Արմեն Մարտիրոսյան (հրատարակիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Արմեն Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել է1971
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1993)
Մասնագիտությունհրատարակիչ
Աշխատանք«Անտարես մեդիա հոլդինգի» հիմնադիր-տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյան (1971, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրատարակիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ.-ին ընդունվել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1993թ.-ին ավարտել է Մաթեմատիկական կիբեռնետիկա և հետազոտությունների ավտոմատացում ֆակուլտետը, ԵՊՀ ասպիրանտուրան, գիտական ատենախոսության թեման է «Գերմեծ ինտեգրալ սխեմաների լոկալ հետագծումը»։  6-րդ դասարանից սկսել է գրել և վաճառել համակարգչային ծրագրեր։ Աշխատել է որպես ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի պահակ։ 1988-1992 թթ.-ին աշխատել է «Առագաստ ԲԵՆ» ՓԲԸ-ում, Երևանի ոսկերչական գործարանում, ԵՊՀ ինֆորմացիոն կենտրոնում, ԵՊՀ տպարանում։ 1992 թ.-ին գործընկերների հետ հիմնել է «Անտարես» և «Սիեստա» ընկերությունները։ Առաջին հրատարակած գիրքը «Ազնավուրը կինոյում» հայերեն ու ռուսերեն գրքերն են (Գարեգին Զաքոյանի ընդհանուր խմբագրությամբ), իսկ առաջին պատվերը Մաթեմատիկայի խնդիրների շտեմարանն էր։ 1996 թ.-ից «Անտարես» ընկերության տնօրենն է։

Հասարակական գործունեություն սկսել է ծավալել 1998 թվականից։ Նպատակն այն համոզումն էր, որ միայն առողջ ուժերը համախմբելով ու նպատակասլաց գործունեություն իրականացնելով է հնարավոր պաշտպանել թե՛ քաղաքացու իրավունքները, թե՛ այն ոլորտների շահը, որոնց հատույթում գործում է «Անտարեսը»։ Հայաստանի գովազդային խորհրդի համահիմնադիրն ու նախագահն է (1998թ.)։ 1999 թ.-ին ավարտել է Լայպցիգի Գերմանական փաթեթավորման ինստիտուտը, ստացել մթերքի և կենցաղային ապրանքների փաթեթավորում մասնագիտացում։ 1999թ.-ից Հայաստանի փաթեթավորողների միության համահիմնադիր և խորհրդի անդամ է։ 2001 թ.-ից Հայաստանի գովազդային ոլորտը ներկայացնում է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության համակարգման խորհրդում։

Հայաստանի «Պոպոք» գովազդային փառատոնի նախագահն է։ Կիևի միջազգային գովազդային փառատոնի Արխիվացված 2019-01-04 Wayback Machine, Մինսկի «Սպիտակ քառակուսի», Սլովենիայի «Ոսկե թմբուկ», Մոսկվայի «Ոսկե խնձոր», Բալթյան երկրների «Ոսկե մուրճ» միջազգային փառատոների ներկայացուցիչն է Հայաստանում։ Երևանում նախաձեռնել և իրագործել է գովազդի միջազգային-կրթական համաժողովներ։

2008 թ.-ին մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում «Գովազդ» մասնագիտության հիմնադրման աշխատանքներին, որն այնուհետև վերածվել է Մեդիայի, կինոյի և գովազդի ինստիտուտի։ 2008 թ.-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրավերով մասնակցել է բիզնես-լոբբինգի դասընթացների, ունի գործարարության շահերի առաջխաղացման ու պաշտպանության մասնագետի որակավորում, կազմակերպում է Հայաստանի տարբեր գործարար համայնքների բիզնես շահերի պաշտպանությունը։ 2009 թ.-ից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, 2013 թվականից՝ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում եղել է պետական քննությունների հանձնաժողովի նախագահ։

2010 թ.-ից Արքմենիկ Նիկողոսյանի, Զավեն Բոյաջյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Նունե Թորոսյանի, Հռիփսիմե Մադոյանի, Աշոտ Գաբրիելյանի հետ և Հայաստանի ու արտերկրի թարգմանիչների մի մեծ խմբի մասնակցությամբ կազմակերպել և իրագործել է մոտ 400 համաշխարհային գրական կոթողների թարգմանություն 27 լեզվից։ «Անտարես» հրատարակչությունը ոլորտի առաջատարն է Հայաստանում։ Իր գործունեության ընթացքում հրատարակել է ավելի քան 3500 անուն գիրք։

Միաժամանակ մոտ քսան երկրներում ուսումնասիրում է ընթերցանության մակարդակի բարձրացման ծրագրերը և զբաղվում դրանց Հայաստանում տեղայնացման գործով։ 2010 թ.-ից ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների հետ նախաձեռնել է «Ընթերցման օլիմպիադա» Արխիվացված 2019-03-24 Wayback Machine ամենամյա ծրագիրը, որը անցկացվում է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում։ 2018թ.-ից այն անցկացվում է նաև Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի դպրոցներում (աջակից՝ dasaran.am Արխիվացված 2018-12-16 Wayback Machine): 2012 թ.-ին «Նեքսթ Փեյջ» ծրագրի շրջանակներում նրա ղեկավարած «Հայ գրականություն» հիմնադրամը կազմակերպել է և անցկացրել մի քանի միջազգային համաժողովներ՝ Հայաստան հրավիրելով աշխարհահռչակ հրատարակչությունների խմբագիրների, որոնք հնարավորություն ունեին Հայաստանում ծանոթանալ թե´ հայ գրականության, թե´ դրա ստեղծողների հետ։

Հրատարակչական ընկերություններ է հիմնել Ռուսաստանում, Վրաստանում, Ղրղզստանում։

«Հայ գրականություն» հիմնադրամի և «Գրքի ինստիտուտ» ՀԿ հիմնադիրն է։ Այս կազմակերպությունների շնորհիվ մի շարք հայ գրողներ թարգմանվել և հրատարակվել են արտերկրում։ Թուրքիայի հրատարակիչների միության հետ կազմակերպել և իրագործել է հայ հրատարակիչների այց Թուրքիա, հանդիպումներ Թուրքիայի հրատարակչություններում և գրախանութներում։ «Հայ գիրք» հրատարակչական ասոցիացիայի խորհրդի անդամ է (2014 թ.-ից)։

Հիմնադրել է «Սև ծով» միջազգային գրական մրցանակը։ Հայաստանի գործարարների միության և «Բեթ քոնսթրաքթ» ընկերության հետ հիմնադրել է «Լավագույն վեպ» հայաստանյան գրական մրցանակը։ Նախաձեռնել է «Արձակ» մրցույթը, որն անցկացվել է 3 տարի անընդմեջ 2012թ.-ից։ Ընտրված ստեղծագործությունները հրատարակվել են։ Նախաձեռնել է նաև «Կամուրջ» թարգմանչաց մրցույթը (2014-2015թթ.), որի գլխավոր նպատակը նոր թարգմանիչների հայտնաբերումն էր, ընդ որում՝ հնարավորինս նոր լեզուների ընդգրկմամբ։ Հաղթող թարգմանիչների հետ ընկերությունը պայմանագրեր է կնքել։

Շարունակական կրթության ջատագով է։

Ունի հետևյալ մասնագիտությունները. մաթեմատիկոս, շուկայագետ, գովազդող, քիմիկոս-նանոտեխնոլոգ, փաթեթավորող, պոլիգրաֆիստ, հրատարակիչ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարտիրոսյանն իր արտահայտած ադրբեջանամետ մտքերի, հրատարակչական որոշ գործունեության համար երբեմն հայտնվում է սուր քննադատության թիրախում[1][2][3][4][5][6][7]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 20-ին Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով նույն թվականի նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլացիոն համաձայնագրին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է Ադրբեջանի տեսակետը պաշտպանող հետևյալ բովանդակությամբ հրապարակումը՝ «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ էս է՞ ձեր մակարդակը։ Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։ Այս դիրքորոշման համար, որով հայկական կողմին մեղադրում է Ադրբեջանի տարածքներ օկուպացնելու մեջ, Արմեն Մարտիրոսյանը հայ հասարակության կողմից արժանացել է սուր քննադատությունների[1][2][3][4][5][6][7]։

Պետական բյուջեից վճարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հրապարակումների՝ Արմեն Մարտիրոսյանին պատկանող «Անտարես» հրատարակչությունը 2018 թվականից մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանց մրցույթի տարբեր պատվերների համար ստացել է 136.217.862 ՀՀ դրամ[1][5][6]։ Այդպիսի պատվերներից է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսով պատվերների տպագրությունը, որի համար ստացել է շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ[6]։ Այդ կարգախոսով պաստառները տեղադրվել են Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությամբ Հայաստանի անկախության տոնի առթիվ արժանացել է Երախտագիտության մեդալի[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել. Արմեն Մարտիրոսյանի սկանդալային գրառումը, (արխիվացված 22․09․2021թ․
  2. 2,0 2,1 Մտել են այլ պետության տարածք, տներ կառուցել, հիմա տարածքի տերն ասում է գնացեք. «Անտարեսի» տնօրենը պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը։
  3. 3,0 3,1 Ինչի՞ համար է պարգևատրվել Արմեն Մարտիրոսյանը, (արխիվացված 22․09․2021թ․
  4. 4,0 4,1 «Բոյկոտե՛լ «Անտարես»-ի գրքերը». Արմեն Մարտիրոսյանի սկանդալային գրառումը կոշտ արձագանք է ստացել։
  5. 5,0 5,1 5,2 Ի՞նչ գրառում էր կատարել Արեմն Մարտիրոսյանը և ինչո՞ւ հեռացրեց այն, (արխիվացված 22․09․2021թ․
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Հայաստանն իմ օջախն է» պաստառների պատվերն իրականացրած հրատարակչության տնօրենը հայերին մեղադրում է Արցախի և ՀՀ տարածքի որոշ հատվածներին «տիրելու» ու տուն կառուցելու մեջ։
  7. 7,0 7,1 «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը սկանդալային գրառում է արել, ապա ջնջել, (արխիվացված 22․09․2021թ․
  8. Հայաստանի Հանրապետության պետական պարգեվներով պարգևատրելու մասին։