Արսեն Ավետիսյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Ավետիսյան
Ծնվել էմայիսի 27, 1971(1971-05-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 2004(2004-10-21) (33 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն
Կայքarsen.net

Արսեն Ալբերտի Ավետիսյան, (մայիսի 27, 1971(1971-05-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 21, 2004(2004-10-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ՌՖ, հայ և ռուս քանդակագործ։ Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի մայիսի 27-ին Երևանում արվեստագետների ընտանիքում։ Հայրը՝ Ալբերտ Ավետիսյանը, նշանավոր քանդակագործ է, Կիևում, Վաշինգտոնում և Փարիզում տեղադրված հուշարձանների հեղինակ։ Մայրը՝ Ժաննա Սիմոնյանը, տաղանդավոր նկարիչ է, որի նկարները, գոբելենները գտնվում են Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։ Բնատուր ձիրք ունենալով՝ Ա. Ավետիսյանը գնաց ծնողների հետքերով։ Արվեստի նկատմամբ սերը վճռական դեր խաղաց մասնագիտության ընտրության հարցում։ Ճարտարապետական հմտությունները կատարելագործելու և նկարչական վարպետությունը բարձրացնելու համար Ավետիսյանն ընդունում է համապատասխան բարձրագույն կրթություն ստանալու որոշում։ Հանձնելով քննությունները՝ ընդունվում և հաջողությամբ ավարտում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Բուհն ավարտելուց հետո Ավետիսյանը տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ զարգանում են նրա ստեղծագործական ունակությունները։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Պետերբուրգը ծանոթացավ Ա. Ավետիսյանին 1993 թվականին և նրան ամենից առաջ ճանաչեց պլաստիկ փոքր աշխատանքներով և շքեղ կամերային գործերով[2]։ Անցավ ընդամենը մի քանի տարի, և նկարիչն սկսեց ստեղծել քաղաքային մեծ կոթողներ[3]։ Ավետիսյանը ստեղծեց «Վենետիկ», «Ստորջրյա թագավորություն», «Լիբիդո», «Հակառակորդները» քանդակային շարքերը, Սանկտ Պետերբուրգի համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակում տեղադրված «Փոքրիկ իշխանի մտորումները», Ֆոնտանկայի կրկեսի մոտ տեղադրված «Կրկեսը ժամանեց» և քանդակային այլ կոմպոզիցիաներ, որոնք բավարարեցին Սանկտ Պետերբուրգի բնակիչների և հյուրերի խիստ պահանջները՝ աստիճանաբար դառնալով քաղաքի նոր խորհրդանիշերը։ 2004 թվականի հուլիսի 31-ին Զելենոգորսկում բացվեց «Հաշտեցում» (ռուս.՝ Примирение) հուշարձանը՝ նվիրված խորհրդա-ֆիննական պատերազմի զոհերին (1939-1940)։ Մոսկվայում նրա գործերը 1996 թվականից ներկայացված են Ալլա Բուլյանսկայայի պատկերասրահում[4]։ 1993 թվականից սկսած՝ Ավետիսյանը մասնակցել է ավելի քան 30 ցուցահանդեսի։ Նրա աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Պետերբուրգում և Մոսկվայում, այլև Ստրասբուրգում, Անտվերպենում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում։ Նրա աշխատանքներն իրենց տեղը գտան աշխարհի շատ երկրների թանգարաններում և տարբեր հավաքածուներում։

Ա. Ավետիսյանը դարձավ Ռուսաստանի, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Նկարիչների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։

2004 թվականի հոկտեմբերի 21-ին Արմեն Ավետիսյանը 33 տարեկանում կնոջ՝ Օլգայի և երեքամսական դստեր՝ Սաթինե-Միշելի հետ մահացան ավտովթարից[5]։ Թաղված է Փարիզում, որտեղ ապրում են նրա ծնողները։ Կինը և դուստրը թաղված են Պետերբուրգի՝ Սմոլենսկի հայկական գերեզմանոցում[6]։ Սահմանված է «Փոքրիկ իշխան» միջազգային ամենամյա կրթական ծրագիր, որի ժամանակ ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնող տարվա լավագույն ուսուցիչներ և մանկական հետաքրքրասիրության անվանակարգերում հանձնվում են Արմեն Ավետիսյանի «Փոքրիկ իշխան» արձանիկներ։

Քանդակագործի լավագույն աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվական- «Կրկեսը ժամանեց» քանդակի բացումը Բելինսկու հրապարակում՝ Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկեսի շենքի դիմաց (հեղինակի ամենահայտնի գործը)
  • 2002 թվական -«Փոքրիկ իշխանի մտորումները» քանդակի բացումը Ժամանակակից քանդակագործության պուրակում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դիմաց
  • 2002 թվական -«Տաքսա» քանդակի բացումը Զելենոգորսկ քաղաքում, Լենինի պողոտա 24
  • 2003 թվական -«Հաց» քանդակի բացումը Զելենոգորսկ քաղաքում, Լենինի պողոտա 22
  • 2004 թվական -«Հաշտեցում» քանդակի բացումը՝ նվիրված 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմին, ք. Զելենոգորսկ
  • 2005 թվական -«Ընդմիջում» քանդակի բացումը Ժամանակակից քանդակագործության պուրակում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դիմաց
  • 2008 թվական -«Սիրո ծառ» քանդակի տեղադրումը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում՝ հոգեբանության ֆակուլտետում, Մակարովի 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]