Արալիա մանջուրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արալիա մանջուրական
Արալիա մանջուրական
Արալիա մանջուրական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ենթաընտանիք Արալիայիններ (Aralioideae)
Ցեղ Արալիա (Aralia)
Տեսակ Արալիա մանջուրական (A. elata)
Միջազգային անվանում
Aralia elata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արալիա մանջուրական (լատին․՝  Aralia mandshurica Rupr. et Maxim.), արալիազգիների ընտանիքի, արալիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են, բարենպաստ պայմաններում ունեն մինչև 12, սակայն մեծ մասամբ' 1,5—3 մ բարձրություն։ Բունը խիտ ծածկված է բազմաթիվ ամուր փշերով։ Տերևներն ունեն մինչև 1 մ երկարություն, կրկնակի, հազվադեպ` եռակի բարդ փետրաձև են, կրում են 5—9 (երբեմն' 11) տերևիկներ, որոնք լայն-ձվաձև են կամ ձվաձև, հազվադեպ էլիպսաձև, մինչև 18 սմ երկարությամբ և 8 սմ լայնությամբ, վերևի կողմից` բաց կանաչ, հարթ, մերկ, կամ ծածկված խոզանականման մազմզուկներով, ներքևի կողմից` բաց-կապտավուն, ջղերի ուղղությամբ կոշտ մազմզուկապատ կամ համարյա մերկ, խոշոր, ատամնաեզր։ Կոթունները լավ նկատելի են' 0,2—0,5 (երբեմն' 0,8) սմ երկարությամբ։ Տերևների ընդհանուր կոթունը և առանցքը թույլ մազմզուկապատ են, ծածկված հատ ու կենտ փշերով։ Ծաղկաբույլերը խիտ են, հուրանաձև, մինչև 45 սմ երկարությամբ, 4-ական (երբեմն' 6—8) հավաքված բնի գագաթում։ Երկրորդ կարգի առանցքները ավելի կարճ են, 2,5—10 սմ երկարությամբ, որի հետևանքով հուրանները կուտակված են հովանոցաձև, և բացի գագաթնային հովանոցից, որը կազմված է երկսեռ ծաղիկներից, կրում են նաև կողմնային հովանոցներ, որոնք գտնվում են երրորդ կարգի առանցքների վրա։ Կենտրոնական հովանոցն ունի 1,2—2,2 սմ տրամագիծ։ Պսակաթերթիկները սպիտակ են։ Սռնակները ազատ են։ Պտուղը կապտասևավուն է, 0,3—0,5 սմ տրամագծով, ունի 5 շատ մանր կորիզներ։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Հատելուց հետո առատ մացառներ է տալիս։ Բարենպաստ պայմաններում արագ է աճում։ Ցրտադիմացկուն է։ Էկոլոգիական խումբը' 12ա։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում (Ամուրի մարզի հարավ-արևելքում, Խաբարովսկի երկրամասի հարավային մասերում, Պրիմորսկի երկրամասում), Կորեայում, Մանջուրիայում։ Աճում է խառը և փշատերև անտառներում, միայնակ կամ փոքր խմբերով, ծ. մ.-ից մինչև 500 մ բարձրության վրա, լայնատերև անտառներում' ժայռոտ, մերկացած լանջերում, հատկապես հատատեղերում և հրդեհված անտառամասերում։ Հայաստանի տարածքում ներկայումս մշակվում է Վանաձորում (բուսաբանական այգում), որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Երևանում մշակվում էր մինչև 1973 թվականը, տեսքը ճնշված էր (հատկապես տուժում էր շոգից, օդի չորությունից և ձմեռային երաշտից)։ Մշակության հավանական շրջանները' 5—7, 9—17, 21, 29, 31:

= Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանկարային է հանրապետության մեզոֆիլ անտառային շրջանների համար։

[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (173)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալիա մանջուրական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալիա մանջուրական» հոդվածին։