Jump to content

Արա Նաջարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Նաջարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1960(1960-09-11) (64 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Օքսիդենթալ քոլեջ և USC Gould School of Law?
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Ara Najarian Վիքիպահեստում

Արա Ջեյմս Նաջարյան (անգլ.՝ Ara James Najarian, սեպտեմբերի 11, 1960(1960-09-11), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկահայ պետական և քաղաքական գործիչ, փաստաբան, քաղաքային խորհրդի նախկին անդամ։ 4 անգամ զբաղեցրել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետի պաշտոնը[1]։ Լինելով հայկական ծագմամբ ամերիկացի քաղաքական գործիչ՝ հանդես է եկել տարբեր առաջարկություններով և նախաձեռնություններով Գլենդելի քաղաքային կյանքին հայ համայնքի ինտեգրման և ներկայացվածության ապահովման համար[2]։ 2010 թվականին հրավիրվել է մասնակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որն այդ ժամանակ այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում[3]։ Մշտապես հանդես է գալիս հայ-ամերիկյան կապերի ամրապնդման օգտին՝ առաջարկելով սերտացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, հատկապես՝ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջարյանը ծնվել և մեծացել է Օհայո նահանգում[5]։ Նրա ծնողները՝ Վարդգես և Մերի Նաջարյանները բժիշկներ էին ու զբաղվում նաև բարեգործությամբ[6]։ Մինչ Փենսիլվանիայի Բաքնելի համալսարան ընդունվելը, երկու տարի խաղացել է նույն համալսարանի ֆուտբոլային թիմում[7]։

1980 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է Գլենդել[8][9]՝ շարունակելով կրթությունը Արևմտյան քոլեջում (անգլ.՝ Occidental College), որտեղ հանդիպել է նաև ԱՄՆ ապագա նախագահ Բարաք Օբամային[9][10]։ 1982 թվականին Նաջարյանը ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1985 թվականին ավարտել ասպիրանտուրան Լոս Անջելեսում տեղակայացված Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Ջեյմս Գուլդի անվան իրավունքի դպրոցում[9]։

Փաստաբանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1984 թվականներին որպես դատական գործավար աշխատել է Լոս Անջելեսի շրջանային փաստաբանական գրասենյակի Թմրանյութերի բաժնում և Գլենդելի մասնաճյուղում[11]։ 1988-1998 թվականներին էլ եղել է «Նաջարյան և Վիրջիլիո» իրավաբանական ընկերության գործընկեր փաստաբան, որը գործում էր Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում[11]։ 1998 թվականից ունի սեփական փաստաբանական ընկերությունը, որը ևս տեղակայված է Գլենդելում[11]։ 1992 թվականից էլ աշխատում է Լոս Անջելեսի և Գլենդելի բարձր դատարաններում՝ որպես փոխարինող դատավոր[11]։ Երկու դատարաններում էլ պարբերաբար հանդես է գալիս որպես արբիտր և վեճերի լուծման մասնագետ[11]։

Հանրային ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան մինչև քաղաքականություն մտնելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2022 թվականներին աշխատել է Գլենդելի տրանսպորտի և ավտոկայանատեղիների հարցերով հանձնաժողովում[11]։ Ընդ որում, 2000-2001 և 2002-2003 թվականներին ղեկավարել է այդ հանձնաժողովը[11]։ 1998-2005 թվականներին աշխատել է նաև Գլենդելում կարճ հեռավորությունների տարանցիկ փոխադրումների պլանավորման և Սան Ֆերնանդոյի ճանապարհային միջանցքի գծանշման հանձնաժողովներում[11]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի ապրիլից աշխատում է Գլենդելի քաղաքապետարանում։ 2007-2008, 2010-2011, 2015-2016 և 2019-2020 թվականներին զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը[12]։

2016 թվականին Նաջարյանը պարտվել է Շրջանային վերահսկողական մարմինների խորհրդի ընտրությունների ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ուներ Ընտրողներ հանուն բնության պահպանության լիգայի աջակցությունը[13]։

Համայնքային ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջարյանը Լոս Անջելեսի շրջանային տրանսպորտի դեպարտամենտի տնօրենների խորհրդի անդամ է։ 2009-2010 թվականներին գլխավորել է Լոս Անջելեսի շրջանային տրանսպորտային գործակալությունը։ 2006 թվականից նաև Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային երկաթուղային վարչության (Metrolink) տնօրենների խորհրդի անդամ է[12]։ 2012-2013 թվականներին գլխավորել է Գլենդելի բնակարանային հարցերով վարչությունը[12], 2009-2010 թվականներին՝ Գլենդլի վերազարգացման գործակալությունը[12], ինչպես նաև Գլենդելի տրանսպորտի և ավտոկայանատեղների հարցերով հանձնաժողովը[12]։ Նա նաև Սան Ֆերնանդոյի հովտի վարչակազմերի խորհրդի անդամ է, խորհրդի գործող փոխնախագահ, իսկ նախկինում զբաղեցրել է նաև խորհրդի նախագահի պաշտոնը[12]։ Անդամակցում է նաև Լոս Անջելեսի ագլոմերացիայի տրանսպորտային վարչության տնօրենների խորհրդին, իսկ 2010-2011 թվականներին գլխավորել է այդ խորհուրդը[12]։

2003-2005 թվականներին եղել է Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ[12]։

1984 թվականից ի վեր «Բժշկական օգնություն հայերին» հասարակական կազմակերպության տնօրենն է[11]։

2003 թվականից սկսած նաև Գլենդելում գործող Սուրբ Ընտանիքի միջնակարգ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջարյանն ամուսնացած է լատինաամերիկացի հեռուստամեկնաբան և թղթակից Պալմիրա Պերեզի հետ[14]։ Զույգն ունի երկու երեխա[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ara Najarian elected Mayor of Glendale». Armenpress. 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  2. Covarrubias, Amanda (2005 թ․ օգոստոսի 8). «Armenians Lead a Changing Glendale». Los Angeles Times. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  3. Hicken, Melanie (2010 թ․ հուլիսի 13). «Najarian gets presidential welcome in Armenia». Los Angeles Times. Վերցված է 2024 թ․ հուլիսի 13-ին.
  4. Paitjan, Ani (2019 թ․ հուլիսի 8). «Mayor of Glendale Says Diaspora is Inspired by "New Armenia"». CivilNet. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  5. «EXCLUSIVE: Councilmember Ara Najarian Suing City of Glendale, Alleging Violation of Constitutional Rights». The Armenian Report. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Prime Minister receives philanthropist Najarian family members». The Government of the Republic of Armenia. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  7. «About Ara Najarian». Law Offices of Ara Najarian. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  8. Team, The Armenian Report (2024 թ․ ապրիլի 3). «EXCLUSIVE: Councilmember Ara Najarian Suing City of Glendale, Alleging Violation of Constitutional Rights». The Armenian Report (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 1-ին.
  9. 9,0 9,1 9,2 «ABOUT». Aranajarian (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 1-ին.
  10. «Ara Najarian – Barack Obama's Classmate». Armenpress. 2010 թ․ հուլիսի 8. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 «Resume Bio» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 «Mayor Ara Najarian | City of Glendale, CA». 2019 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. «Close LA County supervisor race a 'coin toss' in June 7 primary». www.dailynews.com/2016/05/27/close-la-county-supervisor-race-a-coin-toss-in-june-7-primary/. 2016 թ․ մայիսի 27.
  14. Seidman, Lila (2019 թ․ սեպտեմբերի 18). «Glendale mayor suggests HOA, already under fire, discriminated against his Latina wife». Glendale News-Press. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
  15. «About Ara». web.archive.org. 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2025 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Նաջարյան» հոդվածին։