Արգենտինական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաուչո գրականության նշանավոր երկերից մեկի տիտղոսաթերթը
Էստեբան Էչևեռիայի դիմանկարը
Լեոպոլդո Լուգոնես
Խուլիո Կորտասարը 1967 թ.

Արգենտինական գրականություն - Լատինական Ամերիկայի առավել բեղմնավոր, առավել նշանակալից ու համբավավոր գրականություններից մեկը, որի ամենահռչակված ներկայացուցիչներից են Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը, Լեոպոլդո Լուգոնեսը, Էռնեստո Սաբատոն...

Ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում իսպանալեզու գրականությունն սկսվել է իսպանացի գաղութարարների ժամանակագրություններով: Առաջին բանաստեղծներն ու գրողները Արգենտինայի հնագույն քաղաքի՝ Սանտյագո դել Էստերոյի բնակիչներ էին՝ Լուիս Պարդոն, Մատեո Ռոխաս դե Օկենդոն, Բեռնալ Դիաս դել Կաստիլիոն:

Ռիո դե լա Պլատայի առաջին ժամանակագիրը դարձավ Ուլրիխ Շմիդլը՝ «Ճանապարհորդություն դեպի Իսպանիա և Հնդկաստան» աշխատության հեղինակը:[1]

1613 թվականին Կորդովայի համալսարանի հիմնումը լուրջ խթան դարձավ Արգենտինայի մշակույթի ու արվեստի և մասնավորապես գրականության զարգացման համար:

Ազատագրական պայքարի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականին Արգենտինան անկախություն նվաճեց: Բուռն ծաղկում ապրեցին կրթությունը, մշակույթը, գրականությունը: Բուենոս Այրեսում հիմնվեց առաջին հանրային գրադարանը, որին հենց առաջին ամսվա ընթացքում բնակիչները նվիրեցին ավելի քան երկու հազար կտոր գիրք:

Բուն արգենտինական գրականության առաջին դրսևորումները դարձան կրեոլյան (իսպ՝. criollismo) և գաուչո (իսպ՝. literatura gauchesca ) ուղղությունների գրական ստեղծագործությունները: Առաջին ուղղությանը բնորոշ սկզբունքներով ստեղծված երկերին հատուկ են էպիկականությունը, արտաքին ուժերի դեմ պայքարը, հասարակությանը վերափոխելու գաղափարները: Երկրորդ ուղղության մեջ ներառված ստեղծագործությունները պատմություններ են գաուչոների՝ գյուղացիական ծագմամբ խիզախ ու հնարամիտ ձիավորների և նոր երկրների հայտնագործման մասին: Գրականագետները համարում են, որ հենց այս վերջին, այսինքն՝ գաուչո ուղղությունն է ընկած ժամանակակից արգենտինական գրականության հիմքում: Ընդսմին՝ արգենտինական գրականության մեջ ռոմանտիզմի հիմնադիրը համարվում է Էստեբան Էչևեռիան՝ տասնիններորդ դարի առաջին կեսին իր ստեղծած երկերով, որորցից ամենանշանավորներն ու ամենամեծ ժողովրդականություն վայելողները «Սպանդ» (իսպ՝. El matadero) պատմվածաշարը և «Գերուհին» (իսպ՝. La cautiva) պոեմն են:

1880-ական թվականներին գրականությունը ծաղկում ապրեց հատկապես Բուենոս Այրեսում: Բարձր արվեստով առանձնանում են մասնավորապես Ալմաֆուերտեի քնարերգությունը, Խոսե Մանուել Էստրադայի, Խոակին Գոնսալեսի, Պեդրո Գոենայի, Միգել Կանեի, Էուխենիո Կամբասերասի, Խուլիան Մարտելի պատմվածքները:

Քսաներորդ դարի գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներորդ դարասկզբին Արգենտինայում քաղաքական կյանքը բնականոն հունի մեջ ընկավ, որի շնորհիվ գրականությունը բուռն ծաղկում ապրեց: Արգենտինական գրականության մուտքը նոր դարաշրջան նշանավորվեց առաջին հերթին մոդեռնիստ բանաստեղծ, գրող Լեոպոլդո Լուգոնեսի նորաշունչ ստեղծագործությամբ: Վերջինիս ճոխ, շքեղ, նրբագեղ պոեզիային հաջորդեց մի ժամանակաշրջան, երբ գրականության մեջ գերիշխում էր պարզությունը (իսպ՝. sencillista): Դա լավագույնս դրսևորվեց հատկապես Բալդոմերո Ֆերնանդես Մորենոյի և Էվարիստ Կառիեգոյի երկերում:

Քսաներորդ դարասկզբի արգենտինական գրականության առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ այդ ժամանակաշրջանում ստեղծված շատ գրական երկեր, մասնավորապես՝ Գուստավո Մարտինես Սուվիրայի ծավալուն արձակ գործերը էկրանավորվելու բախտին արժանացան:

Քսաներորդ դարի արգենտինացի բանաստեղծներից հիշատակման է արժանի նաև Նեմեր իբն էլ Բարուդը, որի ստեղծագործություններն առանձնանում են հուզականությամբ, նրբագեղությամբ, պատկերավորությամբ, ռոմանտիկական շնչով:

Արգենտինական արդի գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում Կառլոս Մենեմի նախագահության տարիներին (1989-1999 թթ.) տնտեսության ծաղկման և մշակույթի որոշակի անկման մթնոլորտում ի հայտ եկան հեղինակների նոր խմբեր, որոնք հեռացել էին ավանդական գրական շրջանակներից (ինչպես, օրինակ, մոգական ռեալիզմի ուղղության ներկայացուցիչ Ֆեռնանդո Սոռենտինոն):

2001 թվականի ճգնաժամից հետո Արգենտինայում սկսեց ձևավորվել գրողների մի նոր սերունդ, ովքեր իրենց ստեղծագործությունները հաճախ հրապարակում են ինտերնետում: 2010 թվականին բրիտանական ,,Գրանտա,, ամսագիրը 35-ից ցածր տարիքի քսաներկու առավել հետաքրքրական գրողների՝ իր հրապարակած ցուցակում նշել էր իսպաներեն ստեղծագործող ութ արգենտինացի հեղինակների՝ Սամանտա Շվեբլինին, Օլիվերիո Կոելիոյին, Ֆեդերիկո Ֆալկոյին, Մաթիաս Նեսպոլոյին, Անդրես Նեումանին, Պոլա Օլոիխարասին, Պատրիսիո Պրոնին, Լուսիա Պուենսոյին[2]:

Ժամանակակից արգենտինացի գրողներից հիշատակման է արժանի նաև մանկագիր, Անդերսենի մրցանակի 2012 թվականի դափնեկիր Մարիա Տերեսա Անդրուետոն, որի ստեղծագործությունները ժողովրդականություն են վայելում ոչ միայն իր հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [http://www.cervantesvirtual.com/servlet/SirveObras/ /p0000001.htm Viaje al Río de la Plata : (1534—1554) — Biblioteca Virtual Miguel de Cervantes]
  2. Granta 113: The Best of Young Spanish-Language Novelists | Archive | Granta Magazine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]