Ատլանտիդա (ուկրաիներեն՝ Атлантида), կարստային քարանձավ Ուկրաինայում։ Գտնվում է Զբրուչ գետի գետահովտում՝ Խմելնիցկու մարզիԿամենեց-Պոդոլսկիի շրջանիԶավալիե գյուղից ոչ հեռու։ Քարանձավն ունի 2.525 մ երկարություն և 18 մ խորություն, զբաղեցնում է մոտ 4.440 մ² մակերեսով տարածք[1]։ 1975 թվականից հարակից մոտ 10 հա տարածքի հետ հռչակվել է պետական նշանակության բնության հուշարձան[2]։ Գտնվում է Խմելնիցկու մարզի զբոսաշրջային խորհրդի ենթակայության տակ[3]։
Պոդոլիայի տարածքում միակ քարանձավն է, որն ունի հստակ ընդգծված եռահարկ կառուցվածք։ Ստորին (առաջին) հարկում կան բարձր ու լայն սրահներ, երկրորդ հարկն ավելի նեղ է՝ 1-1.5 մ շերտերով։ Երրորդ հարկն ունի 5 մ բարձրությամբ երկու ոչ մեծ մուտք։ Առաջին և երկրորդ հարկերի հատման տեղում կան մեծ սրահներ՝ մինչև 12 մ բարձրությամբ։ Քարանձավի պատերին տարբեր գույնի գիպսի մակածորուկային հետքեր են հանդիպում։ Հանդիպում են նաև թելիկային բյուրեղներ՝ 1.5 մ երկարությամբ։ Կան ստալակտիտներ ու ստալագմիտներ, որոնք ձևավորել են սպիտակ, դեղնավուն, վարդագույն, թափանցիկ ու տարբեր ձևեր ունեցող ծաղիկներ, աստղիկներ ու լուլաներ։ Լուսավորության դեպքում դրանք խայտում են տարբեր գույներով՝ ստեղծելով հեքիաթային տպավորություն։ Քարանձավն ունի առանձին սրահներ (Կակաչների, Ոսկե աշուն, Ծիծաղի, Ուրախության), այրեր ու միջանցքներ (Սատանայի պոչ)։ Քարանձավում հանդիպում են չղջիկների հազվագյուտ տեսակներ[4]։
1950-ական թվականներին Զավալիեում սկսել են գիպս արդյունահանել, սակայն դժվարություններ են առաջացրել բազմաթիվ խոռոչները։ Դրանք իրենց են գրավել երիտասարդ քարանձավագետներին, որոնք էլ Վալերի Ռոգոժնիկովի գլխավորությամբ 1969 թվականին բացահայտել են քարանձավը։ Նրանց է նվիրվել քարանձավի ամենամեծ սրահներից մեկը՝ «Կիևի քարանձավագետների սրահը»։ Այն լրջորեն սկսել են ուսումնասիրել 1979 թվականի աշնանը։ Դետալների տեղագրական լուսանկարումն իրականացրել է քարանձավագիտական ջոկատը Ա. Կլիմչուկի ղեկավարությամբ։