Ատրոֆիկ վագինիտ
| Ատրոֆիկ վագինիտ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության կարգ |
| Պատճառ | absence? |
| Հիվանդության ախտանշաններ | vaginal dryness?, դիսպարեունիա, քոր և urinary urgency? |
| Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
Ատրոֆիկ վագինիտ, հեշտոցի բորբոքում, որն առաջանում է էստրոգենի ցածր մակարդակով պայմանավորված հյուսվածքների բարակելու հետևանքով[1]: Ախտանիշները կարող են ներառել ցավ հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ, հեշտոցի քոր կամ չորություն, ինչպես նաև միզելու հաճախակի ցանկություն կամ այրոց միզարձակման ժամանակ[2][3]: Այն սովորաբար չի անցնում առանց շարունակական բուժման[2]։ Բարդությունները կարող են ներառել միզուղիների վարակները[2]: Ատրոֆիկ վագինիտը, ինչպես նաև վուլվովագինալ ատրոֆիան, միզապարկի և միզուկի դիսֆունկցիաները հիվանդությունների մի խումբ են, որոնք կազմում են դաշտանադադարի միզասեռական համախտանիշը[4]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշների վրա[2]:
Էստրոգենի մակարդակի նվազումը սովորաբար տեղի է ունենում հետդաշտանադադարային շրջանում[2]: Այլ պատճառներ կարող են լինել կրծքով կերակրումը կամ որոշակի դեղամիջոցների օգտագործումը[2]: Ռիսկի գործոնները ներառում են ծխելը[1]:
Ատրոֆիկ վագինիտի բուժումը կարող է ներառել տեղային էստրոգենի կամ էստրոգենային փոխարինող այլ թերապիայի կիրառում: Ախտանիշների մեղմացման համար պացիենտները կարող են օգտագործել լուբրիկանտներ, սակայն դրանց արդյունավետությունը երկարատև չէ, քանի որ չեն ներազդում հյուսվածքների վրա[5]:
Ռիսկի գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մեծամասնության մոտ առկա են ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել ատրոֆիկ վագինիտի առաջացմանը: Մասնավորապես, այս ռիսկի գործոններն ուղղակիորեն կապված են էստրոգենի մակարդակի նվազման և հեշտոցի առողջական վիճակի հետ: Ռիսկի որոշ գործոններ ներառում են.
- Երկկողմանի օոֆորէկտոմիա. կանայք, ովքեր ենթարկվում են երկու ձվարանների վիրահատական հեռացման, ունեն էստրոգենի մակարդակի անկման ռիսկ[6][7]:
- Ձվարանների առաջնային անբավարարություն. ձվարանները պատշաճ չեն գործում մինչև 40 տարեկանը՝ առաջացնելով էստրոգենի մակարդակի նվազում[6][8][9]:
- Ճառագայթման կամ զարկերակային էմբոլիզացիայի հետևանքով առաջացած ձվարանային անբավարարություն. այս բուժումները ներառում են ձվարանների ճառագայթումը կամ ձվարանային զարկերակի էմբոլիզացիան և կարող են առաջացնել ձվարանների վնասում: Սա հանգեցնում է էստրոգենի արտադրության նվազման և ատրոֆիկ վագինիտի ախտանիշների զարգացման[6]:
- Հիպոթալամուս-հիպոֆիզար խանգարումներ. այս խանգարումներն ուղղակիորեն ազդում են հիպոթալամուսի կամ հիպոֆիզի վրա՝ խաթարելով հորմոնների արտադրությունը[6][10]:
- Հակաէստրոգենային դեղամիջոցներ. դեղամիջոցներ, ինչպիսիք են Դանազոլը կամ Լեյպրոլիդը, կարող են նվազեցնել էստրոգենի մակարդակը[6][11]:
- Հետծննդաբերական շրջանում կրծքով կերակրում. կրծքով կերակրումը կարող է առաջացնել էստրոգենի մակարդակ իջեցում՝ պայմանավորված հորմոնալ փոփոխություններով[6][12]:
- Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած անձինք. քիմիաթերապիան, էստրոգենային ընկալիչների ընտրողական կարգավորիչները (օրինակ՝ Տամոքսիֆենը և Ռալոքսիֆենը) կամ արոմատազի ընկճողները (օրինակ՝ Լետրոզոլը, Անաստրոզոլը և Էկզեմեստանը) կարող են հանգեցնել էստրոգենի մակարդակի նվազման և հետևաբար կողմնակի ազդեցությունների, որոնք ներառում են ատրոֆիկ վագինիտը[6][13]:
- Ծխելը[14]։
Բոլոր այս գործոններն ազդում են էստրոգենի մակարդակի և հեշտոցի առողջական վիճակի վրա՝ ատրոֆիկ վագինիտի հնարավոր զարգացմամբ։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոֆիկ վագինիտը կարող է առաջանալ էստրոգենի ցածր մակարդակի հետևանքով հյուսվածքների բարակելու, առաձգականության կորստի և հեշտոցային արտադրության նվազման պատճառով[5]: Բնականոն վիճակում էստրոգենն օգնում է հեշտոցին մաքրել հին բջիջները, որոնք այնուհետև օգտակար բակտերիաների կողմից վերածվում են կաթնաթթվի[15]: Սա պահպանում է հեշտոցի թթվային pH-ը և առողջ միջավայրը[15]: Երբ էստրոգենի մակարդակը նվազում է, այս գործընթացը դանդաղում է՝ հանգեցնելով հեշտոցային հյուսվածքի բարակելուն, խոնավության նվազմանը և պակաս թթվային միջավայրի ձևավորմանը[15]: Որպես հետևանք՝ մեծանում է հեշտոցային և միզուղիների վարակների զարգացման ռիսկը[15]: Բնական դաշտանադադարը և այնպիսի բուժումները, ինչպիսիք են քիմիաթերապիան կամ դեղորայքային թերապիան, կարող են հանգեցնել էստրոգենի մակարդակի նվազման:
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կամ նախկինում ունեցած անձինք կարող են գտնվել ատրոֆիկ վագինիտի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում՝ քիմիաթերապիայի և այլ էնդոկրին բուժումների պատճառով[4]: Էստրոգենը վճռորոշ նշանակություն ունի կնոջ սեռական և միզուղիների առողջության համար[16]: Այն աջակցում է հեշտոցի ստորին հատվածի և միզուղիների հյուսվածքներին՝ պահպանելով դրանց հաստությունը, առաձգականությունն ու խոնավությունը և ապահովում լավ արյունամատակարարում[16][17]: Էստրոգենն օգնում է պահպանել հեշտոցի հաստ, գլիկոգենով հարուստ լորձաթաղանթը, որն օգտակար բակտերիաներն օգտագործում են կաթնաթթու արտադրելու համար, վերջինս պահպանում է հեշտոցային միջավայրի թթվայնությունը՝ նվազեցնելով վարակների ռիսկը[16]։ Նախադաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ էստրոգենի հիմնական ձևը էստրադիոլն է, և դրա մակարդակը տատանվում է 40-200 պգ/մլ-ի միջև՝ օվուլյացիայի ժամանակ բարձրանալով մինչև 600 պգ/մլ[16]: Հետդաշտանադադարի շրջանում էստրոգենի մակարդակը զգալիորեն նվազում է մինչև 5-18 պգ/մլ, ինչը հանգեցնում է միզասեռական շրջանում աստիճանական փոփոխությունների[16]: Հյուսվածքների բոլոր տեսակները, ինչպիսիք են շարակցական, էպիթելային, մկանային հյուսվածքները, արյունատար անոթները և նյարդերը ենթարկվում են փոփոխությունների՝ դառնալով ավելի բարակ և պակաս ֆունկցիոնալ, ինչը մեծացնում է վարակների, բորբոքումների, վնասվածքների և խոցերի ռիսկը[16]: Արյան հոսքը և զգայունությունը կարող են նվազել՝ պատճառ դառնալով սեռական հարաբերության ժամանակ առաջացող ցավի, իսկ pH-ի մակարդակը կարող է բարձրանալ կաթնաթթվի արտադրության նվազման պատճառով, ինչը թույլ է տալիս վնասակար բակտերիաներին և սնկերին աճել ու զարգացնել վարակներ[16]:
Հակաէստրոգենային դեղամիջոցները նույնպես կարող են նպաստել ատրոֆիկ վագինիտի զարգացմանը։ Այս դեղամիջոցները ներառում են դանազոլը, նաֆարելինը և մեդրոքսիպրոգեստերոնը։ Ռիսկի հավելյալ գործոններ են ծխելը, բնական ճանապարհով (հեշտոցով) չծննդաբերելը և կաթնարտադրության ընթացքում պրոլակտինի բարձր մակարդակը[14]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտանադադարից հետո հեշտոցի էպիթելը և նրա հաստությունը փոփոխվում է[18]: Դաշտանադադարին ուղեկցող բազմաթիվ նշաններ և ախտանիշներ ի հայտ են գալիս նաև ատրոֆիկ վագինիտի դեպքում[3]: Ատրոֆիկ վագինիտի ամենավաղ ախտանիշը կարող է լինել հեշտոցային արտադրության նվազումը, մինչդեռ մնացած ախտանիշները կարող են ի հայտ գալ ավելի ուշ[14]: Միզասեռական ախտանիշները ներառում են.
- Չորություն[3][19][20]
- ցավ[3][19]
- քոր[3][2]
- այրոց[3][19]
- դիսկոմֆորտ[14]
- սպիտակ արտադրություն
- ինֆեկցիայի հետևանքով տհաճ հոտով արտադրություն
- ցավոտ սեռական ակտ
- արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո[21]
- ցավոտ միզարձակում[3][19]
- մեզի մեջ արյուն
- հաճախացած միզարձակում[3][19]
- անմիզապահություն
- վարակների նկատմամբ ընկալունակություն բարձրացում[3]
- հեշտոցային արտադրության նվազում[19][20]
- միզուղիների ինֆեկցիա[2][19]
- նստելու դժվարություն[2]
- սրբվելու դժվարություն[2]
- նոսր, թափանցիկ արտադրություն[22]
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոֆիկ վագինիտի ախտորոշումը կարող է բարդ լինել՝ հաշվի առնելով, որ հետդաշտանադադարի փուլում գտնվող շատ կանանց մոտ ախտանիշները մեղմ են արտահայտված և ոչ սպեցիֆիկ են[23]: Քանի որ կանայք կարող են ունենալ նշաններ և ախտանիշներ, որոնք հնարավոր է վերագրել այլ պատճառների, ախտորոշումը հիմնվում է այն ախտանիշների վրա, որոնք հնարավոր չէ ավելի հավաստիորեն բացատրել մեկ այլ ախտորոշմամբ[19]:
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժառուի ախտանիշների հիմնական պատճառը որոշելու համար կարող է կիրառվել տարբերակիչ ախտորոշում: Այլ ախտորոշումները ներառում են բակտերիալ վագինոզը, տրիխոմոնիազը, կանդիդոզը և կոնտակտային գրգռումը այնպիսի նյութերից, ինչպիսիք են օճառները, միջադիրները կամ սեղմող հագուստը[14]: Օրինակ՝ տվյալ պացիենտի մոտ քորի բացակայության դեպքում, քիչ է հավանական կանդիդոզի առկայությունը, իսկ հոտի բացակայությունը սովորաբար բացառում է բակտերիալ վագինոզը[24]:
Ֆիզիկալ զննում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբորատոր թեստերը սովորաբար ախտորոշման հարցում չեն տրամադրում օգտակար տեղեկատվություն: Ֆիզիկալ զննումն ավելի տեղեկատվական մեթոդ է: Հետևյալ նշանները կարող են խոսել էստրոգենի ցածր մակարդակի մասին՝ սեռական օրգանների շրջանում սակավ մազածածկույթ, սեռական շուրթերի ճարպային շերտի կորուստ, փոքր ամոթաշրթերի բարակում և ապաճ, ինչպես նաև հեշտոցամուտքի նեղացում: Ներզննումը ցույց կտա հեշտոցի մկանային տոնուսի թուլություն, իսկ հեշտոցի լորձաթաղանթը լինում է հարթ, փայլուն, գունատ՝ առանց բնական ծալքերի: Արգանդի վզիկի կամարները կարող են անհետացած լինել, իսկ վզիկը կարող է հավասարեցված թվալ հեշտոցի վերին հատվածին: Բորբոքումն ակնհայտ է դառնում, երբ հեշտոցի լորձաթաղանթը հեշտությամբ արյունահոսում է և այտուցված տեսք է ունենում[2]:
Լաբորատոր հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշտոցի pH-ը թթվայինից փոխվում է դեպի ավելի չեզոք pH՝ մոտ 4.5 կամ ավելի բարձր: Սա սովորաբար չափվում է հեշտոցի պատին լակմուսի ռեակտիվ թեստեր դնելով[25]: Հյուսվածաբանական հետազոտությունների միջոցով դիտվում են պտկիկային և ցանցանման, ինչպես նաև մաշկի և դերմայի հյուսվածքների ատրոֆիա: Հյուսվածաբանական հետազոտությունների ընթացքում հետդաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ ակնհայտ են անոթավորման նվազումը, էպիթելային հյուսվածքի ատրոֆիան, որը հանգեցնում է հաստության նվազման, և գունատության[26]: Մանրադիտակային լաբորատոր թեստերը կարող են օգտագործվել տրիխոմոնիազի և այլ բակտերիաների կողմից առաջացած ախտանիշները բացառելու համար[14]: Պապանիկոլաուի թեստը, որը հայտնի է նաև որպես Պապ-թեստ, տեղեկատվական չէ, քանի որ այն կապված չէ ատրոֆիկ վագինիտի ախտանիշների հետ[27]:
Հեշտոցի հասունացման ինդեքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշտոցի հասունացման ինդեքսը ցուցանիշ է, որն օգտագործվում է հեշտոցի լորձաթաղանթի տարբեր տեսակի բջիջների կազմը գնահատելու համար[28]: Այն օգնում է գնահատել հեշտոցի հորմոնալ միջավայրը՝ հաշվարկելով հեշտոցում առկա տարբեր տեսակի բջիջների համամասնությունը[28]: Կյանքի տարբեր փուլերում, օրինակ՝ նախքան առաջին դաշտանային ցիկլը, վերարտադրողական տարիքում և դաշտանադադարից հետո, այս բջիջների համամասնությունը փոխվում է[28]: Հեշտոցի հասունացման ինդեքսը որոշվում է հատուկ բանաձևի միջոցով և ապահովում է հորմոնալ ազդեցությունների ավելի համապարփակ պատկեր ժամանակի ընթացքում, քան հորմոնի մակարդակի մեկանգամյա չափումը[28]: Հեշտոցի հասունացման ինդեքսը հատկապես օգտակար է կլինիկական հետազոտություններում՝ հորմոնալ թերապիայի ազդեցությունը և դաշտանադադարի ընթացքում սեռական ֆունկցիայի փոփոխությունները գնահատելու համար[28]: Հեշտոցի հասունացման ինդեքսը նաև հեշտոցի ատրոֆիայի գնահատման ավելի լավ միջոց է, քան հեշտոցային չորության վերաբերյալ պացիենտի կողմից ներկայացված ախտանիշները[28]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշները քիչ է հավանական, որ առանց բուժման կարող են անհետանալ[2]: Որոշ անձինք կարող են ունենալ բազմաթիվ կամ մի քանի ախտանիշներ, ուստի տրամադրվում է անհատական բուժում, որը լավագույնս համապատասխանում է տվյալ անձին: Եթե առկա են նաև առողջական այլ խնդիրներ, դրանք պետք է հաշվի առնվեն բուժման սխեման որոշելիս: Նրանց համար, ովքեր ունեն սեռական ակտիվության հետ կապված գանգատներ, լուբրիկանտը կարող է բավարար լինել[2][29]: Եթե առկա են և՛ միզային, և՛ սեռական ախտանիշներ, տեղային, ցածր դոզայով էստրոգենային թերապիան կարող է արդյունավետ լինել: Այն անձանց, ովքեր հաղթահարել են հորմոնակախյալ քաղցկեղը, բուժման ընթացքում պետք է ցուցաբերել առավել զգույշ մոտեցում[2]։ Որոշ մարդիկ կարող են ունենալ տարածուն ախտանիշներ և ունենալ օստեոպորոզի առաջացման ռիսկ։ Այս դեպքում էստրոգենը և օժանդակ միջոցները կարող են լինել բուժման լավագույն տարբերակը[29]: Ըստ վերջին հետազոտությունների օսպեմիֆեն կոչվող դեղամիջոցը կարող է լինել այլընտրանքային բերանացի բուժում, եթե հեշտոցային միջոցները կամ հորմոնալ թերապիան հարմար չեն գինեկոլոգիական քաղցկեղը հաղթահարած պացիենտների համար[30]: Օսպեմիֆենը կարող է մեծացնել կոլագենի արտադրությունը՝ բարելավելով հեշտոցային հյուսվածքի վիճակը, ինչը կօգնի նվազեցնել դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշները[30]: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցն օգնել է բարձրացնել հեշտոցային pH-ը, առաձգականությունը և խոնավությունը՝ բարելավելով հեշտոցի առողջությունը, ինչպես նաև սեռական և էմոցիոնալ բարեկեցությունը[30]:
Էստրոգենով տեղային բուժումն արդյունավետ է, երբ ախտանիշները ծանր են. այն վերացնում է pH մակարդակի շեղումները՝ վերականգնելով հեշտոցի միկրոբիոմը: Երբ ախտանիշները ներառում են նաև միզային համակարգի հետ կապված խնդիրներ, կարող է կիրառվել համակարգային բուժում: Խորհուրդ է տրվում օգտագործել ամենացածր արդյունավետ դոզան հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ էնդոմետրիումի վրա բացասական ազդեցությունները կանխելու համար[29]: Բուժումը սովորաբար իրականացվում է հեշտոցային էստրոգենային քսուքի միջոցով[2]: Էստրոգենի օգտագործումը բուժման նպատակով պարունակում է որոշակի ռիսկեր: Այն անձինք, ովքեր բուժվում են էստրոգենով, կարող են գտնվել հեշտոցային կանդիդոզի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում, քանի որ էստրոգենը նպաստում է լակտոբակտերիաների մակարդակի բարձրացմանը[27]: Բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել օճառներից և այլ գրգռիչ նյութերից[1]:
Վերջին շրջանում մշակվել են բուժման նոր մեթոդներ: Դրանք ներառում են էստրոգենային ընկալիչների ընտրողական կարգավորիչներ, հեշտոցային դեհիդրոէպիանդրոստերոնը և լազերային թերապիան[20]: Հասանելի են նաև այլ միջոցներ առանց դեղատոմսի, ինչպիսիք են հեշտոցային լուբրիկանտները և խոնավեցնող միջոցները: Հեշտոցային դիլատատորները նույնպես կարող են օգտակար լինել: Քանի որ դաշտանադադարի միզասեռական համախտանիշը կարող է առաջացնել նաև կոնքի հատակի դիսֆունկցիայի հետ կապված միզային խնդիրներ, հիվանդներին կարող են օգնել կոնքի հատակի մկաններն ամրացնող վարժությունները: Թե՛ պացիենտները, թե՛ նրանց զուգընկերները փաստել են, որ էստրոգենային թերապիան հանգեցրել է սեռական հարաբերության ժամանակ ցավի նվազման, ավելի մեծ բավարարվածության և սեռական կյանքի բարելավման[2]: Եթե անձը չի կարող հանդուրժել կամ օգտագործել էստրոգենային թերապիա, որպես այլընտրանք կարող է կիրառվել տեղային հիալուրոնաթթուն, որն ապացուցված է որպես անվտանգ և արդյունավետ միջոց[31]: Թեթև աստիճանի ատրոֆիկ վագինիտի դեպքում հիալուրոնաթթուն կարող է օգտագործվել որպես առաջին գծի բուժում[31]: Սակայն միջինից ծանր աստիճանի դեպքում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ էստրոգենային թերապիային[31]: Վիտամին E-ի հեշտոցային մոմիկները նույնպես արդյունավետ են համարվել դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշները մեղմելու համար, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ գնահատելու այս բուժման անվտանգությունն ու արդյունավետությունը տվյալ վիճակի համար[32]: Այլ հետազոտություններ քննարկել են հեշտոցային օքսիտոցինի կիրառումը, սակայն դաշտանադադարի միզասեռական համախտանիշի վրա նշանակալի ազդեցություն չի նկատվել՝ ո՛չ նշանների ու ախտանիշների մեղմացման, ո՛չ էլ վիճակի բարելավման տեսանկյունից[33]:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոֆիկ վագինիտը զարգանում է հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց 10-50%-ի մոտ: Կանայք, ովքեր գտնվում են կյանքի այդ փուլում և նրանց մոտ զարգացել է ատրոֆիկ վագինիտ, 50-70%-ի մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ[2][23]: Ատրոֆիկ վագինիտ ունեցող կանանց միայն մոտ 30%-ն է քննարկում իր ախտանիշները առաջնային օղակի բժշկի հետ: Հավանական է, որ վիճակը թերախտորոշվում և թերբուժվում է՝ ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների իրազեկվածության պակասի պատճառով[6]: Դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշները նկատվում են կանանց 65%-ի մոտ՝ դաշտանադադարից մեկ տարի անց, և 87%-ի մոտ՝ վեց տարի անց[23]:
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև վերջերս այս վիճակի և ախտանիշների խմբի համար նախընտրելի տերմիններն էին «վուլվովագինալ ատրոֆիան» և «ատրոֆիկ վագինիտը»։ Այժմ այս տերմինները համարվում են ոչ ճշգրիտ՝ դաշտանադադարից հետո ամբողջ միզասեռական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները նկարագրելու համար։ «Ատրոֆիկ վագինիտ» տերմինը ենթադրում է, որ հեշտոցը բորբոքված է կամ վարակված։ Թեև դա կարող է ճիշտ լինել, այնուամենայնիվ բորբոքումն ու վարակը հետդաշտանադադարային փոփոխությունների հիմնական բաղադրիչները չեն։ Նախկին տերմինները չեն նկարագրում բացասական ազդեցությունները ստորին միզուղիների վրա, որոնք կանանց համար կարող են լինել դաշտանադադարի հիմնական ախտանիշները[3]։ Երկու մասնագիտական ընկերությունների կողմից որոշվեց, որ «դաշտանադադարի միզասեռական համախտանիշ» տերմինն ավելի ճշգրիտ է, քան «վուլվովագինալ ատրոֆիան»[2][19]։ «Ատրոֆիկ վագինիտ» տերմինը չի արտացոլում ամոթաշրթերի, ծլիկի, նախադռան, միզուկի և միզապարկի հետ կապված փոփոխությունները[19]։ Ընդհանուր առմամբ, ներկայումս նախընտրելի տերմինը դաշտանադադարի միզասեռական համախտանիշն է։ Այն ընդհանրացնող տերմին է վուլվովագինալ ատրոֆիայի, ատրոֆիկ վագինիտի, միզասեռական ատրոֆիայի և հեշտոցային ատրոֆիայի համար[34]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը նախազգուշացում է հրապարակել այն մասին, որ լազերները և բարձր էներգիայի այլ սարքերը հաստատված չեն հեշտոցի «երիտասարդացման» համար, և ստացվել են բազմաթիվ հաղորդումներ վնասվածքների վերաբերյալ[35]: Նման սարքերը խաբեություն են և ցույց են տվել, որ կարող են առաջացնել նեկրոզ և ծայրահեղ ցավ, ինչը հանգեցնում է նույնիսկ սուիցիդալ մտքերի[36]: 2021 թվականի ուսումնասիրության մեջ դաշտանադադարի միզասեռական համախտանիշի համար կիրառվող ֆրակցիոն տիպի CO2 լազերային թերապիան արդյունավետ և անվտանգ է համարվել ուսումնասիրված հետազոտություններում: Այնուամենայնիվ, դեռևս շատ ապացույցներ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե որքանով է այս թերապիան արդյունավետ դաշտանադադարի միզասեռական համախտանիշի այլ բուժումների համեմատ (հորմոնալ, ոչ հորմոնալ և տեղային): Բացի այդ, հետագա հետազոտությունները կարող են օգնել որոշել, թե պացիենտների որ խմբերին է առավել օգտակար CO2 լազերային թերապիան[37]:
Բացի այդ, իրականացվել են մի շարք հետազոտություններ՝ պարզելու համար, թե արդյոք հեշտոցային օքսիտոցինը կարող է հանդիսանալ ատրոֆիկ վագինիտի այլընտրանքային հորմոնալ բուժում: 2023 թվականին ուսումնասիրություններից մեկը պարզեց, որ այս վիճակի համար հեշտոցային օքսիտոցինի կիրառումը որևէ նշանակալի ազդեցություն չի ունեցել: Հոդվածն ուսումնասիրել է հեշտոցի հասունացման ինդեքսը, հեշտոցի pH-ը, էնդոմետրիումի հաստությունը և դիսպարեունիան: Չնայած ատրոֆիկ վագինիտի դեպքում հեշտոցային օքսիտոցինի կիրառումը հիմնավորող ապացույցների սակավությանը, պետք է իրականացվեն հետագա հետազոտություններ՝ օքսիտոցինի ազդեցության և այս վիճակի դեպքում դրա արդյունավետության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար[33]:
2018 թվականին Իրանի Արդաբիլ քաղաքում անցկացված 12-շաբաթյա ռանդոմիզացված վերահսկվող կլինիկական փորձարկումը գնահատել է շամբալայի էքստրակտի արդյունավետությունը 60 հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ[38]։ Հետազոտության մասնակիցները բաժանվել են միջամտության խմբի, որը ստացել է շամբալայի հեշտոցային քսուք, և ստուգիչ խմբի, որը ստացել է կոնյուգացված էստրոգենային հեշտոցային քսուք[38]։ Ուսումնասիրությունը չափել է կլինիկական նշանները և հեշտոցի հասունացման ինդեքսը[38]։ Արդյունքները ցույց են տվել, որ թեև շամբալայի էքստրակտը որոշակի արդյունավետություն է դրսևորել ատրոֆիկ վագինիտի բուժման հարցում, այն զգալիորեն պակաս արդյունավետ է եղել, քան գերցածր դոզայով էստրոգենը, ինչը հաստատվել է ստուգիչ խմբում հեշտոցի հասունացման ինդեքսի ավելի բարձր ցուցանիշներով և կլինիկական նշանների ավելի մեծ բարելավմամբ[38]։
2021 թվականի հետազոտությունն ուսումնասիրել է Հալվեի հեշտոցային քսուքի արդյունավետությունը ատրոֆիկ վագինիտի բուժման համար: Այս ռանդոմիզացված, կրկնակի կույր, վերահսկվող փորձարկումը համեմատել է Հալվեի հեշտոցային քսուքի արդյունավետությունը էստրոգենային հեշտոցային քսուքի հետ 60 հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ[39]։ Վեց շաբաթվա ընթացքում երկու բուժումներն էլ զգալիորեն բարելավել են ախտանիշները, ներառյալ հեշտոցի առողջության ինդեքսը, հասունացման ցուցանիշը և հեշտոցային ատրոֆիայի ընդհանուր ախտանիշները[14]: Հալվեի խումբը ցույց է տվել մակերեսային բջիջների զգալի աճ և հեղուկի ծավալի ավելի լավ արդյունքներ՝ էստրոգենի խմբի համեմատ[14]: Հետազոտությունը եզրակացրել է, որ Հալվեի քսուքը նույնքան արդյունավետ է, որքան էստրոգենային քսուքը՝ ներկայացնելով կենսունակ այլընտրանք այն կանանց համար, ովքեր չեն կարող օգտագործել էստրոգենային թերապիա[14]:
2021 թվականի հետազոտությունը ուսումնասիրել է հիալուրոնաթթվի կիրառումը հետդաշտանադադարային հեշտոցային ատրոֆիա ունեցող կանանց մոտ: Հայտնաբերված 833 հետազոտություններից հիալուրոնաթթվի և հեշտոցային էստրոգենային բուժման համեմատությունները ցույց են տվել նմանատիպ անվտանգություն, տանելիություն և արդյունավետություն՝ հիմնվելով այնպիսի արդյունքների վրա, ինչպիսիք են հեշտոցային pH-ը և բջիջների հասունացումը: Այսպիսով, հիալուրոնաթթուն կարող է լինել համապատասխան բուժում նրանց համար, ովքեր չեն հանդուրժում հորմոնալ բուժումը[40]:
2022 թվականի համակարգային ուսումնասիրությունը գնահատել է ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումները՝ պարզելու համար, թե արդյոք կան ապացույցներ, որոնք հիմնավորում են հեշտոցային վիտամին E-ի կիրառման արդյունավետությունը և արդյոք այն օգնել է մեղմել դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշները հետդաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ: Հեղինակներն ուսումնասիրել են 31 հետազոտություն և պարզել, որ դրանցից միայն չորսն են համապատասխանել ներառման չափանիշներին: Փորձարկումներից մեկը ցույց է տվել, որ փորձարարական խմբում 1 մգ վիտամին E-ի կիրառումը զգալի ազդեցություն է ունեցել դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշների մեղմացման գործում՝ պլացեբո խմբի համեմատ: Մեկ այլ փորձարկում ցույց է տվել, որ 5 մգ հեշտոցային հիալուրոնաթթուն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան 1 մգ վիտամին E-ն: Մյուս երկու փորձարկումները ցույց են տվել, որ որևէ տարբերություն չկա 0,5 գ հեշտոցային էստրոգենի և 100 ՄՄ հեշտոցային վիտամին E-ի կիրառման միջև: Քանի որ հեղինակները կարողացել են օգտագործել միայն չորս հետազոտություն, նրանք բախվել են որոշակի սահմանափակումների, ինչպիսիք են հետազոտությունների փոքր քանակը և բավարար ապացույցների բացակայությունը: Եզրակացության մեջ նշվում է, որ հեշտոցային վիտամին E-ն կարող է օգտագործվել դաշտանադադարի միզասեռական համախտանիշի ախտանիշների դեպքում, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ դրա արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար[32]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ferri FF (2016). Ferri's Clinical Advisor 2017 E-Book: 5 Books in 1. Elsevier Health Sciences. էջ 1331. ISBN 978-0-323-44838-3.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Faubion SS, Sood R, Kapoor E (2017 թ․ դեկտեմբեր). «Genitourinary Syndrome of Menopause: Management Strategies for the Clinician». Mayo Clinic Proceedings. 92 (12): 1842–1849. doi:10.1016/j.mayocp.2017.08.019. PMID 29202940.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Kim HK, Kang SY, Chung YJ, Kim JH, Kim MR (2015 թ․ օգոստոս). «The Recent Review of the Genitourinary Syndrome of Menopause». Journal of Menopausal Medicine. 21 (2): 65–71. doi:10.6118/jmm.2015.21.2.65. PMC 4561742. PMID 26357643.
- ↑ 4,0 4,1 Lester J, Pahouja G, Andersen B, Lustberg M (2015 թ․ մարտ). «Atrophic vaginitis in breast cancer survivors: a difficult survivorship issue». Journal of Personalized Medicine. 5 (2): 50–66. doi:10.3390/jpm5020050. PMC 4493485. PMID 25815692.
- ↑ 5,0 5,1 Flores, Shelley A.; Hall, Carrie A. (2024), «Atrophic Vaginitis», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 33232011, Վերցված է 2024-07-26-ին
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Bleibel B, Nguyen H (2024). «Vaginal Atrophy». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 32644723. Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ Faubion, Stephanie S.; Kuhle, Carol L.; Shuster, Lynne T.; Rocca, Walter A. (2015). «Long-term health consequences of premature or early menopause and considerations for management». Climacteric. 18 (4): 483–491. doi:10.3109/13697137.2015.1020484. ISSN 1369-7137. PMC 4581591. PMID 25845383.
- ↑ Naumova, Iuliia; Castelo-Branco, Camil (2018-07-31). «Current treatment options for postmenopausal vaginal atrophy». International Journal of Women's Health. 10: 387–395. doi:10.2147/IJWH.S158913. ISSN 1179-1411. PMC 6074805. PMID 30104904.
- ↑ Sopiarz, Natalia; Sparzak, Paul B. (2024), «Primary Ovarian Insufficiency», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 36943992, Վերցված է 2024-07-30-ին
- ↑ Peacock, Kimberly; Carlson, Karen; Ketvertis, Kari M.; Doerr, Chaddie (2024), «Menopause (Nursing)», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 33760453, Վերցված է 2024-07-30-ին
- ↑ Vannuccini, Silvia; Clemenza, Sara; Rossi, Margherita; Petraglia, Felice (2022). «Hormonal treatments for endometriosis: The endocrine background». Reviews in Endocrine & Metabolic Disorders. 23 (3): 333–355. doi:10.1007/s11154-021-09666-w. ISSN 1389-9155. PMC 9156507. PMID 34405378.
- ↑ Palmer, Amy R.; Likis, Frances E. (2003). «Lactational atrophic vaginitis». Journal of Midwifery & Women's Health. 48 (4): 282–284. doi:10.1016/s1526-9523(03)00143-0. ISSN 1526-9523. PMID 12867914.
- ↑ Lester, Joanne; Pahouja, Gaurav; Andersen, Barbara; Lustberg, Maryam (2015-03-25). «Atrophic Vaginitis in Breast Cancer Survivors: A Difficult Survivorship Issue». Journal of Personalized Medicine. 5 (2): 50–66. doi:10.3390/jpm5020050. ISSN 2075-4426. PMC 4493485. PMID 25815692.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 Bachmann, Gloria A.; Nevadunsky, Nicole S. (2000-05-15). «Diagnosis and Treatment of Atrophic Vaginitis». American Family Physician. 61 (10): 3090–3096. PMID 10839558.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Bleibel, Belal; Nguyen, Hao (2024), «Vaginal Atrophy», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 32644723, Վերցված է 2024-08-01-ին
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 Reimer, Annabelle; Johnson, Laura (2011 թ․ հունվար). «Atrophic vaginitis signs, symptoms, and better outcomes». The Nurse Practitioner. 36 (1): 22–28. doi:10.1097/01.NPR.0000391175.25008.ae. ISSN 0361-1817. PMID 21150811.
- ↑ Goldstein, Irwin; Alexander, Jeanne Leventhal (2005-09-01). «Practical Aspects in the Management of Vaginal Atrophy and Sexual Dysfunction in Perimenopausal and Postmenopausal Women». The Journal of Sexual Medicine. 2 (Supplement_3): 154–165. doi:10.1111/j.1743-6109.2005.00131.x. ISSN 1743-6109. PMID 16422792.
- ↑ Knörr K, Knörr-Gärtner H, Beller FK, Lauritzen C (2013). «Funktionelle Anatomie und Histologie der weiblichen Genitalorgane» [Functional anatomy and histology of the female genital organs]. Geburtshilfe und Gynäkologie: Physiologie und Pathologie der Reproduktion [Obstetrics and Gynecology: Physiology and Pathology of Reproduction] (գերմաներեն) (3rd ed.). Berlin: Springer. էջեր 24–25. ISBN 978-3-642-95584-6.
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 Portman DJ, Gass ML (2014 թ․ նոյեմբեր). «Genitourinary syndrome of menopause: new terminology for vulvovaginal atrophy from the International Society for the Study of Women's Sexual Health and the North American Menopause Society». Maturitas. 79 (3): 349–354. doi:10.1016/j.maturitas.2014.07.013. PMID 25179577.
- ↑ 20,0 20,1 20,2 Mark, J. K. K.; Samsudin, S.; Looi, I.; Yuen, K. H. (2024-05-03). «Vaginal dryness: a review of current understanding and management strategies». Climacteric (անգլերեն). 27 (3): 236–244. doi:10.1080/13697137.2024.2306892. ISSN 1369-7137.
- ↑ «What causes a woman to bleed after sex? - Health questions». NHS Choices. U.K.: National Health Service. 2018. Վերցված է 2018-02-07-ին.
- ↑ Paladine HL, Desai UA (2018 թ․ մարտ). «Vaginitis: Diagnosis and Treatment». American Family Physician. 97 (5): 321–329. PMID 29671516.
- ↑ 23,0 23,1 23,2 Angelou K, Grigoriadis T, Diakosavvas M, Zacharakis D, Athanasiou S (2020 թ․ ապրիլ). «The Genitourinary Syndrome of Menopause: An Overview of the Recent Data». Cureus. 12 (4) e7586. doi:10.7759/cureus.7586. PMC 7212735. PMID 32399320.
- ↑ Hainer, Barry L.; Gibson, Maria V. (2011-04-01). «Vaginitis: Diagnosis and Treatment». American Family Physician. 83 (7): 807–815.
- ↑ Hum, Matthew; Dytoc, Marlene (2017 թ․ սեպտեմբեր). «A Dermatologist's Approach to Genitourinary Syndrome of Menopause». Journal of Cutaneous Medicine and Surgery. 21 (5): 418–424. doi:10.1177/1203475417708165. ISSN 1203-4754. PMID 28453946.
- ↑ Palacios, Santiago (2009-08-20). «Managing urogenital atrophy». Maturitas. 63 (4): 315–318. doi:10.1016/j.maturitas.2009.04.009. ISSN 0378-5122. PMID 19493638.
- ↑ 27,0 27,1 Hum, Matthew; Dytoc, Marlene (2017). «A Dermatologist's Approach to Genitourinary Syndrome of Menopause». Journal of Cutaneous Medicine and Surgery. 21 (5): 418–424. doi:10.1177/1203475417708165. ISSN 1615-7109. PMID 28453946.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Hess, Rachel; Austin, R. Marshall; Dillon, Stacey; Chang, Chung-Chou Ho; Ness, Roberta B. (2008 թ․ հուլիս). «Vaginal maturation index self-sample collection in mid-life women: acceptability and correlation with physician-collected samples». Menopause. 15 (4): 726–729. doi:10.1097/gme.0b013e31816c5541. ISSN 1072-3714. PMID 18427354.
- ↑ 29,0 29,1 29,2 Kovacs P (2017 թ․ մարտի 15). «The Best Treatments for Genitourinary Syndrome of Menopause». Medscape. WebMD LLC. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 Medeiros, Aluísio Gonçalves; Cintra, Mariana Molinar Mauad; dos Reis, Marlene Antônia; Rocha, Laura Penna; do Carmo Neto, José Rodrigues; Machado, Juliana Reis (2024-06-19). «The effects of various therapies on vulvovaginal atrophy and quality of life in gynecological cancer patients: a systematic review». Archives of Gynecology and Obstetrics. 310 (2): 631–641. doi:10.1007/s00404-024-07552-9. ISSN 1432-0711. PMID 38898186.
- ↑ 31,0 31,1 31,2 Albalawi NS, Almohammadi MA, Albalawi AR (2023 թ․ օգոստոս). «Comparison of the Efficacy of Vaginal Hyaluronic Acid to Estrogen for the Treatment of Vaginal Atrophy in Postmenopausal Women: A Systematic Review». Cureus. 15 (8) e44191. doi:10.7759/cureus.44191. PMC 10520994. PMID 37767255.
- ↑ 32,0 32,1 Porterfield L, Wur N, Delgado ZS, Syed F, Song A, Weller SC (2022 թ․ ապրիլ). «Vaginal Vitamin E for Treatment of Genitourinary Syndrome of Menopause: A Systematic Review of Randomized Controlled Trials». Journal of Menopausal Medicine. 28 (1): 9–16. doi:10.6118/jmm.21028. PMC 9086347. PMID 35534426.
- ↑ 33,0 33,1 Farahat, Ramadan Abdelmoez; Salamah, Hazem Mohamed; Mahmoud, Abdelrahman; Hamouda, Esraa; Hashemy, Mahmoud; Hamouda, Heba; Samir, Ali; Chenfouh, Imane; Marey, Ahmed; Awad, Dina M.; Farag, Elsayed; Abd-Elgawad, Mohamed; Eldesouky, Elsayed (2023-09-16). «The efficacy of oxytocin gel in postmenopausal women with vaginal atrophy: an updated systematic review and meta-analysis». BMC Women's Health. 23 (1): 494. doi:10.1186/s12905-023-02645-0. ISSN 1472-6874. PMC 10505316. PMID 37716966.
- ↑ Bleibel, Belal; Nguyen, Hao (2024), «Vaginal Atrophy», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 32644723, Վերցված է 2024-07-26-ին
- ↑ Smith J (2018 թ․ օգոստոսի 6). «FDA warning shines light on vaginal rejuvenation». MDedge. Frontline Medical Communications Inc. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Herman B, Bannow T, Ross C, Lawrence L (2022 թ․ փետրվարի 22). «The FDA needs to take another look at laser-based 'vaginal rejuvenation'». STAT News.
- ↑ Messas, Tassahil; Messas, Achraf; Kroumpouzos, George (2021-06-22). «Carbon Dioxide Laser Vulvovaginal Rejuvenation: A Systematic Review». Cosmetics. 8 (3): 56. doi:10.3390/cosmetics8030056. ISSN 2079-9284.
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 Safary M, Hakimi S, Mobaraki-Asl N, Amiri P, Tvassoli H, Delazar A (2020-10-27). «Comparison of the Effects of Fenugreek Vaginal Cream and Ultra Low- Dose Estrogen on Atrophic Vaginitis». Current Drug Delivery. 17 (9): 815–822. doi:10.2174/1567201817666200708112655. PMID 32640956.
- ↑ Poordast, Tahereh; Ghaedian, Lida; Ghaedian, Leila; Najib, Fatemeh Sadat; Alipour, Shohreh; Hosseinzadeh, Massood; Vardanjani, Hossein Molavi; Salehi, Alireza; Hosseinimehr, Seyed Jalal (2021-04-24). «Aloe Vera; A new treatment for atrophic vaginitis, A randomized double-blinded controlled trial». Journal of Ethnopharmacology. 270 113760. doi:10.1016/j.jep.2020.113760. ISSN 0378-8741. PMID 33383112.
- ↑ Dos Santos, Carlos Campagnaro M.; Uggioni, Maria Laura R.; Colonetti, Tamy; Colonetti, Laura; Grande, Antonio José; Da Rosa, Maria Inês (2021 թ․ հունվար). «Hyaluronic Acid in Postmenopause Vaginal Atrophy: A Systematic Review». The Journal of Sexual Medicine. 18 (1): 156–166. doi:10.1016/j.jsxm.2020.10.016. ISSN 1743-6109. PMID 33293236.