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «currency basket». Oxford Reference (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  2. «Currency Basket». Investopedia. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «Currency basket». TheFreeDictionary.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  4. Kent, Penelope (2008). Law of the European Union. Pearson Education. էջ 258. ISBN 978-1-4058-3526-8. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Factsheet — Review of the Special Drawing Right (SDR) Currency Basket». imf.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  6. «What is the IMF's currency basket?». World Economic Forum (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  7. 7,0 7,1 Ganti, Akhilesh. «Currency Basket Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 International Monetary Fund. External Relations Dept., . (1986). "Pegging to a currency basket: The why and how of pegging under floating exchange rates". In Finance & Development, September 1986. USA: INTERNATIONAL MONETARY FUND. Retrieved April 12, 2021.
  9. INTERNATIONAL MONETARY FUND (2020). ANNUAL REPORT ON EXCHANGE ARRANGEMENTS AND EXCHANGE RESTRICTIONS 2019. [S.l.]: INTL MONETARY FUND. ISBN 978-1-4983-2457-1. OCLC 1201656772.
  10. Ogawa, Eiji & Ito, Takatoshi & Sasaki, Yuri. (2021). Costs, Benefits, and Constraints of the Basket Currency Regime. Retrieved April 12, 2021.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Daniels, Joseph P.; Toumanoff, Peter G.; von der Ruhr, Marc (2001). «Optimal Currency Basket Pegs for Developing and Emerging Economies». Journal of Economic Integration. 16 (1): 128–145. doi:10.11130/jei.2001.16.1.128. ISSN 1225-651X. JSTOR 23000552.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Takagi, Shinji (1988 թ․ փետրվարի 1). «A basket peg policy: Operational issues for developing countries». World Development (անգլերեն). 16 (2): 271–279. doi:10.1016/0305-750X(88)90141-6. ISSN 0305-750X.