Արաքս Մանսուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արաքս Մանսուրյան
Ի ծնե անունԱրաքս Մանսուրյան
Ծնվել էօգոստոսի 1, 1946 (73 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգիչ, սոպրանո
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Կայքarax-mansourian.com

Արաքս Եղիայի Մանսուրյան (1946, օգոստոսի 1, Բեյրութ, Լիբանան), հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ‌ Շուշան Պետրոսյանի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թվականներին` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի[1]:

Դերերգերից են՝ Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Վերջին դերերգը կատարել է նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում և 1989 թվականին՝ ԱՄՆ-ում։

Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում՝ ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։

Բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար, ուր հանդես է գալիս այնպիսի դերերգերով, ինչպիսիք են՝ Լիու («Տուրանդոտ»), Աիդա («Աիդա»), Ֆլորիա Տոսկա («Տոսկա»), Դեզդեմոնա («Օթելլո»), Միմի («Բոհեմ»), Կատյա Կաբանովա («Կատյա Կաբանովա»), Սանտուցցա («Գեղջկական ասպետություն»), Ֆատա Միրգանա («Սերն առ երեք նարինջներ»), Էլիզաբեթ Վալուա («Դոն Կարլոս»), Էլիզաբեթ («Տանհոյզեր»), Մադլոն («Անդրե Շենյե»), Կոստանիչկա («Ենուֆա»), Կունդրի («Պարսիֆալ»), Ամելի Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա»), Ամելիա («Դիմակահանդես»), Իզոլդա («Տրիստան և Իզոլդա»), Լեոնորա («Ճակատագրի ուժը») և այլն։

Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։

2015 թվականին Հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]:

Մեջբերումներ Արաքս Մանսուրյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ինձ ողջ կյանքում թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը` ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող և հավիտենականորեն անհասանելի... Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգևոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում[3]: Aquote2.png
Aquote1.png Ինձ առավելապես հուզում են Արաքս Մանսուրյանի հոգևոր երգերի կատարումները: Դրանց ոգին և երաժշտական կատարյալ ձևը, կառուցվածքը ներդաշնակ են: Հենց դրանում է կայանում կատարողի բարձր արվեստը: Արաքսը գեղեցիկ է ամեն ինչում: Նրա գեղեցկությունը հարստանում և լուսավորվում է ոչ պակաս գեղեցիկ մարդկային հատկություններով՝ հմայքով, քնքշությամբ, բարությամբ, մեծ կուլտուրայով: Որպես նկարչուհի ես հմայված եմ Արաքսի ուրույն գեղեցկությամբ և նկարել եմ նրա հինգ դիմանկարները: Սակայն համոզված եմ, որ նկարելու եմ կրկին, հիացմունքով ու սիրով: Aquote2.png


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]