Արյունաստեղծ օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկրածուծի պատվաստուկ, հեմատոպոետիկ բջիջներ, կենտրոնում՝ պրոմիելոցիտ, երկու մետամիելոցտներ և ցուպիկավոր նեյտրոֆիլներ։

Արյունաստեղծ օրգաններ, են գոյանում արյան ձևավոր տարրերը։ Այդ օրգաններն են՝ ոսկրածուծը, փայծաղը և ավշահանգույցները։

Ոսկրածուծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրածուծը գլխավոր արյունաստեղծ օրգանն է, որը լինում է կարմիր և դեղին։ Կարմիր ոսկրածուծի ամբողջ հյուսվածքը լցված է արյան հասուն բջջային տարրերով։ Մինչև 4 տարեկան երեխաների ոսկրային բոլոր խոռոչները լցված են ոսկրածուծով, իսկ մեծերի մոտ այն պահպանվում է տափակ ոսկրերում և խողովակավոր ոսկրերի գլխիկներում։ Ի տարբերություն կարմիր ոսկրածուծի՝ դեղինում պարունակվում են ճարպային ներառումներ։ Ոսկրածուծում են առաջանում էրիթրոցիտները, լեյկոցիտների տարբեր ձևերը և թրոմբոցիտները։

Ավշային հանգույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավշահանգույցները մասնակցում են արյունաստեղծմանը՝ առաջացնելով լիմֆոցիտներ և պլազմային բջիջներ։

Փայծաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայծաղը գտնվում է որովայնի խոռոչի՝ ձախ ենթակողային շրջանում և ամփոփված է ամուր պատիճով։ Փայծաղի մեծ մասը կազմված է, այսպես կոչված, կարմիր և սպիտակ կակղանից (պուլպա)։ Կարմիր կակղանը լցված է ձևավոր տարրերով, հատկապես էրիթրոցիտներով, սպիտակը կազմված է լիմֆոիդային հյուսվածքից, որտեղ առաջանում են լիմֆոցիտները։ Փայծաղը արյան հունից որսում է վնասված էրիթրոցիտները, միկրոօրգանիզմները և օրգանիզմին օտար տարրերը, այստեղ առաջանում են նաև հակամարմիններ։ Քանի որ օրգանիզմում արյան ձևավոր տարրերն անընդհատ քայքայվում են (օրինակ՝ թրոմբոցիտները 1 շաբաթ անց), ուստի արյունաստեղծ օրգանների հիմնական ֆունկցիան արյունը բջջային տարրերով լրացնելն է։

Արյան դեպո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան դեպոն՝ մարդու և կենդանիների օրգաններն են, որտեղ պահեստվում է որոշակի քանակությամբ արյուն։ Օրգանիզմի ամբողջ արյան մոտ 50%-ը չի մասնակցում շրջանառությանը, այլ պահվում է արյան դեպոյի օրգաններում՝ փայծաղում (մոտ 16%), լյարդում (մինչև 20%), մաշկում (մոտ 10%)։ Արյան դեպոյում պահեստված արյունը հիմնականում բաղկացած է ձևավոր տարրերից․ պլազմայի քանակությունն աննշան է։ Արյան դեպոյի օրգաններից արյունը շրջանառության մեջ է մտնում, երբ ավելանում է օրգանիզմի պահանջը թթվածնի նկատմամբ (ծանր ֆիզիկական աշխատանք), կամ շրջանառվող արյան մեջ նվազում է հեմոգլոբինի քանակը (արյունահոսությունների դեպքում), երբ օրգանիզմը գտնվում է մթնոլորտային ցածր ճնշման պայմաններում։ Արյան դեպոյի օրգանները խիստ կարևոր են արյան շրջանառության համար և ապահովում են օրգանիզմի հարմարվելը ներքին և արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։

Մարդու արյան դեպո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու մոտ ծնվելուց հետո նորմայում հիմնական արյունաստեղծ օրգան է համարվում կարմիր, կամ արյունաստեղծ ոսկրածուծը։ Կարմիր ոսկրածուծը մարդու մոտ հիմնականում տեղավորված է կոնքային ոսկրերի և երկար խողովակավոր ոսկրերի վերջավորությունների մակուղեղների մեջ։ Մարդկային սաղմում զարգացած է այսպես կոչված արտաոսկրածուծային արյունաստեղծումը։ Տվյալ դեպքում արյունաստեղծ օրգաններ են հանդիսանում՝ փայծաղը և լյարդը։ Արտաոսկրածուծային օջախների արյունաստեղծում կարող են հայտնաբերվել թե՛ երեխայի թե՛ մեծահասակի մոտ որոշ ախտաբանական պայմաններում, որոնք խախտում են ոսկրածուծային արյունաստեղծումը կամ առաջացնում են մեծ ծանրաբեռնվածություն արյունաստեղծ օրգանների վրա։ Օրինակ, շատ հաճախ արտաոսկրածուծային արյունաստեղծ օջախները տարբեր հյուսվածքների օրգանների մեջ (լյարդում և փայծաղում) հայտնաբերվում են լեյկոզի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։