Արհեստական սնուցում
Արհեստական սնուցում, բուժման մեթոդ, որի օգնությամբ բնական ճանապարհով (բերանով) սնուցման անհնարինության կամ անբավարարության դեպքերում օրգանիզմն ապահովվում է բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերով և ջրով։ Սննդանյութերն օրգանիզմ ներմուծելու եղանակից կախված՝ տարբերում են զոնդաղիքային (էնտերալ) և արտաաղիքային (պարէնտերալ) սնուցում։
Զոնդաղիքային սնուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոնդաղիքային սնուցումը սովորաբար իրականացնում են հիվանդանոցում, փափուկ բարակ ռետինե կամ սիլիկոնային խողովակով (զոնդով), որը ստամոքս է տարվում բերանի կամ քթի, ինչպես նաև վիրահատական եղանակով՝ ստամոքսի կամ հաստ աղիքի պատերին բացած արհեստական խուղակների միջոցով։ Արհեստական զոնդաղիքային սնուցումն իրականացնում են բերանի խոռոչի օրգանների, կոկորդի, ըմպանի և կերակրափողի ոչ վիրահատելի ուռուցքների ու վնասվածքների դեպքերում կամ դրանց վիրահատությունից հետո, ծանր գանգագլխուղեղային վնասվածքների ժամանակ գիտակցության երկարատև կորստի, տարբեր պատճառներից առաջացած կոմային վիճակի, կլման խանգարումների, տարածուն այրվածքների և այլ դեպքերում։ Զոնդաղիքային սնուցման համար օգտագործում են հատուկ խառնուրդներ, որոնք պարունակում եՆ արգանակ, կաթ, կարագ, հում ձու, հյութեր, ինչպես նաև հատուկ սննդախառնուրդներ։ Անհաս երեխաների զոնդաղիքային սնուցումը կիրառում են ծննդաբերական վնասվածքների, բերանի խոռոչի, ըմպանի, կերակրափողի, ստամոքսի լորձաթաղանթների այրվածքների դեպքերում, ինչպես նաև կերակրափողի և ստամոքսի հետվիրահատական շրջանում։ Նորածինների համար լավագույն սննդանյութը մանրէազերծած մայրական կամ դոնորական քամած կաթն է, իսկ կրծքի երեխաների համար՝ կաթը, կեֆիրը և այլ սննդամթերքներ, որոնցով երեխաները մինչ այդ սնվել են։ 1 տարեկանից բարձր երեխաներին տրվող սննդախառնուրդները նույնն են, ինչ մեծերինը։
Արտաաղիքային սնուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաաղիքային սնուցման ժամանակ սննդանյութերն օրգանիզմ են ներմուծվում՝ շրջանցելով ստամոքսաղիքային համակարգը (ավելի հաճախ ներերակային, հազվադեպ՝ ենթամաշկային, միջմկանային, ներոսկրային)։ Դա իրականացվում է առավելապես հիվանդանոցային պայմաններում։ Նման սնուցում են կատարում կոկորդի, ըմպանի, կերակրափողի, կրծքավանդակի և որովայնի խոռոչի լայնածավալ վիրահատություններից հետո առաջին օրերին, ծանր այրվածքների, վնասվածքների, վերակենդանացնող միջոցառումների՝ արհեստական շնչառության սարքերի երկարատև գործածմամբ, նյարդային և հոգեկան հիվանդությունների (օրինակ՝ երբ հիվանդը սննդից հրաժարվում է), ծանր ստամոքսաբորբի, հաստ աղիքի խոցային բորբոքման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության և լյարդի հիվանդությունների դեպքերում։ Օգտագործում են հատուկ սպիտակուցային պատրաստուկներ (կազեինի հիդրոլիզատ, հիդրոլիզին, ամինոպեպտիդ և այլն), ամինաթթվային խառնուրդներ (բազմամին), ճարպային էմուլսիաներ, աղային լուծույթներ, խաղողաշաքար, վիտամիններ և այլն։
Երեխաների արտաաղիքային սնուցումը կիրառում են ստամոքսի և բարակ աղիքների ծանր բորբոքումների, մարսողության թունավոր խանգարման, որովայնամզի տարածուն բորբոքման, տարածուն այրվածքների դեպքերում, ստամոքսաղիքային համակարգի օրգանների ծանր վիրահատություններից հետո առաջին օրերին, ինչպես նաև զոնդաղիքային սնուցման անհնարինության և անբավարարության դեպքերում։ Օգտագործում են նույն պատրաստուկները, ինչ և մեծերի համար։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 81)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |