Jump to content

Ատամների միաձուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամների միաձուլում
Մարդու հիվանդություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաատամների հիվանդություն, Ժառանգական հիվանդություններ, Concrescence Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունդիմածնոտային վիրաբուժություն Խմբագրել Wikidata

Ատամների միաձուլում (նաև հայտնի է որպես սինդոնտիա կամ կրկնակի ատամներ), երկու առանձին ատամների սաղմերի միաձուլում[1]: Միաձուլումը կարող է լինել ամբողջական (ներառում է պսակը և արմատը) կամ մասնակի (ներառում է միայն պսակը)՝ կախված ատամների զարգացման փուլերից: Ատամների միաձուլումը դժվար է տարբերել ատամի գեմինացիայից (երկվորումից), հետևաբար երկու վիճակներն էլ հաճախ անվանվում են միասին «կրկնակի ատամներ»[1]:

Կրկնակի ատամները կարող են առաջացնել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ ախտաբանական կծվածք, հարակից ատամների ծկթման խանգարում, լնդային խնդիրներ, կարիես, գեղագիտական խնդիրներ և այլն[1]: Բուժումը կախված է միաձուլման աստիճանից, այդ ատամի գեղագիտական և գործառութային հատկություններից և նրանից, թե ատամը ժամանակավոր է, թե մշտական[2]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի, միաձուլված ատամներն ավելի տարածված են ժամանակավոր ատամների շրջանում, բայց կարող են հանդիպել նաև մշտական ատամների շրջանում[1]: Ի տարբերություն ատամի գեմինացիայի, ատամների միաձուլումը ավելի տարածված է ստորին կտրիչների մոտ[3][4][5]: Ինչպես ատամի գեմինացիան, ատամների միաձուլումը նույնպես տարածված է ֆրոնտալ ատամների շրջանում (կտրիչներ և ժանիքներ)[4][2]: Կրկնակի ատամները հավասարապես հանդիպում են երկու սեռերի շրջանում, և ըստ որոշ հետազոտությունների հաճախ հանդիպում են ասիական բնակչության շրջանում: Կրկնակի ատամներըկարող են բարձրացնել այլ ատամնային անոմալիաների առաջացման հավանականությունը[1][5]:

Կրկնակի ատամները սովորաբար ավելի մեծ են, քան նորմալ ատամները, պսակային հատվածում էմալի վրա կարող են ունենալ ակոսներ և ծալքեր, որոնք կարող են տարածվել դեպի արմատային հատված: Եթե միաձուլված ատամներից մեկն ունի անոմալ ձև կամ լրացուցիչ ատամ է, ապա այս ակոսը անհամաչափ է բաժանում պսակային հատվածը[4][6]։

Մադերի «երկու ատամի» կանոնը կարող է օգնել տարբերել ատամների միաձուլումը գեմինացիայից: Եթե կրկնակի ատամը հաշվարկվում է որպես երկու ատամ և բերանում ատամների քանակը նորմալ է, ապա կրկնակի ատամը հավանաբար միաձուլված ատամ է: Այնուամենայնիվ, որոշ հազվադեպ դեպքերում ատամը կարող է միաձուլվել լրացուցիչ ատամի հետ, որի դեպքում կրկնակի ատամը որպես երկու ատամ հաշվարկելը հանգեցնում է բերանում ատամների թվի ավելացմանը[1]:

Ռենտգեն հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաձուլված ատամները հիմնականում ունեն առանձին կակղանային խոռոչներ և արմատախողովակներ, ի տարբերություն ատամի գեմինացիայի, որի ժամանակ կակղանային խոռոչները և արմատախողովակները առանձնացված չեն: Այնուամենայնիվ, առանձնացումը պայմանավորված է միաձուլման ժամանակ ատամների զարգացվածությունից, ուստի կակղանային խոռոչները և/կամ արմատախողովակները կարող են ամբողջությամբ միաձուլված լինել մեկի մեջ[1][7]։

Հիվանդության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամների միաձուլման համար հարկավոր է դենտինային հատվածների միավորում։ Միայն ցեմենտային հատվածների միավորման դեպքում միացած են միայն արմատները, և այդ ախտաբանական գործընթացը հայտնի է որպես կոնկրեսենցիա[4]։

Ատամների միաձուլման ճշգրիտ պատճառը անհայտ է, ըստ ենթադրությունների այն ատամի էմբրիոնալ զարգացման ընթացքում փոփոխությունների արդյունք է[1][3][8][9]: Էկզոգեն (օրինակ՝ տրավմա, թալիդոմիդ, մոր հիպերվիտամինոզ A, վիրուսային վարակներ), համակարգային և ժառանգական գործոնները կարող են նպաստել կրկնակի ատամների առաջացմանը: Կրկնակի ատամների առաջացման ախտաֆիզիոլոգիան հստակ որոշված չէ, ըստ շատերի, դրանք առաջանում են ինչ-որ ուժերի ազեցության տակ, որոնք ատամնային ձևավորումները միաձուլում են միմյանց՝ քայքայելով նրանց միջև գտնվող հյուսվածքները[1][10][6]։

Բուժում և վերահսկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ կրկնակի ատամի առաջացման պատճառից (միաձուլում կամ գեմինացիա), բուժումը կախված է պսակի, արմատի և արմատախողովակների մորֆոլոգիայից, ատամնաշարի տեսակից (ժամանակավոր կամ մշտական) և օրթոդոնտիկ, պարօդոնտալ, գեղագիտական և այլ գործառնական խնդիրներից[1]:

Եթե կրկնակի ատամը ունի շատ փոքր գործառութային և գեղագիտական խնդիրներ, ապա այն կարելի է պահպանել՝ վերահսկելով բերանի հիգիենան[1]:

Կրկնակի ատամների էմալի վրա առկա ակոսները կարող են բարձրացնել բարդությունների ռիսկը։ Կախված նրանից, թե որքան խորն է ակոսը ձգվում դեպի արմատ, հնարավոր է նույնիսկ լնդային խնդիրների առաջացում։ Հետևաբար, հաճախ, այս ակոսները զմրսում են՝ նվազեցնելով բարդությունների առաջացման ռիսկը[2][7][11]:

Քանի որ կրկնակի ատամները մեծ են և տեսանելի են ֆրոնտալ ատամների շրջանում, գեղագիտական հատկանիշները բարելավելու համար հաճախ ձևափոխում են նրանց արտաքին տեսքը։ Ատամը, երբեմն, կարող է փոքրացվել՝ ավելի գեղագիտական տեսք ստանալու համար։ Կարող է նույնիսկ տեղադրվել արհեստական պսակ։ Իրականացնում են արմատախողովակների էնդոդոնտիկ բուժում։ Կրկնակի ատամը կարող է հեռացվել և փոխարինվել աուտոտրանսպլանտատով կամ արհեստական կոնստրուկցիաներով։[1]:

Նմանատիպ անոմալիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Mamdani, Sajida; Pathak, Divya; Harrison, Mike; Bhujel, Nabina (2023-03-10). «Macrodontia and double teeth: a review and case series». British Dental Journal (անգլերեն). 234 (5): 315–321. doi:10.1038/s41415-023-5571-9. ISSN 0007-0610. PMID 36899237.
  2. 1 2 3 White SC, Pharoah MJ (2014). «Chapter 21». Oral Radiology: Principles and interpretation (8th ed.). Elsevier.
  3. 1 2 Scheid RC, Weiss G (2017). Scheid, R. C., & Weiss, G. (2017). Woelfel's dental anatomy (Enhanced ninth edition.). Jones & Bartlett Learning. Chapter 11. Woelfel’s dental anatomy (Enhanced ninth edition.). Jones & Bartlett Learning. Chapter 11.
  4. 1 2 3 4 Neville BW, Damm DD, Allen CM, Chi AC (2016). «Chapter 2». Oral and maxillofacial pathology (4th ed.). Elsevier.
  5. 1 2 Hattab, Fn. (2014). «Double talon cusps on supernumerary tooth fused to maxillary central incisor: review of literature and report of case» (PDF). Journal of Clinical and Experimental Dentistry. 6 (4): e400–7. doi:10.4317/jced.51428. PMC 4282909. PMID 25593664.
  6. 1 2 Nandini, D.B (2014). «Diagnostic Dilemma of a Double Tooth: A Rare Case Report and Review». Journal of Clinical and Diagnostic Research. 8 (1): 271–272. doi:10.7860/jcdr/2014/6556.3928. ISSN 2249-782X. PMC 3939503. PMID 24596793.
  7. 1 2 Bernardi, Sara; Bianchi, Serena; Bernardi, Guglielmo; Tchorz, Jörg Philipp; Attin, Thomas; Hellwig, Elmar; Karygianni, Lamprini (2020-08-17). «Clinical management of fusion in primary mandibular incisors: a systematic literature review». Acta Odontologica Scandinavica (անգլերեն). 78 (6): 417–424. doi:10.1080/00016357.2020.1734233. ISSN 0001-6357. PMID 32125202.
  8. Hülsmann, M.; Bahr, R.; Grohmann, U. (1997 թ․ դեկտեմբեր). «Hemisection and vital treatment of a fused tooth – literature review and case report». Dental Traumatology (անգլերեն). 13 (6): 253–258. doi:10.1111/j.1600-9657.1997.tb00051.x. ISSN 1600-4469. PMID 9558505.
  9. Knezević, A.; Travan, S.; Tarle, Z.; Sutalo, J.; Janković, B.; Ciglar, I. (2002 թ․ դեկտեմբեր). «Double tooth». Collegium Antropologicum. 26 (2): 667–672. ISSN 0350-6134. PMID 12528297.
  10. Tuna EB, Yildirim M, Seymen F, Gencay K, Ozgen M (2009 թ․ հուլիս). «Fused teeth: a review of the treatment options. J Dent Child (Chic)». J Dent Child (Chic). American Academy of Pediatric Dentistry. 76 (2): 109–16. PMID 19619423.
  11. Tewari, N; Pandey, Rk (2011). «Bilateral fusion in primary mandibular teeth: A report of two cases». Journal of Indian Society of Pedodontics and Preventive Dentistry (անգլերեն). 29 (1): 50–52. doi:10.4103/0970-4388.79936. ISSN 0970-4388. PMID 21521919.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամների միաձուլում» հոդվածին։