Արգենտինայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արգենտինայի աշխարհագրություն
Argentina topo blank.jpg
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
ՄայրցամաքՀարավային Ամերիկա
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
Ամենաբարձր կետԱկոնկագուա լեռ` 6960մ
Ամենացածր կետԼագունա դել Կարբոն ծովածոց` -105մ
Մակերես2780400 կմ2
տարածքային ջրեր` 1,56%
ցամաքային տարածք` 98,43%

Արգենտինայի աշխարհագրություն, բնութագրում է Արգենտինայի՝ Հարավային Ամերիկայում գտնվող երկրի աշխարհագրական առանձնահատկությունները[1]։ Արևմուտքում Անդերի լեռներն են, արևելքից ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Սահմանի ընդհանուր երկարությունը 9665 կմ է, ափագծի երկարությունը՝ 4989 կմ։ Հարավում և արևմուտքում սահմանակցում է Չիլիին (5150 կմ), արևելքում՝ Բրազիլիային (1224 կմ) և Ուրուգվային (579 կմ), հյուսիսում՝ Բոլիվիային (832 կմ) և Պարագվային (1880 կմ)[2]։

Տարածքի մեծությամբ Արգենտինան երկրորդ ամենամեծ երկիրն է Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայից հետո, և 8-րդը՝ ամբողջ աշխարհում։ Երկրի ընդհանուր մակերեսը 2 780 400 կմ² է (ցամաքի մակերեսը՝ 2 736 690 կմ²)։ Արգենտինան հավակնում է Անտարկտիդայի որոշակի հատվածի (Արգենտինական Անտարկտիկա), որը Անտարկտիկական համաձայնագրի առարկան է հանդիսանում։ Արգենտինային է պատկանում նաև Հրո Երկիր կղզեխմբից մի հատված և մի քանի փոքր կղզիներ։ Վիճելի տարածքներ ունի Ուրուգվայի հետ, իսկ Մեծ Բրիտանիայի հետ անհամաձայնություն կա Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների, Հարավային Զորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիների հետ կապված։

2014 թվականի տվյալներով Արգենտինայի բնակչությունը կազմել է 42 669 500 մարդ[3]։ Բնակչության միջին խտությունը կազմում է 15 մարդ/կմ²՝ 32-րդ տեղն աշխարհում։

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի նահանգները բաժանվում են 7 զոնաների՝ կլիմայից և լանդշաֆտից կախված։ Հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք՝

Հողօգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարելահողեր՝ 13.9%
  • Մշակաբույսեր՝ 0.4%
  • Արոտավայրեր՝ 39.6%
  • Անտառներ՝ 10.7%
  • Այլ՝ 35.4% (2020)
  • Ոռոգվող հողեր՝ 23,600 կմ² (2020)
  • Զրաապահովվածությունը՝ 814 կմ³/տարի

Մակերևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակոնկագուա, 2019 թվականին

Արգենտինայի արևելքը ընդարձակ հարթավայրեր են, արևմուտքը՝ լեռնային։ Երկրի հյուսիս-արևելքը ամբողջությամբ զբաղեցնում է Լա Պլատայի դաշտավայրը, որն իր մեջ ընդգրկում է Գրան Չակո հարթավայրը հյուսիս-արևմուտքում, Պարանա և Ուրուգվայ գետերի միջագետքը հյուսիս-արևելքում և Պամպաների արևելյան հարթ մասը՝ հարավում։ Հյուսիսում Միջագետքի մի մասն է կազմում Բրազիլական սարահարթի մասնատված եզրը, իսկ Պամպայի հարավը եզերում են Սիեռա դել Տանդիլ և Սիեռա դե լա Վենտանա բարձրությունները։ Պամպայի արևմտյան մասը 500-1000 մ բարձրությամբ բարձրադիր հարթավայրեր են։ Երկրի հարավում՝ Անդերի և Ատլանտյան օվկիանոսի միջև տարածվում է Պատագոնիայի սարահարթը, որտեղ շատ խիստ կլիմայական պայմաններ են։ Դրանով է պայմանավորված Արգենտինայի բնաշխարհի բազմազանությունը, որը զարմացնում է իր բուսական և կենդանական աշխարհի էկզոտիկ և յուրահատուկ տեսակներով։

Արևմուտքում Անդերի լեռնաշղթան ձևավորում է բնական սահման Չիլիի հետ։ Անդերի հյուսիսային մասը՝ բարձրլեռնային Պունա դե Ատակաման գործնականում աննվաճ է, որտեղ միջին բարձրությունը հասնում է 3400-4000 մ։ Լեռնաշղթայի միջին անմատչելի հատվածում առանձին պիկեր հասնում են 6000 մետրից ավել բարձրության։ Ակոնկագուան (6960 մ)՝ Հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթն է։ Մերսեդարիո պիկը՝ 6770 մ։ Հարավում Պատագոնյան Անդերն ունեն 2000-3000 մ հարաբերական բարձրություն։ Ամենաբարձր կետը Տրոնադոր լեռն է՝ 3554 մ։

Պատագոնիայում՝ Արգենտինայի և Չիլիի սահմանին են գտնվում նաև Ֆիցրոյ պիկը՝ 3405 մ, Մայպո հրաբուխը, որի բարձրությունը ակտիվ ժամանակ կազմում է 5264 մ։ Իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ անկրկնելի են Սեռանյա դել Ագուարագե լեռները, որոնց ձգվածությունը 154 կմ է Խուխույ նահանգում։ Տեղացիներն այս լեռնաշղթային տալիս են Խորնոկալ անունը։

Զրային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի ջրային ռեսուրսների մեջ առանցքային դեր ունեն գետերը։ Գետային համակարգը առավել զարգացած է երկրի հյուսիս-արևելքում, որտեղ երկու ջրառատ գետեր միախառնվում են Լա Պլատայի ընդհանուր գետաբերանում։ Պարանան երկրորդն է Հարավային Ամերիկայում (Ամազոնից հետո)՝ իր երկարությամբ և ջրահավաք ավազանի մեծությամբ։ Արգենտինայի խոշորագույն գետերն ունեն անձրևային սնուցում։ Երկրի ջրաէներգետիկ և տնտեսական պոտենցիալի մեծ մասը պատկանում է Պատագոնիայի գետերին, որոնք սկիզբ են առնում լեռներից, ինչպես նաև Ուրուգվայ և Պարանա գետերի ավազաններին։

Արգենտինայում ջրագրական ցանցը ձևավորվում է տարբեր տնտեսական նշանակություն ունեցող գետային համակարգերից, որոնք գնահատվում են նավարկելիությամբ և հոսքի ծավալի մեծությամբ։ Գետաջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Կախված հոսքի ուղղությունից՝ Արգենտինայի գետերն ու վտակները կարելի է դասակարգել տարբեր ջրահավաք խմբերի՝

  • Բաց կամ էկզոռեիկ (արտաքին) ջրահավաք ավազաններ, որոնք ունեն արտաքին ջրահեռացում (դեպի ծով)՝ Պարանա, Ուրուգվայ և Նեգրո գետեր.
  • Փակ կամ էնդորեիկ (ներքին) ջրահավաք ավազաններ, որոնք ունեն ներքին ջրահեռացում՝ Ատուել, Դիամանտե և Տունույան գետեր։

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Պարագվայ սահման՝ Պարանա գետ

Բացառությամբ հյուսիս-արևելքի՝ այստեղ քիչ են խոշոր գետերը, և շատերն ունեն միայն սեզոնային հոսքեր։ Գրեթե բոլոր ջրհոսքները հոսում են դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոս, բայց մեծ մասը դառնում են լճեր կամ ճահիճներ, կամ կորչում են Պամպաների և Պատագոնիայի հողերում։ Չորս խոշոր գետային համակարգերը, որոնք ավարտվում են Ռիո դե լա Պլատայի գետաբերանում, կազմված են Անդյան վտակներից, կենտրոնական գետային համակարգերից և հարավային գետային համակարգերից։

Իգուասու ջրվեժ

Պարանան (լատ.՝ Paraná) Հարավային Ամերիկայի երկրորդ ամենաերկար գետն է՝ Ամազոնից հետո։ Երկարությունը 4880 կմ է, ավազանը՝ 4 250 հզ կմ²։ Լեռնագրական պետական սահման է Բրազիլիա և Պարագվայ, ինչպես նաև Պարագվայ և Արգենտինա երկրների միջև։ Պարանայի վերին հոսանքներում շատ են ջրվեժները։ Պարանային է միանում Իգուասու գետը (պորտ.՝ Río Iguaçu), որը Արգենտինա է հասնում հյուսիս-արևելքից։ Այս տարածքը ամբողջ աշխարհին հայտնի է Իգուասու ջրվեժներով։ Իգուասուն ջրվեժ է Իգուասու գետի վրա։ Զուրը թափվում է 72 մ բարձրությամբ 2 զառիթափ աստիճաններից, 275 շիթով։ Զրվեժի մոտ կառուցված է «Իտայպու» ջրէկը (12,6 մլն կՎտ հզորությամբ)։ Իգուասու անվանումն առաջացել է Իգուասու գետի անունից (պորտ.՝ Cataratas Iguaçu): Տուպի-գուարանի հնդկացիական ցեղի լեզվով իգուասու նշանակում է «գետ, ջուր», իսկ գուասու՝ «մեծ», այսինքն՝ «մեծ գետ»։ Այս ջրվեժները ավելի բարձր են և լայն, քան Նիագարա ջրվեժը, որը գտնվում է ԱՄՆ և Կանադա սահմանին։

Ուրուգվայ գետի վերին հոսանքը Բրազիլիայում է, մյուս մասը սահմանային է Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի միջև։ Կազմավորվում է Սեռա դո Մար լեռնաշղթայի լանջերից սկիզբ առնող Պելոտաս և Կանոաս գետերի միախառնումից, թափվում է Լա Պլատա ծոցը։ Երկարությունը (Պելոտաս գետի հետ) 2200 կմ է։ Ծովային նավերը նավարկում են մինչև Պայսանդու քաղաքը։ Շուրջ 2500 կմ երկարությամբ Պարագվայ գետը Պարանայի աջ վտակն է։ Առանձին հատվածներում սահմանային գետ է Պարագվայի, Բրազիլիայի և Արգենտինայի միջև։ Սկիզբ է առնում Բրազիլիական սարահարթի արևմտյան մասից և թափվում է Պարանա գետը։ Նավարկելի է մինչև Կոնսեպսիոն քաղաքը։ Բոլոր այս գետերը միանում և հոսում են դեպի Ռիո դե լա Պլատա և, ի վերջո, Ատլանտյան օվկիանոս՝ Արգենտինայի հյուսիսում։ Այս գետերի միախառնման տեղում ձևավոևվում է լայն գետաբերան, որը կարող է հասնել առավելագույնը 222 կմ լայնության։

Կենտրոնական Արգենտինայի հյուսիսում Մար Չիկիտա լիճը սնվում է մի քանի գետերից։ Դուլսե գետը սկիզբ է առնում Սան Միգել դե Տուկումանից ոչ հեռու և Մար Չիկիտա լիճ է թափվում հարավ-արևմուտքում։ Հարավ-արևմուտքից այն սնվում է նաև Պրիմերո և Սեգունդո գետերով։

Պատագոնիայի հյուսիսում խոշոր գետերն են Կոլորադո և Նեգրո գետերը, որոնք սկիզբ են առնում ԱՆդերից և հոսում են Ատլանտյան օվկիանոս։ Կոլորադոն սնվում է Սալադո գետից, որը հոսում է Պիկո Օխոս դել Սալադոից հարավ-արևելյան ուղղությամբ դեպի Կոլորադո։ Սալադոյի վտակներն են Ատուելը, Դիամանտեն, Տունույանը, Դեսագուադերոն և Սան Խուանը, որոնք սկիզբ են առնում հյուսիս-արևմտյան ԱՆդերից։ Նեգրոն ևս ունի երկու վտակ՝ Նեուկեն և Լիմայը։ Պատագոնիայի կենտրոնական մասում Չուբուտ գետը նույնպես սկիզբ է առնում Անդերից և հոսում դեպի արևելք, ձևավորում է մեծ լիճ՝ մինչև օվկիանոս թափվելը։ Դեսեադո, Չիկո, Սանտա Կրուզ և Գալեգոս գետերը նույնպես սկիզբ են առնում լեռներից և հոսում դեպի Ատլանտյան օվկիանոս։

Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մար Չիկիտա լիճ

Չիլիի և Արգենտինայի սահմանին՝ Անդերի լեռնային հատվածում գտնվող Լոս Լագոս (իսպ.՝ Región de Los Lagos) շրջանը (Դիսթրիկտ լիճ) պարունակում է մի քանի սառցադաշտային ծագման լճեր, որոնք կազմավորվում են լեռներում և լցված են հալվող ջրերով և անձրևաջրերով։ Այս տարածքում ամենանշանակալիցը Բուենոս Այրես կամ Հեներալ Կարրերա սառցադաշտային ծագման լիճն է, որը գտնվում է Արգենտինայի և Չիլիի սահմանին։ Այն երկրի ամենամեծ լիճն է և հինգերորդն է Հարավային Ամերիկայում՝ 2240 կմ² ընդհանուր մակերեսով[4]։

Սահմանի երկայնքով դեպի հարավ շարժվելով կարելի է հանդիպել Սան Մարտին (իսպ.՝ Lago San Martín), Վիեդմա (իսպ.՝ Lago Viedma) և վերջապես Արգենտինո (իսպ.՝ Lago Argentino) լճերին։ Վերջինս շրջանի՝ մեծությամբ երկրորդ լիճն է՝ 1466 կմ² մակերեսով։

Բուենոս Այրես լճից ոչ հեռու՝ Կաստիլո հարթավայրում Կոմոդորո Ռիվադավիայի մոտակայքում է գտնվում Կոլխու Խուապի լիճը։

Աշխարհի ամենամեծ աղի լճերից մեկը և Արգենտինայի ամենամեծ լիճը Մար Չիկիտան է (իսպ.՝ Mar Chiquita՝ «փոքր ծով»), որը գտնվում է կենտրոնական Արգենտինայում։ Լճի մակերեսը տարեցտարի և սեզոնից սեզոն փոխվում է, բայց ամենախոնավ ժամանակ այն կազմում է 5770 կմ2։

Լիմայ գետի վրա է գտնվում Էլ Չոկոն (իսպ.՝ El Chocón) ՀԷԿ-ով կառուցված ջրամբարը, որը Արգենտինայի ամենամեծ արհեստական լճերից մեկն է։

Խոնավ տարածքներ և ճահճուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի հյուսիս-արևելքում գտնվող Իբերան կենսաբանորեն հարուստ տարածք է՝ ավելի քան վաթսուն լճակներով, որոնք միացված են ճահիճներին։ Տարածքը չափազանց խոնավ է, բնակեցված է թռչունների հորյուրավոր տեսակներով և հազարավոր միջատներով, ինչպես նաև թիթեռների շատ տեսակներով։ Այստեղ տեղակայված են բուսական և կենդանական աշխարհի բազմազան տեսակներ, մասնավորապես՝ արքայական ջրաշուշանը, մետաքսե-բամբակյա ծառերը, ալիգատորները և ջրախոզուկները (անգլ.՝ capybara)՝ աշխարհի ամենամեծ կրծողների տեսակը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի կլիմայական մարզերի քարտեզ

Արգենտինայի տարածքը՝ հյուսիսից հարավ մեծ ձգվածության պատճառով, ընկած է երեք կլիմայական գոտիներում՝ արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն։ Երկրի հարավում ամառը համեմատաբար սառն է։ Նույնիսկ ամենատաք ամսվա՝ հունվարի միջին ջերմաստիճանը +15 °C է։ Արգենտինայում ամենաշոգ վայրը երկրի հյուսիսում գտնվող արևադարձային Գրան-Չակո շրջանն է։ Այստեղ ամռանը օդը տաքանում է մինչև +30°-ից +40 °C, իսկ ձմռանը՝ +17°-ից +20 °C: Տեղումների տարեկան քանակը արևելքից արևմուտք պակասում է՝ հարթավայրերի արևելքում կազմելով 1400-1600 մմ, արևմուտքում՝ 100- 300 մմ։ Լեռներում տեղումների տարեկան քանակը նորից ավելանում է։ Ամենաշատ տեղումներ ստանում են Հարավային Անդերի արևեելյան լանջերը՝ տարեկան մինչև 2000 մմ, տեղ-տեղ՝ 5000 մմ։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի կլիման խոնավ մերձարևադարձային է։ Քանի որ Բուենոս-Այրեսը գտնվում է հարավային կիսագնդում, ամառը ձգվում է դեկտեմբերից մինչև փետրվար, իսկ ձմեռը՝ հունիսից օգոստոս։ Ձմեռը մեղմ է, անձրևոտ, ցրտահարությունները հազվադեպ են և թույլ։ Ամռանը օդը շատ խոնավ է, շոգ ու տոթ, բնորոշ են երկարատև տաք ու տեղատարափ անձրևոտ եղանակները։ Ձմռանը՝ հուլիսին, օդի միջին ջերմաստիճանը կազմում է +10 °C, իսկ ամռանը՝ հունվարին՝ +24 °C: Քաղաքի տարածքում տեղումների տարեկան քանակը կազմում է 987 մմ։ Մայրաքաղաք Բուենոս-Այրեսը գտնվում է Արգենտինայի հյուսիս արևելքում և բնութագրվում է տիպիկ մերձարևադարձային մուսսոնային կլիմայով։

Քաղաքական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինան մի շարք միջազգային պայմանագրերի անդամ երկիր է։ Մասնավորապես անդամակցում է Անտարկտիկ Բնապահպանական Արձանագրության, Անտարկտիկայի Համաձայնագրի, Կենսաբազմազանության Պայմանագրի, Անտարկտիկական Փոկեր, կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կիոտոյի արձանագրության, Անապատացման, Անհետացող տեսակների, Շրջակա աշխարհի փոփոխությունների, Վտանգավոր թափոնների, Խոնավ տարածքների, Միջազգային ծովային իրավունքի, թափոնների և այլ նյութերի պատճառով ծովի աղտոտման կանխման մասին Լոնդոնյան Կոնվենցիայի, Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ Պայմանագրի, Մոնրեալի արձանագրության, Նավերից աղտոտվածության կանխարգելման Միջազգային Կոնվենցիայի, Կետորսության և այլ պայմանագրերին։

Ռազմավարական նշանակություն ունի այն, որ երկիրը գտնվում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներն իրար կապող ծովային ուղիների վրա։

Արգենտինան զբաղեցնում է Հարավային Ամերիկա մայրցամաքի հարավ-արևելյան մասը, ներառյալ Հրո Երկիր կղզեղմբի արևելյան հատվածը՝ Էստադոս և այլ կղզիները։ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները, ինչպես նաև Հարավային Զորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիները վիճելի տարածքներ են Մեծ բրիտանիայի հետ։

Ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի Ազգային Պարկերը 35 ազգային պարկերից կազմված ցանց է։ Ազգային պարկերն ընդգրկում են մի շարք տարածքներ և բնապահպանական համալիրներ՝ Բոլիվիայի հետ սահմանի հյուսիսում գտնվող Բարիտու ազգային պարկից մինչև մայրցամաքի հարավում գտնվող Հրո Երկիր ազգային պարկը։

Ազգային պարկերը ստեղվել են 1903 թվականին՝ Ֆրանցիսկո Մորենոյի կողմից[5]։ Ընդգրկում են 73 քառ. կմ տարածք Անդերի նախալեռներում՝ Դիսթրիկտ լճի հատվածում։ 1934 թվականին ընդունվեց օրենք՝ Ազգային Պարկերի համակարգի ստեղծման մասին, համաձայն որի՝ պահպանվող տարածքները պաշտոնապես ձևակերպվեցին որպես Նաուել Ուապի ազգային պարկ և ստեղծվեց Իգուասու ազգային պարկը։ Սկսեցին կիրառվել նոր օրենքներ, որոնք կանխում էին ծառահատումներն ու որսը։

1937 թվականին Պատագոնիայում հայտարարվեցին 5 ազգային պաչկեր, և ծրագրվեցին նոր քաղաքներ և կառույցներ՝ զբոսաշրջությունը խթանելու համար։ 1970 թվականին հայտարարվեցին ևս վեց ազգային պարկեր։

1970 թվականի ընդունվեց նոր օրենք, որում հրապարակվեցին պաշտպանության նոր կատեգորիաներ, ոստ որոնց՝ այժմ կան ազգային պարկեր, ազգային հուշարձաններ, կրթական արգելոցներ և բնական արգելոցներ։ 1980-ականներին ստեղծվեցին ևս տաս ազգային պարկեր։ 2000 թվականին ստեղծվեցին Մբուրուկույա, Կոպո և Էլ Լեոնսիտո ազգային պարկերը։

Ազգային պարկերի ծառայության շտաբ-բնակարանը գտնվում է Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Սանտա Ֆե պողոտայում։

Ներկայումս Արգենտինայում կան 41 հատուկ պահպանվող տարածքներ, որոնք ընդգրկում են երկրի տարածքի 1.5%-ը՝ 37000 կմ² ընդհանուր մակերեսով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The world Factbook: Argentina»։ The World Factbook։ Central Intelligence Agency։ Վերցված է December 13, 2013 
  2. https://maps.lib.utexas.edu/maps/americas/argentina_rel96.jpg
  3. «CIA World Factbook: Argentina»։ Վերցված է 2012-06-26 
  4. G. Zambrano, R. Abarca del Rio, J.-F. Cretaux, and B. Reid First insights on Lake General Carrera/Buenos Aires/Chelenko water balance(անգլ.) // Advances in Geosciences. — 2009. — № 22. — С. 173-179.
  5. «Historia Institucional» (Spanish)։ Administración de Parques Nacionales։ Արխիվացված է օրիգինալից July 11, 2015-ին։ Վերցված է August 15, 2015