Խռնդատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արճիճուկից)
Խռնդատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
L., 1753

Խռնդատ (լատին․՝ Verbáscum), խլածաղկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր, հազվադեպ փոքրիկ թփուտներ են։ Հայտնի է մոտ 240 տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում՝ 46։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խռնդատի ծաղկի դիագրամը[1]

Ցողունի բարձրությունը 60-150 սմ է, տերևները՝ հակադիր, ծաղկաբույլը՝ գագաթնային, հուրան կամ ողկույզ, պտուղը տուփիկ է։ Հանդիպում է ԽՍՀՄ եվրոպական մասում, Կովկասում (տեսակների մեծ մասը), Սիբիրում, Միջին Ասիայում։ Աղբոտում է խոտհարքները, արոտավայրերը, ցանքսերը։ Սրանք բնորոշ են թաղիքավոր, հակադիր դասավորված, երկարավուն տերևներով։ Խռնդատը աճում է չոր տափաստաններում, անտառեզրերին, բացատներում, քարքարոտ և տրորված լանջերին, ավազուտներում, աղբուտներում, ճամփեզրերին և այլուր։ Պտղակալում է կանոնավոր, ձմեռում՝ լավ։ Չորադիմացկուն է՝ շնորհիվ խոր գնացող արմատի և խավոտ թավիկների, որոնք պատելով ամբողջ բույսի վերգետնյա մասը, նվազեցնում են ջրի գոլորշացումը։ Ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում՝ հուլիս-սեպտեմբերին։ Դեղորայքային խռնդատների առէջքներից նույն ծաղկի մեջ 3-ը թավոտ են, ծածկված դեղին կամ սպիտակ մազմզուկներով, իսկ երկուսը մերկ են։ Մինչդեռ ոչ դեղորայքային տեսակների բոլոր առէջքները համատարած մերկ են կամ թավոտ՝ ծածկված մանուշակագույն մազմզուկներով։ Ցեղի «վերբասկում» անունը ծագել է լատինական «բարբասկում»՝ «բարբա» բառից, որը նշանակում է մորուք, ելնելով այն բանից, որ ամբողջ բույսը ծածկված է թավիկներով[2]։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկապսակներում հայտնաբերված է մինչև 2,5% լորձ, մոտ 11% շաքար տրիտերպենային գլիկոզիդներ՝ սապոնինների ձևով, ֆլավոնոիդներ, եթերայուղ, խեժ կումարին, կարոտին, С վիտամին, ֆոսֆորաթթու, խնձորաթթու, ներկանյութ։ Տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, հեմոլիտիկ սապոնին, արմատները՝ ածխաջրեր, իսկ ամբողջ բույսը՝ գլիկոզիդ աուկուբին։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի ծաղկապսակները, իսկ ժողովրդական բժշկության մեջ՝ նաև տերևներն ու արմատը։ Ծաղիկները հավաքում են լրիվ բացվելուց անմիջապես հետո՝ պարզ, արևոտ օրերին, չորացնում մութ սենյակում կամ չորացնում։ Ճիշտ չորացնելիս ծաղիկները պահպանում են իրենց բնական գույնը։ Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 16-18%-ը, խիստ խոնավածուծ է, որի համար էլ այն պահում են հերմետիկ, մուգ գույնի բանկաների մեջ, 2 տարի։ Ամիրդովլաթը «մահի զահրաճ» անվան տակ, նշում է, որ եթե բույսը ծեծեն և հյութը կաթեցնեն ատամին, կկտրի ցավը։ Նույն հյութը, ներքին ընդունման ձևով օգնում է հազին, գինու հետ խառնած՝ կտրում լուծը։ Տերևի եփուկը սպեղանու ձևով բուժում է բորբոքական ուռուցքը, իսկ մեղրի կամ գինու հետ տրվել է օձահարին, կարճահարին, դրվել է խոցակալված հին վերքերի վրա։ Ժովովրդական բժկության մեջ դեղաբույսն ունի հին պատմություն։ Ծաղիկներից ու տերևներից պատրաստված ջրաթուրմն օգտագործվել է շնչուղիների, փայծաղի և ստամոքսաաղիքային տրակտի բուժման համար։ Բույսն ամբողջովին օգտագործել է թոքաբորբերի ժամանակ։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բույսը անվանում են «արքայական գայիսոն»։ Այն կիրառվում է կոկորդի և թոքերի հիվանդությունների, դիզենտերիայի, ստամոքսի կատառի, թութքի, լյարդի և փայծաղի որոշ այլ հիվանդությունների դեպքում։ Ծաղկաթուրմն օգտագործվում է որպես հանգստացնող, հակաբորբոքիչ, հակացնցումնային, արյունահոսությունը դադերեցնող միջոց։ Ֆրանսիայում դեղաբույսը համարվում է հակաբորբոքիչ, ցավազրկող և հազը փափկացնող միջոց։ Կիրառվում է նաև որպես թեթև լուծողական։ Բուլղարիայում և Լեհաստանում ծաղիկներից պատրաստված թուրմը օգտագործվում է վերին շնչուղիների բորբոքումների, կապույտ հազի, շնչարգելության և բրոնխիալ ասթմայի ժամանակ։ Եփուկով գործածում են մազաթափության դեպքում։ Հնդկական բժշկության մեջ բույսի վերգետնյա մասը հայտնի է որպես հակաասթմատիկ, իսկ սերմերը՝ որպես քնաբեր միջոց։ Դեղաբույսն ունի նաև միջատասպան և հակաբիոտիկ հատկություն։

Պայքարի միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզանի երեսվար, ճիշտ վար, հունձը՝ մինչև ծաղկումը։ Բժշկության մեջ որոշ տեսակների ծաղիկների պսակը օգտագործվում է որպես փափկացնող, խորխաբեր միջոց։ Մշակվում է դեկորատիվ տեսակը։ Հայաստանում տարածված է ամենուրեք։

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները որոշ դեպքերում օգտագործվում են լիկյորի և օղու արտադրության մեջ խմիչքի համը լավացնելու համար։ Սերմերը թունավոր են ձկնեի համար[3]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

V. nigrum
Verbascum boerhavii
Verbascum giganteum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Федченко Б. А. Коровяк — Verbascum // Флора СССР / Ботанический институт имени В. Л. Комарова Академии наук СССР; Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Редакторы тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во Академии наук СССР, 1955. — Т. XXII. — С. 122—170.
  • Коровяк — статья из Большой советской энциклопедии Проверено 28 сентября 2009 г.
  • Коровяк // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. Проверено 13 марта 2009 г.
  • Flora of China։ Verbascum

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Strasburger, Noll, Schenck, Schimper: Lehrbuch der Botanik für Hochschulen. 4. Auflage, Gustav Fischer, Jena, 1900
  2. Հայաստանի դեղաբույսեր, Ա․ Թորոսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1983
  3. Թորոսյան Ա․Ա․ Հայաստանի դեղաբույսերը, Երևան, Հայաստան, 1983

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92