Արագածոտնի մարզային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագածոտնի մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1922 թվական
ՀասցեՍիսակյան 2/10, Աշտարակ, Արագածոտնի մարզ
Այլ տվյալներ
Կայքaragatsotn.reglib.am

Արագածոտնի մարզային գրադարան, Արագածոտնի մարզի գրականության ամենամեծ պահոցն ունեցող գրադարանը։ Հիմնադրվել է 1922 թվականին։ Գտնվում է Աշտարակ քաղաքի Սիսակյան 2/10 հասցեում։

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականից Հայաստանում ստեղծվել են հանրային գրադարանի նախատիպը հանդիսացող խրճիթ-ընթերցարաններ։ Աշտարակում խրճիթ-ընթերցարանը կազմավորվում է 1922 թվականին։ Սկզբնական շրջանում ընթերցարանի հավաքածուն կազմվում է անվանի մտավորականներ՝ Գրիգոր Ղափանցյանի, Երվանդ Շահազիզի, Սիմոն Թումանյանի և այլոց անձնական գրադարաններից՝ նվիրատվությունների միջոցով։ 1923 թվականին այն արդեն ուներ 1050 կտոր գիրք[1]։

1927-1928 թվականին խրճիթ-ընթերցարանի վարիչ է աշխատել ծնունդով աշտարակցի, տիեզերական կենսաբանության հիմնադիր, ակադեմիկոս Նորայր Սիսակյանը։ Նրա շնորհիվ է դրվել գրադարանային գործի հիմքերը՝ ֆոնդերի դասակարգումը, հանրությանը տեղեկատվությամբ ապահովելը։

Խրճիթավարների աշխատանքի շնորհիվ Աշտարակում 1928-1930 թվականներին գրեթե հաղթահարվում է անգրագիտությունը։

1930 թվականին ավարտվում է խրճիթ-ընթերցարանի գործունեությունը՝ հիմք դառնալով շրջանային գրադարանի համար։

1930 թվականից ընթերցարանի հիմքի վրա ստեղծվում է Աշտարակի շրջանային գրադարանը, որն իր գոյության ժամանակահատվածում առավել արդյունավետ է դարձնում գրադարանային աշխատանքը՝ օգտագործելով պրոպագանդայի գրավոր ու բանավոր ձևերը, կոնֆերանսներ, տեսություններ, զրույցներ, վահանակներ։ Լինելով տեղեկատվական կենտրոն՝ գրքերի հետ պարբերաբար համալրվել է նաև օրվա մամուլը, ընդլայնվել են կապերը ուսումնական հաստատությունների հետ։

1941-1945 թվականների Մեծ հայրենականի տարիներին գրադարանը վերակառուցվում է, դառնալով կազմակերպչական աշխատանքի կենտրոն։ Գրադարանավարները աշխատում են ապահովել թիկունք-ռազմաճակատ նամակագրական կապը։ Պատերազմի ավարտից հետո գրադարանի աշխատողները զբաղվում են մարտադաշտում ընկած, անհայտ կորած զինվորների կենսագրակական տվյալների հավաքագրմամբ, ստեղծում Մեծ հայրենականին մասնակցած մարտիկների լուսանկարներով վահանակներ։

Հետպատերազմյան տարիներին Աշտարակի շրջանային գրադարանը համալրվում է անհրաժեշտ գրականությամբ ու մամուլով, ստեղծվում են գրացուցակներ, գրքերը դասավորվում են տասնորդական դասակարգման աղյուսակով, գրականությունը դասավորվում է ըստ բաժինների։ Ընթերցողների սպասարկումը կազմակերպվում է ըստ տարիքային խմբերի։

Շրջանային գրադարանը գործունեության տարիներին աչքի է ընկել հետաքրքիր միջոցառումներով շրջանի և հանրապետության ճանաչված մտավորականների մասնակցությամբ։ Գրադարանն իր աշխատանքների համար 1948 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ «Լավագույն գրադարան» դիպլոմով և մի շարք պատվոգրերով։ 

Շրջանային գրադարանը գործել է մինչև 1977 թվականը։

Շրջանային գրադարանի հիմքի վրա 1977 թվականին ձևավորվում է կառուցվածքային նոր միավոր՝ գրադարանների կենտրոնացված համակարգ (ԳԿՀ)։

ԳԿՀ-ն կազմված էր կենտրոնական, քաղաքային և 26 գյուղական մասնաճյուղ-գրադարաններից՝ կենտրոնացնելով գրադարանային գործը շրջանում։ ԳԿՀ-ն հաշվառում է շրջանի բոլոր գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծում ֆոնդերի համընդհանուր համահավաք և հաշվառման գրանցային գրացուցակներ։ Կենտրոնական գրադարանի կառուցվածքում ձևավորվում են բաժիններ, որոնք կազմակերպում են գրադարանային գործը գրքի մուտքից մինչև սպասարկում թե՛ կենտրոնում, թե՛ մասնաճյուղերում։ Կենտրոնական գրադարանում նոր ստացված գրքերը մշակվում են, քարտագրվում և ուղեկցող փաստաթղթերով, գրացուցակային քարտերով բաշխվում գյուղական գրադարաններին։

Առաջին անգամ ընդհանուր գրքային ֆոնդից առանձնացվում է մանկական գրականությունը և ձևավորվում է մանկական բաժինը, որն էլ գործում է մինչև օրս։

Գրադարանային գործի կազմակերպման առումով ԳԿՀ-ն որակապես նոր փուլ էր, անցումային այդ դժվար ժամանակահատվածում գրքային ֆոնդը անկորուստ ու անվնաս պահպանվել է գրադարանի աշխատակիցների շնորհիվ։ Այդ տարիներին բարելավել և ընդայնվել է գրադարանի աշխատանքների ծավալը։

Գրադարանի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թ. հուլիսի 1-ից ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի հիմքի վրա ստեղծվում է Արագածոտնի մարզային գրադարանը և նույն թվականի սեպտեմբերի 17-ին անվանակոչվում մեծանուն աշտարակցի, անվանի գրող, Վարդգես Պետրոսյանի անունով։

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը ապահովում է մարզի բնակչության գրադարանային, տեղեկատվական մատչելիությունը, իրականացնում է գրադարանային, մշակութային, կրթական ծրագրեր, իր գործառույթներով նպաստում գրքի հանրահռչակմանն ու ընթերցանության աճին։

Իր գործունեության տարիների ընթացքում Արագածոտնի մարզային գրադարանը ունեցել է ստեղծագործական ձեռքբերումներ, լույս է ընծայել «Գրքի տաճարի սպասավորները» (2005 թ.) և «Օհանավան» (2007 թ.) գրքերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի համայնքների պատմությանը նվիրված «Արագածոտնի շեները» խորագրով մատենաշարի թերթոններ։ Գրադարանը գործնական մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան գրադարանի ստեղծման աշխատանքներին։

2010 թ.-ին գրադարանի աշխատակիցների ջանքերով իրականացվել է Մեծ հայրենականին և Արցախյան հերոսամարտին նվիրված փաստագրական նյութերի ու ցուցանմուշների հավաքագրման, ձևավորման աշխատանքներ, որոնց շնորհիվ Աշտարակում ստեղծվել է «Փառքի սրահ» թանգարան։

Արագածոտնի մարզային գրադարանը հիմնական կառուցվածքային փոփոխություններ չի կրել, բայց բաժինների աշխատանքները վերակառուցվել են նոր պահանջներին համապատասխան։ 2011 թվականին գրադարանը հիմնանորոգվել է, համալրվել ժամանակակից տեխսարքավորումներով։

Արագածոտնի մարզային գրադարանը համագործակցում է մարզային ու քաղաքային կառույցների, Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի, ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուսների կենտրոնի, կրթական, մշակութային հաստատությունների, Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի, միջազգային բարեգործական, նաև հասարակական կազմակերպությունների, ժամանակակից գրողների, մշակութային գործիչների, հրատարակչությունների և գրավաճառ կազմակերպությունների հետ։

Արագածոտնի մարզային գրադարանի գրքային հավաքածուն համալրվում է նոր հրատարակություններով, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով, ընթերցողների կողմից պահանջված ուսումնական, ծրագրային և գեղարվեստական գրականությամբ։ Գրադարանային ծառայությունների նորովի մատուցման համար, բացի գրքային հարուստ հավաքածուից, ընթերցողներին հնարավորություն է ընձեռված օգտվելու տեղեկատվություն պարունակող բոլոր էլեկտրոնային կրիչներից, գիտական շտեմարաններից։ 

Արագածոտնի մարզային և համայնքային գրադարանի գրադարանավարները մշտապես մասնակցում են Հայաստանի ազգային գրադարանի կողմից կազմակերպած «Վարպետաց դասեր» ուսուցողական կատարելագործման դասընթացներին։

Արագածոտնի մարզային գրադարանի ամբողջ գրքային հավաքածուն ընդգրկված է Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում։

Գրադարանը մասնակցում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացվող հայ պարբերական մամուլի սկանավորված էջերի մշակման աշխատանքներին։

Պարբերաբար համալրվում է Արագածոտնի մարզային գրադարանի հոբելյանական, թեմատիկ, «Արագածոտնի մարզը՝ գրքերում և մամուլում» խորագրով երկրագիտական, մատենագիտական քարտարանները։ 

Գրադարանի ծրագրերի, միջոցառումների լուսաբանումը հանրայնացվում է Facebook-յան էջով, գրադարանի պաշտոնական կայք էջով aragatsotn.reglib.am, և Youtube-յան էջով, ինչպես նաև տեղական լրատվամիջոցներով։ Գրադարանի սոցիալական կայք էջում տեղադրվում են հայտարարություններ, նորություններ, միջոցառումների հրավերներ և լուսանկարներ, տեսաշարեր, նվիրված պետական և ազգային տոներին, նաև հանրությանը իրազերկում նոր համալրված գրականության մասին, ինչպես նաև ներկայացվում հիշարժան տարեթվերի օրացույցը, թարմացված յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։

Մարզային գրադարանը հանրության տարբեր տարիքային խմբերի համար իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին ու դպրոցականներին։ Գրադարանը պարբերաբար հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռություններով, որի նպատակն է ընթերցանության խրախուսումը, նոր ընթերցողների ներգրավումը ընթերցանության ոլորտ, ինչպես նաև ամրապնդում գրադարան-կրթական հաստատություն-հանրություն կապը։

Կազմակերպվում է այցելություն գրադարան ինչպես Աշտարակի, այնպես էլ համայնքի դպրոցների աշակերտների, մանկապարտեզների, նախակրթարանների սաների համար։ Գրադարանում գործում է «Գրքատուն» ակումբը, որը իր շուրջն է հավաքում գիրքը սիրող ու գնահատող երիտասարդներին։

Գրադարանում կրտսեր տարիքի ընթերցողների համար գործում է «Հեքիաթի սենյակ»-ը։

Արագածոտնի մարզային գրադարանը ապահովում է համայնքային գրադարանների տեղեկատվական խորհրդատվությունը, նպաստելով գրադարանային գործի նորովի կազմակերպմանը։

Այսօր արդեն մոտ մեկդարյա պատմություն ունեցող Արագածոտնի մարզային գրադարանը պահպանում և շարունակում է զարգացնել տարիներով ձևավորված ավանդույթները՝ կարևորելով նոր տեխնալոգիաների օգտագործումը ավանդական սպասարկման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիգորյան, Գասպար (2005). Գրքի տաճարի սպասավորները, Էջեր Արագածոտնի մարզի գրադարանի պատմությունից. Երևան: Լուսակն. էջ 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Խ. Գրիգորյան - «Օհանավան», Եր.: Լուսակն, 2007
  • Գ. Խ. Գրիգորյան - «Գրքի տաճարի սպասավորները»։ Էջեր Արագածոտնի մարզի գրադարանի պատմությունից.- Եր.: Լուսակն, 2005 թ.:100 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]