Արճեշի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արճեշի գրչության կենտրոն, գործել է 13–17-րդ դարերում, Մեծ Հայքի Արճեշ քաղաքում։ Հիշատակվող առաջին գրիչը Ստեփանոսն է։ Սակայն գրչության ծաղկումը կապվում է Սիմեոն Արճիշեցու անվան հետ, որը խոր հետք է թողել ոչ միայն Արճեշի, այլև ողջ Վասպուրականի գրչության՝ հատկապես մանրանկարչության արվեստում։ Նրանից պահպանվել է 5 ձեռագիր, 4-ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, մեկը՝ ԱՄՆ-ում (Քյուրդյանի հավաքածու)։ Հիշվում է Գրիգոր Տաուշեցի գրիչը (1287)։ 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարի սկզբներին Արճեշում ընդօրինակություններ են կատարել, կազմարարությամբ և մանրանկարչությամբ զբաղվել Աբրահամ, Խաչատուր, Ստեփանոս և Հակոբ գրիչները։ Նրանց գործը շարունակել են աշակերտները։ Հայտնի են Սիմեոնի որդի Դեոսկուրոսը և նրա ընկեր Հովհաննեսը, որոնցից մեզ են հասել երկու մեծ ճաշոց։ Արճեշում գրչությունը առավել զարգացման է հասել 15-րդ դարի․ առաջին կեսին, երբ Մեծոփավանքում սկսել է գործել Գրիգոր Տաթևացու հիմնադրած և Թովմա Մեծոփեցու գըլխավորած բարձր տիպի գրչության դպրոցը։ Արճիշեցի Կարապետ գրիչը հետագայում դարձավ Մեծոփավանքի դպրոցի ուսուցիչ։ Նրան աշակերտել են իր որդիներ Ստեփանոսը, Ազարիան, Մանկասարի որդի Հովհաննեսը, որոնք դպրոցն ավարտելուց հետո վերադարձել են Արճեշ։ Այստեղ էին նաև նույն դպրոցի սաներ Մինասը, կազմարար Հերպերը, Խալիֆան և ուրիշներ, որոնց ջանքերով 15-րդ դարում Արճեշը հռչակվեց որպես հայ գրչության արգասավոր կենտրոն։ Հովհաննես Մանկասարենց գրիչը ընդօրինակել է 132 ձեռագիր, որի մեծ մասը՝ Արճեշում։ Մանկասարենցի դպրոցից հայտնի է 10 աշակերտ, որոնց մի մասը Արճեշում շարունակեց իրենց ուսուցչի գործը։ Արճեշի գրչության կենտրոնից մեզ հասած ձեռագրերից մոտ 40-ը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մի քանիսի միայն հիշատակություններն են պահպանվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 88