Արամ Սալբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սալբի Արամ
Արամ Սալբի Սահակյան
Ի ծնեԱրամ Սալբի Սահակյան
Ծնվել է1888
ԾննդավայրԿեսարիա, Օսմանյան կայսրություն
Մահացել է1968 թվականի հունիսին
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
ԿրթությունԲեյրութի համալսարանի բժշկական ճյուղ
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Սալբի Արամ (1888, Կեսարիա, Օսմանյան կայսրություն -1968, Բուխարեստ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես 1888 թվականին Կեսա­րիա քաղաքում։ Իսկական անունը եղել է Արամ Սալբի Սահակյան։ Ավարտել է Կեսարիայի Սուրբ Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանը (1906 թ.), հետագայում՝ Բեյրութի ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Բեյ­րու­թում ուսանելու տարիներին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ Ա. Սալբի գրչանունով աշխատակցել է «Ազա­տա­մարտ» շա­բա­թա­թեր­թին։ Եղել է ՀՅԴ հնագույն անդամ։

1914-1918 թվականներին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմի ընթացքում զորակոչվել է օս­մա­նյան բա­նակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ Պատերազմի ընթացքում գերի է ընկել անգլիական կողմին։ Որպես ռազմագերի տեղափոխվել է Պորտ Սա­յիդ, որտեղ եղել է մուսալեռցի գաղթականների բժիշկը։ Այդ օրերի հուշերը տպագրել է իր «Ալե­ակ­ներ և խլե­ակ­ներ» և «Մեր խաչը» գրքերում։ 1918 թվականին գերությունից վերադարձել է Կ.Պո­լիս։ Հետպատերազմյան տարիներին անունը փայլել է Կ.Պոլսի ազգային և գրական շրջանակներում։ Աշխատակցել է Կ.Պոլսում հրատարակվող «Ճա­կա­տամարտ» թերթին։ Ապա մի քանի տարի ապրել է Փա­րի­զում, որտեղ ևս զբաղվել է հանրային գործունեությամբ։

1922 թվականից հաստատվել է Ռումինիայում։ Ավելի քան 20 տարի ռումինահայ թեմական պատգամավորական ժողովում ներկայացրել է Բազարջիկի և Բուխարեստի հայ համայնքները։ Այլ բժիշկների հետ գլխավորել է Բուխարեստի «Դեղլիու» հայկական բուժարանի աշխատանքները, անվճար բուժումով ապահովել կարիքավոր հայերին, ինչպես նաև պատերազմի ժամանակ՝ 1942 թ.-ից 1945 թվականներին բժշկական և այլ անհրաժեշտ օգնություն է ցույց տվել խորհրդային ռազմագերիներին։ 1944 թ.-ից 1946 թվականներին եղել է Բուխարեստի հայ մշակույթի տան վարչության նախագահը։ Սալբին աշխատակցել է Կոստանդնուպոլսի, Փարիզի և, մասնավորապես, Ռումինահայ պարբերական մամուլին, հանդես է եկել գրական երկերով, երգիծական հոդվածներով («Հուշեր և փուշեր», շարք), բժշկագիտական զրույցներով։ Հրատարակել է «Ալյակներ ե խլյակներ։ Հայ վրանաքաղաքին տարեգիրքը» (1919), որտեղ առաջին անգամ տեղ են գտել Մուսա լեռան դյուցազնամարտի դրվագներ։ Նրա «Մեր խաչը» (1921) գիրքը, ինչպես նաև մի շարք պատմվածքներ պատկերում են բնավեր հայերի կյանքը Մեծ եղեռնի և հետագա տարիներին։ Տպագրվել են Սալբու՝ պատանիների համար գրված «Պատգամավոր շուները» (1945), «Դեպի հայրենիք։ Թռչուններու հասարակապետության մեջ» վեպերը։ Մամուլում երբեմն ստորագրել է Սիրիուս ծածկանունով։

Մահացել է 1968 թվականի հունիսին, Բուխարեստում, մոտավորապես 80 տարեկան հասակում։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոքթ. Մ. Սալբի, Ալեակներ եւ խլեակներ, Աղեքսանդրիա, 1919
  • Մ. Սալբի, Մեր խաչը, Փարիզ, 1921

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1967-68
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 117 CC-BY-SA-icon-80x15.png