Jump to content

Արթուր Արտուզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Արտուզով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1891(1891-02-18) կամ փետրվար 1891[1]
ԾննդավայրKashin, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 21, 1937(1937-08-21)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ և Դոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1917)
Մասնագիտությունհետախույզ, հատուկ ծառայություն և հետախույզ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան
Պետանվտանգության պատվավոր աշխատակից և Պետանվտանգության պատվավոր աշխատակից
ԵրեխաներKamill Arturowitsch Frautschi?
 Artur Artuzov Վիքիպահեստում

Արթուր Խրիստյանովիչ Արտուզով (ծննդյան անուն՝ Արթուր Յուջին Լեոնարդ Ֆրաուչի) (ռուս.՝ Арту́р Христиа́нович Арту́зов, փետրվարի 18, 1891(1891-02-18) կամ փետրվար 1891[1], Kashin, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 1937(1937-08-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ )[2], Խորհրդային միջազգային հետախուզության և հակահետախուզության նշանավոր դեմք, անվտանգության սպա, Խորհրդային Միության հետախույզ 1920-1930-ական թվականների ընթացքում։

Արտուզովի հայրը իտալացի-շվեյցարացի էր և աշխատում էր որպես պանրագործ, իսկ մայրը էստոնացի-լատվիացի էր[3]։ Արտուզովը սովորել է մետաղագործություն Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Մանկուց նա ծանոթ է եղել բոլշևիկ հեղափոխականներ Նիկոլայ Պոդվոյսկիին և Միխայիլ Կեդրովին, որոնք նրա մոր քույրերի ամուսիններն էին։

1906 թվականին դեռահաս տարիքում սկսել է տարածել անօրինական հեղափոխական գրականություն։ 1909 թվականի մայիսին ոսկե մեդալով ավարտել է Նովգորոդի տղամարդկանց դասական գիմնազիան և ընդունվել Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի մետաղագործության բաժինը, որը 1917 թվականի փետրվարին գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատել է պրոֆեսոր Վլադիմիր Գրում-Գրժիմայիլոյի մետաղագործական բյուրոյում որպես ինժեներ-դիզայներ։

1917 թվականի օգոստոսին, Նիժնի Տագիլ կատարած գործուղումից վերադառնալուց հետո, նա որոշել է թողնել դիզայներ-ինժեների մասնագիտությունը և սկսել է աշխատել բանակի և նավատորմի զորացրման գրասենյակում: 1917 թվականի դեկտեմբերին դարձել է բոլշևիկ և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անդամագրվել է կոմունիստական կուսակցությանը[4]։

1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մարտը աշխատել է որպես Վոլոգդայի և Արխանգելսկի Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատի վերստուգիչ հանձնաժողովի քարտուղար, իսկ 1918 թվականի մարտից օգոստոսը եղել է Հյուսիսային ճակատում ժամկետային զինծառայողների պարտիզանական ջոկատի ղեկավարը։ Այնուհետև նա հաջորդաբար զբաղեցրել է Մոսկվայի ռազմական օկրուգի ռազմական տեղեկատվական բյուրոյի պետի և Հանրապետության հեղափոխական ռազմական խորհրդի ռազմական վերահսկողության վարչության գործուն մասի ղեկավարի պաշտոնները։

Հետախուզական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին նա միացել է Կարմիր բանակին և կռվել Սպիտակ բանակի դեմ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հաջորդ տարի միացել է Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովին (Չեկա)[5]: Նրա հորեղբայրը՝ բժիշկ Միխայիլ Կեդրովը, եղել է Վլադիմիր Լենինի գործակիցը և Չեկայի «Հատուկ վարչության» ղեկավարը, որը վերահսկում էր Կարմիր բանակը[6]։ 1921 թվականի հուլիսի 18-ին Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունն Արտուզովին պարգևատրել է Կարմիր դրոշի շքանշանով։

1920-ական թվականներին Արտուզովը գլխավորել է Չեկայի հակահետախուզական խումբը: 1925 թվականին նա գրել է ABC of Counterintelligence օպերատիվ ձեռնարկը, որը խորհուրդ էր տալիս օգտագործել գաղափարախոսության վրա հիմնված գործողություններ: Այս ռազմավարության օրինակ էր «Թրասթ» օպերացիան, որը տևել է 1922-1927 թվականներին․ մի շարք կեղծ միապետական/հակահեղափոխական ճակատային կազմակերպություններ, որոնք վերահսկում էին իրական ակտիվիստների գործունեությունը[7]։

Նույն կերպ, նրա «Սինդիկատ-2» օպերացիայի արդյունքում ձերբակալել են «Հայրենիքի և ազատության պաշտպանության ժողովրդական միավորում» հակախորհրդային էմիգրանտ կազմակերպության ղեկավար Բորիս Սավինկովին: Արտուզովի մյուս հաջողությունը 1925 թվականին Սիդնի Ռեյլիի ձերբակալությունն էր։ Արտուզովը եղել է «Տարանտելա» օպերացիայի նախաձեռնողն ու անմիջական զարգացնողը։

«Թրասթ» օպերացիան դադարեցվել է 1927 թվականին, ինչի արդյունքում «Թրասթ»-ի նախկին գործակալ Ալեքսանդր Կուտեպովը բացահայտել է դրա իրական ծագումը: Կուտեպովը վրեժխնդիր է եղել՝ մի քանի ահաբեկչական գործողություններ կազմակերպելով Խորհրդային Միության շրջանում, ինչի արդյունքում նեյեմբերին Արտուզովին հեռացրել են։ Նա նշանակվել է Միացյալ պետական քաղաքական վերահսկողության Գաղտնի գործողությունների տնօրինության օգնականի երկրորդ տեղակալ, Չեկային փոխարինողը, որը ղեկավարում էր Գենրիխ Յագոդան՝ Իոսիֆ Ստալինի հետևորդը[8]։ Արտուզովը՝ պրոֆեսիոնալ հետախույզը, հաճախ բախվում էր ոչ այնքան հմուտ Յագոդայի հետ[9]։

1929 թվականի հոկտեմբերին Արտուզովը փոխարինել է Միխայիլ Թրիլիսերին Միացյալ պետական քաղաքական վերահսկողության արտաքին հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնում: Թրիլիսերը բողոքել է Յագոդայից՝ իր ղեկավարից, կուսակցության ժողովի ժամանակ։ Արտուզովը պաշտպանել է Յագոդային և պնդել, որ նրա բարձր պաշտոնը նշանակում է, որ նա կարող է պատասխանատվության ենթարկվել միայն Կուսակցության Կենտրոնական կոմիտեի կողմից: Թրիլիսերը հեռացվել է, իսկ Արտուզովը զբաղեցրել է նրա պաշտոնը[10]։

«Թրասթ» օպերացիայի հաջողությունից գոտեպնդված՝ Արտուզովը 1930 թվականին գլխավորել է «Տարանտելլա» օպերացիան: Բրիտանական արտաքին հետախուզության դեմ ուղղված խաբեության քարոզարշավ․ «գործողության լայն նպատակն էր համոզել Լոնդոնին, որ Խորհրդային Միության արդյունաբերացումը հսկայական հաջողություն էր»[11]։

1931 թվականին Արտուզովը նշանակվել է Արտաքին հետախուզության վարչության պետի պաշտոնում։ Նրա առաջնահերթություններից էր օպերատիվ աշխատողների համար վերապատրաստման դասընթացների մշակումը։ Սա հատկապես կարևոր էր, քանի որ կազմակերպությունը հեռանում էր այն գործողություններից, որոնք իրականացվում էին դիվանագիտական անձեռնմխելիության ներքո՝ հօգուտ "ապօրինի"գործողությունների[12]։

Արտուզովի հրամանատարության ժամանակ Միացյալ պետական քաղաքական վերահսկողության արտաքին հետախուզության վարչությունն իրականացրել է տասնյակ գործողություններ, որոնց ընթացքում ներգրավվել են տասնյակ անձնակազմեր և հարյուրավոր գործակալներ։ Խորհրդային հետախուզության աշխատանքի կարևոր հայեցակետը գերմանական աշխատանքն էր։ Արտուզովի աշխատակիցները ստեղծել են գործակալների ցանց, որը խորհրդային ղեկավարությանը արժեքավոր տեղեկություններ էր տրամադրում Գերմանիայի ազգային-սոցիալիստական կուսակցությունում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև մի շարք պետական մարմինների և հատուկ ծառայությունների գործունեության մասին։ Արտուզովի` Արտաքին վարչությունում աշխատելու ընթացքում խորհրդային հետախուզության համար աշխատել են հայտնի անօրինական հետախույզներ Ֆյոդոր Կարինը, Առնոլդ Դոյչը, Թեոդոր Մալին, Դմիտրի Բիստրոլետովը և այլք։

1934 թվականի ապրիլին և մայիսին Արտուզովն աշխատել է Ստալինի հետ՝ Չորրորդ հետախուզական տնօրինությունը (ռազմական հետախուզություն) ներառելու համար Արտաքին հետախուզության վարչության մեջ՝ վկայակոչելով Չորրորդի Մարդկային հետախուզության ջանքերի վերջին անհաջողությունը: Այս անցման գործընթացում, որի ժամանակ Արտուզովը մեղադրվում էր Չորրորդի կարողությունները վերակենդանացնելու համար, նա նշանակվել է Չորրորդի վարչության փոխտնօրեն՝ միաժամանակ մնալով Արտաքին հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնում: Այդ տարի ավելի ուշ երկու կազմակերպություններն էլ կդառնային Պետական անվտանգության գլխավոր վարչության մի մասը, որը գտնվում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հովանու ներքո[13]։

Ըստ Վալտեր Կրիվիցկու, որն այդ ժամանակ աշխատում էր Խորհրդային միության ռազմական հետախուզության համար, Արտուզովը պատահաբար զայրացրել էր Իոսիֆ Ստալինին 1934 թվականի հունիսին Քաղբյուրոյի նիստում, երբ նրանք քննարկում էին Լեհաստանի հետ դաշինքի հնարավորությունը՝ ընդդեմ Նացիստական Գերմանիայի աճող սպառնալիքի: Արտուզովը ճիշտ էր կանխատեսել, որ Լեհաստանի կառավարությունը հաշվի չի առնի այդ առաջարկը[14]։ 1935 թվականի մայիսի 21-ին Արտուզովը թողել է Արտաքին հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնը[15] և նշանակվել ռազմական հետախուզության պետի տեղակալ։ Սա երկարամյա ղեկավար Յան Կարլովիչ Բերզինի պաշտոնաթողությունից հետո անձնակազմի մի քանի փոփոխություններից մեկն էր, ինչը գուցե արտացոլել էր Ստալինի անհանգստությունը Նացիստական Գերմանիայի և ճապոնական ընդլայման վերաբերյալ:

1936 թվականին Արտուզովն օգնել է վերահսկել «X» օպերացիան ՝ իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ հանրապետականներին զինելու ծրագիր[16]։

Հեռացում, մահապատիժ և արդարացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հունվարի 11-ին Արտուզովին ազատել են պաշտոնից, քանի որ նրան համարում էին չինացի ռազմավար Չժան Սյուելիանգին ուղղված հեռագրի հեղինակ, ով առևանգել էր ազգայնական առաջնորդ և Չինաստանի դե ֆակտո կառավարիչ Չիանգ Կայ Շեկին։ Հեռագիրը կոչ էր անում պատերազմի ղեկավարին սպանել Չիանգին: Չինացի կոմունիստների առաջնորդ Մաո Ցզեդունը ցանկանում էր Չիանգի մահը, որպեսզի մեծացներ Չինաստանում կոմունիստների հաղթանակի հնարավորությունը, սակայն Ստալինի գլխավոր մտահոգությունն էր խուսափել ճապոնական ներխուժումից Սիբիր: Նա հրամայել է Մաոյին ապահովել Չիանգի ազատումը[17]։

Արտուզովին տեղափոխել են Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի արխիվային բաժին և հանձնարարել են գրել կազմակերպության պատմությունը[18]։ 1937 թվականի մարտին, կրկին Վալտեր Կրիվիցկու խոսքերով, նա փորձել է փրկվել, երբ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նոր ղեկավար Նիկոլայ Եժովը սկսել է հեռացնել նախկին ղեկավար Գենրիխ Յագոդայի հետ առնչություն ունեցող սպաներին՝ դատապարտելով և՛ Յագոդային, և՛ Աբրամ Սլուցկիին՝ Արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում Արտուզովի իրավահաջորդին: Սլուցկին վրեժխնդիր է եղել՝ դատապարտելով Արտուզովին[19]։

Արտուզովը ձերբակալվել է 1937 թվականի մայիսի 13-ին՝ «լրտեսության», «ահաբեկչության», «Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում հակահեղափոխական դավադիր կազմակերպությանը մասնակցելու» մեղադրանքով։ 1937 թվականի հուլիսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հետաքննությունը ղեկավարել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քարտուղարության ղեկավար Ա.Դեյխը։ 1937 թվականի օգոստոսի 20-ին նրա մահապատիժը հաստատել են Ստալինը, Ստանիսլավ Կոսիորին, Վյաչեսլավ Մոլոտովին, Լազար Կագանովիչը և Կլիմենտ Վորոշիլովին։ 1937 թվականի օգոստոսի 21-ին նրան գնդակահարել են[20]։ Նրա աճյունը թաղվել է Դոնսկոյի գերեզմանատան դիակիզարանի համար 1 չպահանջված աճյունների գերեզմանում։

1956 թվականի մարտի 7-ին ԽՍՀՄ համամիութենական ռազմական հանձնաժողովի կողմից հետմահու արդարացվել է։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային միության մարդկային հետախուզության զարգացմանն ուղղված Արտուզովի աշխատանքի մեծ մասը ոչնչացվել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ստալինյան զտումների արդյունքում 1936-1938 թվականների Մեծ ահաբեկչության ժամանակ, երբ Արտաքին հետախուզության վարչության օպերատիվ աշխատակիցների կեսից ավելին մահապատժի է ենթարկվել կամ ուղարկվել է աշխատանքային ճամբարներ[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кто руководил НКВД. 1934-1941 (ռուս.)
  2. Svetlana Chervonnaya, Artur Artuzov (2008)
  3. Stephen Kotkin (2014). Stalin: Volume I: Paradoxes of Power, 1878–1928. Penguin. էջ 461. ISBN 978-0-698-17010-0.
  4. The Great Soviet Encyclopedia (1979)
  5. Biography of Artur Artuzov
  6. Jonathan Haslam (2015). Near and Distant Neighbors: A New History of Soviet Intelligence. Macmillan. էջ 15. ISBN 978-0-374-71040-8.
  7. Haslam, p. 17.
  8. Haslam, p. 36.
  9. Stephen Kotkin (2014). Stalin: Volume I: Paradoxes of Power, 1878–1928. Penguin. էջ 461. ISBN 978-0-698-17010-0.
  10. Haslam, p. 43.
  11. Haslam, p. 49.
  12. Haslam, p. 45
  13. Haslam, p. 63–64.
  14. Krivitsky, W.G. (1940). I Was Stalin's Agent. London: The Right Book Club. էջեր 28–29.
  15. Haslam, p. 67.
  16. Haslam, p. 78
  17. Jung Chang, and Jon Halliday (2006). Mao, The Unknown Story. London: Vintage. էջեր 227–28. ISBN 9780099507376.
  18. «Артур Артузов - биография, новости, личная жизнь, фото, видео - stuki-druki.com». stuki-druki.com. Վերցված է 15 December 2018-ին.
  19. Krivitsky, W. G. (1940). I Was Stalin's Agent. London: The Right Book Club. էջեր 169–171.
  20. Marc Jansen, and Nikita Petrov (2002). Stalin's Loyal Executioner: People's Commissar Nikolai Ezhov, 1895-1940. Stanford CA: Hoover Institution Press. էջ 66. ISBN 978-0-8179-2902-2.
  21. Haslam, p. 88
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Արտուզով» հոդվածին։