Արշալույս Թարվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Թարվերդյան Արշալույս Պողոսի | |
|---|---|
| Ծնվել է | Հոկտեմբերի 15, 1945 թ |
| Ծննդավայր | ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Ելփին |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բարձրագույն, 1968 թ․, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ |
| Կոչում | Պրոֆեսոր 2006 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքով՝ «Գյուղատնտեսական մեքենաշինություն» մասնագիտությամբ։ 2014 թ․ դեկտեմբերին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ՝ մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքով՝ «Գյուղատնտեսական մեքենաշինություն» մասնագիտությամբ |
| Գիտական աստիճան | Տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | Գյուղատնտեսական մեքենաշինություն |
| Գործունեություն | Հեղինակ է 250-ից ավել գիտական աշխատանքների, այդ թվում ՝ 50 գյուտերի (հեղինակային վկայագրերի և արտոնագրերի), 16 մենագրության և 3 դասագրքի |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր (1998-2018 թթ․)։ 2019 թ․-ից՝ ՀԱԱՀ Գյուղմեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ-ի Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի գլխավոր գիտաշխատող (մինչ օրս) |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Արշալույս Պողոսի Թարվերդյան (հոկտեմբերի 15, 1945, Ելփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր 1998-2018 թթվականին[2], նյութերի դիմադրության ամբիոնի պրոֆեսոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ(2006), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականին հոկտեմբերի 15-ին Հայաստանի Վայոց ձորի մարզի (նախկին Եղեգնաձորի շրջան) Ելփին գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1962 թվականին մեդալով։
1963 թվականին ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը։ 1968 թվականի հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում։ 1969 թվականին մայիսին զորակոչվել է ծառայության։ 1970 թվականի մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում։ 1971 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում[3]։
1977 թվականին ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1983 թվականին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1997 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 2002 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում[3]։
1980 թվականին նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ 1994 թվականին Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, 1997 թվականին` դեպարտամենտի պետ՝ պրոռեկտորի կարգավիճակով։ 1998 թվականի հունիսին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, 2007 թվականի հուլիսին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2013 թվականի մարտի 28-ին վերընտրվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր[4]։
2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ 2011 թվականին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 2014 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ[3]։
Արշալույս Թարվերդյանը 50 գյուտի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են 250 գիտական աշխատությունում, որից 16-ը մենագրություն են, 3-ը՝ դասագիրք[3]։
Երկարամյա աշխատանքի արդյունքում նա ստեղծել է երկրագործական մեխանիկայի իր դպրոցը՝ հետազոտությունների տարբեր ուղղություններով և հեռանկարներով։ Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել են 19 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսություններ[3]։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 4 թոռնիկ։
Գիտական և մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել կարևոր գիտական ձեռքբերումները
Ա․ Թարվերդյանը երկարամյա, շուրջ 55 տարվա գիտական գործունեության ընթացքում նշանակալի ներդրում է ունեցել գյուղատնտեսության մեքենաշինության, մասնավորապես բերքահավաքի, հողամշակ և կերերի նախապատրաստման մեքենաների մշակման, ստեղծման, նախագծման և կատարելագործման հարցերում[3]։
Ա․ Թարվերդյանը հետազոտությունների խնդիրների ու ծրագրերի հստակ և նպատակասլաց ձևակերպմամբ ու նոր մոտեցումներով պարզեց, որ կտրող ապարատների ստեղծման ողջ շղթայում (սկզբունքային սխեմաների մշակում, կինեմատիկական, դինամիկական և ամրության հաշվարկներ, նախագծման աշխատանքներ և այլն) գրեթե բացակայում են կամ աղավաղված են կարևորագույն ելակետային այնպիսի տվյալներ, ինչպիսիք են (բույսերի ցողունների և այլ օրգանների) ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկություններն ու կառուցվածքային առանձնահատկությունները բնութագրող ցուցանիշները[5]։
Նախ պարզվեց, որ կտրող ապարատների ստեղծման ողջ շղթայում, հետազոտական աշխատանքների ընդհանուր ծրագրում անհրաժեշտ է ընդգրկել նրբացողուն (ցորեն, գարի, վարսակ, հաճար և այլն) և կոշտ-հաստացողուն (եգիպտացորեն, ծխախոտ, արևածաղիկ, եղեգ) բույսերի ցողունների անատոմամորֆոլոգիական, կառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրության հարցերը։ Արդյունքում բացահայտվեցին ու սահմանվեցին մինչ այդ անհայտ մի շարք օրինաչափություններ, մասնավորապես՝ հանգույցների, որպես կոշտության կողերի տեղաբաշխումը բարձրությամբ, զանգվածի, նյութի խտության, ամրության սահմանի, առաձգականության մոդուլի լայնական հատույթների մակերեսների և իներցիայի մոմենտների բաշխման օրինաչափություններն ըստ միջհանգույցների և ցողունի բարձրության։ Մշակվեցին հետազոտությունների նոր մեթոդիկա և սարքավորումներ, որոնք պաշտպանվեցին նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայականներով։ Դրանք հնարավորություն ընձեռեցին ճշգրիտ որոշելու ցողունի նյութի ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունները բնութագրող ցուցանիշները։ Ստացվեցին ցողունների ֆիզիկամեխանիկական հատկություններին վերաբերող ճշգրիտ տվյալներ, որոնք 2-3, երբեմն մինչև 5 անգամ տարբերվում էին մինչ այդ հայտնի և օգտագործվող ցուցանիշներից[6]։
Յուրահատուկ է նաև Ա․ Թարվերդյանի մոտեցումը բույսերի ցողունների և օրգանների կտրման գործընթացի ուսումնասիրման առումով։ Մշակված ու ստեղծված կայանքների ու սարքերի միջոցով Ա․ Թարվերդյանն ուսումնասիրրել է կտրման բոլոր հնարավոր եղանակները (ճակատային, նորմալ, շեղ-ճակատային, թեք, սահումով և այլն)` նպատակ ունենալով բացահայտել էներգետիկ տեսանկյունից ամենանպատակահարմարը։ Արդյունքում բացահայտվել է, որ կինեմատիկական, դինամիկական և էներգետիկ տեսանկյունից ամենանպաստավոր եղանակը ցողունների սահումով շեղ-թեք կտրումն է, որը տեղի է ունենում գերանդիով հնձելիս։ Կատարված տեսական ու փորձնական հետազոտությունների արդյունքում մշակվել ու ստեղծվել է տարբեր ուղղվածության ու նշանակության կտրող ապարատների մի ամբողջ ընտանիք․ դրանցից վեցը պաշտպանված են ԽՍՀՄ, 9-ը՝ ՀՀ արտոնագրերով ։ Մշակված կտրող ապարատները կտրման աշխատանքներն իրականացնում են գոյություն ունեցող (կիրառվող) կտրող ապարատների համեմատ 2,0-ից 2,5 անգամ փոքր էներգածախսումներով՝ ապահովելով 1,5 -ից 2,0 անգամ արտադրողականության աճ[7]։
Ա․ Թարվերդյանի կարևոր ձեռքբերումներից է նաև քայքայման մեխանիկայի հիմնադրույթների կիրառմամբ սահումով կտրման էության բացահայտումը։ Սահումով շեղ-թեք կտրման դեպքում լարվածային վիճակի վերլուծության, տեսական ու փորձնական հետազոտությունների ներդաշնակ զուգակցման միջոցով և դիտարկելով ցողունների կտրումը, որպես ճաքի հարկադրական տարածման պրոցես, նա կարողացել է լուծել նյութերի նվազագույն դիմադրությամբ կտրման խնդիրը[5]։
Այժմ Ա․ Թարվերդյանի գիտական հետազոտությունները ինտենսիվ ու արդյունավետ իրականացվում են համալսարանի Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի հետազոտական խմբում՝ հետևյալ ուղղություններով[8]։
- Պտղատու և խաղողի այգիների միջշարային, միջվազային (միջբնային) և մերձբնային տարածքներ մշակող ուղղաձիգ պտտման առանցքով հողամշակ ֆրեզի մշակում։
- Նշված տարածքներում մոլախոտերի հնձման, կտրման և ցրման ռոտացիոն հնձիչի մշակում։
- Խիտ միջավայրում (ջուր, հող) բույսերի ցողունների կտրման (հավաքման) վիբրացիոն կտրող ապարատի մշակում։
- Հանրապետության դեգրադացված և ցեմենտացված հողատեսքերում անտառհիմնման տեխնոլոգիայի և վիբրացիոն փոսհորատիչի մշակում։
- Այգեգործական բազմաֆունկցիոնալ ագրոռոբոտի մշակում։
Մանկավարժական և գիտակրթական գործունեություն
Ա․ Թարվերդյանը գիտամանկավարժական գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել երիտասարդ կադրերի պատրաստման ու բնականոն սերնդափոխության հարցերին։ Նրա ղեկավարությամբ պատրաստվել են 19 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսոություններ։ Այժմ նա ղեկավարում է մեկ ասպիրանտի և երկու դոկտորանտի հետազոտական աշխատանքները։
Ա․ Թարվերդյանի գիտակրթական համակարգի կազմակերպչի ու ղեկավարի հատկանիշներն առավել ցայտուն դրսևորվեցին սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր[3]։
Ա․ Թարվերդյանի ջանքերով նախկին Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, հետագայում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ԱՄՆ – ի գյուղդեպարտամենտի հովանավորությամբ լայնածավալ միջազգային համագործակցության ծրագրեր է իրականացրել Տեխասի, Կալիֆորնիայի, Ֆրեզնոյի, Փենսիլվանիայի, Սիեթլի, Յուտայի և այլ համալսարանների հետ։ Համագործակցության ծավալուն ծրագրեր են իրականացվել Գերմանիայի, Շվեդիայի, Հոլանդիայի Ֆրանսիայի, Չինաստանի,Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի առաջատար ագրարային համալսարանների հետ։ Ա․ Թարվեդյանի ակտիվ գործունեության շնորհիվ 1999 - 2004 թթ․ ընթացքում հնարավոր եղավ ապահովել զգալի զարգացումներ․ մասնագիտությունների թիվը 22-ից հասցվեց 37-ի, հիմնադրվեցին հանրապետության ագրոպարենային համակարգի համար անհրաժեշտ, ԱՊՀ տարածքում նախատիպը չունեցող մի շարք մասնագիտություններ, իսկ ուսանողների թվաքանակը 3500-ից հասել էր 9300-ի[3]։
Ա․ Թարվերդյանի ամենօրյա ուշադրության կենտրոնոեւմ են եղել ՀԱԱՀ գործունեության բոլոր ոլորտները։ 2003 թ․ հիմնադրվեց «Известия Армянской сельскохозяйственной академии» (ապա՝ «Известия Государственного аграрного университета Армении») միջազգային գիտական պարբերականը, որը լույս է տեսնում ռուսերեն և անգլերեն լեզուներով և որի համահիմնադիրներն են ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Վրաստանի առաջատար ագրարային համալսարանները[9]։ Նույն՝ 2003 թվականին Ա․Թարվերդյանի առաջարկով և մասնակցությամբ Թբիլիսիում սկսեց հրատարակվել «Известия аграрной науки» գիտական պարբերականը, որի հիմնադիրներն էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Գերմանիայի և այլ երկրների ագրարային առաջատար համալսարանները[3]։
Գիտական կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ (2000)
- Ռուսաստանի Դաշնության «Տիմիրյազև» ոսկե մեդալ (2004)
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2005)[10]։
- Եվրոպական բիզնես ասամբլեայի ազգային կոմիտեի Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ (EBA Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա) (2007)
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2011)[11]
- Արցախի երախտագիտության մեդալ (2011)
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյութերի դիմադրություն, բուհական դասագիրք (համահեղինակ)։
- Նյութերի դիմադրություն (Տեսություն և խնդիրներ) Ա. Պ. Թարվերդյան, Ռ. Ս. Մինասյան, Է. Ս. Կոսեմյան, Երևան, Ասողիկ, 2001։
- Անդրկովկասի տարածաշրջանում ագրոպարենային համակարգի կայուն զարգացման հիմնախնդիրները։ Միջազգային գիտաժողովի նյութեր Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, ԱՄՆ-ի ԳԴ մարքեթինգի աջակցության ծրագի, Редкол.: А. П. Тарвердян и др., Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, 2002։
- Կերի նախապատրաստման մեքենաներ, Երևան, ՀՊԱՀ, 2006[12]։
- Տեսական մեխանիկա, Երևան, ՀՊԱՀ, 2006[13]։
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի զարգացման հայեցակարգ և առաջիկա տարիների գործունեության ծրագիր, Երևան, 2007։
- Հայաստանի պետական ագրարային համալսարան -80, Ա. Պ. Թարվերդյան, Դ. Պ. Պետրոսյան, Ց. Վ. Պողոսյան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2010։
- 2009 -2010 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները / Կազմ. Ա. Պ. Թարվերդյան, Յու. Գ. Մարմարյան, խմբ. Ա. Հարությունյան, Թարվերդյան Արշալույս Պողոսի, [կազմ.] | Մարմարյան Յուրի Գիգոլի, [կազմ], Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, Ա. հ., 2010:
- 2010-2011 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները։ Թարվերդյան Արշալույս Պողոսի, [կազմ.] Մարմարյան Յուրի Գիգոլի, [կազմ.] Պետրոսյան Ս. Ռ [խմբ.], Կրթության և գիտության նախարարություն ՀՀ | Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, 2011։
- 2012-2013 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները։ Կազմ.` Ա. Պ. Թարվերդյան, Յու. Գ. Մարմարյան, Ս. Հ. Դավեյան, խմբ.` Ս. Պետրոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, ՀԱԱՀ, 2013։
- 2013-2014 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները / Կազմ.` Ա. Պ. Թարվերդյան, Յու. Գ. Մարմարյան, Ս. Հ. Դավեյան, խմբ.` Ս. Պետրոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, ՀԱԱՀ, 2014։
- Երևան քաղաքի էներգետիկայի պատմությունը / Ս. Պապիկյան, գրախոս՝ Ա. Թարվերդյան, Հայկական էներգետիկական ակադեմիա, Երևան, 2018։
- Изыскание и исследование режушего аппарата для скользяшего резания тонкостебельных злаковых, Ереван, 1979.
- Технико-технологические основы создания режущих аппаратов уборочных машин и косилок, Ереван, 1996.
- Основы разработки ротационных режуших аппаратов уборочных машин, Ереван, 2000.
- Essential Principles for Development of Rotary Cutting Devices, Stuttgart, 2004[7]․
- Применение теории вибрации в земледельческой механике / А. Тарвердян, Ред.: А. Гукасян, Ц. Погосян, Ереван, Гитутюн, 2014[5]․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sci.am/membersview.php?id=304&langid=1
- ↑ «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 «Թարվերդյան Արշալույս Պողոսի:». persons.anau.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- 1 2 3 «New books». library.anau.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
- 1 2 Tarverdyan, Arshaluys P.; Khachatryan, A. E. (2004). Essential principles for development of rotary cutting devices. Beuren ; Stuttgart: Verlag Grauer. ISBN 978-3-86186-452-3.(չաշխատող հղում)
- ↑ «Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժին». Գլխավոր (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «ՀԱԱՀ © - Հայաստանի ազգային ագրարային համալսարան». Գլխավոր (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Ա․ Պ․ Թարվերդյան, Ս․ Ե․ Մարգարյան. «Կերի նախապատրաստման մեքենաներ» (PDF).
- ↑ «Տեսական մեխանիկա, Երևան, ՀՊԱՀ, 2006» (PDF).
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Թարվերդյան» հոդվածին։ |
| ||||||||||
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ելփին գյուղում ծնվածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ գյուղատնտեսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
