Արտակ եպիսկոպոս Սմբատյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտակ եպիսկոպոս Սմբատյանց (ավազանի անունով՝ Ղազար, 1876 մարտի 19-1937 սեպտեմբերի 3), Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ, ավազանի անունով Ղազար, եպիսկոպոս Սմբատյանցը ծնվել է ներկայիս Տավուշի մարզի Թովուզ (այժմ՝ Տավուշ) գյուղում 1876 թվականի մարտի 19-ին։ 1887 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցը և 1894 թ. հունիսին այն ավարտում գերազանց վարքով, որից հետո 1895 թ.նա ընդունվում է Մայր Աթոռի միաբանների շարքը, իսկ 1896 թ. հունիսի 14-ին ձեռնադրվում է սարկավագ։ 1897 թ. հունիսին պաշտպանելով ավարտաճառ «Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի հայս» (Քաղկեդոնական վեճերի սկիզբը հայերի մեջ) թեմայով՝ նա ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանի մասնագիտական բաժինը գովելի առաջադիմությամբ, որից հետո 1898-1899 թթ. ոստարում դասավանդում է նույն ճեմարանում։ 1899-1902 թթ. հայազգի մեծահարուստ Մանթաշյանի միջոցներով նա որպես ազատ ունկնդիր հետևում է Դորպատի համալսարանի դասընթացներին։ 1902 թ. նոյեմբերի 24-ին ձեռամբ Հուսիկ արք. Տեր-Մովսիսյանի Ղազար սարկավագը սբ. Գայանե վանքում ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Արտակի։ 1903 թ. հունիսի 4-ին Արտակ աբեղան ստանձնում է Մայր Աթոռի տպարանի պատասխանատուի պաշտոնը, իսկ հաջորդ տարվանից նշանակվում է նաև Մայր Աթոռի Ուսումնական մնայուն հանձնաժողովի անդամ։ 1903 թ. հոկտեմբերի 24-ին Արտակ աբեղա Սմբատյանցը ստանում է վարդապետական մասնավոր 4 աստիճան և գավազան կրելու իրավունք։ 1905 թ. նա Գեղարքունիքի և Դարաչիչակի գործակալ էր, 1907 թ. Քիշնևում էր որպես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի կոնսիստորիայի անդամ։ 1910-11 թթ. նա տարբեր պաշտոններ է վարել Մայր Աթոռում՝ գանձապահ, տպարանի տեսուչ, տարբեր հանձնաժողովների անդամ։ 1911 թ. նոյեմբեր-1912 թ. նոյեմբեր նա որպես գործակալ լինում է Նոր Բայազետում և Բաքվում, իսկ 1914 թ. հունվարի 30-ին նշանակվում է վիճակի փոխանորդ՝ Ալեքսանդրապոլում։ Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում Առաջին աշխարհամարտի պատճառով գաղթական դարձած հայերին օժանդակելու ուղղությամբ։ 1920 թ. օգոստոսի 31-ին Գևորգ Ե Սուրենյանցը Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացնում է Երևանի թեմից և ստեղծում Շիրակի թեմ, որի առաջնորդ է ընտրվում մինչև 1921 թ. սեպտեմբերի 9 Արտակ վրդ. Սմբատյանցը։ 1922 թ. ապրիլի 22-ին Գևորգ Ե Սուրենյանց հայրապետը վերականգնում է Սյունյաց թեմը, որի առաջնորդ է նշանակվում Արտակ վրդ. Սմբատյանցը։ Նույն թվականին՝ համաձայն Սյունյաց թեմի հավատացյալների խնդրագրերի Արտակ Սմբատյանցը օծվում է եպիսկոպոս։ 1927 թ. փետրվարի 20-ին Լենինականում կայացած Շիրակի թեմական պատգամավորական ժողովը Արտակ եպս. Սմբատյանցին միաձայն ընտրում է թեմակալ առաջնորդ։ 1929 թ. դեկտեմբերի 10-14 Թիֆլիսում գումարված Վիրահայոց թեմական պատգամավորական ժողովը ի թիվս այլ հարցերի՝ լուծում է նաև թեմակալ առաջնորդի հարցը։ Ըստ այդմ՝ որոշվում է թեմակալ առաջնորդի պաշտոնով Թիֆլիս հրավիրել Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպս. Սմբատյանցին, ով շարունակում է այդ պաշտոնին մնալ մինչև 1932 թ.։ 1932-1935 թթ. Արտակ եպս. Սմբատյանցը պաշտոնավարում է Մայր Աթոռում, իսկ 1935 թ. սկզբներին Խորեն Ա Մուրադբեգյան հայրապետը նրան նշանակում է Երևանի թեմի հայրապետական լիազոր ներկայացուցիչ։ Ցավոք սրտի ժամանակները թույլ չտվեցին այս անմնացորդ նվիրյալ խոնարհ ծառային իր արժանի պարտքը մինչև վերջ վճարելու։ 1937 թ. ապրիլի 13-ին Երևանի առաջնորդարանում ՆԳԺԿ Պետական Անվտանգության Վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվում է Արտակ եպս. Սմբատյանցը։ 1937 թ. օգոստոսի 31-ին ՀՍՍՀ ՆԳԺԿ Եռյակի նիստում որոշվում է Արտակ եպս. Սմբատյանցի բախտը։ Հիմնվելով ներկայացված մեղադրանքների վրա՝ Եռյակի նիստը որոշում է նրան արժանացնել գնդակահարության, որն էլ ի կատար է ածվում 1937 թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերվա ժամը 02։00-ին։ 1957 թ. նոյեմբերի 5-ին ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի կոլեգիան ծանոթանալով Արտակ եպս. Սմբատյանցի գործի նյութերին՝ գտավ, որ հետաքննությունը տարվել է վերին աստիճանի մակերեսորեն և կոպիտ կերպով խախտվել են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, ինչի պատճառով ՀԽՍՀ ՆԳՆ Եռյակի 1937 թ. օգոստոսի 31-ի որոշումը հայտարարվում է չեղյալ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությամբ Արտակ եպս. Սմբատյանցն սկսել է զբաղվել դեռևս ուսանողական տարիներից, սակայն Դորպատի համալսարանում սովորելուց հետո նա մի նոր թափով է սկսում երկնել, ինչի վառ վկայությունն է 1904 թ. սկսած Մայր Աթոռի պաշտոնական «Արարատ» ամսագրի համարներում նրա անունով լույս տեսածտարբեր բնույթի ուսումնասիրությունները։

Առաջին գործը՝ «Անանիա Շիրակացի» հոդված-շարադրությունն է, որը գրվել է 1896 թ. մայիսի 6-ին։ Աշխատության մասին ոչ ոք ոչինչ չգիտեր մինչև 1997 թ., երբ Սանդրո Բեհբուդյանն իր «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» շարքի երրորդ գրքում առաջին անգամ անդրադարձավ այս աշխատությանը։ Աշխատության մեջ հեղինակը մանրամասն վերլուծությամբ քննում է Անանիա Շիրակացու կենսագրական տվյալները, անդրադառնում նրա երկասիրություններին, ի մասնավորի այն ժամանակ Էջմիածնի Մատենադարանում պահվող մի ձեռագիր օրինակին։

1897 թ. հունիսին Արտակ եպս. Սմբատյանցը ավարտելով Գևորգյան ճեմարանի մասնագիտական բաժինը՝ որպես ավարտաճառ է ներկայացնում մի աշխատություն, որը վերնագրված էր «Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի Հայս» (Քաղկեդոնական վեճերի սկիզբը հայերի մեջ)։ Աշխատությունը մինչև 1997 թ. համարվում էր անտիպ և ձեռագիր վիճակով պահվում էր Պատմության կենտրոնական պետական արխիվում (այժմ ՀՀ Ազգային արխիվ)։ Առաջին անգամ այն լույս է տեսել Սանդրո Բեհբուդյանի «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» շարքի երրորդ հատորում՝ 1997 թվականին։