Արտակարգ դրություն Հայաստանում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակարգ դրություն Հայաստանում, COVID-19 համավարակով պայմանավորված հատուկ իրավական ռեժիմի հաստատում Հայաստանի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 14-ը[1][2], որը հետագայում երկարացվել է ևս երեք ամսով, մինչև հուլիսի 12-ը ժամը 17։00-ն[3]։ Մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ժամը 23։59-ը, այնուհետև մինչև ապրիլի 12-ը, երկրի ողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել էր անձանց պարտադիր ինքնամեկուսացում (կարանտին)[4]։

Իրավական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվում բացառապես Հայաստանի սահմանադրության և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հիման վրա[5][6]։

Սահմանադրական կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի սահմանադրության 120-րդ հոդվածն ասում է[5]՝

  1. սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին,
  2. արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ,
  3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը,
  4. արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Օրենսդրական կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի օրենքի՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները։ Այն հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է։

Հանրաքվեի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, որը ենթադրում է ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի սահմանադրական հանրաքվեի անժամկետ հետաձգում[5]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ դրություն հայտարարելուն նախորդեցին մի շարք գործողություններ․

  • Փետրվարի 23-ին փակվեց հայ-իրանական սահմանը[7]։
  • Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ին 10 օրով փակվել է հայ-վրացական սահմանը[8]։
  • Մարտի 15-ին ժամը 23։00-ից սահմանափակվել է Էջմիածին քաղաքի մուտքն ու ելքը։ Քաղաքի 27 մուտքերից 24-ը փակվել են, իսկ 3 մուտքերում իրականացվում են ելումուտի հատուկ հսկողություն[9]։

Ողջ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է մարտի 16-ին՝ մեկամսյա ժամկետով։ Արտակարգ դրության պայմաններում իրավիճակը համակարգում է պարետը, որի պաշտոնում նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը[10]։

Մարտի 17-ի երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց երկրում COVID-19 տեսակի կորոնավիրուսով վարակվածների թվի մասին (78 մարդ) և Երևանի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարության մեկնարկի մասին, որի արդյունքում 3-4 օր հետո հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ[11]։

Մարտի 20-ին վարակվածների թիվն արդեն 136 էր, որից 4-ը թոքաբորբով հիվանդներ[12]։ Երեկոյան Ազգային ժողովը քրեկան օրենսգրքում փոփոխություն կատարեց, ըստ որի արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ խախտելը կպատժվի 300-500 հազար դրամ տուգանքով կամ կպատժվի մինչև 3 ամիս կալանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ՝ կախված հետևանքներից[13]։

Մարտի 24-ին պարետատունը մեկշաբաթյա խստացված ռեժիմի որոշում է կայացրել, որով սահմափակվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում[14]։

Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդես է եկել հատուկ խստացված ռեժիմը ևս 10 օրով երկարացնելու մասին հայտարարությամբ[15]։

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, արգելվում են բոլոր ուսումնական հաստատությունների ոչ հեռավար աշխատանքները։

Արտակարգ դրության պայմաններում արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որևէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառապես պաշտոնականի[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու կարգն ու կիրառվելիք հնարավոր սահմանափակումների ցանկը».
  2. «Կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել մեկ ամսով՝ մինչև ապրիլի16-ը».
  3. «Կառավարությունն ընդունեց Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը».
  4. «Հայաստանում ժամը 23։59-ից սահմանափակվում է ազատ տեղաշարժը».
  5. 5,0 5,1 5,2 Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, ընդունված 06.12.2015 թվականին, ուժի մեջ մտած 22.12.2015 թվականին։
  6. Հայաստանի Հանրապետության օրենքը Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին, ստորագրված 12.04.2012 թվականին։
  7. «Հայ–իրանական սահմանը կփակվի. պատճառը կորոնավիրուսի ներթափանցման վտանգն է».
  8. «Հայ-վրացական սահմանը 10 օրով փակվում է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  9. «Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը փակ են, 3 մուտքերից ելումուտն իրականացվում է հատուկ հսկողությամբ».
  10. «Նախարարը առաջարկեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել».
  11. «3-4 օրում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կունենանք 40 նոր պալատ. ԱՆ խոսնակ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  12. «ԱՆ. Կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում».
  13. «300-500 հզր դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար».
  14. «Մինչև մարտի 31 ը սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը. ոստիկանության զգուշացումը (տեսանյութ)».
  15. «Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը կերկարացվի առնվազն 10 օրով. Նիկոլ Փաշինյան».
  16. «Արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որեւէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառապես պաշտոնականի».