Արագիլների մեծ մրցավազք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Վենս Միլար, ում կտակի համաձայն մեկնարկել է «Արագիլների մեծ մրցավազքը»

Արագիլների մեծ մրցավազք (անգլ.՝ The Great Stork Derby), 1926-1936 թվականներին Տորոնտոյում անցկացված մրցույթ` հարուստ փաստաբան Չարլզ Վենս Միլարի սկանդալային կտակի համաձայն։ Ըստ կտակի` մրցույթում հաղթող կճանաչվեր այն ընտանիքը, որն իր մահից հետո տասը տարիների ընթացքում կունենար ամենամեծ թվով երեխաներ։

Կտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ցնցող կտակում ամուրի Միլարը Ճամայկայում գտնվող քաղաքամերձ առանձնատունը կտակել էր իրար չհանդուրժող իր երկու ընկերներին, «Կենիլվերտ» ժոկեյ-ակումբի և «Օ’Կիֆ» գարեջրային ընկերության բաժնետոմսերը` բողոքական համայնքներին, որոնք միշտ հանդես էին եկել հարբեցողության և ազարտային խաղերի դեմ. բաժնետոմսերի համար դատարան էին եկել հոգևոր ծառայողները։ Կտակի 9-րդ կետի համաձայն` ավելի քան կես միլիոն դոլար կարող էր ստանալ Տորոնտոյում այն կինը, ով իր մահից հետո հետագա տասը տարիների ընթացքում ամենամեծ քանակությամբ երեխաներ կունենար։ Կտակը բացելուց և մամուլում այն լուսաբանելուց հետո քաղաքում սկսվում է աննախադեպ մրցավազք, որ համընկնում է Մեծ ճգնաժամի ծանր տարիներին։ Ծնելիության հսկման կողմնակից կանադացի հոգեբան Մարգարեթ Սինգերը տարիներ անց հայտարարել է, որ իր կտակով «Միլարը իջեցրեց կնոջը կենդանու մակարդակին, դրա համար էլ այն ամոթալի է»[1]։

Միլարի կտակը վիճարկել է Օնտարիոյի կառավարությունը։ Գլխավոր դատախազ Ուիլյամ Գ. Փրայսը 1932 թվականի մարտին Օնտարիոյի խորհրդարանում ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Միլարի փողերը պետք է դառնային նահանգային սեփականություն։ Հինգ տարիների ընթացքում այդ փողերի եկամուտը պետք է հատկացվեր Տորոնտոյի համալսարանին զեղչերի ու կրթաթոշակների տրամադրման համար։ Մեծ ճգնաժամի տարիներին այս օրինագիծը հասարակական ու քաղաքական մեծ արձագանք է ստացել[1]։

Մրցույթի անցկացման կարգը սահմանել է Կանադայի Գերագույն դատարանը, որը սահմանել է, որ արտամուսնական կապերից ծնված երեխաները չեն հաշվվում[2]։ Մրցույթին մասնակցել է 11 ընտանիք, որից 7-ը որակազրկվել են`մրցույթի մասնակցության իրավունքից զրկվելով։ «Արագիլների մեծ մրցավազքի» արդյունքների վերջնաժամկետ է նշանակվել 1936 թվականի հոկտեմբերի 31-ը` 16:30-ը: Դատավոր Ուիլյամ Էդուարդ Միդլթոնը հայտարարել է վերջնարկ հասած 4 մասնակիցների անունները (Էննի Կեթրին Սմիթ, Կեթլի Էլեն Նեյգլ, Լյուսի Էլիս Թիմլեկ և Իզաբել Մերի Մակլին), որոնցից յուրաքանչյուրը ստացել է 100.000 դոլար (2017 թվականի կուրսով` մոտ 2 միլիոն դոլար) իր 9 երեխաների համար[3][4][5]։ Երկու ուրիշ կանայք` Լիլիան Կեննին (ունեցել է 12 երեխա, որոնցից 5-ը, սակայն, մահացել են մանուկ հասակում, իսկ նրանց մայրը չի կարողացել ապացուցել, որ նրանք մահացած չեն ծնվել) և Փոլին Մեյ Կլարկը (ունեցել է 9 երեխա, սակայն մեկը` երկրորդ ամուսնուց) ստացել են 12.500 դոլար` դատական գործընթացներին մասնակցելուց հրաժարվելու համար[5]։

Մրցույթի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթողները խելամիտ են վարվել ստացած գումարի հետ` մեծացնելով երեխաներին և վճարելով նրանց կրթության համար։ Ժողովրդի մեջ կատակում էին, որ երեխա չունեցող Միլարը այդպիսով «որդեգրել է» 36 երեխայի` կառավարությանն ու կրոնական շրջանակներին ստիպելով մտածել ծնելիությունը հսկող քաղաքականության մասին։ Օնտարիոյի լրագրողներն այդ ժամանակ սկսել են ակտիվորեն լուսաբանել մրցույթը` գրելով հոդվածներ` մինչ այդ արգելված թեմաներով` արտամուսնական երեխաներ, աբորտներ, ծնելիության վերահսկում, ամուսնալուծություններ։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Էլիզաբեթ Ուիլթոնի Bearing The Burden: The Great Toronto Stork Derby 1926–1938 գրքի մոտիվներով նկարահանվել է «Արագիլների մրցավազք» ֆիլմը, որում պատմվում է մրցույթի երեք մասնակիցների մասին` Լիլիան Քեննի, Փոլին Մեյ Կլարկ և Գրեյս Բանիատո[6]։

2016 թվականին «Տորոնտո» գարեջրային ընկերությունը (Muddy York Brewing Company) թողարկել է գարեջուր` ի պատիվ «Արագիլների մեծ մրցավազքի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Большая гонка аистов»: борьба за деньги» (անգլերեն). www.torontovka.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  2. In Re Estate of Charles Millar (англ.) // Supreme Court of Canada : Завещание. — 1937. — В. [1938] 1 D.L.R. 65.
  3. «BIG FAMILY, BIG PRIZE». Philippine Daily Inquirer. 17 января 2002.
  4. Schwartz, Susan (9 декабря 1981). «Prim Toronto was site of baby race». The Montreal Gazette.
  5. 5,0 5,1 «Last of "Stork Derby"?». Ottawa Citizen. 31 мая 1938.
  6. «The Stork Derby (TV Movie 2002)». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.