Արվեստն արվեստի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արվեստն արվեստի համար» (ֆր.՝ l'art pour l'art), գեղագիտական սկզբունք, որի էությունը հասարակական–քաղաքական պահանջներից անկախ արվեստի՝ որպես ինքնուրույն և ինքնանպատակ երևույթի հաստատումն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մաքուր արվեստի» նախանշանները նկատելի էին դեռևս հունահռոմեական գրականության մեջ (ալեքսանդրյան պոեզիա, կայսրության վերջին դարերի հռոմեական գրականություն), Հին Արևելքի և ապա ուշ Վերածննդի շրջանի արվեստներում։ Սակայն այն որպես որոշակի տեսություն ձևավորվեց 19-րդ դարում։ Նրա տեսական ակունքը Իմանուիլ Կանտի այն թեզն է, ըստ որի գեղագիտական սկզբունքները «անկախ են մարդկանց նյութական գործունեությունից»։ Գեղեցիկը մաքուր է ինքնին և կապված չէ կյանքի ուտիլիտար խնդիրների հետ։ «Մաքուր արվեստի» ջատագովները կանտյան այս ըմբռնումը միակողմանիորեն հանգեցնում են արվեստի հասարակական դերի Ժխտմանը, գեղարվեստական ստեղծագործության դաստիարակչական ու բարոյական խնդիրների անտեսմանը՝ ընդհանրապես։ «Մաքուր արվեստի» ծագման համար անմիջական շարժառիթ ծառայեց 1848 թվականի ֆրանսիական հեղափոխության պարտությունը։ 1850-ական թվականների կեսերին Ֆրանսիայում «Պառնաս» բանաստեղծական դպրոցի պարագլուխ Թեոֆիլ Գոթիեն, բանաստեղծներ Շառլ Բոդլերը Լըկոնտ դը Լիլը, ժ․ Մ․ Հրեդիան, Տ․ դը Րանվիլը հանդես եկան հօգուտ «արվեստի ազատության»։ «Պառնասականները» պայքարում էին հանուն արվեստի անկախության՝ արտաքին ազդեցությունից, ապրանքային հարաբերություններից։ «Մաքուր արվեստի» գործիչները գտնում էին, որ այսպես կոչված բուրժուական հասարակությունը ընդունակ չէ հասկանալու գեղեցիկը, և կոչ էին անում արվեստագետներին «վեր բարձրանալ հասարակությունից», մեկուսանալ նրանից։ Հետագայում նրանց գաղափարները փոխռան դեկադենտները։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ արտահայտության լատիներեն տարբերակը («ARS GRATIA ARTIS») մակագրված է ամերիկյան «Մետրո-Գոլդուին-Մայեր» մեդիաընկերության սկզբնահոլովակներում (մռնչացող առյուծի շրջանի մեջ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 118