Jump to content

Արժեթղթավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեթղթավորում (անգլ.՝ Securitization), դրամական հոսքեր ապահովելու նպատակով իրականացվող ֆինանսական պրակտիկա։ Սրա միջոցով միավորվում են տարբեր տեսակի պայմանագրային պարտավորություններ՝ օրինակ՝ բնակարանային հիփոթեքներ, կոմերցիոն հիփոթեքներ, ավտովարկեր կամ վարկային քարտերի պարտավորություններ, և դրանցից գոյացող կանխիկ հոսքերը վաճառվում են երրորդ կողմ հանդիսացող ներդրողներին՝ որպես արժեթղթեր, որոնք կարող են ներկայացվել որպես պարտատոմսեր, անցումային արժեթղթեր կամ երաշխավորված պարտքային պարտավորություններ[1]։

Ներդրողները վճարվում են հիմնական գումարից և տոկոսներից գոյացած կանխիկ հոսքերից, որոնք հավաքագրվել են հիմքում ընկած պարտավորություններից։ Հիփոթեքային պահանջներով ապահովված արժեթղթերը կոչվում են հիփոթեքային ապահովված արժեթղթեր (անգլ.՝ mortgage-backed securities), իսկ այլ պահանջներով ապահովված արժեթղթերը՝ ակտիվներով ապահովված արժեթղթեր (անգլ.՝ asset-backed securities)։

Ապահովագրված ակտիվների փաթեթների մանրամասնությունը կարող է մեղմացնել անհատական վարկառուների վարկային ռիսկը։ Ի տարբերություն ընդհանուր կորպորատիվ պարտատոմսերի, արժեթղթավորված պարտքի վարկային որակը կայուն չէ՝ պայմանավորված ժամանակից և կառուցվածքից կախված փոփոխուքյուններով։ Եթե գործարքը պատշաճ է և ակտիվների փաթեթը գործում է սպասվածի համաձայն, ապա կառուցվածքային պարտքի բոլոր հատվածների վարկային ռիսկը նվազում է. եթե կառուցվածքը թերի է, տուժած հատվածները կարող են կրել զգալի վարկային վատթարացում և կորուստ[2]։

Արժեթղթավորումը զարգացել է 18-րդ դարի վերջից, և 2008 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ գնահատվում է, որ ԱՄՆ-ում շրջանառվող ծավալը կազմել է մոտ $10.24 տրիլիոն, իսկ Եվրոպայում՝ $2.25 տրիլիոն։ 2007 թվականին ԱՄՆ-ում ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ծավալը կազմել է $3.455 տրիլիոն, իսկ Եվրոպայում՝ $652 միլիարդ[3]։ Բիզնեսի ամբողջական արժեթղթավորման (անգլ.՝ Whole Business Securitization) մոդելները առաջին անգամ հայտնվել են Միացյալ Թագավորությունում 1990-ականներին և տարածում են գտել Համագործակցության այն իրավական համակարգերում, որտեղ սնանկացած բիզնեսի բարձրագույն վարկատուները փաստացի ստանում են ընկերության վերահսկողության իրավունքը[4]։

Համատեղում և փոխանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարքին ներգրավված ակտիվների սկզբնական սեփականատերը հանդիսանում է նախաձեռնողը, որը, սովորաբար, այն ընկերությունն է, որը ձգտում է կա՛մ հայթայթել կապիտալ, կա՛մ վերաձևակերպել պարտքը կամ այլ կերպ կարգավորել իր ֆինանսները, բայց ներառում է նաև հատուկ նշանակության ընկերություն՝ շուկայական պարտք (սպառողական կամ այլ) ստեղծելու և հետագա արժեթղթավորման նպատակով։ Ավանդական կորպորատիվ ֆինանսների հայեցակարգերի համաձայն, նման ընկերությունը նոր կապիտալ ներգրավելու երեք տարբերակ ունի՝ վարկ, պարտատոմսերի թողարկում կամ բաժնետոմսերի թողարկում։ Այնուամենայնիվ, բաժնետոմսերի առաջարկները նվազեցնում են ընկերության սեփականությունն ու վերահսկողությունը, մինչդեռ վարկային կամ պարտատոմսային ֆինանսավորումը հաճախ արգելք է հանդիսանում ընկերության վարկանիշի և դրան ուղեկցող տոկոսադրույքների բարձրացման պատճառով։

Ընկերության հետևողականորեն եկամուտ գեներացնող հատվածը կարող է շատ ավելի բարձր վարկանիշ ունենալ, քան ընկերությունն ամբողջությամբ։ Օրինակ՝ լիզինգային ընկերությունը կարող է տրամադրել 10 միլիոն դոլար անվանական արժեքով լիզինգներ և դրանցից առաջիկա հինգ տարիների ընթացքում դրամական հոսք ստանալ։ Այն չի կարող պահանջել լիզինգների վաղաժամկետ մարում և, հետևաբար, չի կարող վաղաժամկետ վերադարձնել իր գումարը, եթե դրա կարիքը լինի։ Եթե այն կարողանար վաճառել լիզինգներից ստացվող դրամական հոսքերի իրավունքները մեկ այլ անձի, ապա կկարողանար այդ եկամտի հոսքը վերածել այսօրվա միանվագ գումարի (փաստորեն, այսօր ստանալով ապագա դրամական հոսքի ներկա արժեքը)։ Եթե նախաձեռնողը բանկ է կամ այլ կազմակերպություն, որը պետք է համապատասխանի կապիտալի համարժեքության պահանջներին, կառուցվածքը սովորաբար ավելի բարդ է, քանի որ ակտիվները գնելու համար ստեղծվում է առանձին ընկերություն։

Համապատասխանաբար մեծ ծավալի ակտիվների պորտֆելը «միավորվում» և փոխանցվում է «հատուկ նշանակության ընկերությանը», հարկերից ազատված ընկերության կամ թրաստի, որը ստեղծվել է հատուկ ակտիվների ֆինանսավորման նպատակով։ Ակտիվները ներդրողին փոխանցվելուց հետո, նախաձեռնողի նկատմամբ հետադարձ պահանջ սովորաբար չի լինում։

Հաշվապահական ստանդարտները կարգավորում են, թե երբ է նման փոխանցումը համարվում իսկական վաճառք, ֆինանսավորում, մասնակի վաճառք և մասնակի ֆինանսավորում[5]։ Իսկական վաճառքի դեպքում նախաձեռնողին թույլատրվում է հեռացնել փոխանցված ակտիվները իր հաշվեկշռից. ֆինանսավորման դեպքում ակտիվները համարվում են նախաձեռնողի սեփականությունը[6]։

Ակտիվները սկզբնաղբյուրից գնելու համար, թողարկող հատուկ նշանակության ներդրումային ընկերությունը թողարկում է առևտրային արժեթղթեր՝ գնումը ֆինանսավորելու համար: Ներդրողները գնում են արժեթղթերը կա՛մ մասնավոր առաջարկի միջոցով (որը թիրախավորում է ինստիտուցիոնալ ներդրողներին), կա՛մ բաց շուկայում: Արժեթղթերի արդյունավետությունը ուղղակիորեն կապված է ակտիվների արդյունավետության հետ: Վարկային վարկանիշային գործակալությունները գնահատում են թողարկված արժեթղթերը՝ ստեղծված պարտավորությունների վերաբերյալ արտաքին պատկերացում կազմելու և ներդրողին ավելի տեղեկացված որոշում կայացնելուն օգնելու համար։

Ստատիկ ակտիվներով գործարքներում ավանդատուն կհավաքի հիմքում ընկած գրավը, կօգնի կառուցել արժեթղթերը և կաշխատի ֆինանսական շուկաների հետ՝ արժեթղթերը ներդրողներին վաճառելու համար։ Ավանդատուն սովորաբար տիրապետում է թողարկող կազմակերպության շահավետ բաժնեմասի 100%-ին և սովորաբար մայր ընկերությունն է կամ գործարքը նախաձեռնող մայր ընկերության ամբողջությամբ սեփականության տակ գտնվող դուստր ձեռնարկությունը: Կառավարվող (առևտրային) ակտիվներով գործարքներում ակտիվների կառավարիչները հավաքում են հիմքում ընկած գրավը, օգնում են կառուցել արժեթղթերը և աշխատում են ֆինանսական շուկաների հետ՝ ներդրողներին արժեթղթերը վաճառելու համար։

Որոշ գործարքներ կարող են ներառել երրորդ կողմի երաշխավոր, որը որոշակի վճարի դիմաց տրամադրում է երաշխիքներ կամ մասնակի երաշխիքային ակտիվների, հիմնական գումարի և տոկոսների վճարման համար։

Արժեթղթերը կարող են թողարկվել կամ ֆիքսված տոկոսադրույքով, կամ լողացող տոկոսադրույքով՝ արժույթի ամրագրման համակարգի ներքո։ Ֆիքսված տոկոսադրույքով ակտիվներով ապահովված արժեթղթերը սահմանվում են տոկոսադրույքը թողարկման պահին՝ նման կորպորատիվ պարտատոմսերին և պետական ​​պարտատոմսերին։ Լողացող տոկոսադրույքով արժեթղթերը կարող են ապահովված լինել ինչպես ամորտիզացվող, այնպես էլ ոչ ամորտիզացվող ակտիվներով լողացող շուկայում։ Ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերից ի տարբերություն, «լողացող» տոկոսադրույքների սահմանաչափերը պարբերաբար կարգավորվում են՝ համաձայն նշանակված ինդեքսի, ինչպիսին է ԱՄՆ գանձապետարանի տոկոսադրույքը կամ, ավելի հաճախ, Լոնդոնի միջբանկային առաջարկվող տոկոսադրույքը (անգլ.՝ London Interbank Offered Rate): Լողացող տոկոսադրույքը սովորաբար արտացոլում է ինդեքսի տատանումը՝ գումարած լրացուցիչ ֆիքսված մարժան՝ լրացուցիչ ռիսկը ծածկելու համար[7]։

Վարկային ամրապնդում և մասնատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն սովորական կորպորատիվ պարտատոմսերի, որոնք ապահովված չեն, արժեթղթավորման արդյունքում ստեղծված արժեթղթերը ունեն «վարկային բարելավում», ինչը նշանակում է, որ դրանց վարկային որակը բարձրացվում է՝ համեմատած սկզբնական թողարկողի չապահովված պարտքի հետ։ Սա մեծացնում է հավանականությունը, որ ներդրողները կստանան իրենց հասանելիք դրամական հոսքերը, ինչի շնորհիվ այդ արժեթղթերը կարող են ունենալ ավելի բարձր վարկային գնահատական՝ թողարկողի վարկային որակից։ Որոշ արժեթղթավորումներում օգտագործվում է նաև արտաքին՝ երրորդ կողմերի կողմից տրամադրվող վարկեր, օրինակ՝ երաշխիքային պարտավորություններ կամ մայր կազմակերպության երաշխիքներ (սակայն դա կարող է առաջացնել շահերի հակասություն)։

Թողարկված արժեթղթերը հաճախ բաժանվում են տրանշների՝ ըստ ենթակայության տարբեր աստիճանների։ Յուրաքանչյուր տրանշ ունի տարբեր մակարդակի վարկային պաշտպանություն կամ ռիսկ․ սովորաբար լինում է ավագ («A») դասի արժեթղթեր և մեկ կամ ավելի ստորին («B», «C» և այլն) դասեր, որոնք ծառայում են որպես պաշտպանական շերտեր «A» դասի համար։ Ավագ դասերն ունեն առաջնային պահանջ հատուկ նշանակության ընկերության ստացած դրամական միջոցների վրա, իսկ ավելի կրտսեր դասերը սկսում են ստանալ վճարումները միայն այն բանից հետո, երբ ավագ դասերը լիովին մարում են։ Տարբեր դասերի միջև այս շղթայական ազդեցության պատճառով այս կառուցվածքը հաճախ անվանվում է «դրամական հոսքերի ջրվեժ»։ Եթե հիմնական ակտիվների փունջը դառնում է անբավարար՝ արժեթղթերի վճարումները կատարելու համար, ապա վնասները սկզբում կրում են ենթակա տրանշները, և միայն դրանց լրիվ կորուստից հետո են վնասները տարածվում ավելի բարձր դասերի վրա։ Ավագ արժեթղթերը կարող են ունենալ AAA կամ AA վարկանիշ՝ ցածր ռիսկի ցուցիչով, իսկ ավելի ցածր վարկային որակ ունեցող ենթակա դասերը ստանում են ավելի ցածր վարկանիշ՝ բարձր ռիսկով[8]։

Եթե հիմնական ակտիվները հիփոթեքներ կամ վարկեր են, ապա սովորաբար գոյություն ունեն երկու առանձին «ջրվեժներ», քանի որ մայր գումարի և տոկոսի մուտքերը հեշտությամբ բաժանվում և համապատասխանեցվում են։ Բայց եթե ակտիվները եկամտաբեր գործարքներ են, ինչպես, օրինակ, վարձակալական գործարքները, այդ դեպքում հնարավոր չէ հեշտությամբ բաժանել եկամուտները՝ եկամուտի և մայր գումարի մարումների միջև։ Այս դեպքում ամբողջ եկամուտը օգտագործվում է պարտատոմսերի կանխատեսված դրամական հոսքերը վճարելու համար[7]։

Բացի ենթակայությունից, վարկը կարող է բարելավվել նաև հետևյալ միջոցներով[6]․

  • Պահուստային հաշիվ՝ որտեղ կուտակվում են միջոցները՝ ծախսերի (օրինակ՝ մայր գումարի և տոկոսի մարումներ, կորուստներ, այլ վճարներ) վճարումից հետո, և որոնք կարող են օգտագործվել, երբ ծախսերը գերազանցում են դրա եկամուտները։
  • Երրորդ կողմի ապահովագրություն կամ երաշխիք՝ մայր գումարի և տոկոսի վճարումների համար։
  • Ավելցուկային ապահովում՝ սովորաբար ֆինանսական եկամուտները օգտագործելով որոշ արժեթղթերի մայր գումարը մարելու համար՝ մինչեւ հիմնական ապահովման համարժեք գումարը հավաքելը։
  • Կանխիկով ապահովում՝ որը սովորաբար բաղկացած է կարճաժամկետ, բարձր վարկանիշ ունեցող ներդրումներից, գնված թողարկողի կամ երրորդ կողմերից վերցված միջոցներով՝ խոստացված դրամական հոսքերի պակասը լրացնելու նպատակով։
  • Ակրեդիտիվ կամ կորպորատիվ երաշխիք։

Սպասարկողը հավաքագրում է վճարումները և վերահսկում այն ակտիվները, որոնք կառուցվածքային ֆինանսական գործարքի հիմքն են կազմում։ Սպասարկողը հաճախ կարող է լինել նախաձեռնողը, քանի որ սպասարկողին նմանատիպ փորձագիտություն է անհրաժեշտ, և նա կցանկանա ապահովել, որ վարկի մարումները վճարվեն հատուկ նշանակության ընկերությանը (SPV)։

Սպասարկողը կարող է զգալիորեն ազդել ներդրողներին ուղղվող դրամական հոսքերի վրա, քանի որ նա վերահսկում է հավաքագրման քաղաքականությունը, որն ազդում է հավաքագրված միջոցների, դուրսգրումների և վարկերի վերականգնման վրա։ Վճարումներից և ծախսերից հետո մնացած ցանկացած եկամուտ սովորաբար որոշ չափով կուտակվում է պահուստային հաշվում, և ցանկացած հետագա ավելցուկ վերադարձվում է վաճառողին։ Պարտատոմսերի վարկանիշային գործակալությունները հրապարակում են ակտիվներով ապահովված արժեթղթերի վարկանիշները՝ հիմնվելով գրավի խմբաքանակի կատարողականի, վարկային բարելավումների և դեֆոլտի հավանականության վրա։

Երբ թողարկողը կառուցված է որպես թրաստ, հոգաբարձուն գործարքի կենսական մասն է՝ լինելով թողարկողի կողմից պահվող ակտիվների պահպանողը։ Նույնիսկ եթե հոգաբարձուն հատուկ նշանակության ընկերության մասն է, որը սովորաբար ամբողջությամբ պատկանում է նախաձեռնողին, հոգաբարձուն ունի ֆիդուցիար պարտականություն՝ պաշտպանելու ակտիվները և դրանց սեփականատերերին, որոնք սովորաբար ներդրողներն են[6]։

Վճարման կառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կորպորատիվ պարտատոմսերի, արժեթղթավորման արդյունքում ստեղծված ակտիվների խմբի մեծ մասն ամորտիզացվող է, ինչը նշանակում է, որ վարկի մայր գումարը վերադարձվում է աստիճանաբար՝ վարկի սահմանված ժամկետի ընթացքում, այլ ոչ թե միանգամից՝ վարկի ավարտին։ Լիովին ամորտիզացվող արժեթղթավորումում, որպես կանոն, ապահովագրված են լիովին ամորտիզացվող ակտիվներով, ինչպիսիք են բնակարանային վարկերը, ավտովարկերը և ուսանողական վարկերը։ Վաղաժամկետ վերադարձի (անգլ.՝ prepayment) անորոշությունը կարևոր խնդիր է լիովին ամորտիզացվող արժեթղթերի դեպքում[7][9]։

Կառավարվող ամորտիզացիոն կառուցվածքը ներդրողներին կարող է ապահովել ավելի կանխատեսելի վերադարձի ժամանակացույց, նույնիսկ եթե հիմնական ակտիվները ամորտիզացվող չեն։ Նախապես որոշված «շրջանառության փուլի» ընթացքում, որի ժամանակ վճարվում են միայն տոկոսները, արժեթղթավորումները փորձում են մայր գումարը վերադարձնել ներդրողներին սահմանված ժամանակահատվածում՝ սովորաբար մեկ տարվա ընթացքում՝ պարբերական վճարումների տեսքով։

Արժեթղթավորումները հաճախ կառուցվում են որպես հաջորդական վճարման պարտատոմսեր (sequential pay bond), որտեղ վճարումները կատարվում են հաջորդականությամբ՝ ըստ ժամկետների։ Սա նշանակում է, որ առաջին տրանշը, որը կարող է ունենալ մեկ տարվա միջին ժամկետ, կստանա ամբողջ մայր գումարը մինչև դրա մարում, այնուհետև երկրորդ տրանշը կսկսի ստանալ մայր գումարը և այսպես շարունակ։

Արժեթղթավորման հատուկ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստեր թրաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստեր թրաստը հատուկ նշանակության ընկերության տեսակ է, որը հատկապես հարմար է ռեվոլվինգային վարկային քարտերի մնացորդները կառավարելու համար և ունի տարբեր ժամանակներում տարբեր արժեթղթեր կառավարելու ճկունություն։ Տիպիկ մաստեր թրաստ գործարքի դեպքում վարկային քարտերի դեբիտորական պարտքերի նախաձեռնողը այդ պարտքերի մի խումբը փոխանցում է թրաստին, որից հետո թրաստը թողարկում է այդ դեբիտորական պարտքերով ապահովված արժեթղթեր։ Հաճախ թրաստի կողմից թողարկվում են բազմաթիվ տրանշավորված արժեթղթեր, որոնք բոլորը հիմնված են դեբիտորական պարտքերի մեկ խմբի վրա։ Այս գործարքից հետո, որպես կանոն, նախաձեռնողը կշարունակի սպասարկել դեբիտորական պարտքերը, այս դեպքում՝ վարկային քարտերը։

Մաստեր թրաստների հետ կապված կան մի շարք հատուկ ռիսկեր․

  • Ռիսկերից մեկն այն է, որ ներդրողներին խոստացված դրամական հոսքերի ժամանակագրությունը կարող է տարբերվել դեբիտորական պարտքերի վճարումների ժամանակագրությունից։ Օրինակ՝ վարկային քարտերով ապահովված արժեթղթերը կարող են ունենալ մինչև 10 տարվա մարման ժամկետ, սակայն վարկային քարտերով ապահովված դեբիտորական պարտքերը սովորաբար մարվում են շատ ավելի արագ։ Այս խնդիրը լուծելու համար այս արժեթղթերը սովորաբար ունեն ռեվոլվինգի շրջան, կուտակման շրջան և ամորտիզացիայի շրջան։ Այս երեք շրջաններն էլ հիմնված են դեբիտորական պարտքերի պատմական փորձի վրա։ Ռեվոլվինգի շրջանում վարկային քարտերի մնացորդների դիմաց ստացված հիմնական գումարի վճարումներն օգտագործվում են լրացուցիչ դեբիտորական պարտքեր գնելու համար։ Կուտակման շրջանում այս վճարումները կուտակվում են առանձին հաշվում։ Ամորտիզացիայի շրջանում նոր վճարումները փոխանցվում են ներդրողներին։
  • Երկրորդ ռիսկն այն է, որ ներդրողների ընդհանուր մասնաբաժինը և վաճառողի մասնաբաժինը սահմանափակված են վարկային քարտերից առաջացած դեբիտորական պարտքերով, սակայն հաշիվների սեփականատերը վաճառողն է (նախաձեռնողը)։ Սա կարող է խնդիրներ առաջացնել այն հարցում, թե ինչպես է վաճառողը վերահսկում հաշիվների պայմաններն ու դրույթները։ Սովորաբար, այս խնդիրը լուծելու համար արժեթղթավորման մեջ ձևակերպումներ են մտցվում՝ ներդրողներին և պոտենցիալ դեբիտորական պարտքերը պաշտպանելու համար։
  • Երրորդ ռիսկն այն է, որ դեբիտորական պարտքերի վճարումները կարող են փոքրացնել պարտքերի ընդհանուր մնացորդը և թերապահովել ներդրողների ընդհանուր մասնաբաժինը։ Սա կանխելու համար հաճախ սահմանվում է վաճառողի պահանջվող նվազագույն մասնաբաժին, և եթե լինի նվազում, ապա տեղի կունենա վաղաժամկետ ամորտիզացիայի իրադարձություն։[6]

Թողարկման թրաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Citibank-ը ներկայացրել է վարկային քարտերով ապահովված արժեթղթերի նոր կառուցվածք, որը կոչվում է թողարկման թրաստ։ Սա չունի այն սահմանափակումները, որոնք երբեմն ունեն մաստեր թրաստները, օրինակ՝ պահանջը, որ յուրաքանչյուր թողարկվող արժեթղթերի շարք ունենա ինչպես ավագ, այնպես էլ ենթակայակական շերտեր։ Թողարկման թրաստներն ունեն մի շարք այլ առավելություններ. դրանք ավելի ճկուն են ավագ/ենթակայակական արժեթղթեր թողարկելու հարցում, կարող են բարձրացնել պահանջարկը, քանի որ թոշակային ֆոնդերը իրավունք ունեն ներդրում կատարել թողարկված ներդրումային կարգի արժեթղթերում, և կարող են զգալիորեն նվազեցնել արժեթղթեր թողարկելու ծախսերը։ Այս գործոնների շնորհիվ թողարկման թրաստները դարձել են վարկային քարտերով ապահովված արժեթղթեր թողարկող խոշոր կազմակերպությունների կողմից օգտագործվող հիմնական կառուցվածքը[6]։

Գրանտատու թրաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանտատու թրաստները սովորաբար օգտագործվում են ավտոմեքենաներով ապահովված արժեթղթերում և անշարժ գույքի հիփոթեքային ներդրումներում: Գրանտատու թրաստները շատ նման են արժեթղթավորման վաղ շրջանում օգտագործվող անցումային թրաստներին: Սկզբնաղբյուրը միավորում է վարկերը և վաճառում դրանք գրանտատու թրաստին, որը թողարկում է այդ վարկերով ապահովված արժեթղթերի դասեր: Վարկերից ստացված հիմնական գումարը և տոկոսները, ծախսերը հաշվի առնելուց հետո, համամասնական հիմունքներով փոխանցվում են արժեթղթերի տերերին[10]:

Արժեթղթավորման դրդապատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելություններ թողարկողի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆինանսավորման ծախսերի նվազեցում. Արժեթղթավորման միջոցով BB վարկանիշ ունեցող, սակայն AAA-ի արժանի դրամական հոսք ունեցող ընկերությունը կկարողանա պարտք վերցնել հնարավոր AAA տոկոսադրույքներով։ Սա դրամական հոսքն արժեթղթավորելու գլխավոր պատճառն է և կարող է հսկայական ազդեցություն ունենալ փոխառության ծախսերի վրա։ BB պարտքի և AAA պարտքի միջև տարբերությունը կարող է կազմել հարյուրավոր բազիսային կետեր։ Օրինակ՝ Moody's-ը 2002 թվականի հունվարին իջեցրեց Ford Motor Credit-ի վարկանիշը, սակայն Ford Motor Credit-ի կողմից 2002 թվականի հունվարին և 2002 թվականի ապրիլին թողարկված ավտոմոբիլային ապահովված ավագ արժեթղթերը շարունակում էին AAA վարկանիշ ունենալ՝ շնորհիվ հիմքում ընկած գրավի և վարկի այլ բարելավումների ուժի[6]։
  • Ակտիվների և պարտավորությունների անհամապատասխանության նվազեցում. «Ընտրված կառուցվածքից կախված՝ արժեթղթավորումը կարող է առաջարկել կատարյալ համապատասխանեցված ֆինանսավորում՝ վերացնելով ֆինանսավորման ռիսկը ինչպես տևողության, այնպես էլ գնագոյացման հիմքի առումով»[11]։
  • Կապիտալի ավելի ցածր պահանջներ. Որոշ ընկերություններ, իրավական, կարգավորող կամ այլ պատճառներով, ունեն լծակների թույլատրելի սահման կամ միջակայք։ Հաշվապահական նպատակներով որպես վաճառք որակավորվող իրենց ակտիվների մի մասի արժեթղթավորման միջոցով այս ընկերությունները կկարողանան հեռացնել ակտիվները իրենց հաշվեկշռից՝ պահպանելով ակտիվների «եկամտաբերությունը»[10]։
  • Ռիսկերի փոխանցում (վարկային, իրացվելիության, վաղաժամկետ մարման, վերաներդրման, ակտիվների կենտրոնացման). Արժեթղթավորումը հնարավորություն է տալիս ռիսկերը փոխանցել այն կազմակերպությունից, որը չի ցանկանում դրանք կրել, դեպի այն կազմակերպություն, որը ցանկանում է։ Դրա երկու լավ օրինակ են աղետների պարտատոմսերը և զվարճանքի արժեթղթավորումները։ Այսպիսով, ընկերությունը փաստացիորեն ազատել է իր հաշվեկշիռը՝ ավելի շահութաբեր գործունեություն ծավալելու համար։
  • Արտահաշվեկշռային. Շատ տեսակի ածանցյալ գործիքներ նախկինում անվանվել են «արտահաշվեկշռային»։ Այս տերմինը ենթադրում է, որ ածանցյալ գործիքների օգտագործումը հաշվեկշռի վրա ազդեցություն չի ունենում։ Միջազգային հաշվապահական ստանդարտների միջև տարբերություններ կան, սակայն ընդհանուր միտում կա դեպի ածանցյալ գործիքները հաշվեկշռում իրենց իրական արժեքով արտացոլելու պահանջը։
  • Եկամուտներ. Արժեթղթավորումը հնարավորություն է տալիս արձանագրել եկամուտների կտրուկ աճ առանց ընկերության իրական աճի։ Երբ տեղի է ունենում արժեթղթավորում, հաճախ տեղի է ունենում «իրական վաճառք» նախաձեռնողի (մայր ընկերության) և Հատուկ Նշանակության Ընկերության (SPE) միջև։ Այս վաճառքը պետք է լինի հիմքում ընկած ակտիվների շուկայական արժեքով, որպեսզի «իրական վաճառքը» կայանա, և, հետևաբար, այս վաճառքն արտացոլվում է մայր ընկերության հաշվեկշռում, ինչը կբարձրացնի այդ եռամսյակի եկամուտները վաճառքի գումարի չափով։ Թեև որևէ առումով անօրինական չէ, այն խեղաթյուրում է մայր ընկերության իրական եկամուտները։
  • Իրացվելիություն. Ապագա դրամական հոսքերը կարող են պարզապես հաշվեկշռային հոդվածներ լինել, որոնք ներկայումս հասանելի չեն ծախսելու համար, մինչդեռ գիրքն արժեթղթավորվելուց հետո դրամական միջոցները հասանելի կլինեն անմիջական ծախսման կամ ներդրման համար։ Սա ստեղծում է նաև վերաներդրման գիրք, որը կարող է ավելի լավ տոկոսադրույքներ ունենալ։

Թերությունները թողարկողի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պորտֆելի որակի նվազեցում․ Եթե, օրինակ, AAA ռիսկերը արժեթղթավորվում են, ապա մնացորդային ռիսկի որակը զգալիորեն վատանում է։
  • Ծախսեր. Արժեթղթավորումները թանկ են՝ կառավարման ծախսերի, իրավաբանական վճարների, անդերնայթինգի (երաշխավորման) վճարների, վարկանիշավորման վճարների և ընթացիկ վարչարարության պատճառով։
  • Չափի սահմանափակումներ. Արժեթղթավորումները հաճախ պահանջում են խոշորածավալ կառուցվածքավորում, ուստի կարող են ծախսարդյունավետ չլինել փոքր և միջին գործարքների համար։
  • Ռիսկեր. Քանի որ արժեթղթավորումն կառուցվածքային գործարք է, այն կարող է ներառել ինչպես անվանական կառուցվածքներ, այնպես էլ վարկային ապահովագրություններ, որոնք ենթակա են արժեքի նվազման ռիսկերին, ինչպես օրինակ՝ վաղաժամ մարում, ինչպես նաև վարկային կորուստների, հատկապես այն կառուցվածքներում, որտեղ առկա են որոշ պահված մասեր[12]։

Առավելություններ ներդրողների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հնարավորություն՝ պոտենցիալ ավելի բարձր շահութաբերություն ստանալու համար (ռիսկով պայմանավորված հիմունքներով)։
  • Հնարավորություն՝ ներդրումներ կատարելու բարձր որակի ակտիվների հատուկ խմբում. կորպորացիաների կողմից բարձր վարկանիշներ ձեռք բերելու խիստ պահանջների պատճառով առկա են բարձր վարկանիշ ունեցող սակավաթիվ կազմակերպություններ: Արժեթղթավորումները, սակայն, թույլ են տալիս ստեղծել մեծ քանակությամբ AAA, AA կամ A վարկանիշ ունեցող պարտատոմսեր ձեռք բերել, և ռիսկից խուսափող ինստիտուցիոնալ ներդրողները կամ այն ներդրողները, որոնք պարտավոր են ներդրումներ կատարել միայն բարձր վարկանիշ ունեցող ակտիվներում, հասանելիություն ունեն ներդրումային ավելի մեծ տարբերակների:
  • Պորտֆելի դիվերսիֆիկացիա. կախված արժեթղթավորումից, հեջ ֆոնդերը, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ ներդրողներ, հակված են ներդրումներ կատարել արժեթղթավորման միջոցով ստեղծված պարտատոմսերում, քանի որ դրանք կարող են չկապակցված լինել իրենց այլ պարտատոմսերի և արժեթղթերի հետ:
  • Վարկային ռիսկի մեկուսացում մայր ընկերությունից. քանի որ արժեթղթավորված ակտիվները մեկուսացված են (գոնե տեսականորեն) սկզբնավորող կազմակերպության ակտիվներից, արժեթղթավորման դեպքում հնարավոր է ստանա ավելի բարձր վարկային վարկանիշ, քան «մայրը», քանի որ հիմքում ընկած ռիսկերը տարբեր են: Օրինակ՝ փոքր բանկը կարող է ավելի ռիսկային համարվել, քան իր հաճախորդներին տրամադրած հիփոթեքային վարկերը. եթե հիփոթեքային վարկերը մնային բանկում, ապա փաստորեն վարկառուները կարող էին ավելի բարձր տոկոսներ վճարել (կամ, նույնքան հավանական է, բանկը ավելի բարձր տոկոսներ կվճարեր իր պարտատերերին, և հետևաբար ավելի քիչ շահութաբեր կլիներ)[13]:

Ռիսկերը ներդրողների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիկվիդայնության ռիսկեր
  • Վարկային/անվճարունակության ռիսկ. Անվճարունակության ռիսկը սովորաբար ընկալվում է որպես պարտատիրոջ՝ տոկոսային վճարումներն ըստ ժամանակացույցի կատարելու անկարողություն։ Ակտիվներով ապահովված արժեթղթերի դեպքում բարեխղճորեն չկատարված պարտավորությունները կարող են հանգեցնել անվճարունակության։ Որեւէ արժեթղթերի անվճարունակության հիմնական ցուցիչը դրա վարկային վարկանիշն է։ Ակտիվներով ապահովված արժեթղթերի տարբեր ենթահավաքակազմերն ունեն տարբեր վարկանիշներ՝ բարձր կարգի հատվածները սովորաբար ստանում են ամենաբարձր վարկանիշները, իսկ ստորադասված հատվածներն ունեն համապատասխանաբար ավելի ցածր վարկանիշներ։ Գրեթե բոլոր հիփոթեքային վարկերը, ներառյալ հակառակ հիփոթեքներն ու ուսանողական վարկերը, ներկայումս ապահովագրված են պետության կողմից, ինչը նշանակում է, որ հարկատուները պատասխանատվություն են կրում այն վարկերի համար, որոնք դառնում են անգործունակ, նույնիսկ եթե ակտիվը չափազանցված է գնահատված։ Այլ կերպ ասած՝ չկան սահմանափակումներ կամ հսկողություն գերածախսի վրա, կամ հարկատուների պարտավորությունների սահմաններում[14]։
  • Իրադարձային ռիսկեր
  • Նախնական վճարում/վաղաժամ ամորտիզացիա. Շրջանառու Ակտիվներով ապահովված արժեթղթերի մեծամասնությունը ենթարկվում է որոշ չափով վաղաժամ ամորտիզացիայի ռիսկեր։ Այս ռիսկը առաջանում է որոշակի վաղաժամկետ ամորտիզացիոն կամ վճարման իրադարձություններից, որոնք հանգեցնում են արժեթղթի վաղաժամկետ մարումին[7]։
  • Արտարժույթի տոկոսադրույքների տատանումներ. Ինչպես բոլոր հաստատուն եկամուտ ունեցող արժեթղթերը, այնպես էլ հաստատուն տոկոսադրույքով ակտիվներով ապահովված արժեթղթերի գները փոփոխվում են տոկոսադրույքների փոփոխությունների ազդեցությամբ։ Տոկոսադրույքների տատանումներն ավելի քիչ են ազդում փոփոխական տոկոսադրույքով ակտիվներով ապահովված արժեթղթերի վրա, քանի որ դրանց կապող ինդեքսը արտացոլում է տնտեսության տոկոսադրույքների փոփոխությունները։ Բացի այդ, տոկոսադրույքների փոփոխությունները կարող են ազդել հիմքում ընկած վարկերի նախնական մարումների տեմպերի վրա, ինչը կարող է փոխել եկամտաբերությունը[7]:
  • Պայմանագրային համաձայնություններ
  • Բարոյական ռիսկեր (անգլ.՝ Moral hazard). Ներդրողները սովորաբար վստահում են գործարքի կառավարիչին՝ արժեթղթավորման հիմքում ընկած ակտիվների գնահատման հարցում։ Եթե կառավարիչը վարձատրվում է ըստ եկամտաբերության, կարող է գայթակղություն առաջանալ բարձրացնել պորտֆելի ակտիվների գները։ Բախումային իրավիճակներ կարող են առաջանալ նաև բարձր կարգի պարտատոմսերի տերերի հետ, եթե կառավարիչը պահանջ ունի գործարքի հավելյալ տարածքի նկատմամբ[15]։
  • Սպասարկողի ռիսկ. Վճարումների փոխանցումը կամ հավաքագրումը կարող է ուշանալ կամ կրճատվել, եթե սպասարկողը սնանկանա։ Այս ռիսկը մեղմացվում է՝ գործարքում պահուստային սպասարկող ներգրավելով[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «securitization | Definition & Facts Definition | Britannica Money». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
  2. ↑ Raynes; Sylvain; Rutledge, Ann (2003). The Analysis of Structured Securities. Oxford University Press. էջ 103. ISBN 978-0-19-515273-9.
  3. ↑ "ESF Securitization Data Report Q2:business
  4. ↑ Hill, Claire A. (2002). «Whole Business Securitization in Emerging Markets». Duke Journal of Comparative and International Law. 12 (2). SSRN 333008.
  5. ↑ FASB Statement No. 140 "Accounting for transfers and servicing of financial assets and extinguishments of liabilities—a replacement of FASB Statement No. 125". Financial Accounting Standards Board. 2000 թ․ սեպտեմբեր.
  6. 1 2 3 4 5 6 Sabarwal, T. (2005 թ․ դեկտեմբերի 29). «Common Structures of Asset Backed Securities and Their Risks». SSRN 3367860. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. 1 2 3 4 5 6 «Fixed Income Sectors: Asset-Backed Securities – A primer on asset-backed securities» (PDF). Dwight Asset Management Company. 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 18-ին.
  8. ↑ Kim, M.; Hessami, A.; Sombolestani, E. (2010 թ․ մարտի 24). CVEN 640 - Cash Flow Waterfall.
  9. ↑ The Committee on the Global Financial System (2005 թ․ հունվար). The role of ratings in structured finance: issues and implications (PDF) (Report). Bank for International Settlements.
  10. 1 2 Reis-Roy, Calvin (1998). «Rating Securitisation Structures». Journal of International Banking Law. 13 (9): 298–304.
  11. ↑ "The Handbook of Asset-Backed Securities", Jess Lederman, 1990.
  12. ↑ «Securitisation | IntaCapital Swiss | Corporate Funding». IntaCapital Swiss (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
  13. ↑ «Explain The Scope, Importance, Features, Advantages and Disadvantages of Securitization (Special Purpose Vehicle) | PDF | Securitization | Asset Backed Security». Scribd (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
  14. ↑ Reis-Roy, Calvin (2003). An Analysis of the Law and Practice of Securitisation.
  15. ↑ Tavakoli, Janet (September–October 2005). «CDOs: Caveat Emptor». GARP Risk Review. Global Association of Risk Professionals (26).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]