Արյունահոսական նախատրամադրվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունահոսական նախատրամադրվածություն
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս blood coagulation disease[1]
Բժշկական մասնագիտություն արյունաբանություն
Հիվանդությունների բազա 1442
MeSHID D006474
Disease Ontology DOID:2213

Արյունահոսական նախատրամադրվածություն, (հեմոռագիկ դիաթեզ), հիվանդությունների խումբ, որը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ՝ մաշկի վրա, հոդերի խոռոչներում արյունազեղումների առաջացմամբ, արյունահոսությամբ (քթից, լնդերից, արգանդից, երիկամներից) և երկարատև արյունահոսությամբ՝ չնչին կտրած վերքից, ատամի հեռացումից և այլն։ Արյունազեղումներն ու արյունահոսությունն առաջանում են արյան մակարդելիության խանգարման և արյան անոթների պատերի թափանցելիության բարձրացման հետևանքով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունահոսային նախատրամադրվածությունը կարող է լինել ժառանգական և ի հայտ գալ արդեն մանկական տարիքում կամ ձեռքբերովի՝ դրսևորվում է ցանկացած տարիքում, հաճախ՝ որպես այլ հիվանդությունների բարդություն։ Բարձր արյունահոսելիությունը նկատվում է նաև արյան մակարդելիությունն իջեցնող առանձին դեղանյութերի ընդունման ժամանակ։ Բացի հակամակարդիչ դեղանյութերից, որոնք նշանակվում են արյան մակարդելիության բարձրացման ժամանակ արյան նախատրամադրվածությանը նպաստում են ջերմիջեցնող ցավազրկող դեղանյութերը (օրինակ՝ ացետիլսալիցիլաթթուն՝ ասպիրինը), ինչպես նաև օրգանիզմում վիտամինների (ասկորբինաթթու և ռուտին) անբավարարությունը՝ կապված ոչ ճիշտ սնման հետ (սննդում թարմ մրգերի, բանջարեղենի անբավարարության կամ սննդի խոհարարական մշակման կանոնները չպահպանելու դեպքում)։ Արյունահոսային նախատրամադրվածության պատճառը կարող է հաստատել միայն բժիշկը՝ հիվանդի մանրամասն հարցուփորձի և հետազոտության միջոցով։

Այդ հիվանդությունները բաժանվում են հինգ ենթախմբի՝

  1. արյան մակարդելիության խանգարումներ, երբ բացակայում է արյան մակարդմանը մասնակցող որևէ գործոն,
  2. թրոմբոցիտների գործունեության անբավարարություն՝ Վերլհոֆի հիվանդություն կամ թրոմբոցիտային պուրպուրա,
  3. անոթային համակարգության խանգարումներ (հեմոռագիական վասկուլիտ կամ Շենլեյն-Հենոխի հիվանդություն),
  4. հորմոնային խանգարման հետևանքով առաջացած արյունահոսային արգանդախտ և դաշտանադադարային հիվանդություններ,
  5. արյան մակարդմանը մասնակցող մի քանի գործոնների բացակայություն։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին դեպքերում պահանջվում է վիրահատական միջամտություն՝ փայծաղի հեռացում։ Հանկարծակի առաջացող արյունահոսությունների ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի կամ շտապ օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը (առավել հաճախ քթային արյունահոսության ժամանակ) հիվանդի համար ստեղծել հանգիստ պայմաններ. հորիզոնական դիրք տալ՝ թեթևակի բարձրացնելով գլուխը, քթարմատին սառը դնել, կարելի է քթանցքերի մեջ ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթով թրջած բամբակե կամ թանզիֆե խծուծ դնել։ Եթե հիվանդին նշանակված Են հակամակարդիչներ, ապա դրանց ընդունումն անմիջապես պետք է ընդհատել։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամինային անբավարարության հետ կապված արյունահոսելիության կանխարգելումը, ասկորբինաթթվով (խնձոր, սև հաղարջ, մասուր, կանաչ սոխ, թրթնջուկ, աղցան) և ռատինով (հնդկացորեն, ցիտրուսներ) հարուստ սնունդ, սննդի ճիշտ պատրաստում։ Սննդում նշված վիտամինների անբավարարության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ասկորբինաթթվի և ռատինի պատրաստուկներ։ Կանխարգելիչ միջոցառումները պետք է համաձայնեցնել բժշկի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 Disease Ontology release 2017-09-29 — 2017-09-29 — 2017.