Արմեն Օհանյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Օհանյան (այլ կիրառումներ)
Արմեն Օհանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1979(1979-05-17) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան (2000)
Մասնագիտությունարձակագիր և public relations executive

Արմեն Օհանյան (մայիսի 17, 1979(1979-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թ. մայիսի 17֊ին Երևան քաղաքում։

Նախադպրոցական տարիների մի մասն ապրել է հոր մանկավարժ ծնողների հետ՝ Սևանի մանկապատանեկան առողջարաններից մեկում, որտեղ վերջիններս աշխատում էին։ Ընտանիքի տեղափոխություններով պայմանավորված՝ սովորել է տարբեր դպրոցներում, իսկ ավագ դպրոցն ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտին առընթեր «Իմաստասեր» քոլեջի՝ ֆիզմաթ թեքումով դասարանում։

1996-2000 թթ. ուսանել է ԵՊՀ-ում, ստացել փիլիսոփայության բակալավրի դիպլոմ։

Ուսանողական տարիներին առաջին անգամ տպագրվել է «Այսօր»-ի հավելված «8 ու կես» շաբաթաթերթում, որտեղ վարել է մշակութային սյունակ։

2000-2007 թթ. եղել է գյուղական ուսուցիչ՝ հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքում, դասավանդել է նաև Մեղրու պետական քոլեջում։ Զուգահեռաբար 2000 թվականից ծավալել է հասարակական գործունեություն. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» ակտիվ անդամ է, «Սկսել ա» երիտասարդական շարժման հիմնադիրներից։

Մշտական բնակության վերադառնալով Երևան՝ 2007-2008 թթ. ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից իրականացված «Խաղա´ ժողովրդավարություն, դարձրո´ւ իրականություն» ծրագրի համակարգողի պարտականությունները. ծրագիր, որի արդյունքում ստեղծվել է առաջին հայալեզու, իրավա-քաղաքացիական բնույթի ուսուցողական համակարգչային խաղը՝ «Դարձի´ր նախագահ»։ Այնուհետ վերաորակավորվել է որպես հանրային կապերի մասնագետ, աշխատել տարբեր հաստատություններում, այդ թվում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում։

2008 թ.-ից միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում։ Մարտի մեկի իրադարձություններին հաջորդող երկու օրը Երևանի ոստիկանատներից մեկում ապօրինաբար պահվելուց հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է իր հեռակա ուսուցումը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։ 2013 թ.-ին ստեղծված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիրներից է։

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գերաստղ Մարիո»-ն՝ Հարություն Թումաղյանի համահեղինակությամբ. ՆՓԱԿ, 2012 թ.

Գրական ուղին մեկնարկել է բավական ուշ՝ 30 տարեկանում, սակայն կարճ ընթացքում հայ արդի գրական միջավայրում ճանաչում է ձեռք բերել՝ ստեղծելով ինտերակտիվ արձակի նորարար-փորձարարական գործեր։ Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր»[1] գրական հանդեսում, այնուհետև պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ»[2] գրական երիտասարդական թերթում։

Օհանյանի արձակին հատուկ է համահեղինակության սկզբունքը, որտեղ իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ, այնպես էլ՝ ցանկացած ընթերցող։ Խաղը նրա ստեղծագործությունների անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը։ Իբրև պոստմոդեռնիստ նա խախտում է գրական ավանդույթով սահմանված կարգը, վերաիմաստավորում անցյալը («Կիկոսի վերադարձը»[3], «Կարմիր բերԵՏ»)։ Հրապարակավ հանդես է եկել առկա հայ գրական գործընթացի կոշտ քննադատությամբ՝ համարելով այն բռնաճնշող մշակույթն ամրապնդող և նկարագրողական.

Չկան ազատաԳրողներ, գրականությունը նույնպես ազատաԳրական պայքարի կարիք ունի։

Արմեն Օհանյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ»[4] գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2011»-ի («Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար) և «Արձակ-2012»-ի («Գերաստղ Մարիոն» պատմվածքի համար) մրցույթների հաղթողներից է. պատմվածքները տեղ են գտել «16 պատմվածք» և «19 պատմվածք» ժողովածուներում։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինքնագիր
  2. «Գրեթերթ»
  3. «Արմեն Օհանյան - Կիկոսի վերադարձը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  4. «Գրանիշ»