Արտաշատ (մայրաքաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշատ (այլ կիրառումներ)

Արտաշատ, հին Հայաստանի մայրաքաղաքը մ․թ․ա․ II – մ․թ․ IV դարերում։ Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում։ Ընդգրկված է Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմական Հայաստանի 4-րդ մայրաքաղաք
Արտաշատ

Աշխարհ Այրարատ
Հիմնել է Արտաշես Ա
Հիմնադրված է մ․թ․ա․ 176 թ
Լքվեց 7-րդ դար
Բնակիչները ենթարկվեցին
Ցեղասպանության
Ոչ
Եղել է մայրաքաղաք Մեծ Հայքի մայրաքաղաք
Եղել է պարսպապատ Այո
Կարգավիճակը ներկայում Ավերակներ
Ներկայիս Արտաշատ գյուղի մոտ


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշատ հին քաղաքի նախագիծը բոլոր բլուրների հետ ըստ Արմեն Տոնիկյանի
Արտաշատի 1-ին բլուրի բերդի նախագիծը ըստ Արմեն Տոնիկյանի
Արտաշատի հին քաղաքի վերականգնումն 3դ մոդելով

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա.185 թ և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա), որը իրանական լեզուներով նշանակում է «Արտաշեսի ուրախություն»։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։

Տիր աստվածի տաճարի նախագըծի վերականգնումն 3դ մոդելով
Տիր աստվածի տաճարի նախագըծի վերականգնումն

Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»՝ Պարսպապատերը՝ մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։ 58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը, գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է՝ պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ։ Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։ Պաշտպանական համակարգի մեջ մտնող միջնաբերդը, պալատական, վարչական համալիրները, ավագանու բնակարանները, զորանոցներն ու զինանոցները կառուցվել են բլրախմբի հյուսիս - արևելյան ծայրում գտնվող ամենաբարձր (70 մ) և ամենաընդարձակ բլրի վրա։ Բլուրներից հյուսիս և հյուսիս-արևելք տարածվում էին քաղաքային թաղամասերը։ Կառուցապատված է եղել հելլենիստական քաղաքաշինության կանոններին համապատասխան։ Ուներ ջրամատակարարման համակարգ։ Լինելով հելլենիստական տիպի քաղաք՝ ամենայն հավանականությամբ պետք է ունենար ամֆիթատրոն։ Արտաշատում էր գտնվում քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական հանրահայտ մեհյաններից մեկը։ Բլուրներից մեկի վրա, որտեղ գտնվում էր արքունի բանտը, հետագայում հիմնվեց Խոր Վիրապ վանական համալիրը։ Քաղաքը մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին։ Դրանցից մեկի՝«Տափերականի» կամ «Արտաշատի կամրջի» մասին մնացել է հիշատակություն։

Արտաշատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն քաղաքի իրական անկումը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելու ժամանակներից (4-րդ դ. 30-ական թթ.), ինչը կապված էր Արաքս և Մեծամոր գետերի հուների փոփոխության հետ։ Արտաշատի համար կործանարար էին նաև 360-ական թթ. պարսից Շապուհ II-ի կողմից Արտաշատ քաղաքի ավերումը և բնակչության գերեվարությունը։ Կորցնելով իր հզորությունն ու փառքը՝ Արտաշատը դեռ երկար ժամանակ պահպանում է քաղաքային նշանակությունը, միայն 7-րդ դ. երբեմնի խոշոր և ծաղկուն քաղաքից մնում է ոչ մեծ ավան՝ կից ամրոցով։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Փոքր Վեդի գյուղի տարածքում հայտնաբերվեցին լատիներեն երկու արձանագրություններ, որոնցից մեկը փորագրված էր իտալիկների լեգիոնի զինվորին վերաբերող տապանաքարի վրա, մյուսը՝ 0,8 մ բարձրությամբ և 8,5 մ ընդհանուր երկարությամբ հինգ սալաքարերի վրա, որում հիշատակվում էին Արտաքսատա քաղաքանունը, հռոմեական կայսր Տրայանոսի (53-117 թթ.) տիտղոսները և սկյութական IV լեգիոնի կողմից կատարվող ինչ-որ շինարարություն։ Սա որոշակիորեն նպաստեց ձեռնամուխ լինելու մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը։

1970 թվականին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ՝ Բ. Առաքելյան՝1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան՝1986 թվականից), որոնք շարունակվում են մինչ օրս։

Պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ։ Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ։ Հայտնաբերված իրերի մեջ կան մ.թ.ա. II – մ.թ. I-II դդ. քանդակագործության և կիրառական արվեստի վարպետորեն պատրաստված ուշագրավ նմուշներ՝ կնոջ մարմարե արձան, կավե արձանիկներ, ոսկյա կախիկներով լազուրիտե ափսե, տերևազարդ ոսկե պսակ, այծի արծաթե արձանիկ, արծաթյա անոթների գեղարվեստորեն մշակված կանթեր և այլն։ Գտնվել են հասարակ և գունազարդ խեցեղենի հարուստ տեսականի, կավե կղմինդրներ և խողովակներ, մետաղյա տարատեսակ զենքեր, քարից, ապակուց և ոսկրից պատրաստված զանազան իրեր։ Քիչ չեն նաև այլ երկրներից ներմուծված առարկաները։

Արտաշատը նաև հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր։ Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ՝ օտարերկրյա դրամներ։ Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների՝ սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ.թ.ա. II – մ.թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ։

բաղնիքների ավերակները
Արտաշատայի բաղնիքների պեղումների լուսանկարը
Լոգանքներից հայտնաբերված խճանկարի բեկոր.

Հայտնաբերված պեղածո նյութերը գերազանցապես պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արտաշատ քաղաքատեղի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաքելյան Բ., Հին Արտաշատ, Երևան, 1975։
  • Аракелян Б., Основные результаты раскопок древнего Арташата в 1970-1973 годах, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1974, N 4.
  • Խաչատրյան Ժ., Արտաշատ II, Երևան, 1981։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 135