Արգանդի պարանոցի պոլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանդի պարանոցի պոլիպ
Cervical polyp.jpg
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով երևում է արգանդի պարանոցի պոլիպը։
Տեսակհիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
Commons-logo.svg Cervical polyp Վիքիպահեստում
Արգանդի պարանոցի պոլիպի հյուսվածաբանական պատկերը։ Պոլիպը կազմված է էնդոեցրվիկալ էպիթելից և գեղձերից (գեղձային գլանաձև շերտ), այտուցված ստրոմայից և պարզ կանգից։ Ներկված է հեմատօքսիլին/էոզինով[1]

Արգանդի պարանոցի պոլիպ, հաճախ հանդիպող բարորակ պոլիպ կամ ուռուցք, որն առաջանում է արգանդի պարանոցային խողովակի ներքին մակերեսին[2]։ Նրանք կարող են առաջացնել անկանոն դաշտանային արյունահոսություն, բայց ավելի հաճախ լինում են անախտանիշ։ Բուժումը իրենից ներկայացնում է պարզապես պոլիպի հեռացում, ինչից հետո կանխատեսումը սովորաբար դրական է։ Արգանդի պարանոցի պոլիպների մոտ 1%-ում կարող են առկա լինել նեոպլաստիկ բջիջներ, ինչը կարող է բերել քաղցկեղի զարգացման։ Դրանք ավելի հաճախ հանդիպում են նախկինում հղիություններ ունեցած, նախադաշտանադադարային տարիքում գտնվող կանանց մոտ։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպները սովորաբար լինում են անախտանիշ[3]։ Ախտանիշների առկայության դեպքում դրանք կարող են ներառել՝ միջդաշտանային արյունահոսություն, առատ դաշտանային արյունահոսություն, դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց մոտ արգանդային արյունահոսություն, արյունահոսություն սեռական ակտից հետո և մածուցիկ, սպիտակավում կամ դեղնավուն հեշտոցային արտադրություն (լեյկորեա)[4][5][6][7]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպների առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն նրանք շատ հաճախ կապված են արգանդի պարանոցի բորբոքային պրոցեսների հետ[8]։ Նրանք նաև կարող են առաջանալ էստրոգենի բարձր մակարդակի կամ արգանդի պարանոցի արյունատար անոթների խցանման հետևանքով[4]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպները կարելի է հայտնաբերել փոքր կոնքի հետազոտության ժամանակ, նրանք արգանդի պարանոցից դուրս ցցված կարմիր կամ մանուշակագույն գոյացություններ են[4]։ Ախտորոշումը կարելի է հաստատել արգանդի պարանոցի բիոպսիայի միջոցով, որը ցույց կտա պոլիպում առկա բջիջների բնույթը[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպները մատնաձև գոյացություններ են, որոնց տրամագիծը չի գերազանցում 1 սանտիմետրը[4][5]։ Նրանք սովորաբար ունեն բաց կարմիր գույն և սպունգանման կառուցվածք[3]։ Նրանք կարող են արգանդի պարանոցին կպած լինել երկար և նեղ ոտիկով և երբեմն նաև դուրս ցցվել դեպի հեշտոց և շատ նման լինել էնդոմետրիումի պոլիպին կամ արգանդի սուբմուկոզ միոմային[5]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպը կարելի է հեռացնել օղակաձև սեղմիչներով[9]։ Պոլիպը նաև կարելի է հեռացնել նրա հիմքը կապելով, այնուհետև հատելով այն[4]։ Պոլիպի մնացած հիմքը այնուհետև կարելի է հեռացնել լազերի կամ կաուտերիզացիայի միջոցով[4]։ Պոլիպի ինֆեցկման դեպքում հնարավոր է հակաբիոտիկի կարիք լինել[4]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպների 99%-ը մնում են բարորակ և միայն 1%-ում կարող են առաջանալ նեոպլաստիկ փոփոխություններ[10]։ Արգանդի պարանոցի պոլիպները շատ հազվադեպ են կրկնվում[4]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի պարանոցի պոլիպները ամենից հաճախ հանդիպում են երեխամներ ունեցող և պերիմենոպաուզայի մեջ գտնվող կանանց մոտ[3]։ Նրանք հազվադեպ են հանդիպում դաշտան չտեսած աղջիկների կամ դաշտանադադարում գտնվող կանանց մոտ[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anissa Ben Amor. (2022)։ «Cervical Ectropion»։ StatPearls, National Center for Biotechnology Information։ PMID 32809544   Last Update: November 14, 2021.
    - This book is distributed under the terms of the Creative Commons Attribution 4.0 International License
  2. Boon Mathilde E., Albert J. H. Suurmeijer (1996)։ The Pap Smear։ Taylor & Francis։ էջ 87։ ISBN 3-7186-5857-7 
  3. 3,0 3,1 3,2 Zuber Thomas J., E. J. Mayeaux (2004)։ Atlas of Primary Care Procedures։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 254–256։ ISBN 0-7817-3905-5 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Smith Melanie N. (2006-05-10)։ «Cervical polyps»։ MEDLINE։ Վերցված է 2007-11-05 
  5. 5,0 5,1 5,2 Bates Jane (1997)։ Practical Gynaecological Ultrasound։ Cambridge University Press։ էջ 77։ ISBN 1-900151-51-0 
  6. Papadakis Maxine A., Stephen J. McPhee, Roni F. Zeiger (2005)։ Current Consult Medicine 2006։ McGraw-Hill Professional։ էջ 60։ ISBN 0-07-145892-1 
  7. 7,0 7,1 Bosze Peter, David M. Luesley (2004)։ Eagc Course Book on Colposcopy։ Informa Health Care։ էջ 66։ ISBN 963-00-7356-0 
  8. «Cervical Polyps»։ Doncaster and Bassetlaw Hospitals (NHS)։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-07-ին։ Վերցված է 2007-10-21 
  9. Moore Anne (2001-09-20)։ «How Should I Treat Postcoital Bleeding in a Premenopausal Patient?»։ Medscape.com։ Վերցված է 2007-10-21 
  10. Tillman Elizabeth։ «Short Instructor Materials»։ Centers for Disease Control and Prevention։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-23-ին։ Վերցված է 2007-10-21