Jump to content

Արշակ Բանուչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Բանուչյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1966(1966-12-24) (57 տարեկան)
ԾննդավայրԱբովյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1993)
Մասնագիտությունբանասեր, պետական գործիչ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն, Մատենադարան և Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ
ԿուսակցությունՀայ ազգային կոնգրես

Արշակ Ռուբիկի Բանուչյան (դեկտեմբերի 24, 1966(1966-12-24), Աբովյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, պետական գործիչ։ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Մայր դիվանի տնօրեն (01.06.2017):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բանուչյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում, Ռուբիկ և Նինա Բանուչյանների ընտանիքում։ 1973-1982 թվականներին սովորել է տեղի թիվ 5 դպրոցում։ Դպրոցական տարիներից զբաղվել է ընդհատակյա քաղաքական գործունեությամբ։ 1982 թվականից հայտնվել է Խորհրդային ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան (նախկին՝ 26 կոմիսարների անվան) հայագիտական թեքումով դպրոցում։ 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, 1987 թվականին ընդունվել և 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1]։ 1989-1992 թվականներին մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը։ 1993-2000 թվականներին եղել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Ակումբների և ասոցիացիաների հայկական դաշնություն» նախագահ, 1995-1998 թվականներին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունում եղել է վարչության պետ, այնուհետև՝ փոխնախարար։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-2001 թվականներին եղել է Մատենադարանի գիտաշխատող, համակարգչային բաժնի վարիչ, 1998-2008 թվականներին՝ «Մատենադարանի հեռանկարային զարգացման» և «Անձեռակերտ Մատենադարան» ծրագրերի տնօրեն, 2001-2011 թվականներին «Մատենադարանի բարեկամներ բարեգործական հիմնադրամի» գործադիր տնօրեն[2], 2002-2009 թվականներին՝ Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, 2009-2010 թվականներին՝ Մատենադարանի հնագրագիտության բաժնի վարիչ, 01.04.2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 31-ը՝ «Վերսուս ստուդիա»ի փորձագետ, 2014 թվականի փետրվարի 1-ից՝ ՀՀ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության խորհրդական։

2012 և 2017 թվականներին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ազգային հանձնաժողովի անդամ, 1995-2000
  • Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1988-1991
  • «Գոյապայքար» երիտասարդական միության նախագահության անդամ, 1987-1988
  • Հայ Ազգային Կոնգրես շարժման Կենտրոնական գրասենյակի անդամ, 2008 օգոստոսի 1-ից 2013 թվականի ապրիլի 14։
  • Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, 2013 թվականի ապրիլի 13-ից։ Դեկտեմբերի 17-ին Կոնգրեսի 2-րդ (20-րդ) համագումարում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նոր վարչության կազմում, իսկ վարչության կողմից ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պատասխանատուն։ 24.03.2008-24.07.2008 եղել է քաղբանտարկյալ. մարտի 1-ին շինծու մեղադրանքներով ձերբակալվել և կալանավորվել է, իսկ 4 ամիս անց ազատ արձակվել։ Ազատության մեջ գտնվելու օրից 3 ամիս անց հարուցված քրեական գործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով։ Ազատ արձակվելուց երկու օր հետո Արշակ Բանուչյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, որը վերջինս որակել է քաղաքական հետապնդումների շարունակություն։ Նախաքննությունը պարունակում էր 12 մեղադրանք, որոնցից տասը հերքվում են նախքննության ընթացքում, մնացած երկու մեղադրանքները ուղարկվում են դատարան՝ ըստ որի Արշակ Բանուչյանը մեղադրվում էր խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու մեջ (ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-205-րդ հոդվածի 1-ին կետով)։ Դատապարտվում է 2 տարի պայմանական ազատազրկման` առանց որոշակի զբաղեցրած պաշտոնի կամ գործունեության զրկման։ Համաներում հայտարարելու ԱԺ որոշմամբ Արշակ Բանուչյանն ազատվում է պայմանական պատիժը կրելուց։ Դատարանն առանց որևէ տուժողի ներգրավվածության և պաշտպանական կողմի ներկայացրած իրեղեն ապացույցները հրաժարվելով կցել գործին՝ վճռում է հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի բռնագանձել մոտ 2.3 միլիոն դրամ։ ՊԵԿ-ի` ընդդեմ «Մագաղաթ» հրատարակչության պետբյուջե բռնագանձելու պահանջը դատարանը թողնում է առանց քննության։ Այս առնչությամբ Արշակ Բանուչյանը մանրամասն խոսել է Ա1+-ին տված հարցազրույցում[3]։

Ենթադրվում է, որ վատնման մասով այդ գումարները պետք է վերադարձվեն «Մատենադարանի բարեգործներ» հիմնադրամին, սակայն Հիմնադրամն իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, որ վատնման փաստ չկա[4]։
- Տիգրան Աթանեսյան, Բանուչյանի փաստաբան

Վերոնշյալ քրեական գործի առնչությամբ Մատենադարանի նախկին տնօրեն, Մատենադարանի խորհրդի նախագահ, ակադեմիկոս Սեն Արևշատյանը դատարանում բազմիցս հայտարարել էր, որ Մատենադարանը տուժող կողմ համարվել չի կարող, քանի որ հարուցված քրեական գործը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար։ Սեն Արևշատյանը դատարանին էր դիմել նաև գրավոր բնութագրով, որտեղ գրված է.

Արշակ Բանուչյանը Մատենադարանում աշխատում է 1985 թվականի հունվարից։ Դեռևս պատանեկան տարիքից նա հետաքրքրվում էր հայ ձեռագրագիտությամբ ու հայագիտությամբ։ Այդ տարիներին նա մի քանի ձեռագրեր է նվիրաբերել Մատենադարանին։ Ահա այս հետաքրքրությունը և նվիրվածությունը նկատի ունենալով ես ընդունել եմ նրան Մատենադարանում աշխատելու որպես գրքատար։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո նա 1987 թվականին վերականգնվել է աշխատանքի որպես ձեռագրատան ավանդապահ և կրտսեր գիտաշխատող։ 1988 թվականի համազգային զարթոնքի և Ղարաբաղյան ազատամարտի տարիներին եղել է ակտիվ գործիչներից, իսկ 1990-1992 թվականներին եղել է Ղարաբաղի անկախության համար մղված պայքարի կամավորականներից, մասնակցել Շուշիի ազատագրմանը։ 1995 թվականի հոկտեմբերից մինչև 1998 թվականի մայիս ամիսը եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության փոխնախարար և համատեղության կարգով շարունակել իր աշխատանքը Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող։ 1998-2000 թվականներին Մատենադարանի կոլոկտիվի կողմից ընտրվել է արհմիության նախագահ։ Նրա կազմակերպչական ունակություններն ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը նկատի ունենալով 1998 թվականի մայիսին ես նրան նշանակել եմ Մատենադարանի համակարգչային բաժնի վարիչ, իսկ 2002 թվականին՝ Մատենադարանի արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ։

2001 թվականին Մատենադարանի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի առաջարկով ստեղծվեց «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը։ Վեհափառ հայրապետի և իմ առաջադրմամբ գործադիր տնօրեն ընտրվեց Ա. Բանուչյանը։ Մատենադարանի ծրագրերի իրականացմանը նրա բերած նպաստը այնուհետև եղավ էլ ավելի ակնառու և շոշափելի։ 1999-2000 թվականների նրա գրած ծրագրով և ջանքերով Մատենադարանը խոշոր դրամաշնորհի (շուրջ 500.000 ԱՄՆ$) չափով նոր սարքավորումներ ստացավ Ճապոնիայի կառավարության կողմից Մատենադարանի վերականգնման լաբորատորիայի տեխնիկական վերազինման համար։ Այդ կապը առ այսօր նրա շնորհիվ պահպանվում է և վերջերս Մատենադարանը ևս շուրջ 25.000 ԱՄՆ$-ի չափով դրամաշնորհ տացավ ճապոնական սարքավորումների խնամքի և թարմացման համար։ Նրա ներկայացմամբ 1999 թվականին Մատենադարանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրի և ծրագրի անդամ, իսկ 2006 թվականին «Եվրոպական թանգարանների ֆորում» կազմակերպության անդամ։ 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ իմ պաշտոնավարության ավարտին, նա եղել է Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար և պատվով ու բարեխղճորեն կազմակերպել թե Մատանադարանի խորհրդի աշխատանքները և թե նոր տնօրենի ընտրությունները։

«Մատենադարանի բարեկամներ» ԲՀ-ի մասնաճյուղեր բացելու, քարոզարշավներ և Մատենադարանին ի նպաստ դրամահավաքներ կազմակերպելու ողջ աշխատանքի ծանրությունը եղել է նրա և հիմնադրամի աշխատակիցների վրա։ Հիմնադրամի շնորհիվ այդ տարիներին նոր թափ առան Մատենադարանի ձեռագրերի նկարագրությունները, «Մայր Ցուցակ» ձեռագրաց բազմահատորյակի պրակների պատրաստման աշխատանքները, հրատարակվեցին մի շարք գրքեր։ Հիմնադրամի նվիրատու բարերարների և անձամբ Ա. Բանուչյանի ջանքերով բազմաթիվ հայերեն և այլալեզու ձեռագրեր են գնվել և նվիրաբերվել մատենադարանին, հարստացրել Մատենադարանի ֆոնդերը։ Հիմնադրամի շնորհիվ սկսվեց Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի շինարարության հետ կապված ծրագիրը։ Նախագծային առաջին էսքիզները կատարվել են ՄԲԲՀ-ի նախաձեռնությամբ։ Ա. Բանուչյանը որպես Մատենադարանի արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ կազմակերպել է նաև մի շարք գիտաժողովներ և ցուցահանդեսներ՝ Երևանում, Ալեքսանդրիայում, Ժնևում, Կոստանդնուպոլսում, Կալինինգրադում, Հալեպում։ Մատենադարանի և հայ մատենագրության մասին մի շարք դասախոսություններ է կարդացել Կ.Պոլսում, Նյու-Յորքում, Հալեպում և այլուր։ Իր վարչական և կազմակերպչական գործունեությանը զուգահեռ նա զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով, հրատարակել է հոդվածներ, մասնակցել գիտաժողովների։ Նրա հրատարակած հոդվածներից առանձնանում են ձեռագրական հատակտորների համակարգչային մշակմանը և դրանց հետազոտությանը նվիրված հոդվածները։ Հատկապես Եղիշեի «Վարդանանց պատերազմի» պատառիկների վերծանությանը նվիրված բնագրագիտական-ձեռագրագիտական հոդվածները։ Ինչպես նաև ձեռագրական հատակտորների ուսումնասիրմամբ և համադրմամբ Հովհաննես Սանդղկավանեցու նորահայտ ձեռագրին նվիրված հոդվածներն ու վերակազմություն գիրքը (վերջինս դեռևս անտիպ է)։ Ուշագրավ են նաև Նոր Կտակարանի վրա կատարած նրա աշխատանքները և հատկապես Եվթաղ Ալեքսանդրացու տնատումներին նվիրված հոդվածաշարը։

Արշակ Բանուչյանին ես և Մատենադարանի կոլեկտիվը ճանաչում ենք որպես հայ և հոգևոր մշակույթին նվիրված անձնավորություն, որն իր եռանդով և կազմակերպված բնավորությամբ միշտ նպաստել է և նպաստում է Մատենադարանի առջև դրված խնդիրների լուծմանը, հայերեն ձեռագրերի աշխարհի հարստացմանը։
- Սեն Արևշատյան, ակադեմիկոս, Մատենադարանի խորհրդի նախագահ, 30.10.2008

Մատենադարանի Բարեկամներ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս դատարանին ուղղված գրությամբ հրաժարվել է իրեն տուժող ճանաչել[5]։

Մի շարք գիտական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է[6]։

  • Սուրբ Հայաստան ։ Պատմություն և մշակույթ. Աստվածաշնչյան Հայաստանից մինչև XVIII դ. վերջ = Armenia sacra, 2007: Տիտղթ. (Արշակ Բանուչյան)։
  • Ռուբեն Դարբինեան, Ռուսական վտանգը, 1991 (Կազմ. Արշակ Բանուչեան)։
  • «Նարեկեան ցանկերը», գրախօսական (1990)։
  • «Հայ Եկեղեցու պատմութիւն», գրախօսական (1991)։
  • «ԺԱ դարի նորայայտ մի Աւետարան. գրիչը եւ գրչութեան վայրը» (1994)։
  • «Կենսունակ սերնդի դաստիարակութեան հիմնադրոյթներ» (1996)։
  • «Ձեռագրական հատակոտորների համակարգչային մշակումը եւ դրանց հետազօտութեան հնարաւորութիւնները» (1997)։
  • «Եւթաղ Ալէքսանդրացու տնատումները Նոր Կտակարանի հնագոյն օրինակներում» (1999)։
  • 6-9 Հոկտեմբեր, 2005 «Աստվածաշնչի հայերեն թարգամնությունը» գիտական կոնֆերանս։ Եւթաղ Ալէքսանդրացու տնատումները։
  • «Եղիշեի Վարդանանց պատերազմի նորահայտ պատառիկները», Բանբեր Մատենադարանի, հատոր 17 (2006)[7]
  • «Եղիշեի Վարդանանց պատերազմի հնագույն պատառիկի նոր վերծանությունը», Բանբեր Մատենադարանի, հատոր 18 (2008)։
  • Banouchyan, A. 2002. "The Armenian and Greek Fragments and Palimpsests of the Matenadaran collection", Rinascimento virtuale. Digitale Palimpsestforschung (Berichtband der Konferanz des Netzwerks, 28-29. Juni 2002, Bratislava) Bratislav, 90-93.

Հետազոտություններ և հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. «Հրապարակ»․ Արշակ Բանուչյան․ Մութ սենյակում սև կատու պետք չէ փնտրել
  3. 29-03 PS Arshak Banuchyan
  4. Արշակ Բանուչյանին համաներեցին
  5. Ա. Բանուչյանը «խուսափեց» Հովհաննես Թումանյանի նվիրատվության համար հարկվելուց
  6. «Արշակ Բանուչյան, Եղիշեի «Վարդանանց պատերազմի» հնագույն պատառիկի նոր վերածնությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Ա. Բանուչյան, Եղիշեի Վարդանանց պատերազմի նորահայտ պատառիկները...261-287» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.