Jump to content

Արթուրո Միկելենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուրո Միկելենա
իսպ.՝ Arturo Michelena
Ի ծնեիսպ.՝ Francisco Arturo Michelena Castillo
Ծնվել էհունիսի 16, 1863(1863-06-16)[1][2][3][…]
ԾննդավայրՎալենսիա, Վենեսուելա
Վախճանվել էհուլիսի 29, 1898(1898-07-29)[1][2][3] (35 տարեկան)
Մահվան վայրԿարակաս, Վենեսուելա[4]
Քաղաքացիություն Վենեսուելա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMiranda in La Carraca?
ՈւսուցիչԺան Պոլ Լորան
ԱմուսինLastenia Tello de Michelena?
 Arturo Michelena Վիքիպահեստում

Ֆրանցիսկո Արթուրո Միկելենա Կաստիլյո (իսպ.՝ Arturo Michelena, հունիսի 16, 1863(1863-06-16)[1][2][3][…], Վալենսիա, Վենեսուելա - հուլիսի 29, 1898(1898-07-29)[1][2][3], Կարակաս, Վենեսուելա[4]) առավել հայտնի պարզապես որպես Արթուրո Միկելենա (իսպ.՝ Arturo Michelena, XIX դարի վենեսուելացի նկարիչ, Վենեսուելայի պատմության մեջ ամենահայտնի գեղանկարիչներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրո Միկելենան ծնվել է 1863 թվականի հունիսի 16-ին Վենեսուելայի Վալենսիա քաղաքում՝ նկարիչ Խուան Անտոնիո Միկելենայի (1832-1918) ընտանիքում։

Արթուրոն շատ վաղ տարիքից հետաքրքրվել է գեղանկարչությամբ՝ հոր ազդեցությամբ և նրա ղեկավարությամբ։ Շուտով նա սկսել է օգնել հորը որպես աշակերտ, ապա դարձել է նրա աշխատողը Վալենսիայի արվեստանոցում։ 1883 թվականին, 20 տարեկանում, Արթուրոն իր երկու աշխատանքները ուղարկել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս՝ Սիմոն Բոլիվարի ծննդյան հարյուրամյակին նվիրված մեծ ցուցահանդեսին, և դրանցից մեկի համար արժանացել է արծաթե մեդալի։ Այդ գործը մինչ օրս պահվում է Կարակասի Բոլիվարիական թանգարանի հավաքածուում։

Երկու տարի անց Միկելենան ստացել է պետական կրթաթոշակ՝ կրթությունը Եվրոպայում շարունակելու համար։ Նա մեկնել է Փարիզ, որտեղ ուսանել է Ժյուլիանի ակադեմիայում։ 1887 թվականին Միկելենայի «Հիվանդ երեխան» նկարը Ֆրանսիական նկարիչների սրահում արժանացել է մեդալի՝ դառնալով այն քիչ լատինաամերիկացի նկարիչներից մեկը, որն արժանացել է այդ մրցանակին[5]։

Երկու տարի անց՝ 1889 թվականին, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ իր «Շառլոտ Կորդեյը մահապատժից առաջ» նկարի համար, որը հիմնված է ֆրանսիական պատմական տեսարանի վրա։ Նույն թվականին Միկելենան վերադարձել է Վենեսուելա՝ արդեն որպես ճանաչված նկարիչ։ Այնտեղ նա ամուսնության առաջարկ է արել իր վաղեմի սիրելիին՝ Լաստենիային։ Ամուսնությունից հետո Միկելենան երիտասարդ կնոջ հետ կրկին վերադարձել է Փարիզ, որտեղ, ի թիվս այլ աշխատանքների, նա նկարազարդել է Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները և աշխատել Վենեսուելայի կառավարության պատվերով։

1892 թվականին Միկելենան հիվանդացել է տուբերկուլյոզով։ Բժիշկները խորհուրդ են տվել նրան Փարիզի ցուրտ ձմեռն ու աշունը փոխարինել տաք Կարակասով, որտեղ նա վերադարձել է նույն թվականին։ Այստեղ նա հաջողությամբ աշխատել է որպես դիմանկարիչ և պատմական գեղանկարչության վարպետ՝ կատարելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական պատվերներ։

Վեց տարի անց Միկելենան մահացել է Կարակասում՝ 35 տարեկան հասակում, իր փառքի գագաթնակետին։ Նրա բազմաթիվ գործեր մնացել են անավարտ։ Լաստենիա Տելյո դե Միշելենան ապրել է ևս 60 տարի։

Միկելենայի ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 200 նկար և մոտ 500 գծանկար, էսքիզ, էտյուդ և ուրվագիծ։ Վենեսուելայում նա համարվում է XIX դարի չորս խոշորագույն նկարիչներից մեկը՝ Մարտին Տովար ի Տովարի, Անտոնիո Էռերա Տորոյի և Կրիստոբալ Ռոխասի հետ մեկտեղ։

2004 թվականին Միկելենայի «Հիվանդ երեխան» կտավը, որը 1887 թվականին Ֆրանսիական նկարիչների սրահում արժանացել է մեդալի, իսկ հետագայում պատկանել է ամերիկացի միլիոնատեր Ասթորներին, վաճառվել է Sotheby’s աճուրդում 1 միլիոն 350 հազար ԱՄՆ դոլարով, ինչը տվյալ պահին ռեկորդ էր Պանամայից հարավ գտնվող լատինաամերիկյան երկրներում նկարված նկարների համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arturo Michelena // Benezit Dictionary of Artists (англ.) — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  • González-Arnal M. A. Arturo Michelena // Michelena, Arturo (англ.) // Grove Art Online / J. Turner — Oxford, Basingstoke, New York City: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 1 2 3 4 González-Arnal M. A. Michelena, Arturo // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T057786
  4. 1 2 Union List of Artist Names — 2010.
  5. «Arturo Michelena - Hispanopedia». es.hispanopedia.com (իսպաներեն). Վերցված է 2026-01-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրո Միկելենա» հոդվածին։