Արեգ (աստված)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սա Արեգ աստծու մասին հոդված է, արեգակնային համակարգի աստղի համար տես՝ Արև
Արեգ
Տեսակարևի աստված
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռարական

Արեգ (կամ Արեգակ), հեթանոս հայերի արևի պաշտամունքը մարմնավորող աստված։ Սկզբում արևը պաշտվել է իր բնական տեսքով, որպես կյանքի առաջացման ու գոյության նախապայման, լույսի ու ջերմության աղբյուր։ Հետագայում, երբ պաշտվող լուսատուները մարդակերպություն են ստացել, Արեգը դիտվել է իբրև արական մարդակերպ աստված։

Արևի պաշտամունքը կրել է համընդհանուր բնույթ և տարբեր ժողովուրդներ մարմնավորել են տարբեր աստվածների կերպարներում. հայերը՝ Արեգի, պարսիկները (հետագայում նաև հայերը)՝ Միհրի, հույները՝ Հելիոսի։ Արեգի պաշտամունքային առանձնահատկությունները և արտաքին նկարագիրը հայտնի չեն։ Սակայն հայտնի է, որ ունեցել է համահայկական բնույթ, եղել սիրված աստվածներից մեկը։ Ենթադրվում է, որ արևապաշտության որոշ հետքեր հայոց մեջ գոյատևել են ավելի երկար, նույնիսկ ետքրիստոնեական շրջանում և դրսևորվել են արևորդիների գոյությամբ։ Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։ Արեգի անունն էին կրում հայոց հին տոմարի ութերորդ կամ գարնան օրհավասարի ամիսը և ամիսների առաջին օրերը։ Հետագայում Արեգը նույնացվել է Տիրի և ապա Միհրի հետ։ Ոմանք Արեգին նույնացնում են Վահագնի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18