Արմեն Հովհաննիսյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը զինվորականի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Արմեն Հովհաննիսյան։
Արմեն Լևոնի Հովհաննիսյան
հունիսի 30, 1994 - հունվարի 20, 2014 (19 տարեկանում)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահվան վայրԼՂՀ Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2012-2014
ԿոչումՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ

Արմեն Լևոնի Հովհաննիսյան (հունիսի 30, 1994 - հունվարի 20, 2014), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր[3]։ Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Հաճախել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում[3]։ Պատրաստվում էր դառնալ օպերատոր[4]։ Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել[3]։

Հերոսական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր[5]։

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ[6]։

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը[5]։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[6]։ Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։

Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր[7]։

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[8], նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով[2]։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 22-ին զինվորական կարգով Արմեն Հովհաննիսյանին հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ։ Սերժանտին հետմահու շնորհված մեդալը հանձնվեց Արմենի հորը՝ Լևոն Հովհաննիսյանին։ Հուղարկավորությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին, ազատամարտիկներ, մշակույթի և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ[9]։

Մոմավառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին կազմակերպվեցին մոմավառություններ, հոգեհանգստյան կարգ մատուցվեց Երևանում, Գյումրիում, Արցախում։ Հունվարի 21-ին Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ մի խումբ քաղաքացիներ հարգեցին Արմենի հիշատակը մոմավառությամբ նրա հայրենի տան առջև[10]։

Հունվարի 22-ին մոմավառությունները շարունակվեցին Երևանում, Գյումրիում, Արցախում։

Երևանում Հյուսիսային պողոտայում Արմենի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին մի խումբ երիտասարդներ, որոնց միացան տարբեր տարիքի անցորդներ։ Երիտասարդներն իրենց հետ բերել էին Արմեն Հովհաննիսյանի նկարը, որի շուրջ էլ վառեցին մոմերը։ Մոմավառությունը շարունակվեց մինչ ուշ գիշեր։

Գյումրու «Խաչքարերի պուրակ»-ում ևս տեղի ունեցավ մոմավառություն, իսկ Գյումրու Յոթվերք եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց[11]։

Մինչ Արմեն Հովհաննիսյանին հերոսին վայել կարգով հանձնում էին հողին, հոգեհանգստյան արարողություն էր կատարվում նաև Արցախում. ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, մեծ ու փոքր քաղաքացիներ։ Հոգեհանգստի արարողությունն ու մոմավառությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում[12]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հովհաննիսյանին նվիրված փառքի անկյուն Ավան վարչական շրջանի այն տանը, որտեղ նա ապրել է

2014 թվականի հունիսի 30-ին՝ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, հայրական տանը բացվեց նրա անունով թանգարան։ Թանգարանը հենց զոհված կրտսեր սերժանտի սենյակն է, որտեղ հավաքվել են նրա իրերը[13]։

2014 թվականի դեկտեմբերի 23-ին «Դե Ֆակտո» ամսագրի կողմից Արմեն Հովհաննիսյանը ճանաչվեց «Տարվա մարդ»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիվերսիայի հետևանքով զոհված կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  2. 2,0 2,1 «Սերժ Սարգսյան․ «Նոր սերունդը շարունակում է մեր բանակի լավագույն ավանդույթները»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian). Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «Արմենը կես ժամ միայնակ կռվել է թշնամու դեմ». news.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  4. ««Հերոս սերժանտի մասին պատմում են մայրն ու տատը»». slaq.am. 2014 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  5. 5,0 5,1 «Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով | ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ, տեսանյութեր». www.pastinfo.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  6. 6,0 6,1 «Հերոս սերժանտը. Մանրամասներ գիշերային դիվերսիայից». Lragir.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  7. «Հերոս զինվորի լուսանկարը՝ հարձակման ենթարկված ադրբեջանական կայքերում». asekose.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  8. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  9. «Արմենի մեդալը Եռաբլուրում հանձնեցին նրա հորը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  10. «Մոմավառություն՝ ի հիշատակ եւ երախտագիտություն կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը». blognews.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. «Մոմավառություն՝ ի հիշատակ հերոս զինվորի | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  12. «Ստեփանակերտում հարգել են Արմեն Հովհաննիսյանի հիշատակը (ֆոտո) | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  13. «Սահմանին զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը». Թերթ.am. 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  14. ««Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…». Ա. Հովհաննիսյանը՝ Տարվա մարդ». shamshyan.com. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]