Արսեն Տեր-Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Տեր-Պողոսյան
մայիսի 19, 1875(1875-05-19) - 1938
ԾննդավայրՂարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա

Արսեն Տեր-Պողոսյան (մայիսի 19, 1875(1875-05-19), Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1938, Բուխարեստ, Ռումինիա), ազգային, ռազմական գործիչ, 1918 թվականի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ - աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ (1920 թվական)։

Րաֆֆու հերոս Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի և նրա առաջին կնոջ` Աննա Տեր-Թադևոսյանի որդին է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է իր ժամանակի համար լավ կրթություն։ Սովորել է Արա գյուղի ծխական դպրոցում, ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան, Սանկտ-Պետերբուրգի հատուկ զինվորական դպրոցը։

Մասնակցությունը ազատագրական պայքարին[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարավերջին վերադարձել է Հայաստան և, ազգային-ազատագրական շարժման մասնակից իր ժամանակակից երիտասարդների նման, անցել է Արևմտյան Հայաստան և Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ մասնակցել բազմաթիվ մարտերի՝ աչքի ընկնել արտակարգ խիզախությամբ ու հնարամտությամբ։ Հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Նիկոլ Դումանի հրամանով 1905 թվականի հունիսի 4-ին իր մարտախմբով եկել է Ապարանի տարածաշրջանի Արտաշավան գյուղ և միավորելով տեղական ուժերը՝ մոտ 150 ձիավոր ու հետևակ մարտիկ, պլանավորել է պաշտպանել Ապարանի և Աշտարակի հայկական գյուղերի բնակիչներին Արագած և Արա լեռների ստորոտներին գտնվող Ուշի, Համամլու, Քուրդալու գյուղերի տեղաբնիկ թուրքերի ոտնձգություններից (Ընդհանուր հրամանատարը Արսեն Տեր-Պողոսյանն էր իր 20 ձիավորով։ Ջոկատի կազմում եղել են խմբապետներ Գրիգորը՝ 10 ձիավորով, Կարապետը՝ 13 հետևակով, Հովհաննեսը՝ 20 հետևակով, Արտեմը՝ 10 հետևակով, Բարսեղը՝ 19 հետևակով։ Բոլորը միասին ընդամենը 98 զինվոր, ինչպես նաև 40-ից ավելի զինված գյուղացիներ)։ Օրվա կեսին թուրքերը նախահարձակ են եղել Սաղմոսավանք գյուղի ուղղությամբ։ Այստեղ թողնելով մի խումբ մարտիկների՝ Արսեն Տեր-Պողոսյանը հիմնական ուժերով փոխադրվել է Ապարանի գավառամասի Արա գյուղ, սակայն ստանալով թուրքերի հարձակման մասին լուրը՝ հիմնական ուժերով հարձակվել և մինչև կեսգիշեր գլխովին ոչնչացրել է Արա լեռան ստորոտին գտնվող երկու թուրքական գյուղերի և Ուշի գյուղի թուրք զինյալներին՝ հիմնովին այրելով այդ գյուղերի թուրքերի տները։ Հայերն ունեցել են մեկ զոհ, թուրքերը տվել են 150 սպանված ու 180 վիրավոր։

Սիբիրյան աքսորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին հերթական անգամ Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելիս, Արաքսի անցումի մոտ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և բանտարկվել Կարսի բերդում։ Սամսոն Տեր-Պողոսյանի բոլոր փորձերը որդուն ազատելու ուղղությամբ անցել են ապարդյուն։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 1908 թվականին աքսորվել Սիբիր։

Հայրենիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ազատվել է կալանքից և վերադարձել Հայաստան։ 1917 թվականին Երևանի Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը, հաշվի առնելով նրա անմնացորդ նվիրումը, անարդարությունների հանդեպ անհաշտ վերաբերմունքը և մարտական փորձը՝ նրան նշանակել է Երևանի պարետ Արշո Շահխաթունուն ենթակա ռազմական ոստիկանության պետ։ 1918 թվականի մայիսի 17-ին Արամ Մանուկյանի հրամանով ապարանցիներից կազմված պահապան ջոկատով ուղարկվել է Ապարան` այս ուղղությամբ թուրքերի հավանական հարձակման դեպքում գավառի պաշտպանությունը կազմակերպելու և դեպի Երևան թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար։

Ապարանի հերոսամարտի աշխարհազորի հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի մայիսի 17-22-ին Ապարանի գավառամասի պետ Սեդրակ Ջալալյանի, շրջանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի հետ նախապատրաստական մեծածավալ աշխատանք է իրականացրել Ապարանի և հարևան շրջանների բնակչության շրջանում` աշխարհազոր կազմակերպելու, ռազմավարական դիրքեր նախապատրաստելու, այդ ուղղությունում ընդհանուր խուճապի մթնոլորտը մեղմելու ուղղությամբ։ Մայիսի 22-23-ին անմիջականորեն ղեկավարել է Ապարանի պաշտպանական առաջին մարտերը, և աշխարհազորայինների միջոցով փակել Երևան արշավող թուրքական դիվիզիայի ճանապարհը՝ մինչև կառավարական ուժերը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հասել են Ապարանի ճակատ։ Առանձնապես աչքի է ընկել Մայիսի 22-ին Միրաք գյուղի կամրջի մոտ նախապատրաստած ծուղակով։ Թուրքական առաջապահ հետախուզական գումարտակը որևէ դիմադրության չսպասելով առաջացել է, իսկ Նիգավան գյուղի և Ուղտասարի լեռնաթևերում դարանակալած աշխարհազորայինները փակել են թուրքերի թիկունքը և անխնա ոչնչացրել շրջապատման մեջ հայտնված թուրքերին։ Հետագա օրերին նույնպես հմտորեն է ղեկավարել իրեն վստահված չորս հազարից ավելի աշխարհազորայիններին։

Պայքար հունական բանակի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանի հերոսամարտի ավարտից մեկ ամիս անց մեկնել է Պոլիս։ Իր կյանքի գործը համարելով թուրքերի դեմ կռիվը, հույների կողմից ակտիվորեն մասնակցել է 1918 թվականին սկսված հույն-թուրքական պատերազմին։ Մարտերից մեկում գնդակային վիրավորում է ստացել (տարիներ անց այդ հողի վրա կատարված ծանր վիրահատությունից հետո մահացել է)։ Ցուցաբերած ռազմական հմտության, կազմակերպական ունակությունների համար հունական բանակի ղեկավարության կողմից արժանացել է գնդապետի կոչման։ Հունաստանի թագավոր Կոստանդինը նրան պարգևատրել է շքանշանով։

Տարագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն-թուրքական պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հայաստան և կրկին ծառայության անցել ռազմական ոստիկանությունում։ Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Առաջին հանրապետության ռազմակալումից հետո, 1920 թվականի դեկտեմբերին անցել է Թիֆլիս, ապա՝ հեռացել արտասահման։ 1921-1927 թվականներին ապրել է Բեսարաբիայում, որն այդ ժամանակ Ռումինիայի մասն էր կազմում։ 1927 թվականին անցել է Ռումինիա։ Չտիրապետելով ռումիներենին, չունենալով աշխատանք՝ հայտնվել է ծանր կացության մեջ։ Օգնության ձեռք են մեկնել տեղաբնակ հայերը և նա նշանակվել է Բուխարեստում բնակվող Մելիք անունով հայազգի մի մեծահարուստի քաղաքից դուրս գտնվող կալվածքի կառավարիչ։ Լինելով մեծ հայրենասեր, անհունորեն Հայաստանին սիրահարված մարդ, մշտապես մտածել է հայրենիք վերադառնալու մասին։ 1935 թվականին նրան նման առաջարկ է արել նաև եղբայրը՝ Խորհրդային Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Վասակ Տեր-Պողոսյանը, որ այդ ժամանակ պաշտոնավարում էր Անդրֆեդերացիայի ֆինանսների նախարարությունում։ Այդ թվականներին ավելի քան 200 էջի վրա շարադրել է իր հուշերը (հուշերի երկու հաստափոր տետրերը, 1952-1953 թվականներին, կասկածելի հանգամանքներում, Երևանում սովորող որդու՝ Սամսոն Տեր-Պողոսյանի զբաղեցրած տնից անհետացել են)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի մարտին ծանր վիրահատության է ենթարկվել, որից էլ մահացել է։ Մահից առաջ կտակել է մարմինը հողին հանձնել Հայաստանում։ Աճյունը դրվել է Բուխարեստի հայկական եկեղեցու գավթում։ Հերոսին հրաժեշտ տալու համար եկել են երկրի բոլոր կողմերից։ Հոգեհանգստի արարողությունը կատարել է անձամբ Ռումինահայոց եկեղեցու հովվապետ Վազգեն Պալճյան եպիսկոպոսը (ապագա Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսը)։ Հերոսի մարմինը թաղվել է Բուխարեստի հայկական գերեզմանոցում։ 1947 թվականին հոր կողքին թաղվել է նրա վաղամեռիկ դուստր 16-ամյա Մալվինան։ 1948 թվականին կինը՝ Մարգարիտը, որդին՝ Սամսոնը, և դուստրը՝ Աննան, ներգաղթել են Խորհրդային Հայաստան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արա գյուղի 1855-1879 թվականների ծխամատյան, ՀՀ Ազգային արխիվ, ֆ. 47, ց. 5, գ. 801։
  • Տիգրան Հայազն, Ապարանի հերոսամարտը, Երևան, 2005, 60 էջ։
  • Տիգրան Հայազն, Խենթերը, Երևան, 2008, էջ 21-24։
  • Համլետ Գևորգյան, Սեդրակ Ջալալյանի (Սեթո) գործը և հուշերը, Երևան, 2011, 240 էջ։