Արոմատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենզոլ

Արոմատացում (հունարեն՝ άρωμα - անուշաբուրություն), այլ միացություններից արոմատիկ միացությունների ստացման ռեակցիա։ Արոմատացման ենթարկվում են ածխաջրածինները, ցիկլոպարաֆինները և այլն։ Արոմատացում կատարում են կատալիզատորների առկայությամբ, որոնց ընտրությունը կախված է ելանյութային ածխաջրածնի բնույթից։ Վեց և ավելի ածխածնի ատոմներից կազմված հագեցած ածխաջրածիններից արոմատիկ ածխաջրածիններ ստացվում են դեհիդրոցիկլացման կատալիտիկ ռեակցիայով։ Որպես կատալիզատորներ օգտագործվում են պլատինած ածուխ (300oC), վանադիումի, թորիումի և այլ մետաղների օքսիդները (500-550oC), օրինակ․ այդ եղանակով հեքսանից ստացվում է բենզոլ (տես նկարը)։

Օլեֆինները արոմաաացվում են միայն մետաղների օքսիդների առկայությամբ, ավելի ցածր ջերմաստիճանում։ Ացետիլենային միացությունների արոմատացում տեղի է ունենում նրանց 3 մոլեկուլների միացման շնորհիվ, օրինակ․ ացետիլենից ստացվում է բենզոլ։ Ցիկլոպարաֆինների, հատկապես ցիկլոհեքսանի և նրա հոմոլոգների արոմատացումը կատարվում է պլատինի, պալադիումի, քրոմի օքսիդի և այլ կատալիզատորների առկայությամբ (դեհիդրոգենացումԱրոմատիկ ածխաջրածիններ կամ նրանցով հարուստ ածխաջրածնային խառնուրդներ ստանալու համար արտադրական կարևոր նշանակություն ունի նավթի կամ նրա առանձին ֆրակցիաների արոմատացումը։ Դրա համար նավթը կամ նրա առանձին ֆրակցիաները տաքացնում են առանց կատալիզատորի՝ պիրոլիզ, կամ նրա առկայությամբ՝ կատալիտիկ կրեկինգ։ Տարածված է կատալիզատորների առկայությամբ նավթամթերքների արոմատացումը, որի շնորհիվ ստացվում են բարձր օկտանային թիվ ունեցող վառելանյութեր և արոմատիկ ածխաջրածիններ (բենզոլ, տոլուոլ, քսիլոլներ և այլն)։ Այս դեպքում հումք են ծառայում 95-215oC եռման ջերմաստիճան ունեցող նավթային ֆրակցիաները։

Արոմատացման ռեակցիաները բազմազան են, դրանք մասնակցում են նաև կենսաքիմիական պրոցեսներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 110