Արաբական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արաբական մշակույթը ընդգրկում է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների (Մարոկկոյից մինչև Պարսից ծոց) մշակույթը։ Այդ երկրների լեզուն, գրականությունը, խոհանոցը, արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը, փիլիսոփայությունը և այլ ուղղություներ համաարաբական աշխարհի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում։Միջնադարյան մշակույթ, որը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII–X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավ–Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «Ա. մ.» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «մահմեդական մշակույթ» հասկացության հետ։ Ա. մ–ի ձևավորումը տեղի է ունեցել մահմեդականության երևան գալու (VI 1դ.) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում Ա. մ–ի ձևավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական և այլն) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք Ա. մ–ին տվել են մահմեդական կրոնը (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբ լեզուն, բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII– VIII դդ. կեսերին Ա. մ–ի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Ա. մ.-ը ծաղկման գագաթնակետին հասավ IX–X դդ.։ Նրա նվաճումները աշխարհագրական գիտելիքների, պատմագրության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, բժշկության և այլ բնագավառներում հարստացրին Արևելքի և Եվրոպայի շատ ժողովուրդների մշակույթը։ VIII–X դդ. Ա. մ–ի նշանակությունը համաշխարհային մշակույթի պատմության մեջ որոշվում էր նրա ստեղծողների կողմից՝ աշխարհի և մարդու գիտական, կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստական ճանաչման նոր միջոցների հայտնագործումով։ Խալիֆայության կազմալուծմամբ (X դ. կես) նրա լավագույն ավանդույթներն իրենց հետագա զարգացումն ապրեցին Եգիպտոսում և Ասորիքում։ Ֆաթիմյանների (X–XII դդ.) և Այուբյանների (XII – XIII դդ.) ժամանակ Բաղդադը իր առաջնությունը զիջեց Կահիրեին։ X–XV դդ. ծաղկեց նաև արաբա–իսպանական մշակույթը Իսպանիայում (Կորդովա, Սևիլիա, Գրենադա)։ XVI դ. արաբական երկրները վերածվեցին Օսմանյան կայսրության նահանգների և Ա. մ. անկում ապրեց մշակութային ցածր մակարդակի վրա գտնվող նվաճողների՝ թուրքերի իշխանության ներքո։ Նրա զարգացման նոր շրջանն սկսվում է XIX դ. 1-ին կեսից։ Ազգային– ազատագրական շարժման սկզբնավորման, արաբական ինքնուրույն պետությունների առաջացման պայմաններում ժամանակակից Ա. մ–ի ձևավորումը տեղի է ունենում արաբական յուրաքանչյուր երկրի շրջանակներում ։ ճշգրիտ և բնական գիտություններ։ Սկզբում բնական գիտությունների զարգացման կենտրոնը խալիֆայությունում Ասորիքն էր (մասամբ հարավ-արևմտյան Իրանը)։ Այստեղ սկզբնավորվեցին անտիկ հեղինակների արաբերեն թարգմանություններն ու մեկնությունները, որոնց մի մասը փոխարինեց հետագայում անհետացած բնագրերին։ Օրինակ, Հերոնի «Մեխանիկա»–ն, Արքիմեդի շատ տրակտատներ և այլն հասել են մեզ միայն արաբերեն թարգմանությամբ։ Արաբների միջոցով Եվրոպա մուտք գործեցին տեխնիկայի այնպիսի նորույթներ, ինչպես թուղթը, վառոդը, թեք առագաստը, կողմնացույցը և այլն, որոնց մի մասը նրանք վերցրել էին Չինաստանից և Հնդկաստանից։ Թարգմանական գրականության, դրա մեկնությունների ստեղծմանը զուգընթաց սկսեց ձևավորվել շինարարության, հողաչափության և առևտրի կիրառական ու գործնական խնդիրների լուծման հետ սերտորեն կապված գիտական ուղղություն։ Բուռն թափով սկսեցին զարգանալ մաթեմատիկան և աստղագիտությունը։