Արայի բերդ-ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արայի բերդ-ամրոց
Տեսակամրոց
Վարչական միավորԱրագածոտնի մարզ
Երկիր Հայաստան

Արայի բերդ-ամրոց, Գտնվում է Արագածոտնի մարզի Արա (գյուղ)-ից հարավ-արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2300 մետր բարձրության վրա, ձորակներով եզերվող բլրի գլխամասային հատվածում, կառուցապատվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում։

Կառուցապատման նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է կիկլոպյան շարվածքով։ Պարսպապատերը շարված են բլրի գլխամասին համապատասխան և ունեն 1,5-2,5 մ հաստություն։ Արագած սարին հարող հիմնային մասում պատի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 32 մետր։ Այստեղ առկա են պարսպապատին կից երկու ուղղանկյուն հատակագծով հզոր հեցեր, որոնք ունեն 2 մ լայնություն ու 3 մ երկարություն։ Ամրոցի հակադիր կողմի պատի երկարությունը 26 մ է։ Աջակողմյան պատի երկարությունը մոտ 86, իսկ ձախակողմյանը մոտ 100 մ երկարության են։ Լեռան հրվանդանին համապատասխան կենտրոնական հատվածը նեղ է և այստեղ կողմնային պարիսպներն իրարից հեռու են ընդամենը 15 մ։ Պարսպապատերի արտաքին և ներքին շարքերի համար օգտագործվել են ահռելի չափերի տձև որձաքարեր, որոնք սակայն վարպետորեն շարվել են իրար վրա ու բավականին հարթ պատ են կազմել, իսկ սրանց ներսում լցվել են տարբեր չափերի մեծ ու փոքր քարեր, որոնք հզոր պաշտպանական հենք են ապահովել։ Առավել բարձր պահպանվել է աջակողմյան պարսպապատը, որը որոշ տեղերում 3,5-4,5 մ բարձրությամբ պահպանվել է։ Հենց այս պատի վերջնամասում էլ եղել է ամրոցի մուտքը, որը բացառիկ ամբողջությամբ պահպանվել է և ունի 2 մ լայնություն։ Այս մուտքը բացվել է երկրորդ պարսպաշարքի մեջ։ Ամրոցի Արագած սարի հիմնային մասի երկու անկյուններից սկսվել է առաջին պարսպաշարքը, որը բլրի գագաթի միջնաբերդից 4-5 մ ցածր է և ամբողջովին եզերել է միջնաբերդը, այն դարձնելով պաշտպանության համար առավել հարմար։ Առաջին կամ դրսի պարիսպները ևս պատրաստվել են նույն շինարարական տեխնիկայով և դարձյալ 2-2,5 մ հաստություն են ունեցել։ Այս ամրոցը Արագած սարի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասերից մեկն է և տեղադրությամբ բարձրադիր ու անմատչելի է։ Այն ուղիղ տեսանելի է իրենից մոտ տասը կիլոմետր հարավ-արևմուտք ընկած և մոտ 200 մետր ավելի ցածր բլրի վրա մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում կառուցված Նիգատուն գյուղի հզոր բերդից։ Ամենայն հավանականուրյամբ Արայիի ամրոցը միջանկյալ կայան է եղել Նիգատան և այս ամրոցից ավելի արևելք ընկած Արագած գյուղի հզոր բերդի միևջ։