Արդենյան ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդենյան որձ ձի

Արդենյան ձի, արդեններ, ծանրաքարշ ձիերի ցեղ։ Ստացվել է Բելգիայում, Արդենյան բարձրավանդակի շրջանում։ Հետագայում խոշոր ձիեր ունենալու նպատակով Բելգիայում արդենյան ձի տրամախաչվել է բրաբանսոնի հետ և ստացվել է բելգիական բանող ձիերի ցեղը։ Ֆրանսիայում և Շվեդիայում բելգիական արդենների, տեղական ձիերի և ապա բրաբանսոնի տրամախաչումից ստացված ցեղը նույնպես կոչվում է արդենյան ձի։ Ներկայումս բուծվող արդենյան ձիերն ունեն ամուր մարմնակազմ, դիմացկուն են, կերի նկատմամբ ոչ պահանջկոտ։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, իրանը՝ երկար և լայն, գույնը՝ շիկավուն, աշխետ, մոխրագույն։ Հովատակների մնդավի բարձրությունը 148-160 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 160-170 սմ, կրծքի փաթը՝ 190-220 սմ, դաստակինը՝ 23-25 սմ։ Կենդանի քաշը՝ 700-800 կգ։ Արդենյան ձին Ռուսաստան է ներմուծվել XIX դարի կեսերին։ ԽՍՀՄ-ում ստացվել են արդենյան ձիու ռուսական և մերձբալթյան ծանրաքարշ ցեղերը։ Արդենյան ձի բուծվում է նաև Ավստրիայում, Հունգարիայում, Արգենտինայում, Չիլիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png