Ատիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատիու
Տեսակկղզի
Երկիր Կուկի կղզիներ
Մասն էԿուկի կղզիներ
Երկարություն7,2 կմ
Լայնություն4,8 կմ
Մակերես26,9 կմ²
Բնակչություն570 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ատիու (անգլ.՝ Atiu), Կուկի կղզիների Հարավային խմբի կղզի՝ Խաղաղ օվկիանոսում, Ռարոտոնգայից 187 կիլոմետր հյուսիս-արևելք։ Կղզու լեգենդար անվանումն է Էնուամանու (թարգմանաբար՝ «Թռչունների երկիր»)։

Աշխարհագրությունը և կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատիու կղզին ունի հրաբխային ծագում, ամենալայն հատվածը 7,2 կիլոմետր է, ափագծի երկարությունը 20,12 կիլոմետր։ Կղզու կենտրոնական մասը զբաղեցնում է բարձրավանդակը, որը կտրվում է՝ մեծ թեքության լանջեր ունեցող, ճառագայթաձև հովիտներով։ Բարձրավանդակի բարձրությունը 71 մետր է (ըստ տարբեր տվյալների 71-82 մ)[1]։ Բարձրավանդակի հարավարևմտյան մասում է գտնվում Տե Ռոտո քաղցրահամ լիճը։

Ատիուի բարձրավանդակը կազմող բազալտային ապարաշերտի տարիքը դեռ կոնկրետ որոշված չի։ Ըստ որոշ տվյալների այն կազմում է 3,5-5 միլիոն[2][3], մեկ այլ տվյալներով՝ 8,5-10 միլիոն տարի[4]։ Ուժեղ էրոզիայի հետևանքով առաջացել է՝ լիմոնիտային կոնկրեցիաներ և մանգանային ջլանման գոյացություններ ունեցող, կարմիր կավը։

Ատիուի քարտեզ

Ծովի մակարդակից մոտավորապես 6 մետր բարձրության վրա՝ բարձրավանդակի և բարձրացած ատոլլի միջև, կա ճահճային տեղամաս։ Առավել խոշոր ճահիճները կենտրոնացած են Ատիուի հյուսիսարևելյան մասում, որտեղ դրանք ձգվում են 3,5 կիլոմետր[5]։ Ենթադրվում է, որ կղզու կրաքարային գոյացությունները ձևավորվել են կայնոզոյի դարաշրջանում, սակայն գիտնական Մարշալը պնդում է, որ դրանք առաջացել են պլիոցենի ընթացքում կամ ավելի վաղ[6]։

Որպես կանոն՝ խութը տարածվում է Ատիուի ափերից մինչև 45 մետր հեռավորության վրա, սակայն այն իր առավելագույնին է հասնում կղզու արևմուտքում գտնվող Օրավառու կոչվող վայրում, որտեղ կազմում է 90 մետր։

Կլիման արևադարձային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը 24-26 °C է[1]։ Տարեկան տեղումների քանակի երկու երրորդը գալիս է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։ Տարեկան թափվում է 1970 միլիմետր անձրև։ Ատիուն գտնվում է հարավխաղաղօվկիանոսյան զուգամիտության հատվածում, որը ձևավորում է սահման արևելյան ուղղության հասարակածային քամիների և հարավարևելյան քամիների միջև[1]։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառ Ատիուում

Չնայած մի քանի դարերի մարդու ներգործությանը, նրա գյուղատնտեսական գործունեությանը, Ատիուն այսօր էլ ծածկված է խիտ բուսականությամբ, իսկ մակատեայում պահպանվել են առափնյա կուսական անտառները։ Այստեղ կան՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածի, չթռչող թռչունների ամենաշատ տեսակներ, իսկ մակատեայի 2 քարանձավներում գտնվում է տեղի էնդեմիկ ատիուական սալանգաների (լատին․՝  Aerodramus sawtelli) բնակավայրը[7]։

Հրաբխային լանջերին, բացի գյուղատնտեսական կուլտուրաներից, աճեցվում է նաև պտերանմաններ։ Դրանք պաշտպանում են կղզու հողի բարակ շերտը լվացումից։ Մակատեայում աճում են բազմաթիվ բուսատեսակներ, որոնք տիպիկ են մնացած խաղաղօվկիանոսյան կղզիներին։ Ատիուի բուսական աշխարհի առանձնահատկությունն այն է, որ մակատեայում առաջանում են տարբեր բույսերի կենտրոնացված օղակներ։

Ատիու կղզին հարուստ է թռչուններով։ Կղզում ապրում են չթռչող թռչունների 6 տեսակ[8] (լատին․՝ Aerodramus sawtelli)[9]։

Մակատեայում բնակվում են բազմաթիվ ծովախեցգետիններ։ Ատիուի ափերին հաճախ ձվադրում են կանաչ կրիաները։ Այստեղ ներկայացված են փոքր առնետները (լատին․՝  Rattus exulans) և տնային մկները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Stoddart, D. R., Woodroffe C. D., and Spencer T. Mauke, Mitiaro, and Atiu: Geomorphology of Makatea Islands in the Southern Cooks. — Atoll Research Bulletin. — № 341.
  2. Wood, B. L. and Hay, R. F. Geology of the Cook Islands. — New Zealand Geological Survey Bulletin, 1970. — № 82. — С. 33.
  3. Marshall P. Geology of Rarotonga and Atiu. — Bulletin Bernice P. Bishop Museum, 1930. — № 72. — С. 1—75.
  4. Jarrard, R. D. and Clague, D. A. Implications of Pacific island and Seamount Ages for the Origin of Volcanic Chains. — Rev. Geophys. Space Physics, 1977. — С. 15, 57—76.
  5. Campbell, I. B. Soils of Atiu, Cook Islands. — N.Z. Soil Survey Report, 1982. — № 54. — С. 1—38.
  6. Marshall, P. Geology of Rarotonga and Atiu. — Bernice P. Bishop Mus. — № 72. — С. 1—75
  7. UNESCO, 2004. Central Pacific World Heritage Project, International Workshop Report.
  8. «Bird Checklists of the World». Birdlife International. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 12-08-2007-ին.
  9. «Atiu». Living Archipelagos. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12-08-2007-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատիու» հոդվածին։