Jump to content

Արտաշատի ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաշատի ժողով, տեղի է ունեցել 449 թվականին, Հայաստանի Արտաշատ քաղաքում, Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսի գլխավորությամբ։ Ժողովում քննարկվել է պարսից Հազկերտ արքայի նամակը ուղղված հայերին, որտեղ նշվում էր, որ հայերը պետք է կրոնափոխ լինեն և դառնան դեպի զրադաշտական կրոնը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից Հազկերտ արքան 447 թվականին Հայաստան է ուղարկում իր հավատարիմ ծառաներից Դենշապուհին։ Նա իբր Հայաստան էր ժամանել աշխարահագիր անցկացնելու, որի նպատակն էր հարկերը ներելը և այրուձիի ծանրությունը թեթևացնելը։ Սակայն իրականում աշխարհագրի քողի տակ, այլ գործեր կատարեց, որոնցից էին․ հարկերը ավելի բարձրացան, եկեղեցին հարկման ենթարկեց, նախարարների մեջ գժտություն մտցրեց և ամեն նախարարական տան մեջ խռովություն գցեց։ Հավանաբար սա կատարում էր այն մտքով, որ քանդի հայերի միաբանությունը, նրանց ավելի աղքատացնի, որ հայերը ստիպված ընդունեն զրադաշտական (մազդեզական) կրոնը։ Սակայն ամենավատթարը Վահան Ամատունի հազարապետին պաշտոնից հեռացնել էր, ում փոխարեն նշանակեց մի պարսից պաշտոնյա, և մի մոգպետի էլ դատավոր կարգեց, «որպեսզի եկեղեցու փառքը նսեմացնեն»։ Բայց տեսնելով, որ այս ամենով էլ չկարողացան ընկճել հայերին, այն ժամանակ Հազկերտի հրամանով գրված մի նամակ է ուղարկվում Հայաստան։ Նամակի մեջ մասնավորապես նշվում էր, որ «Իմացաք եղեք, որ ամեն մարդ, ով բնակվում է երկնքի տակ և չունի դենիմազդեզն կրոնը, խուլ է և կույր և Հարամանիի դևերից խաբված»[1]։ Այնուհետև շարադրելով իրենց կրոնի պատմությունը, թե ինչպես ծնվեցին Որմիզդն ու Արհմինը, շարունակությունում ասվում է, թե մոլորություն է, երբ քրիստոնյաները հավատում են, որ Աստված ծնվեց մի կնոջից, որի անունն էր Մարիամ և նրա մարդուց, ում անունն է Հովսեփ, բայց իրականում ըստ նրանց Հիսուս Բանթուրակ անունով մեկի որդին է եղել, ծնված անկարգ խառնարկությունից, ու հայերը մոլորյալ են որ այսպիսի աստծո հետևից են գնում։ Այս ամենից հետո, նամակի հեղինակ Միհրնեսեհը իր խոսքը ավարտում է հետևյալ պահանջով․ «Արդ, երկու բան կա ձեր առաջ, կամ առ կետ պատասխան տվեք այս նամակին, և կամ վեր կացեք Դուռն եկեք և ներկայացեք Մեծ ատյանին»[2]։

Արտաշատի ժողովը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից արքայի նամակին պատասխանելու համար 449 թվականին Արտաշատում տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ գործիչներ։ Հավաքվածներից շատերը սահակ-մաշտոցյան դպրոցի նախկին աշակերտներն էին։ Ժողովականներին համակել էր հայ ժողովրդի ինքնության և հայրենիքի պաշտպանության խորը գիտակցությունը, այդ սուրբ գործի արդարությունը։ Նրանք զգում էին իրենց բարոյական վեհությունը Սասանյանների համեմատությամբ և խորապես համոզված էին, որ բոլոր չարիքները մարդու միտքն են գալիս տգիտությունից։ Ժողովի մասնակից հոգևորականներ էին՝ Այրարատի եպիսկոպոս Հովսեփը, Տարոնի եպիսկոպոս Սահակը, Մանազկերտի եպիսկոպոս Մեղետը, Բագրևանդի եպիսկոպոս Եզնիկը, Բզնունյաց եպիսկոպոս Սուրմակը, Տայոց եպիսկոպոս Տաճատը, Բասենի եպիսկոպոս Թաթիկը, Տուրուբերանի եպիսկոպոս Քասուն, Մարդաստանի եպիսկոպոս Երեմիան, Մարդաղվո եպիսկոպոս Եվղաղը, Սյունյաց եպիսկոպոս Անանիան, Արծրունյաց եպիսկոպոս Մուշեն, Ռշտունյաց եպիսկոպոս Սահակը, Մոկաց եպիսկոպոս Բասիլը և ուրիշներ։

Նամակի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա այսպիսի գաղափարական վերելքի պայմաններում գրվեց պատասխան նամակը։ Նամակի սկզբում հայոց կաթողիկոսը նախ նշում է հայերի մոտ տարածված սովորության մասին, որն է աղոթք բարձրացնել թագավորի անձի համար, որպեսզի նա երկար ապրի ու խաղաղությամբ կառավարի իր ժողովրդին։ Հետագա տողերում խոսում է ճշմարիտ հավատքի մասին, որ Աստված միշտ եղել է իր հաստատության մեջ, այն մշնջենավոր է,, նրան միջնորդ պետք չէ։ Բացի իրենց Աստծուց չկա այլ մեկը, որ ավելի բարձր է, կամ ավելի ցածր։ Այնուհետև պատասխան տալով պարսից նամակի այն հատվածին, թե Աստված մի թուզի պատճառով մարդուն մահվան դատապարտեց, կաթողիկոսը դա համեմատում է մի մագաղե թղթի հետ, որի վրա գրված թագավորկան հրամանը անշուշտ պետք է ի կատար ածվի, իսկ այն չկատարողը ենթակա է պատժի։ Նույնպես էլ Աստված, որ սկզբից իր սերն ու ջերմություն էր տվել մարդկանց, ինչպես նաև հրահանգել չուտել այդ մրգից, պարզապես մարդկանց իրենց ցանկությունների պատճառով պատժեց։ Որից հետո սկսում է ծաղրել զրադաշտական կրոնը, նրա ստեղծման պատմությունը։ Հետո պարսից արքային գրվելիք նամակի տողերից մեկում ասում է, որ դու մոլորության հետևից են գնում, իսկ ես նույնը անել չեմ կարող, քանի որ երկուսս էլ անդառնալի կորստի կմատնվենք։ Նամակը վերջանում է հետևյալ հանդուգն տողերով «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»[3]։ Այնուհետև նամակի վերջում ասվում է, որ կամքը քոնն է պարսից արքա, եթե պետք է հանուն մեր հավատի նահատակվենք, ապա մենք մեր նախնիներից լավը չենք, որոնք այս հավատի համար դրեցին իրենց ամբողջ հարստությունն ու մարմինները։ Եվ վերջում, ժողովականները գրում են այս հավատի ուխտը ոչ թե մարդու հետ է, որ երեխայի նման խաբվենք, այլ Աստծո հետ է անլուծելի կերպով, որ անհնար է քանդել։

Խիզախ ու հանդուգն պատասխան նամակը վրդովեցնում է արքայից արքային և պարսից ավագանուն։ Բոլորը զարմանում են այս հանդուգն նամակի վրա։ Մոգերը և հազարապետ Միհրնեսեհը արքայից արքային խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն դարձնել և հայ նախարարների պատասխան նամակը դիտել իբրև հակապետական ելույթ[4]։ Հազկերտը հրամայում է անմիջապես հրովարտակ ուղարկել, որով հրամայվում է Հայաստանի, Վիրքի և Աղվանքի բոլոր տանուտերերին և մեծամեծներին շտապ գնալ Պարսկաստան։ Ուշացողներին սպառնում են մահապատժով։ Հայաստանից Տիզբոն՝ Բարձրագույն Դուռը ներկայացան հետևյալ 10 նախարարները․ մարզպան Վասակ Սյունի, Ներշապուհ Արծրունի, Արտակ Ռշտունին, Գադիշո Խոռխոռունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Արտակ Մոկացին, Մանեճ Ապահունին, Վահան Ամատունին, Գյուտ Վահևունին, Շմավոն Անձևացին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եղիշե (1994). Վարդանի և Հայոց պատերազմի մասին. Հայաստան հրատարակչություն. էջեր էջ 22.
  2. Եղիշե (1994). Վարդանի և Հայոց պատերազմի մասին. Հայաստան հրատարակչություն. էջեր էջ 24.
  3. Եղիշե (1994). Վարդանի և Հայոց պատերազմի մասին. Հայաստան հրատարակչություն. էջեր էջ 32.
  4. 1 2 Հայ ժողովրդի պատմություն, հատոր II. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1984. էջեր էջ 173.