Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արսենալ Լոնդոնից)
Արսենալ
Ամբողջական անուն Arsenal Football Club
Մականուն(ներ) Զինագործները (The Gunners)
Գույներ Կարմիր-ճերմակ
Հիմնադրում 1886, որպես Դայլ Սքուար
Երկիր Անգլիա Անգլիա
Քաղաք Լոնդոն
Մարզադաշտ Էմիրեյթս
Տարողունակություն 60,432[1]
Տեր Arsenal Holdings plc
Նախագահ Անգլիա Սիր Չիփս Կեսվիկ
Մարզիչ Իսպանիա Միկել Արտետա
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2019-20 8-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Արսենալ (անգլ.՝ Arsenal Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում, հիմնադրվել է Լոնդոնի հյուսիսում։ Լինելով ամենահաջողված անգլիական թիմերից մեկը՝ նրանք հաղթել են 13 Առաջին դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի տիտղոսներ և 10 Անգլիայի գավաթ։ «Արսենալը» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որն անցկացրել է մի ամբողջ մրցաշրջան առանց պարտության։

Արսենալը հիմնվել է 1886 թվականին Վուլվիչում և 1893 թվականին դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին հարավ-անգլիական թիմը։ 1913 թվականին նրանք հաստատվում են Լոնդոնի հյուսիսում Արսենալ մարզադաշտում։ 1930-ական թվականներին նրանք հաղթել են հինգ չեմպիոնական տիտղոս և երկու Անգլիայի գավաթ։ Իսկ 2006 թվականին նրանք հասան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

2014 թվականին Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ցուցակը, որտեղ «Արսենալը» զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ակումբի արժեքը գնահատվում է $1,33 միլիարդ[2]։

«Արսենալի» գլխավոր մարզիչը 1996 թվականից մինչև 2018 թվականը Արսեն Վենգերն է եղել, այժմ՝ Միկել Արտետան։ Թիմի գործող ավագը Պիեռ Էմերիկ Օբամեյանգն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնում (1886-1925)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլվիչ Արսենալ - Նյուքասլ Յունայթեդ, ապրիլ 1906։

«Արսենալ» ակումբը հիմնվել է 1886 թվականին Լոնդոնի հարավ–արևելքում Վուլվիչում գտնվող «Ռոյալ Արսենալ» զինագործական գործարանի աշխատակիցների կողմից։ Սկզբում ակումբը կոչվում էր «Դայալ Սքուեր» (անգլ.՝ Dial Square) (գործարանի արհեստանոցներից մեկի անունով)։ Իր առաջին խաղը «Արսենալը» անցկացրել է 1886 թվականի դեկտեմբերի 11–ին «Իսթերն Ուոնդերերսի» դեմ։ Հաղթանակ տարան «կանոնիրները» 6։0 հաշվով[3]։ Երկու շաբաթ անց Սուրբ Ծնունդի կապակցությամբ կազմակերպվել էր խաղացողների հավաք, որում որոշվել էր վերանվանել ակումբը «Ռոյալ Արսենալ», ընտրվել էր խաղերի անցկացման վայրը և ֆուտբոլիստների մարզահագուստը։ Կարմիր գույնը առաջարկվել էր «Նոթինգեմ Ֆորեսթ»ի նախկին խաղացող Ֆրեդ Բիրդսլիի կողմից։ Պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ ստանալուց հետո՝ 1891 թվականին, այն վերանվանեցին «Վուլվիչ Արսենալ» (անգլ.՝ Woolwich Arsenal)։ Երկրպագուները ակումբը անվանում էին նաև «Վուլվիչ Ռեդս»։ «Վուլիջ Արսենալը» սկսեց հանդես գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայում 1893 թվականից սկսած և դարձավ այնտեղ հանդես եկող առաջին հարավային թիմը։

Արսենալի կազմը 1888 թվականին

Ակումբը սկսեց մրցաշրջանը Երկրորդ դիվիզիոնում 1904 թվականին և դուրս եկավ Առաջին դիվիզիոն։ Սակայն աշխարհագրական հեռացվածության պատճառով ցածր էր խաղերի հաճախելությունը, որը բերեց ֆինանսական խնդիրների։ 1913 թվականին (Երկրորդ դիվիզիոն վերադառնալուց հետո) ակումբը անցավ Թեմզա գետը, որպեսզի զբաղեցնի նոր «Հայբերի» մարզադաշտը՝ տեղակայված Լոնդոնի հյուսիսում («Հայբերին» Արսենալի տնային մարզադաշտն էր մինչև 2006 թվականի օգոստոսը, երբ ակումբը կառուցեց նոր «Էմիրեյթս» մարզադաշտը)։ Թիմը անունից դուրս նետեց «Վուլվիչը» հաջորդ՝ 1914 թվականին։ 1919 թվականի մրցաշրջանը Արսենալը ավարտեց հինգերորդ հորիզոնականում, սակայն, այնուամենայնիվ, տեղափոխվեց Առաջին դիվիզիոն։ Բայց դիվիզիոնը Երկորրդում առաջին և երկրորդ տեղեր գրաված երկու թիմերի հաշվին մեծացնելու փոխարեն, Հենրի Նորրիսը («Արսենալի» սեփականատերը) կարողացավ համոզել Ջոն Մաքենային («Լիվերպուլ»ի սեփականատիրոջը, Ֆուտբոլային լիգայի ղեկավարին և Նորրիսի ընկերոջը) թողնել Լիգայի անդամների ընտրությանը այս կամ այն թիմի ճակատագիրը։ Թեկնածուները դրանցից մեկին յոթն էին, դրանց թվում՝ «Արսենալը» (Երկրորդ դիվիզիոնում հինգերորդ տեղը), «Տոտենհեմ Հոտսպուր» (20-ր տեղը Առաջին դիվիզիոնում), «Բարնսլի» (3-րդ տեղը Երկրորդ դիվիզիոնում) և «Վուլվերհեմփթոնը» (4-րդ տեղը Երկրորդ դիվիզիոնում)։ Մաքենան «Արսենալի» կողմից եկավ՝ հաստատելով, որ այս ակումբը լուրջ արժանիքներ ունի Լիգայում ներկայացնելու համար և հիշեցրեց, որ «Արսենալը» Ֆուտբոլային լիգայում 15 տարի ավելի է խաղում, քան «Տոտենհեմը»։ Քվեարկությամբ հաղթեց «Արսենալը»։ Մյուս ուղեգիրները ստացան «Չելսին» (19-րդ տեղը Առաջին դիվիզիոնում), «Դերբին» և «Պրեստոնը» (1-ին և 2-րդ տեղերը Երկրորդ դիվիզիոնում)։ Այս պատմությունը հիմք դարձավ «Արսենալի» և «Տոտենհեմի» հավերժ հակամարտության, իսկ «կանոնիրները» այդ ժամանակվանից այլևս երբեք չլքեցին Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։

1925 թվականին Արսենալի մարզիչ նշանակվեց Հերբերտ Չեպմենը։ Չեպմենի ղեկավարությամբ 1924 թվականին «Հադերսֆիլդ Թաուն» թիմը առաջին տեղը զբաղեցրեց լիգայում։ Այդ մարդը Արսենալին բերեց հաջողության առաջին րոպեները։ 1925 թվականին փոփխվեց «խաղից դուրս» կանոնը։ Չեպմենը առաջիններից մեկն էր, որ հասկացավ, թե ինչ օգուտ կարելի է քաղել այդ փոփոխությունից։ Նրա հեղափոխական մարտավարությունը և մարզման ունակությունները՝ մի շարք աստղային խաղացողների հետ, այնպիսին, ինչպիսին Ալեքս Ջեյմսը և Կլիֆ Բասթինն էին, օգնեցին ակումբին դառնալ 30-ականների լավագույն թիմերից մեկը։

Չեպմենի դարաշրջան (1925-1934)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դուբլ–վե» համակարգը՝ մշակված Չեպմենի կողմից

Չեպմենն իր աշխատանքը ակումբում սկսել է «Սանդերլենդի» պաշտպան Չարլի Բյուկենին գնելով, որը իսկույն ևեթ դարձավ թիմի ավագը։ Լեսլի Նայթոնը իր ազատումից մի քանի ամիս առաջ դեռ ցանկանում էր գնել այդ խաղացողին, սակայն «Սանդերլենդը» մեծ գումար էր պահանջել նրա դիմաց՝ մոտ 7 հազար ֆունտ, որի պատճառով էլ գործարքը չէր կայացել։ 1925/26 մրցաշրջանում «Արսենալը» լիգայում դարձավ երկրորդը՝ զիջելով միայն «Հադերսֆիլդին»՝ Չեպմենի նախկին ակումբին։ Այսպես «Հադերսֆիլդը» դարձավ Անգլիայում առաջին ակումբը, որը երկու տարի շարունակ ստացել էր Անգլիայի չեմպիոնի կոչումը։ 20-ական թվականների մնացած մասը «Արսենալը» հիմնականում անցկացնում էր աղյուսակի միջին հորիզոնականներում։

1926/27 մրցաշրջանում «Արսենալը», լինելով լիգայի միջին հատվածում, հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց «Քարդիֆ Սիթիին» 0։1 հաշվով այն բանից հետո, երբ Հյուի Ֆերգյուսոնը օգտվեց դարպասապահ Դեն Լյուիսի սխալից։

1929/30 մրցաշրջանում Չեպմենի գործողությունները՝ կապված ակումբի ղեկավարության հետ սկսեցին հաջողություններ բերել։ Թիմը նվաճեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Հադերսֆիլդին» 2։0 հաշվով՝ շնորհիվ Ալեքս Ջեյմսի և Լեմբերտի գոլերի։ Շնենք, որ երկրի առաջնությունում թիմը գրավեց ընդամենը 14-րդ տեղը։ 1930 թվականի Անգլիայի սուպերգավաթը նույնպես նվաճվեց Արսենալի կողմից, որ հաղթեց 2։1 հաշվով երկրի չեմպիոնին՝ «Շեֆիլդ Ուենսդեյին»՝ Հալմի և Ջեքի գոլերի շնորհիվ։ Հենց սա էլ սկիզբ դրեց անգլիական ֆուտբոլում «Արսենալի» նվաճումների ժամանակաշրջանին։ Այդ ժամանակ Չեպմենը կատարելության հասցրեց իր խաղային սխեման։ Թիմի խաղը հիմնված էր հակագրոհների վրա, խաղում էր արագ և դինամիկ։ Կենտրոնական հարձակվող Չեպմենին օգնում էին ավելի հետ քաշված հարձակվողներ Ջեքը և Ջեյմսը, եզրերից էլ խաղում էին Բաստինն ու Հալմը։ Թիմի պաշտպանները խորքից էին խաղում, իսկ երբ հակառակորդը տիրում էր գնդակին, պաշտպանությանն էին միանում ձախ եզրայինները․ նման կերպով հակառակորդը հանդիպում էր հզոր պաշտպանության՝ բաղկացած հինգ հոգուց[4]։ Հենց որ «Արսենալը» գնդակ էր ստանում, միանգամից տեղափոխվում էր հակառակորդի կիսադաշտ (սովորաբար գրոհը սկսում էր կենտրոնական կիսապաշտպան Հերբի Ռոբերտսը), որտեղ լինում էր յոթ ֆուտբոլիստ (հինգ հարձակվող և երկու եզրային), որոնք արագ և արդյունավետ հակագրոհ էին անցկացնում[5]։ Հերբերտ Չեպմենի համակարգը խաղացողներից մեծ ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում։ Այդ ժամանակ տարածված էր այն մարտավարությունը, որտեղ հիմնական շեշտը դրվում էր գնդակի ավելի շատ տիրելուն և դրիբլինգին․ Չեպմենի մարտավարությունը նորարարություն էր, և ոչ բոլորն էին այն հասկանում․ ոմանք կարծում էին, որ թիմը հաղթանակ է տանում միայն բախտի բերմամբ, մյուսներն էլ մեղադրում էին ձանձրալի խաղի համար[5]։ 1930 և 1938 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Արսենալը 5 անգամ հաղթեց առաջին դիվիզիոնում և երկու անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր, չնայած որ Չեպմենն այդպես էլ չտեսավ այդ բոլոր հաղթանակները․ նա մահացավ 1934 թվականին թոքաբորբից։

Էլիսոն (1934-1950)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Չեպմենի մահից հետո թիմի մարզչի պարտականությունները կիսեցին մի քանի մարդիկ։ Պաշտոնապես մարզիչը Ջորջ Էլիսոնն էր, փաստորեն նա էր զբաղվում կազմակերպչական հարցերով։ Նրա ղեկավարությամբ «Հայբերին» դարձավ Անգլիայի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկը, նաև Էլիսոնը հրավիրում էր նոր խաղացողների։ Հենց նա կարողացավ պայմանագիր ստորագրել Թեդ Դրեյքի հետ, ով 1934-35 թթ․ մրցաշրջանում դարձավ 42 гола գոլի հեղինակ 41 խաղում․ այն մինչ օրս ռեկորդ է մնում Արսենալի համար։ Խաղային աշխատանքի համար պատասխանատու էին նաև Ջո Շոուն և Թոմ Ուիթաքերը, որոնք մարզչական շտաբում էին աշխատում դեռ Չեպմենի ժամանակներից։

Ջորջ Էլիսոնը հեռացավ մարզչի պաշտոնից 1946-47 մրցաշրջանի ավարտից հետո։ Նրան փոխարինեց Թոմ Ուիթաքերը։ Այդ ժամանակ թիմը լուրջ խնդիրների մեջ էր․ Արսենալը առաջնությունում զբաղեցրեց 13-րդ տեղը, հիմնական կազմի 9 խաղացող զոհվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Բաստինը և Դրեյքը հեռացան ֆուտբոլից։ ՈՔւիթաքերը փոխեց թիմի մարտավարությունը՝ դարձնելով այն բացառապես պաշտպանական։ Բացի այդ՝ հիմնական պատասխանատվությունը ընկնում էր վետերանների ուսերին։ Շնորհիվ 32-ամյա Ջո Մերսերին, 35-ամյա Ռոնի Ռուկին և 33-ամյա Լես Կոմպտոնին՝ «Արսենալը» կրկին չեմպիոն դարձավ։ Ռուկը խփեց 33 գնդակ և դարձավ Առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկուն։

Վետերանները չէին կարող երկար ժամանակ պահել թիմը, հարկավոր էր սերնդափոխություն կատարել։ Վերջինիս պատճառով «Արսենալը» չկարողացավ մրցակցել առաջնությունում, բայց 1949-50 մրցաշրջանում նվաճեց Անգլիայի գավաթը։

1950-1970[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-52 մրցաշրջանում թիմին մի քայլ էր մնում «Դուբլ» (հաղթանակ տանել ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի մրցությունում) ձևակերպելու համար, բայց վնասվածքների շղթայից հետո մնաց առանց մրցանակների։ Հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» գրավեց առաջին տեղը առաջնությունոմ, բայց այդ հաղթանակը դարձավ այն ժամանակաշրջանի սկիզբը, երբ «կանոնիրները» չէին կարողանում ստանալ ակնառու արդյունքներ՝ վերածվելով սովորական թիմի։

1966 թվականի հունիսի 20–ին թիմի մարզիչ նշանակվեց Բերտի Մին։ Ակումբի ղեկավարությունը միանշանակ չկայացրեց այդ որոշումը, չէ՞ որ Բերտին երբեք ֆուտբոլ չէր խաղացել և չուներ մարզչական փորձ։ Բայց պատմությունը ցույց տվեց, որ այդ որոշումը իրեն արդարացրեց։ Մին մեծ խանդավառությամբ սկսեց մարզել թիմը և թիմի աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակի հասցրեց։ Նա ուժեղացրեց թիմի հարձակումը՝ երիտասարդ և տաղանդավոր խաղացողների հաշվին, իսկ պաշտպանությունում խաղում էին ավելի փորձառու ֆուտբոլիստները։ Արսենալը պարտվեց Ֆուտբոլային լիգայի գավաթի երկու եզրափակիչներում, սակայն 1970 թվականին «կանոնիրները» վերջապես ստացան բաղձալի գավաթը։

Դուբլ (1970-1986)[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-71 մրցաշրջանում «Արսենալը» նվաճեց իր առաջին Դուբլը։ Բայց դրանից հետո «Արսենալը» հանկարծակիորեն կորցրեց իր երիտասարդական թիմի մարզչին, բժիշկին։ Թիմի համար ամենալուրջ հարվածը դարձավ առաջին թիմի մարզչի՝ Դոնալդ Խոուիի հեռանալը, ով թիմի կայացման գործում մեծ դեր խաղաց։ Դրանից հետո թիմից աստիճանաբար սկսեիցն հեռանալ մի շարք առանցքային խաղացողներ, Բերտին Մին չկարողացավ նրանց համարժեք փոխարինողներ գտնել և 1976 թվականի ամռանը հրաժարական տվեց։

Բերտի Միին եկավ փոխարինելու Թերրի Նիլը, ով նախկինում թիմի ավագն էր։ Նա շտաբ վերադարձրեց Դոնալդ Հոուիին, նրա ղեկավարությամբ սկսեցին խաղալ ապագա լեգենդներ Լիամ Բրեդին և Դևիդ Օ'Լիրին։ «Արսենալը» երեք անգամ հաջորդաբար խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում (1978, 1979, 1980)՝ դառնալով առաջին ակումբը, որը կարողացավ «Ուեմբլիում» նման արդյունքի հասնել։ Ժամանակի հետ արդյունքները սկսեցին վատթարանալ (քիչ դեր չխաղաց այդ ամենում Բրեյդիի՝ թիմից հեռանալը, ոն այդ ժամանակ թիմի ուղեղն էր), և 1983 թվականին թիմի գլխավոր մարզիչ ընտրվեց Դոն Հոուին։ Մինչ այդ նա իրենց ներկայացրել էր որպես հիանալի օգնական, սակայն գլխավոր մարզչի դերը նրա մոտ չստացվեց։ Ղեկավարման երեք տարիների ընթացքում չհասնելով ոչնչի՝ Հոուին լքեց գլխավոր մարզչի պաշտոնը։

1986 թվականին «Արսենալը» գլխավորեց թիմի լեգենդար խաղացող Ջորջ Գրեմը։ Մինչ այդ նա չորս մրցաշրջան աշխատել էր Միլուոլե ակումբում, որտեղ կարողացել էր թիմին դուրս բերել Երկրորդ դիվիզիոն։ Գրեմը թիմի համար ընտրեց պաշտպանական մարտավարոթյուն՝ ստիպելով հակառակորդին խճճվել մարզադաշտի կենտրոնում, իսկ գրոհների ժամանակ հույսը դնել միայն երկար փոխանցումների վրա։ Այդ ոճը հաճախ քննադատությունների էր արժանանում, բայց այն արդյունավետ էր։ Աստիճանաբար շոտլանդացին կարողացավ ստեղծել անասելիորեն ուժեղ պաշտպանություն․ վերջինիս կազմում էին Լի Դիքսոնը, Թոնի Ադամսը, Դևիդ Օ’Լիրին, Սթիվ Բոուլդը և Նայջլ Ուինթերբյորնը (ժամանակի ընթացքում «Արսենալը» անցավ պաշտպանության՝ չորս խաղացողով, որտեղ եզրերում խաղում էին Դիքսոնը և Ուինթերբբյորնը, իսկ կենտրոնում՝ Ադամսը և Բոլուլդը/Մարտին Քիոունը)։

1986-1995[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-89 մրցաշրջանում «Արսենալը» 18 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Այդ տիտղոսը զինագործները վերցրին «Լիվերպուլի» հետ դրամատիկ պայքարում։ «Արսենալը» երկար ժամանակ պահպանում էր առաջին տեղը, բայց պարտությունը դերբիում և մայիսին ոչ ոքին «Ուիմբլդոնի» հետ, թույլ տվեցին Լիվերպուլին անցնել զինագործներին։ Ամեն ինչ որոշվելու էր վերջին տուրում, որտեղ «Լիվերպուլը» ընդունում էր «Արսենալին»։ Վերջիններիս հաղթանակ էր հարկավոր, այն էլ նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ․ միայն այդ դեպքում նրանք կանցնեին «Լիվերպուլին» և կդառնային առաջնության հաղթող։ Մինչ այդ «Արսենալը» 14 տարի շարունակ չէր կարողանում հաղթել Էնֆիլդում։ Խաղի հաշիվը 52-րդ րոպեին բացեց «Արսենալի» ֆուտբոլիստ Ալան Սմիթը, և այդ պահին նրանց մնում էր խփել ընդամենը մեկ գոլ։ Բայց մինչև 90-րդ րոպեն զինագործները ոչինչ չէին կարողանում ստեղծել հակառակորդի դարպասների մոտ։ Սակայն երկրորդ ավելացրած րոպեին Ալան Սմիթը գնդակը փոխանցեց երիտասարդ կիսապաշտպան Մայքլ Թոմասին, որը, անցնելով մրցակցի պաշտպաններին, խփեց հաղթական գոլը։ 0։2 հաշվով հաղթանակը «Արսենալին» չեմպիոն դարձրեց։

Հաջորդ տարի «Լիվերպուլը» այնուամենայնիվ կարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը, բայց մեկ տարի անց «Արսենալը» կրկին չեմպիոն դարձավ՝ պարտվելով միան մեկ խաղում։ Չի կարելի ասել, թե թիմի խաղային մակարդակը դրանից հետո իջավ։ Սակայն այն բավական բարձր չեղավ, որպեսզի թիմի հաղթանակները շարունակական լինեին։ 1992-93 մրցաշրջանում «Արսենալը» դարձավ առաջին թիմը, որը միաժամանակ նվաճեց Լիգայի գավաթն ու Անգլիայի գավաթը։ 1994 թվականին «Արսենալը» հաղթեց ՈՒԵՖԱ–ի գավաթակիրների գավաթը․ այդ տիտղոսը վերջինն էր Գրեմի համար։ 1995 թվականի փետրվարին նա սկանդալով ազատվեց աշխատանքից։ «Արսենալի» մարզչի դարձավ Բրյուս Ռիոխը, սակայն նա չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ խաղացողների հետ և շուտով հեռացավ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Վենգերի ժամանակաշրջանը (1996-մինչ օրս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձ բարձունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ - Շեֆիլդ Ուենսդեյ։ 2000 թվական։

1996 թվականի Արսեն Վենգերի՝ թիմի մարզիչ դառնալը չափազանց անսպասելի էր թե՛ մամուլի, թե՛ երկրպագուների համար։ Հարցը «Ո՞վ է Արսենը» (Arsene Who?) շատ տարածված էր։ Վենգերն այդ ժամանակ աշխատում էր Ճապոնիայում, և նրա մասին քչերն էին լսել։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այս մարդը կդառնա Արսենալի պատմության ամենահաջողակ մարզիչը։ Հենց նրա առաջարկով ակումբը գնեց Դենիս Բերգկամպին․ այդ ժամանակ մարզիչը դեռ Ռիոկն էր։ Նրա նախաձեռնությամբ սկսվեց նոր մարզադաշտի կառուցումը, քանի որ հինը՝ «Հայբերին», չէր համապատասխանում խոշոր ակումբի ժամանակակից ստանդարտներին։ Վենգերի գլխավորությամբ մի շարք երիտասարդ տաղանդներ վերածվեցին համաշխարհային աստղերի։ Բացի այդ՝ Արսեն Վենգերը հեռացավ թիմի նախկին միատեսակ ու ձանձրալի խաղաոճից։ Նա «Արսենալին» ներարկեց վառ ու հարձակվողական խաղը, որը գրավեց բազում երկրպագուների սրտեր։

Թիերի Անրի

Վենգերի հետ արդեն երկրորդ մրցաշրջանը ավարտվեց «Դուբլով»։ Մրցաշրջանի կեսից հետո զինագործները զիջում էին «Մանչեսթեր Յունայթեդին» 12 միավորով, և շատ բուքմեյքերներ արդեն խաղադրույքներ էին կատարում մանկունիանցիների չեմպիոնության համար։ Բայց դրանից հետո «Արսենալը» հաղթեց 15 խաղ, 3 խաղ ավարտվեց ոչ ոքի, և առաջնության ավարտից մեկ տուր առաջ «զինագործները» ապահովեցին իրենց տիտղոսը։ Արսեն Վենգերը դարձավ առաջին արտասահմանցի մարզիչը, ով հաղթեց Անգլիայի առաջնությունը։

1999 թվականին թիմից հեռացավ Նիկոլյա Անելկան, և նրա փոխարեն թիմը ձեռք բերեց Թիերի Անրիին, ում վիճակված էր դառնալ «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն և թիմի խորհրդանիշներից մեկը։ Վենգերը պետք է գտներ մի քանի այլ խաղացողների համարժեք փոխարինումները ևս։ Բացի Անրիից՝ «Արսենալ» տեղափոխվեցին նաև Ռոբեր Պիրեսը, Սիլվեն Վիլտորը։ 2001-02 մրցաշրջանում «զինագործները» վերցրին հերթական «Դուբլը»։ Բայց թիմի հաղթանակների գագաթնակետը դարձավ 2003-04 մրցաշրջանը, որի ընթացքում Արսենալը չտարավ և ոչ մի պարտություն, իսկ 49 անպարտելի խաղերը ռեկորդ դարձան Անգլիայի ֆուտբոլի պատմության մեջ։ Այդ մրցաշրջանի ավարտին թիմը համալրեց երիտասարդ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին։ 2005 թվականին «Արսենալը» նվաճեց իր հերթական տիտղոսը՝ Անգլիայի գավաթը, որից հետո շուրջ ինը տարի թիմը չկարողացավ նվաճել ոչ մի նոր տիտղոս։ 2005-2006 մրցաշրջանում թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով զիջեց իսպանական «Բարսելոնային»։ Հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո «զինագործները» հրաժետ տվեցին իրենց հին մարզադաշտին՝ «Հայբերիին», և տեղափոխվեցին նոր՝ «Էմիրեյթս» մարզադաշտ։

Տեղափոխությունը «Էմիրեյթս» և տիտղոսային «երաշտը» (2006-2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցաշրջանը նոր մարզադաշտում դժվար կլինի անվանել հաջող՝ հաշվի առնելով թիմի նպատակներն ու հեռանկարները․ «Արսենալը» ավարտեց ելույթները չորրորդը առաջնությունում՝ իր ակտիվում ունենալով 68 միավոր, պարտվեց 2007 թվականին Լիգայի գավաթի եզրափակչում լոնդոնյան «Չելսիին»։ Այդ մրցաշրջանը կարելի է անցումային անվանել, որովհետև թիմը փոփոխվում էր, շատ վետերաններ, ինչպես, օրինակ, Ռոբեր Պիրեսը, Սոլ Քեմփբելը, Էշլի Քոուլը, հեռացան ակումբից։ Իր ֆուտբոլային կարիերան ավարտեց Դենիս Բերգկամպը, որ ակումբի կազմում հեղինակել է 120 գոլ։ Թիմի կազմը տեսանելիորեն երիտասարդացավ, ակումբը գնեց Թոմաշ Ռոսիցկուն և Դենիլսոնին, ակնհայտ աճեցին Թեո Ուոլկոտը, Ֆլամինին, Ադեբայորը, և ամենակարևորը, թիմի համար մեծ դեր խաղաց Սեսկ Ֆաբրեգասը։

2007-2008 մրցաշրջանը հաջող սկսվեց «Արսենալի» համար, չնայած նրան, որ թիմը լքեց լավագույն ռմբարկուն՝ Թիերի Անրին։ Զինագործները ուժեղ սկսեցին և 25 խաղ անընդմեջ չէին պարտվում, նրանք գլխավորում էին չեմպիոնական աղյուսակը։ Սակայն, մեծ մասամբ վնասվածքների պատճառով, թիմը կորցրեց իր առավելությունը՝ ավարտելով ազգային առաջնությունը երրորդ տեղում։

2008-2009 մրցաշրջանում «Արսենալը» գրավեց չորրորդ տեղը Պրեմիեր լիգայում և հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ակումբը լքեցին երկու առանցքային խաղացողներ՝ Ֆլամինին և Գլեբը․ վերջինիս փոխարեն գնվեց Սամիր Նասրին, հետո էլ՝ Անդրեյ Արշավինը։ Ակումբում մեծ դեր սկսեց խաղալ Ռոբին վան Պերսին, որը, այդ մրցաշրջանում դառնալով 20 գոլի հեղինակ, թիմի լավագույն ռմբարկուի կոչումը ստացավ։

2009-2010 մրցաշրջանում «Արսենալը» Անգլիայի առաջնության երրորդ հորիզոնականը գրավեց, իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդիպեց իսպանական «Բարսելոնային»։ Այդ երկու խաղերը դեռ երկար կհիշվեն ֆուտբոլային պատմության մեջ։

Ռոբին վան Պերսի

2010-2011 մրցաշրջանը «զինագործները» սկսեցին բավականին վստահ, չնայած նրան, որ թիմի պաշտանության առաջատարներից մեկը՝ Թոմաս Վերմալենը, վնասվածք ստացավ և չէր խաղալու բավականին երկար ժամանակ։ Նշանակալի էր այն փաստը, որ Արսենալի՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած ֆուտբոլիստներից կազմված հիմնական կազմում հայտնվեց ակումբի անգլիացի սան Ջեք Ուիլշիրը։ Վերջինս ամրագրեց իր տեղը դաշտի կենտրոնում՝ Ալեքս Սոնգի կողքին։ Ուիլշիրի խաղալու անհագ ծարավն ու տաղանդը առիթ տվեցին Ֆաբիո Կապելլոյին կիսապաշտպանին հրավիրել Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական։ Հավաքականի խաղերում Ուիլշիրը փայլեց՝ ցույց տալով իր տարիքին ոչ համապատասխան խաղը տեսնելու յուրահատուկ հատկություն։ Արսենալի կազմում մեծ խնդիր էր դարպասապահի դիրքը։ Մինչև առաջնության ամենասկզիբը ոչ ոք չգիտեր, թե ով կդառնա թիմի հիմնական դարպասապահը։ Սկզբում, ինչպես միշտ, դարպասում կանգնած էր Մանուել Ալմունիան։ Բայց մի շարք թույլ խաղերից և վնասվածքից հետո նա իր տեղը հիմնական կազմում զիջեց Լուկաշ Ֆաբիանսկուն։ Լուկաշը, շատերի համար անսպասելիորեն, իրենց բավանականին վստահ դրսևորեց՝ երբեմն էլ իսկապես փրկելով թիմին։ Սակայն 2011 թվականի հունվարին մարզման ժամանակ նա ուսի վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը։ Դարպասներում պետք է կանգներ լեհ երիտասարդ դարպասապահ Վոյցեխ Շեսնին։ Իր դեբյուտը «Արսենալի» կազմում Շեսնին ստիպված եղավ նշել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ ընդդեմ «Բարսելոնայի»։ Երկրպագուների մոտ անվստահություն էր առաջացնում դարպասապահի անփորձությունը և այն, որ Վոյցեխը չէր դիմանա ճնշմանը։ Ի վերջո, երկրպագուների կասկածները արդարացվեցին։ Վոյցեխը ընդամենը մեկ լուրջ սխալ կատարեց, սակայն այն դարձավ ճակատագրական։ 2011 թվականին Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակչի վերջին րոպեներին նրա և պաշտպանների գործողությունների անհամաձայնությունը բերեց բաց թողնված գոլի և պարտության։ Դրանից հետո թիմը սկսեց անվստահ խաղալ՝ աստիճանաբար բաց թողնելով առաջնության չեմպիոն դառնալու հնարավորությունը, և ավարտեց առաջնությունը չորրորդ տեղում։ Մրցաշրջանի ավարտին «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը խոստացավ ակտիվ լինել տրանսֆերային շուկայում և վերադառնալ հաղթանակների՝ վեցամյա երաշտից հետո։ Արդյունքում, ամռանը թիմից հեռացան առաջին կազմի չորս խաղացողներ՝ Սեսկ Ֆաբրեգասը, Սամիր Նասրին, Գաել Կլիշին և Էմանուել Էբուեն։ Նրան փոխարինելու եկան 7 խաղացողներ, որոնց թվում էին Միկել Արտետան, Պեր Մերտեզակերը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։ Մրցաշրջանը թիմը սարսափելի կերպով սկսեց. «Արսենալը» երեք տուրերում վաստակեց ընդամենը մեկ միավոր։ Իսկ պարտությունը Օլդ Թրաֆորդում «Մանչեսթերից» 8։2 հաշվով դարձավ ամենախոշոր պարտությունը Վենգերի օրոք։ Առաջին հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացավ 4-րդ տուրում. թիմը հաղթեց լիգայի նորեկ «Սուոնսիին» (1։0)։ 5-րդ տուրում «Արսենալը» պարտվեց «Բլեքբեռն Ռովերսին» (3։4)։ Այդ պարտության պատճառով թիմը հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզանականներում։ Սակայն «զինագործները» աստիճանաբար սկսեցին հավասարակշռել իրավիճակը առաջնությունում։ Ութ խաղից յոթը Վենգերի սաները հաղթանակով ավարտեցին և միայն մեկը ոչ ոքի, ու էականորեն առաջ շարժվեցին մրցաշարային աղյուսակում։ Ոմանք նույնիսկ խոսում էին թիմի հաղթանակի մասին։ 16-րդ տուրում Արսենալը պարտվեց առաջնության հաղթող ճանաչվելու ամենահավանական հակառակորդներից մեկին՝ «Մանչեսթեր Սիթիին» (0։1)։ Սրան հաջորդեցին երեք անպարտ խաղերը՝ երկու հաղթանակ և մեկ ոչ ոքի։ Սակայն հետո չորս խաղ անընդմեջ «Արսենալը» հաղթանակ տոնել չէր կարողանում. երեք անընդմեջ պարտություն «Ֆուլհեմից» (1։2), «Սուոնսիից» (3։2) և «Մանչեսթեր Յունայթեդից» (1։2) ու ոչ ոքի «Բոլտոնի» հետ մրցավեճում (0։0)։ Թիմը կարողացավ դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Արսենալը հաղթեց տասը հնարավոր խաղից ինը։ Մրցաշրջանի ավարտին «Արսենալը» զիջեց դիրքերը. պարտություն և երեք ոչ ոքի։ Վերջին տուրում «զինագործները» հաղթեցին «Վեստ Բրոմվիչին» (3։2) և զբաղեցրին երրորդ տեղը առաջնությունում։ Չեմպիոնների լիգայում Արսենալը հիմնական առաջնության կազմ մտավ՝ որակավորման փուլում հաղթելով Ուդինեզեին 1։0 և 2։1 հաշիվներով։ Խմբային փուլում «զինագործները» հայտնվեցին F խմբում՝ «Մարսելի», «Օլիմպիակոսի» և «Դորտմունդի Բրոուսիայի» հետ միասին։ Խմբից նրանք դուրս եկան առաջին տեղով։ 1/8 եզրափակչում «Արսենալը» հայտնվեց Միլանի հետ։ Պարտվելով խոշոր հաշվով Սան Սիրոյում (0։4)՝ «զինագործները» տանը հաղթեցին (3։0), սակայն դա բավարար չէր հաջորդ փուլ անցնելու համար։

2012/13 մրցաշրջանի սկզբում սկսեցեն լուրեր տարածվել, թե Ռոբին վան Պերսին՝ թիմի առաջատարը, կարող է լքել ակումբը, որովհետև նա հուլիսի 4-ին հայտարարել էր, որ չի երկարաձգելու իր պայմանագիրը։ Դրա հետ կապված՝ Արսեն Վենգերը պայմանագիր ստորագրեց Օլիվիե Ժիրուի և Լուկաս Պոդոլսկու հետ, ձեռք բերեց նաև Սանտի Կասորլային։ Ամռանը Վան Պերսին հեռացավ թիմից՝ տեղափոխվելով հակառակորդների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիմ։

2012/13 մրցաշրջանի ավարտին ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտարարեց, որ կապված թիմի ֆինանսական իրավիճակի բարելավման հետ՝ «Արսենալը» պատրաստ է ավելի մեծ գումարներ ծախսել աստղային խաղացողներ ձեռք բերելու համար[6]։ Ամառվա ընթացքում փորձեր արվեցին գնել Գոնսալո Իգուաինին, Ստեվան Յովետիչին, Լարս Բենդերին, Լուիս Սուարեսին, Կարիմ Բենզեմային, սակայն այս կամ այն պատճառով գործարքները չէին իրականանում։ Զուգահեռաբար «Արսենալը» ակտիվորեն ազատվում էր այն խաղացողներից, որոնց կարիքն այլևս չէր զգում։ Նրանց թվում էին Անդրե Սանթոսը, Անդրեյ Արշավինը, Մարուան Շամախը, Դենիլսոն Պերեյրա Նևեսը։ Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «զինագործները» իրենց անձնական ռեկորդը սահմանեցին՝ գնելով Գերմանիայի ազգային հավաքականի խաղացող Մեզութ Օզիլին €50 միլիոնով։ Բացի այդ՝ հինգ տարի անց թիմ վերադարձավ Մաթյո Ֆլամինին, պայմանագիր ստորագրվեց հեռանկարային հարձակվող Յայա Սանոգոյի և դարպասապահ Վիվիանոյի հետ։

Տիտղոսային «երաշտի» ավարտը և նոր պատմությունը (2014-մինչ օրս)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 17-ին Արսենալը նվաճեց այնքան սպասված առաջին տիտղոսը ինը տարվա ընթացքում։ Ուղին դեպի եզրափակիչ այնքան էլ հեշտ չէր։ «Արսենալը» հաղթեց այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Տոտենհեմը» (2։0), «Կովենտրի Սիթին» (4։0), «Լիվերպուլը» (2։1) և «Էվերթոնը» (4։1)։ Կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով «Արսենալը» հաղթեց Ուիգանին։ Անգլիայի գավաթի եզրափակչում Արսեն Վենգերի թիմը կոտրեց «Հալլ Սիթիի» դիմադրություն՝ հաղթելով ավելացված ժամանակում 3։2 հաշվով։ Բաց թողնելով 2 գոլ առաջին 10 րոպեներին՝ «Արսենալը» կարողացավ վերադասավորվել և հավասարեցնել հաշիվը մինչև հիմնական ժամանակի ավարտը։ Ավելացված ժամանակում հաղթական գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին։

2013/14 մրցաշրջանի արդյունքներով Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմը գրավեց չորրորդ հորիզոնականը, բայց նշանակալին այն է, որ առաջնության մեծ մասը «Արսենալը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը և միայն ձմեռային դադարից հետո Թեո Ուոլկոտի, Մեզութ Օզիլի և Աարոն Ռեմսիի վնասվածքների պատճառով թիմը ետ մնաց չեմպիոնության համար պայքարից։ Չեմպիոնների լիգայում լոնդոնյան ակումբը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ երկրորդ անգամ արդեն զիջեց մյունխենյան «Բավարիային» (3։1 երկու խաղերի արդյունքում), իսկ Լիգայի գավաթի խաղարկությունում հասավ մինչև չորրորդ ռաունդ («Չելսի», 2։0)։

Արսեն Վենգերը հերթական անգամ դժգոհեց Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքներից։ Ֆրանսիացի մասնագետի կարծիքով՝ «զինագործներին» 1/8 եզրափակչում միշտ բաժին են հասնում ուժեղ մրցակիցներ։ Այնուամենայնիվ 2012/13 մրցաշրջանում նրանք գրեթե հաղթահարեցին «Բավարիայի» արգելքը. մյունխենցիները անցան քառորդ եզրափակիչ՝ շնորհիվ լրացուցիչ գոլի (ընդհանուր հաշիվը՝ 3։3)։

Չնայած բոլոր նախկին անհաջողություններին՝ 2013/14 մրցաշրջանը, վերջապես, «Արսենալի» համար տիտղոսաբեր դարձավ։ Շատ երիտասարդ խաղացողներ առաջին անգամ իրենց գլխավերևում բարձրացրեցին այնքան բաղձալի գավաթը։

2014 թվականի օգոստոսի 10-ին Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում «Արսենալը» կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին» 3։0 հաշվով և նվաճեց երեք ամսվա ընթացքում իր երկրորդ տիտղոսը։ 2015 թվականի օգոստոսի 2-ին «Արսենալը» կրկնեց իր հաջողությունը՝ հաղթելով Անգլիայի սուպերգավաթը 2-րդ անգամ անընդմեջ։ Եզրափակչում Արսենալը Օքսլեյդ-Չեմբերլենի գոլի շնորհիվ հաղթեց «Չելսիին»։

2016-17 մրցաշրջանում «Արսենալը» հաղթեց Անգլիայի գավաթը ռեկորդային 13-րդ անգամ՝ եզրափակչում հաղթելով «Չելսիին» 2-1 հաշվով։ Այնուամենայնիվ այս մրցաշրջանում «Արսենալը» գրավեց 5-րդ տեղը։ Սա Արսեն Վենգերի՝ «Արսենալի» մարզչական տարիների՝ 1996 թվականից սկսած վատագույն արդյունքն է։

Երկրպագուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալի երկրպագուները «Էմիրեյթս մարզադաշտում»

«Արսենալի» երկրպագուները հաճախ իրենց «Gooners» են անվանում, անվանումը ծագում է թիմի մականունից՝ «Զինագործներ» («Gunners»)։ Այդ մականվան հստակ ծագումը հայտնի չէ։ Տարբերակներից մեկի համաձայն՝ սկանդինավյան երկրպագուները «gunners» բառը սխալ շեշտադրությամբ էին արտասանում, և այն մոտավորապես հնչում էր որպես «gooners»։ Տեղացի երկրպագուներին դա սկսեց դուր գալ և նրանք նույնպես իրենց այդպես սկսեցին կոչել։ Կա մեկ այլ տարբերակ ևս. մականունը տվել են հակառակորդները՝ «gunners» բառի և գունների ցեղի միախառնումից։ Թիմը տասնյակ հազարավոր երկրպագուներ ունի, և գրեթե բոլոր տնային խաղերը անցկացվում են առանց ազատ տեղերի։ 2007/08 մրցաշրջանում «Արսենալը» երկրորդն էր լիգայում այցելությունների թվով, իսկ 2006 թվականին՝ չորրորդը։

Արսենալի երկրպագուների նշանը

«Արսենալն» ունի երկրպագուներ Լոնդոնի և Անգլիայի սահմաններից դուրս ևս, իսկ արբանյակային հեռուստատեսության առաջացումից ի վեր Արսենալի երկրպագուների թիվը ողջ աշխարհով ավելանում է։ «Արսենալի» երկրպագուների հիմնական թշնամիները «Տոտենհեմ Հոտսպուրի» երկրպագուներն են։ Այս երկու ակումբների միջև հանդիպումները անվնաում են «Հյուսիսային Լոնդոնի դերբի»։ Մյուս հակառակորդներն են «Չելսիի», «Ֆուլհեմի», «Վեստ Հեմ Յունայթեդի» երկրպագուներ։ Բացի այդ՝ վերջին տարիներին հակամարտություն է առաջացել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» միջև. պատճառը լիգայի չեմպիոնի տիտղոսն է։

Տարբեր երկրներում կան պաշտոնական ֆան-ակումբներ։ ԱՊՀ-ում՝ Arsenal Russian Speaking Supporters Club (ARSSC), այն միավորում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների երկրպագուներին։ Այդ ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել 2004 թվականին[7]։

Կանանց հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց առաջնությունը ներկայացվում է «Արսենալ Լեդիս» թիմը։ Այն հիմնադրվել է 1987 թվականին, 2002 թվականին ստացել է կիսապրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ, և մարզում է այն Շելի Կերը։

Թիմը ամենահաջողակն է Անգլիայի կանանց առաջնությունում։ 2008-09 մրցաշրջանում նրանք հաղթեցին Անգլիայի երեք հիմնական մրցաշարերում, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կանանց գավաթը 2006-07 մրցաշրջանում։ Կանանց և տղամարդկանց թիմերը ձևականորեն առանձնացվում են, բայց սերտ կապերի մեջ են գտնվում։ Կանայք իրավունք ունեն տարվա ընթացքում մեկ անգամ խաղալ «Էմիրեյթս» մարզադաշտում։

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ամռանոը «Arsenal FC» ընկերությունը 100 %-վ պատկանում էր «Arsenal Holdings»-ին, որի սեփականատերերն էին.[8]

  • 24,1 % - Դենի Ֆիզման (անգլ.՝ Danny Fiszman)
  • 15,9 % - Նինա Բրեյսուել-Սմիթ (անգլ.՝ Nina Bracewell-Smith)
  • 14,58 % - «Red and White Holdings»
  • 14,4 % - Ռիչար Կար (անգլ.՝ Richard Carr)
  • 12,19 % - Ստեն Կրոենկե (անգլ.՝ Stan Kroenke)
  • 9,99 % - «Granada Media Group»
  • 2,7 % - «Lansdowne Partners»
  • 1 %-ից քիչ - Պետեր Հիլ-Վուդ (անգլ.՝ Peter Hill-Wood)

Մնաց բաժնետոմսերը վաճառվում են մասնագիտացված «PLUS Markets» բորսայում։

2007 թվականի օգոստոսին «Red and White Holdings» ընկերությունը հայտարարեց Դևիդ Դեյնից 14,58 %-ը բաժնետոմսերը[9] 75 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու մասին։ «Red and White Holdings» ընկերությունը պատկանում է Ալիշեր Ուսմանովին և իր գործընկեր Ֆարհադ Մոշիրիին՝ հավասար բաժնեմասերով՝ 50 % յուրաքանչյուրին[8]։

Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ «Red and White Holdings» ընկերությունը գնել է «Arsenal Holdings»-ի ևս 6,5 % բաժնետոմս 35 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ հասցնելով բաժնետոմսերի ընդհանուր քանակը 21 %-ի[10]։ Ավելի ուշ այդ ընկերությունը ևս 2 % բաժնետոմս ձեռք բերեց Arsenal Holdings-ից՝ իր մոտ կենտրոնացնելով բաժնետոմսերի 23 %-ը[11] Փետրվարի 22-ի տվյալներով Ուսմանովի բաժինը 24,2 % է։ Այդ կերպ այս պահին նա «Արսենալի» խոշոր բաժնետերերից է[12]

2009 թվականի փետրվարին Ուսմանովի բաժնեմասը հասավ ավելի քան 25 %-ի[13]։ Այս փաստը թույլ է տալիս նրան ցանկության դեպքում հարցականի տակ բաժնետերերի ժողովի կայացման որոշումը։

2009 թվականի մարտին ամերիկացի բիզնեսմեն Ստեն Կրոենկեն ձեռք բերեց բաժնետոմսերի մի մասը, որ պատկանում էին Դենի Ֆիզմանին՝ դառնալով երկրորդը բաժնետերերի թվում՝ Ալիշեր Ուսմանովից հետո։ Մարտի 30-ի տվյալներով՝ բաժնետոմսերը բաշխվել են այսպես[14].

  • 25 % - Ալիշեր Ուսմանով (Red & White Holdings)
  • 20,5 % - Ստեն Կրոենկե (անգլ.՝ Stan Kroenke)
  • 16,1 % - Դենի Ֆիզման (անգլ.՝ Danny Fiszman)
  • 15,9 % - Լեդի Նինա Բրեյսուել-Սմիթ (անգլ.՝ Nina Bracewell-Smith)
  • 4,4 % - Ռիչարդ Կար (անգլ.՝ Richard Carr)
  • 0,8 % - Պիտեր Հիլ-Վուդ (անգլ.՝ Peter Hill-Wood)
  • 0,08 % - Լորդ Հարիս Պեկհեմյան (անգլ.՝ Lord Harris of Peckham)
  • 0,07 % - Կեն Ֆրեյր (անգլ.՝ Ken Friar )
  • 0,06 % - Սէր Չիպս Կեսվիկ (անգլ.՝ Sir Chips Keswick)
  • 17,09 % - Այլք։

2009 թվականի մայիսի 1-ին մամուլում հայտարարություն հայտնվեց, որ Ստեն Կրոենկեն դարձել է «Արսենալի» ամենախոշոր բաժնետերը[15]։ Նա գնել էր այն բաժնետոմսերը, որոնք պատկանում էին Կար ընտանիքին՝ հասցնելով իր բաժնետոմսերի թիվը 28,3 %-ի։ Գործարքի ընդհանուր թիվը կազմել էր ավելի քան 41 միլիոն ֆունտ ստեռլինգ։

2009 թվականի հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Ստեն Կրոենկեն լրացուցիչ 160 բաժնետոմս է գնել։ Այդկերպ նրա բաժնեմասը աճեց՝ հասնելով 28,58 %-ի[16]։

Սեպտեմբերի 30-ին տեղեկատվություն տարածվեց, ըստ որի՝ Կրոենկեն գնել է ևս 80 բաժնետոմս՝ յուրաքանչյուրի համար 8500 ֆոքւնտ գնով։ Այդ պահին նրա բաժնեմասը կազմեց 28,7 %[17]։

Հոկտեմբերի 15-ին Կրոենկեն գնեց լրացուցիչ 90 բաժնետոմս՝ իր բաժնեմասը հասցնելով 28,9 %-ի[18]։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ակումբի զինանշանը փոփոխության է ենթարկվել։ Երեք թնդանոթների փոխարեն թողել են միայն մեկը, որն ուղղված է եղել դեպի արևելք։ 1925 թվ.-ին զինանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների՝ թնդանոթը ուղղվել է արևմուտք։ Հաջորդ փոփոխությունը եղել է 24 տարի անց, երբ զինանշանի վրա ավելացվել է ակումբի կարգախոսը՝ «Victoria Concordia Crescit» (թարգ. «Հաղթանակը առաջանում է ներդաշնակությունից»)։ 53 տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվել միայն զինանշանի գույները։

2001/02 մրցաշրջանում զինանշանը փոփոխության է ենթարկվել։ Այն ստացել է ավելի ժամանակակից տեսք։ Փոխվել են ծուռումուռ եզրային գծերը, թնդանոթը նորից ուղղվել է դեպի արևելք, փոխվել է տառատեսակը ու կանաչ գույնը փոխարինվել է կապույտով։

Համազգեստի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1886-1895
1895-1896
1896-1933
1933-1965
1965-1967
1967-1994
1994-1996
1996-1998
1998-2004
2004-2005
2005-2006
2006-2008
2008-2010
2010-2011
2011-2012
2012-2014

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
4 Գերմանիա ՊՇ Պեր Մերտեզակեր Ավագ
6 Ֆրանսիա ՊՇ Լորան Կոսիելնի
8 Ուելս ԿՊ Աարոն Ռեմսի
9 Ֆրանսիա ՀՐ Ալեքսանդր Լակազետ
10 Անգլիա ԿՊ Ջեք Ուիլշեր
11 Գերմանիա ԿՊ Մեզութ Օզիլ
13 Կոլումբիա ԴՊ Դավիթ Օսպինա
14 Գաբոն ՀՐ Պիեռ Էմերիկ Օբամեյանգ
16 Անգլիա ՊՇ Ռոբ Հոլդինգ
17 Նիգերիա ՀՐ Ալեքս Իվոբի
18 Իսպանիա ՊՇ Նաչո Մոնրեալ
19 Իսպանիա ԿՊ Սանտի Կասորլա
Դիրք Խաղացող
20 Գերմանիա ՊՇ Շկոդրան Մուստաֆի
21 Անգլիա ՊՇ Կալում Չեմբերս
22 Ֆրանսիա ԿՊ Ժեֆ Ռեն-Ադելաիդ
23 Անգլիա ՀՐ Դենիել Ուելբեք
24 Իսպանիա ՊՇ Էկտոր Բելյերին
27 Հունաստան ՊՇ Կոնստանտինոս Մավրոպանոս
29 Շվեյցարիա ԿՊ Գրանիտ Ջակա
30 Անգլիա ԿՊ Էնսլի Մեյթլենդ Նայլզ
31 Բոսնիա և Հերցեգովինա ՊՇ Սեադ Կոլաշինաց
32 Անգլիա ՀՐ Չուբա Ակպոմ
33 Չեխիա ԴՊ Պետր Չեխ
35 Եգիպտոս ԿՊ Մուհամեդ էլ-Նենի

Հայտնի խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է «Արսենալի» առավել հայտնի խաղացողների ցանկը[19]։

Թիերի Անրի
Սեսկ Ֆաբրեգաս

«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի առաջնություն (13). 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004

Անգլիայի գավաթ (11). 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005, 2014

Անգլիայի լիգայի գավաթ (2). 1987, 1993

Անգլիայի սուպերգավաթ (15). 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991, 1998, 1999, 2002, 2004, 2014, 2015, 2017

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈւԵՖԱ Գավաթակիրների գավաթ (1). 1994

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.arsenal.com/
  2. Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ցուցակ 2014։ Վարկանշային աղյուսակ Forbes
  3. Այդպիսին է պաշտոնական տարբերակը, չնայած որ գոլերի քանակը մինչ այժմ քննարկումների առիթ է դառնում։
  4. Say, p. 76
  5. 5,0 5,1 Soar & Tyler, pp. 15-17
  6. Arsenal ready to spend big on players - Ivan Gazidis
  7. Про ARSSC
  8. 8,0 8,1 Դ. Սիմակով, Յու. Ֆեդորինովա, Ի. Ֆիլիպովա, Ա. Ռոժկով Ուսմանովի գոլը // Փաստեր, № 163 (1937) 31 օգոստոսի 2007
  9. «ՌԻԱ «РосБизнесКонсалтинг», «Ռուս միլիարդատերը Արսենալի համասեփականատեր է դարձել», 31 օգոստոսի 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Գ. Կրամպեց Ուսմանովը սահմանափակում է Arsenal ակումբը// Փաստեր, № 176 (1950), 19 սեպտեմբերի 2007
  11. «Սպորտ Էքսպրես», «Ուսմանովի ընկերությունը բաժնետոմսերի քանակը հասցրել է 23 տոկոսի», 28 սեպտեմբերի, 2007
  12. Ուսմանովը դարձել է «Արսենալի» ամենախոշոր բաժնետերը, 22 փետրվարի 2008
  13. Alisher Usmanov increases shareholding in Arsenal to over 25 percent Ալիշեր Ուսմանովին պատկանող «Արսենալի» բաժնեմասերի չափը հատել է 25 տոկոսանոց սահմանը
  14. Stan Kroenke increases stake in Arsenal Կրոենկեն Крёнке увеличил свою долю в Арсенале
  15. Kroenke raises stakes in Arsenal Կրոենկեն մեծացրել է իր բաժնեմասը՝ հասցնելով 28,3 %-ի
  16. Kroenke buys more Arsenal shares
  17. Kroenke buys more Arsenal shares
  18. Stan Kroenke increases Arsenal stake to 28,9 %
  19. Ցանկում ներառված են այն ֆուտբոլիստները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին։
    1. 290 և ավելի խաղերի մասնակցություն պաշտոնական մրցաշարերում։
    1. 190 և ավելի խաղերի մասնակցությունը, հինգ և ավելի տիտղոսների նվաճում ակումբի հետ։
    1. 100 և ավելի գոլ տվյալ ֆուտբոլիստի կողմից բոլոր պաշտոնական խաղերում։
    1. Անգլիական ֆուտբոլի փառքի սրահի ներառում։
    1. Անգլիայի լավագույն կոչման արժանացած ֆուտբոլիստ։
    1. Խաղացողին ամենանշանակալի ֆուտբոլիստների ցանկումը ներառում ([1]):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]