Արհեստական ոռոգումը Վանի թագավորությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական ոռոգումը Ուրարտուում, ոռոգման համակարգը Ուրարտուում։

Ուրարտուի զբաղեցրած տերիտորիայում երկրագործության ինտենսիվ զարգացումն անհնարին էր առանց արհեստական ոռոգման, որովհետև մթնոլորտային տեղումները չափազանց սակավաթիվ են եղել։ Հետևաբար, ջրային ռեսուրսները ունեցել են առաջնակարգ նշանակություն հին արևելյան այդ պետության երկրագործության, այգեգործության-խաղողագործության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար։

Ուրարտական թագավորներից, որքան հայտնի է, առաջինը Մենուան էր, որն իր շինարարական գործունեության մեջ որոշակի տեղ հատկացրեց ոռոգման լայն ցանցի ստեղծմանը՝ պետության կենտրոնական նահագներում։ Ուրարտացիների ջանքերով ստեղծված ոռոգման ցանցում առանձնահատուկ տեղ է գրավել Մենուայի կողմից կառուցված մայրաքաղաք Տուշպա-Վանին։

Այս ջրանցքը կառուցված պետք է լինի մ.թ.ա. 9-րդ դարի վերջերին՝ Մենուայի թագավորության սկզբնական շրջանում։

Մենուայի ջրանցքին ջուր են տվել Վերին Մժնկերտ գյուղի մոտերքի ժայռից բխող բազմաթիվ աղբյուրները։ Նրա ակունքներից հինգ կիլոմետր հյուսիս հոսում ե Հայոց ձոր կամ Խոշար գետը, որին միախառնվում էին Մժնկերտի ջրերը, նախքան ջրանցքի կառուցումը։

Ջրանցքի ակունքների և Տուշպա-Վանի միջև ընկած տարածությունը ուղիղ գծով կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի հունը ընթանում է ոլորաններով և նրա ընդհանուր երկարությունը հասնում է մոտ 80 կիլոմետրի։

Տուշպայի ջրանցքը հազարամյակների ընթացքում ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է և ոչ միայն մինչև օրս պահպանել է իր գոյությունը, այլև Վանից բացի, իր ճանապարհին շարունակում է ապահովել թվով 25 գյուղերի ցանքադաշտերի, պտղատու և խաղողի այգիների ոռոգումը հինավուրց Հայոց ձոր գավառում։

Ջրանցքի ակունքներից ոչ հեռու կա մի լճակ, որի հատակից ևս դուրս են ժայթքում բազմաթիվ աղբյուրներ։ Ջրանցքի ակունքներից հոսող ջրերը նախապես թափվում են այս ջրավազանը և այնուհետև շարունակում իրենց ուղղությունը մինչև Վերին Մժնկերտ, որի մոտ ջրանցքը չափազանց հորդառատ է և այժմ սպասարկում է թվով 40 ջրաղացներ։

Մենուայի ջրանցքը, այնուհետև Խառնուրդ գյուղով ձգվում է մինչև Խոշար գետը և, անցնելով գերանակապ ջրատար կամրջի վրայով, ուղղությունը փոխում է դեպի Վան, Ներքին Մժնկերտ գյուղի մոտ հանդիպում է ջրանցքի կառուցումն ավետող առաջին սեպագիր արձանագրությունը։

«Խալդի Աստծո գոյությամբ, Մենուան, Իշպուինիի որդին, այս ջրանցքը անցկացրեց։ «Մենուայի ջրանցք» է անունը։ Խալդի աստծո մեծությամբ Մենուան արքա է հզոր, արքա մեծ, արքա Բիայնիլի երկրի տերը, Տուշպա քաղաքի» Հետևում է, այսպես կոչված, անձիքի բանաձևը՝ արձանագրությունը ոչնչացնողների կամ եղծողների նկատմամաբ։ Պատահական չէ, որ Մենուայի ջրանցքի կառուցմանը վերաբերող թվով 14 արձանագրություններ, ինչպես ասվեց, տեղադևված են սկսած ներքին Մժնկերտից։ Այս փաստը բացատրվում է նրանով, որ ջրանցքի շինարարությունն այստեղւց սկսած զգալիորեն արագացել է։ Ծանր է եղել մանավանդ Արտամետ գյուղից սկսվող տեղամասը, ուր ջրանցքը անընդհատ անցնում է ձորերով ու բարձունքներով։

Ճանապարհորդներին հիացմունք է պատճառել Մենուայի ջրանցքի արտակարգ զուլալ ջուրը և նրա զարմանալի արագ ընթացքը, որն առանձնապես աչքի է զարնում ջրանցքի ակունքների մոտ գտնվող լճակից մինչև Խոշոր գետի գերանակապ կամուրջը։

Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում ոչ միայն Ուրարտուի, այլև Հին Արևելքի ոռոգման սիստեմում։ Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում, ճիշտ այնպես, ինչպես Ուրմիա լճից հյուսիս անցկացված Ուլխուի ուրարտական ջրանցքն ասորեստանյան թագավոր Սարգոն Բ-ը ուղղակի համեմատում է Եփրատի հետ։

Պետության մայրաքաղաքի մյուս հատվածը՝ Ռուսախինիլին ոռոգման տեսակետից ավելի ուշ է արժանացել ուրարտացիների ուշադրությանը։ Այդ բացատրվում է արքաների նստավայրի տեղափոխությամբ Տուշպայից (Վան) Ռուսախինիլի (Թոփրախ-կալե)։

Ռուսախինիլիի ջրանցքի մասին պատոմւմ է Ռուսա Ա-ի (մ.թ.ա. 8-րդ դար) Քեշիշ-գյոլի («Քահանայի լիճ») մոտ թողած արձանագրությունը, որի համաձայն ուրարատական այդ թագավորը Վանից դեպի արևելք, Տոնի գյուղի մոտակայքում, հիմնել է արհեստական լիճ՝ «Ռուսայի ծով» անվամբ։ Լճի ջրերից օգտվելու նպատակով նրանից անցկացվել է ջրանցք, որը ջուր է մատակարարել Ռուսախինիլիին։ Արձանագրությունը հիշատակում է նաև «ամայի հողերի» մասին, որոնք ջրանցքի կառուցումից հետո ընդգրկվել են նորաստեղծ ոռոգման ցանցում։

Ռուսախինիլիի ջրանցքը, որի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 25 կմ, հնարավորություն է ընձեռել այստեղ հիմնելու ցանքադաշտեր, խաղողի այգիներ և արհեստական անտառներ, որոնք գտնվել են Տուշպա-Ռուսախինիլիի ճանապարհին։

Ռուսայի հիշյալ արձանագրության տվյալները հիմնովին հաստատվում են արհեստական լճի շրջակայքում հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներով։ Դեռևս 19-րդ դարի վերջին Վ. Բեյքն այստեղ դիտել է ոռոգման սիստեմի հետքեր, որոնք լճից տանում են դեպի Կոխբանց, Աղգա և Շուշան գյուղերն ու նրանց դաշտերը։

Քեշիշ-գյոլլի շրջանում Ռուսա Ա-ի կառուցած վիթխարի ջրավազանը մինչև օրս շարունակում է իր գոյությունը։ Արհեստական այդ լճի արևմտյան մասից հոսող ջրերը ճանապարհին իրենց մեջ են առնում բնական պաշարներ և այժմ էլ շարունակում են Թոփրախ-կալեի շրջակայքում ընկած ցանքատարածությունները։

Բելքի և Լեման-Հաուպտի հետազոտությունները միաժամանակ պարզել են, որ Ռուսախինիլիի ջրանցքի որոշ հատվածներ ընթացել են ստորերկրյան խողովակներով, որոնց գոյության փաստը հաստատվում է Ռուսա թագավորի կառուցած Ուլխուի ջրանցքի մասին եղած գրավոր տվյալներում։

Ռուսա Ա-ի ստեղծած ոռոգման ցանցի հաջորդ տեղամասը ընկած է եղել Ուրմիո լճից հյուսիս գտնով Սանգիպուտո նահանգը Ուլխու քաղաքի շրջանում։ Այդ մասին հետաքրքիր տվյալներ է պարունակում Ռուսա Ա-ի ժամանակակից ասորեստանյան թագավոր Սարգոն Բ-ի հայտնի վավերագիրը՝ «Լուվրի աղյուսակը»։

Ուլխուի բնակիչները,-ասված է այնտեղ, ինչպես ձկներն են ցամաքում տոչորվում, ոչ խմում էին, ոչ էլ հագենում։ Ռուսայի կամքով այստեղ ջրանցք է կառուցվում, որի ջրերը հոսում են Եփրատի նման։ Ջրանցքի ընդհանուր հունի ճյուղավորված անթիվ առուներն առատ ջուր են մատակարարում նորամշակ արտերին։ Ուլխուի հողերը, որոնք հնուց ի վեր անջրդի էին, ոռոգվում են, նրանց վրա անձրևի նման թափվում պտուղներն ու խաղողը։ Այստեղ աճեցին սոսիներ ու վեր խոյացան այլ ծառեր, որոնք ստվեր էին ձգում չորսդին և զարդարում Ուլխուի պալատը։ Երբեմնի անմշակ հողերը 300 «իմեր» բերք պարգևեցին և տեղի բնակիչները դրա պատվին ձոնեցին ուրախ «ալաալու»-ներ՝ բերքահավքի երգեր։ Ուլխուի ամայի հողերը Ռուսան վերածեց մարգագետինների, որոնք փարթամորեն կանաչում էին տարեմուտին. խոտը և արոտավայրը չէին վերանում ոչ ամռանը, ոչ էլ ձմռանը։ Անասունների համար նրանք դարձան հիանալի արոտատեղիներ։ Իր սրտի ցանկությամբ ուրարտական արքան ջրանցքի ափին կառուցեց պալատ, որին շրջապատող նոճիները անուշ բույր էին տարածում։

Ջրանցքի ստորերկրյա խողովակները ասորեստանցիները «ցույց են տալիս արևին», այսինքն՝ քարուքանդ են անում, քաղաքի հաստաբուն ծառերը՝ Ռուսայի պալատի զարդարանքը, կրտում էին, փայտակույտերի վերածում և կրակի ճարակ դարձնում։

«Լուվրի աղյուսակը» չի ակնարկում, թե ջրային ինչ պաշարներից է սնվել Ուլխուի ջրանցքը։ Սակայն կարելի է ենթադրել, որ այդպիսի աղբյուր ջրանցքի համար կարող էր ծառայել Արաքսի վտակներից մեկը՝ Կարմիր (Կոտոր) գետը։

Վանա լճի հարավային ափին մեծ աշխատանքներ է կատարել Մենուան։ Աղթամարի արձանագրության համաձայն, ջրանցքն այստեղ ինչ-որ գետից հասցվել է մինչև Երինու երկիրը և Մենուախինիլի քաղաքը, որի հետևանքով Ուիշի քաղաքը և ամբողջ Աիդու (Այդու) նահանգը ընդգրկվել են նորաստեղծ ոռոգման ցանցի մեջ։

Վանա լճի Հյուսիսային ափերը շատ ավելի բարենպաստ աշխարհագրական ու կլիմայական պայամններ են ունեցել բնակչության երկրագործական ու այգեգործական զբաղմունքի համար։ Այդ պատճառով էլ ուրարտական թագավորները մեծ ուշադրություն են դարձրել այս տերիտորիաների ոռոգմանը։ Այդ մասին են պատմում Բերկրիում և Արճեշի շրջանում հայտնաբերված արձանագրությունները։

Բերկրիի ջրանցքը, ըստ երևույթին, սնվել է Վանա լիճը թափվող Բենդիմաիհի գետից, իսկ Արճեշի շրջանում անցկացված ջրանցքներին իբրև աղբյուր ծառայել է Կալիալա գետը և նրա հիմքի վրա Արգիշտի Բ-ի կողմից կառուցված արհեստական լիճը։ Արձանագրությունները հիշատակում են, որ մինչև արհեստական լճի և ջրանցքների կառուցումն այստեղ հողը եղել է ամայի, սակայն հետագայում ստեղծվել են ցանքադաշտեր, պտղատու և խաղողի այգիներ։

Արածանիի ավազանը հնուց ի վեր աչքի է ընկել իր բերրի հողերով և հարուստ ջրային պաշարներով։ Խորխորյան տարեգրությունը և Արծվաբերդի արձանագրության վկայությամբ, ոռոգման հիմնական աղբյուրը այստեղ եղել է Դաինալա (Արածանի) գետը, որի աջ և ձախ ափերից էլ անցկացվել են ջրանցքները՝ Տուարածիի (Տուարածատափ) և Ալիայի (Աղիովիտ) ոռոգման կարիքները բավարարելու համար։ Այնուհետև, մի ամբողջ շարք արձանագրություններ լույս են սփռում ուրարտացիների կողմից կազմակերպված համատարած ջրանցքաշինության վրա՝ Մանազկերտի շրջանում։ Այստեղ առանձնապես աչքի է ընկել Մենիզաինի, Ուկուանի, Զուգուխե, Իրնունի և Աբասինի բնակավայրերին պատկանող հողատարածությունների ջրային ցանցը։

Արարատյան բերրի դաշտում ոռոգման աշխատանքներն են ձեռնարկվել հատկապես Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինի վարչա-տնտեսական կենտրոններին հարող տերիտորիաներում։

Արգիշտի Ա-ի արձանագրությունները պատմում են Արաքսի ձախ ափին՝ Արգիշտիխինիլիի շրջակայքում ծավալված ջրանցքաշինության մասին։ Այդպիսի ջրանցների թիվը այստեղ հասել է հինգի, որոնք բոլորն էլ սնվել են Արաքսի ջրից։ Դրանց գոյությունը հաստատվում է նաև պահպանված նյութական մշակույթի մնացորդներով։ Ուրարտական մայր առուն այստեղ սկիզբ է առել Արաքսի ձախ ափին ընկած Կարակալայի ավերակների մոտերքից և այնուհետև ճյուղավորվել Արարատյան դաշտում կամ ուրարտական Ազա երկրում։

Արարատյան դաշտում աչքի է ընկնում նաև Ռուսա Բ-ի կառուցած Ումեշինի ջրանցքը, որը սկզիվն է առնում Իլդարունիա (այժմ՝ Հրազդան) գետի՝ Կարմիր բլուրում հանդիպակաց ափից, կտրում ժայռափոր թունելը և այնուհետև ընթանում Երևան-Էջմիածին խճուղուն զուգընթաց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաքելյան Բ., Գալոյան Գ., «Հայ ժողովրդի պատմություն» էջ 359