Արդար դատավորները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիգինալ «Արդար Դատավորների» լուսանկարը, մինչ օրս չի գտվել

«Արդար դատավորները» կամ «Ճշմարտացի դատավորները», Գենտյան խորանի ստորին մասի ձախ հատվածի պաննոն, որը նկարել է Յան վան Էյքը կամ նրա եղբայր Հուբերտ Վան Էյքը 1430 -1432 թվականներին։ Ենթադրվում է, որ պաննոյի վրա պատկերված են մի քանի ժամանակակից գործիչների դիմանկարներ, այդ թվում և Ֆիլիպ Գթասիրտը և հնարավոր է նկարիչներ Հուբերտը և Յան վան Էյքը։ Պաննոն գողացվել է 1934 թվականին և այդպես էլ չի գտնվել[1]։

Հափշտակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաննոն ցուցադրվել է Բելգիայի Գենտ քաղաքի Սուրբ Բավոնի տաճարում՝ Գենտյան խորանի մնացած մասերի հետ միասին մինչև այն պահը, երբ այն գողացվել է 1934 թվականի ապրիլի 10-ի գիշերը, հավանաբար բելգիացի Արսե՛նե Գոդերտայերի կողմից (Լեդե, 1876 թվականի դեկտեմբերի 23 - Դենդերմոնդե, 1934 թվականի նոյեմբերի 25)[2][3]։ Գողության հաջորդ օրը Գենտի ոստիկանության կոմիսար Անտուան Լույստերբորգսը կարճ ժամանակով եղել է հանցագործության վայրում, նախքան մոտակա պանրի խանութում տեղի ունեցած գողությունը հետաքննելը։

Ինչպես երևում էր, պաննոն խնամքով հանվել էր շրջանակից՝ մնացած պաննոները թողնելով անվնաս։ Դատարկ տարածության մեջ ֆրանսերեն լեզվով թողնված էր «Վերսալի պայմանագրով Գերմանիայից վերցված» գրությունը։ Սա ակնարկ էր, որ Գենտյան խորանը, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ուժերի կողմից Բեռլին են տեղափոխել, պետք է վերադարձվեր ըստ Վերսալի պայմանագրի 247-րդ հոդվածի։ Ապրիլի 30-ին Գենտի եպիսկոպոսը մեկ միլիոն բելգիական ֆրանկ փրկագնի պահանջ է ստացել, որից սակայն Բելգիայի նախարարը հրաժարվել է։ Երկրորդ նամակը ուղարկվել է մայիսին։

Բելգիայի կառավարությունն այնուհետև բանակցություններ սկսեց հափշտակողի հետ՝ պնդելով, որ, քանի որ կորցրած պաննոն ազգային հարստություն էր, թեմի սեփականության շահը ստորադաս էր ազգի շահերին։ Գողի և կառավարության միջև նամակագրությունը շարունակվել է մինչև հոկտեմբեր՝ փոխանակելով առնվազն 11 նամակ։ Գողը բարեխղճանքից ելնելով վերադարձրեց պաննոյի երկու մասերից մեկը (Սուրբ Հովհաննես Մկրտչի գրիզայլ նկարը)։

1934 թվականի նոյեմբերի 25-ին ինքնահռչակ գող Արսե՛նե Գոդերտայերը մահանալուց հայտնեց իր փաստաբանին, որ ինքը միակն է, ով գիտի, թե որտեղ է թաքնված գլուխգործոցը, և որ այս գաղտնիքը նա իր հետ տանելու է գերեզման[4]։ Գոդերտայերը իր փաստաբանին՝ Ժորժ դե Վոսին ասաց. «Միայն ես գիտեմ, թե որտեղ է Գենտյան խորանը։ Այդ տեղեկությունը դրված է գրասեղանիս աջ կողմում գտնվող դարակում, «mutualité» գրառմամբ ծրարի մեջ»։ Դե Վոսը գտավ փրկագնի պատճենները և չուղարկված մի գրություն, որտեղ ասվում էր, որ «(այն) գտնվում է մի վայրում, որտեղից ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չի կարող վերցնել՝ առանց հանրության ուշադրությունը գրավելու»։ Դե Վոսը միայն մեկ ամիս հետո է ոստիկանությանը տեղեկացրել Գոդերտայերի խոստովանության մասին։ Ոստիկանությունը համարեց որ գողը Գոդերտայերն էր։

Արդար Դատավորների պատճենը (145 × 51 սմ) Ջեֆ Վան դեր Վեկեն

Հավանականություն կա նաև, որ ենթադրվող գողը՝ Գոդերտայերը, չէր կարող միայնակ գործել և նա պետք է ներսից օգնություն ունենար, հավանաբար՝ տաճարի չորս խնամակալներից մեկի կողմից։ Մի քանի հոգի պնդում էին, որ գիտեն պաննոյի գտնվելու վայրը և լայնածավալ որոնումներ են անցկացվել այն գտնելու համար։ Պաննոն երբեք չի վերականգնվել, և այժմ ենթադրվում է, որ այն ոչնչացվել է։ Մինչ օրս Գենտյան խորանի գործը դեռ չի փակվել[5]։

Փոխարինման պատճենը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաննոն փոխարինվել է պատճենող Ջեֆ Վան դեր Վեկենի կողմից ստեղծված պատճենով 1945 թվականին։ Վան դեր Վեկենը նկարի համար որպես պաննո օգտագործել է երկու դար պահված պահարանի դարակը։ Նա անհետացած նկարի կրկնօրինակը պատրաստեց մի օրինակի հիման վրա, որը Միշել Կոքսը (1499-1592) պատրաստել էր XVI դարի կեսերին Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի համար և պահվում էր Բելգիայի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։ Որպեսզի իր պատճենը ներդաշնակության մեջ լինի Գենտյան խորանի մյուս պաննոների արտաքին տեսքի հետ, Վան դեր Վեկենը կիրառեց մոմի մի շերտ՝ նմանատիպ թաղանթ ստեղծելու համար։ Վան դեր Վեկենը մի փոքր նշում արեց, որ իր աշխատանքը կրկնօրինակ է` ձիավորներից մեկին տալով Բելգիայի այն ժամանակվա թագավոր Լեոպոլդ III-ի դեմքի դիմագծերը[6]։

Նկարը ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաննոն նշանավոր խորհրդանշական դեր է ունեցել Ալբեր Քամյուի «Անկումը» վեպում (1956 թվական)։ Վեպի գլխավոր հերոսը՝ Ժան-Բապտիստ Կլամենսը պնդում է, որ գտել է այս նկարը «Մեխիկո Սիթի» անվանում ունեցող բարում, և նկարի գտնվելու վայրը գաղտնի պահելը նրան ուժ է տալիս, նա իրեն զգում է նոր «ապաշխարող դատավորի» դերում։

Պաննոն կարելի է տեսնել նաև Նետ հեռուստասերիալում (3րդ եթերաշրջան, 16րդ դրվագ), Ռա ալ Գուլի որջում ճաշասեղանի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charney, (2010), 144
  2. Casert, Raf (2012 թ․ նոյեմբերի 19). «Art's perfect theft: the 'Ghent Altarpiece'». Yahoo News. Associated Press. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Charney, (2010), 157-158
  4. Charney, (2010), 157
  5. «The Ghent Altarpiece: the truth about the most stolen artwork of all time». The Guardian. 2013 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. Rudi Schrever, ‘Rechtvaardige Rechters’ van het Lam Gods onder handen genomen, in: Historiek, 22 June 2010