Արարատ-Էսքիջյան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ-Էսքիջյան թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես
Հասցե15105 Միշն Հիլզ Ռոուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հիմնադրվել է1993
ՏնօրենՄարտին Էսքիջյան
Կայքararat-eskijian-museum.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Արարատ-Էսքիջյան թանգարան (անգլ.՝ Ararat-Eskijian Museum), հիմնադրվել է 1993 թվականին, Լոս Անջելեսում, ճարտարապետ-նախագծող, բարեգործ Լյութեր էսքիջյանի կողմից՝ հայոց մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ-Էսքիջյան թանգարանը ստեղծվել է հայ մշակույթը և պատմական արժեքավոր ստեղծագործությունները պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու համար։ Թանգարանի հիմնադիրների ցանկությունն է, որ Ամերիկայի հայերը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներն այցելելով թանգարան՝ ծանոթանան իրենց նախնիների ձեռքբերումներին, ինչպես նաև այն զոհաբերություններին, որ նրանք կատարել են։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են պատմագիտական (սկսած խեթական և ուրարտական ժամանակաշրջանի նյութերից մինչև մեր օրերը), դրամագիտական (նախաքրիստոնեական, հնագույն, միջնադարյան, բյուգանդական ժամանակաշրջանի, ինչպես նաև Հայաստանի երեք հանրապետությունների դրամներ) նմուշներ, փաստաթղթեր, որոնք առնչվում են 1915 թվականի ցեղասպանությանը, ավելի քան 450 տարվա քարտեզների, արվեստի (19-րդ դ. ձեռքի աշխատանքներ, տարազներ, կենցաղային իրեր, երաժշտական գործիքներ, ձեռագործ աշխատանքներ, հնագույն և ժամանակակից գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ և այլն), ճարտարապետական, գրականագիտական և հատկապես ցեղասպանության վերաբերյալ ձեռագիր ու տպագիր հարուստ փաստաթղթեր, գրականություն և լուսանկարներ։ Թանգարանում գործում է Հայոց ցեղասպանության հարցերն ուսումնասիրող հետազոտական կենտրոն։

Թանգարանում առկա են նաև այլ ժողովուրդների մշակույթի առարկաներ՝ հին եգիպտական, չինական, հռոմեական առարկաներ, Դիանա աստվածուհու փոքրիկ կավե արձանիկը Եփեսոսից, բյուզանդական սրբանկար, ամերիկյան հնդկացիների զենքեր, պարսկական գորգեր, Ջորջ Վաշինգտոնի փորագրանկարների բնօրինակներ։ Հարուստ է նապոլեոնյան հավաքածուն՝ փորագրանկարներ, կայսեր՝ Էլբա կղզի աքսորվելուց առաջ իր գեներալներին հղած հրաժեշտի խոսքը, Նապոլեոնին, Ժոզեֆինային և գեներալներին պատկերող ճենապակի Դրեզդենից։ Թանգարանում է պահվում Մարտին Լյութերի աստվածաշնչի գերմաներեն բնագիրը, Երկրորդ աշխարհամարտին վերաբերող առարկաներ, մամուլ և լուսանկարներ։

Գործում է նաև գրադարանը, որտեղ կան բազմաթիվ արժեքավոր գրքեր մասնավորապես հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են մշակութային ձեռնարկներ, դասախոսություններ, երաժշտական և այլ միջոցառումներ[1][2][3],,։ Թանգարանի մուտքի առջև տեղադրված է «Մոխիրներից հառնող Մայր Հայաստան» բրոնզաձույլ արձանը (մտահղացումը և նախագիծը ճարտարապետ Լութեր էսքիջյանի, քանդակագործ` Հարութ Հալեբյան)։ Թանգարանին կից գործում է Հիշատակի մատուռը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխիրներից հառնող Մայր Հայաստան (հուշարձան, Լոս Անջելես)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]