Արկտիկական անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկտիկական անապատը նշված է մոխրագույնով

Արկտիկական անապատ (անգլ.՝ Arctic desert), Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի, արկտիկական աշխարհագրական գոտու մաս։ Դա բնական գոտիներից ամենահյուսիսայինն է, բնորոշվում է արկտիկական կլիմայով։ Տարածքը ծածկված է սառցադաշտերով, խճաքարով և քարաբեկորներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը օդի ջերմաստիճանը ցածր է՝ մինչև -60 °С, հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -30 °С, իսկ հուլիսին՝ +3 °С: Ձևավորվում է ոչ միայն բարձր լայնությունների ցածր ջերմաստիճաններով, այլ նաև ձնից տաքության արտացոլման՝ ալբեդոի հետ։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է մինչև 400 մմ։ Ձմռանը հողը հագենում է ձյան շերտերով և հազիվ հալված սառույցից, որոնց մակարդակը կազմում է 75-300 մմ։

Կլիման Արկտիկայում շատ խիստ է։ Սառույցի և ձյան ծածկույթը մնում է գրեթե ամբողջ տարի։ Ձմռանն այստեղ երկար բևեռային գիշեր է (հս.լ. 75˚ - 98 օր, հս.լ. 80˚ -127 օր, բևեռի շրջանում՝ կես տարի)։ Դա տարվա ամենացուրտ ժամանակն է։ Ջերմաստիճանն հասնում է -40 °С և ավելի ցածր, փչում են ուժեղ փոթորիկներ, հաճախ բուք ու բորան է լինում։ Ամռանը շուրջօրյա լույս է լինում, սակայն տաքությունը քիչ է, հողը չի հասցնում ամբողջությամբ հալչել։ Օդի ջերմաստիճանը 0 °С-ից քիչ բարձր է։ Երկինքը հաճախ ամպամած է, անձրև է տեղում (երբեմն նաև ձյուն), օվկիանոսի մակերեևույթից ուժեղ գոլորշացման պատճառով գոյանում են խիտ մառախուղներ[1]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկտիկական անապատը գրեթե զուրկ է բուսականությունից։ Այստեղ չկան թփուտներ, քարաքոսերը և մամուռները համատարած ծածկույթ չեն գոյացնում։ Բուսականությունը մեծ մասամբ բաղկացած է բոշխից, որոշ հացազգիներից, քարաքոսերից և մամուռներից։ Բուսականությունը շատ դժվար է վերականգնվում։ Կենդանական աշխարհը գերազանցապես ծովային է։ Այստեղ հանդիպում են ծովացուլեր, փոկեր, ամռանը լինում են թռչնաշուկաներ։ Ցամաքային կենդանական աշխարհն աղքատ է՝ բևեռաղվես, սպիտակ արջ, լեմինգներ[2]։

Արկտիկական անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկտիկական անապատների գոտին բոլոր բնական գոտիներից ամենահյուսիսայինն է, տարածվում է Արկտիկայի բարձր լայնություններում։ Նրա հարավային սահմանը մոտավորապես անցնում է հս.լ. 71˚-ով։ Գոտին ներառում է Արկտիկական ավազանի կղզիները՝ Գրենլանդիան, Կանադական կղզեխմբի հյուսիսային հատվածը, Սվալբարդ կղզեխմբի, Ֆրանց Իոսիֆի Երկիրը, Հյուսիսային երկիրը, Նոր Երկիրը, Նորսիբիրական կղզիները, ինչպես նաև նեղ հատված Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի առափնյայի երկայնքով՝ Յամալ, Գիդանի, Թայմիր և Չուկոտյան թերակղզիների սահմաններում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նատալիա Նովոսյոլովա։ Հողերի տեսակները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Արկտիկական անապատ՝ ֆիզիկական աշխարհագրության տերմինների բառարան». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  3. «Պորտալ «Արկտիկա-Ինֆո»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.