Արտագերսի պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտագերսի պաշտպանություն (368 - 369 թվականներ), Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ Սասանյան նվաճողների։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի զորաբանակը (ըստ Փավստոս Բուզանդի՝ 50 հազար զինվոր) 368 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին Բյուզանդիա քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ և կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի, պաշարվածները ոչ միայն հերոսական դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և առժամանակ կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, Շապուհ երկրորդի առաջնորդությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ է սկսվել, որից մահացել է բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերեվարել հազարավոր մարդկանց և թագուհուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 120 CC-BY-SA-icon-80x15.png